
«Միլիարդները թող պահեն իրենց, մեր բնությունը մեզ համար անգին է»
«Միլիարդները թող պահեն իրենց, մեր բնությունը մեզ համար անգին է»,- այս մասին Ամուլսարի ոսկու հանքավայրի թեմայով հավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամ Գեղամ Օհանյանը:
Խոսելով Ամուլսարի հանքի շրջակայքում բողոքի ակցիաների շարունակականության մասին՝ Գեղամ Օհանյանն ասաց, որ ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ մինչև տեսչական մարմնի ու «Լիդիան»-ի հետ համաձայնություն ձեռք չբերվի հանքում աշխատանքները գոնե ժամանակավորապես կասեցնելու մասին, որից հետո կքննարկվի փակված ճանապարհները բացելու հարցը:
«Մեր ընդհանուր տրամադրվածությունը միանշանակ է՝ հանքը չի գործելու: Երբ որ պետք լինի ճանապարհները փակվելու են»,- ասաց Գեղամ Օհանյանը:
Ասուլիսի ժամանակ հարց հնչեց նաև «Լիդիան Արմենիա» ընկերության կազմակերպած ակցիաների մասին: Բանախոսներից Սոնա Ռուշանյանը նշեց, որ ակցիաներն ամբողջությամբ ուղղորդված են եղել «էմոցիոնալ ճնշմամբ: Լրիվ նորմալ է, որ «Լիդիանի» աշխատողները իրենց աշխատանքը կորցնելու վախից եկել էին գործատուի կազմակերպած ակցիաներին: Աշխատողներից շատ հաճախ լսում ենք, որ իրենք էլ են դեմ հանքի շահագործմանը, սակայն հեռանկարային այլ աշխատանք չունենալով` աշխատում են: Այսինքն՝ «Լիդիան»-ի աշխատողների կողմից ինչ-որ սրտանց պայքար չենք տեսնում»,- ասաց Սոնա Ռուշանյանը:
Հիշեցվեց նաև «Լիդիան»-ի` 400 միլիոն դոլար ներդնելու, ինչպես նաև ընկերության՝ ներդրումների պաշտպանվածության մասին հայտարարությունները: Այսինքն՝ հանքի փակումը կասկածի տակ չի՞ դնի Հայաստանի՝ որպես ներդրումային ապահով դաշտ լինելը: «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության մեկ այլ անդամ Մերի Սերոբյանը նշեց, որ «Լիդիան»-ի համար Հայաստանը ապահով դաշտ կլիներ, եթե նրանք անվտնագ գործեին:
«Երբ որ մենք տեսնում ենք, թե ինչ վնասներ է հասցնում դեռևս չշահագործվող հանքը, պատկերացնում ենք, թե ինչ տեղի կունենա, երբ սկսեն սարը բացել և ոսկին հանել»,- նշեց Մերի Սերոբյանը:
Գեղամ Օհանյանն էլ ավելացրեց, որ «Լիդիան»-ը չի կարող հանքը անվտանգ շահագործել, քանի որ հնարավոր չէ կառավարել ստորգետնյա ջրերի հոսքը, իսկ երբ դրանք հասնեն մետաղական շերտերին, կդառնան թունավոր: Բացի այդ, բնապահպանը նշեց, որ տարածաշրջանի բնակիչները արդեն իսկ իրենց վրա զգում են հանքի վնասակար ազդեցությունը` նույնիսկ միայն շինարարական աշխատանքների պատճառով:
Խոսելով «Լիդիան»-ի կողմից պետությանը դատի տալու հնարավոր սցենարի մասին՝ հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ կառավարությունն է հանքը շահագործելու թույլտվությունը տվել, Մերի Սերոբյանը նշեց, որ «Լիդիան»-ի դեպքում «գործ ունենք փաստաթղթերի ոչ արժանահավատ տեղեկությունների հետ»:
Գեղամ Օհանյանը նշեց, որ «Լիդիան»-ը հիմա խուճապի մեջ է, և դա արտահայտվում է տարբեր տեղերում նրա ցուցաբերած վարքով:
«Մենք նույնիսկ մի միջադեպ ենք ունեցել անգլիացի մասնագետի հետ լեռան վրա: Երբ մենք շատ հանգիստ զրուցում էինք, նա սկսեց հայհոյել: Հանդիպում են նաև հարբած օտարերկրացիներ»,- ասաց Գեղամ Օհանյանը:
Հունիսի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ամուլսար Գեղամ Օհանյանը դրական գնահատեց.
«Միայն այն, որ նա չհորդորեց քաղաքացիներին բացել Ամուլսար տանող ճանապարհները, արդեն իսկ լավ է»,- եզրափակեց բնապահպանը:
Նշենք, որ այցի ընթացքում վարչապետը հիշեցրել է, որ հանքի վերաբերյալ որոշումները պետք է հիմնված լինեն բացառապես փաստերի, այլ ոչ թե էմոցիաների վրա: Նիկոլ Փաշինյանը միևնույն ժամանակ ընդգծել է, որ եթե հանքի շահագործման բոլոր պրոցեսները տեղի ունենային գործող կառավարության օրոք, ինքը չէր ցանկանա, որ այսպիսի հանք գոյություն ունենար Ջերմուկի մոտակայքում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել