HY RU EN

Հուշանվերային օղու շշերի մեջ հայտնաբերել է մետամֆետամին տեսակի թմրամիջոցը. գործը վերաքննիչ դատարանում է

Մասիս քաղաքի 37-ամյա բնակիչ, 2 անչափահաս երեխայի հայր, նախկինում չդատված Վլադիմիր Հովսեփյանը շուրջ մեկուկես տարի է՝ կալանքի տակ է: 2016-ի դեկտեմբերի 22-ին նա պետք է մեկներ Մոսկվա արտագնա աշխատանքի, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում նրան ձերբակալում են թմրանյութ տեղափոխելու կասկածանքով:

Վլադիմիր Հովսեփյանն, ըստ մեղադրանքի, քննությամբ չպարզված անձից անհայտ հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել խոշոր չափի մետանֆետամին տեսակի թմրամիջոց, որը թաքցնելով օղու շշերում, դրել է իր մուգ շականակագույն պայուսակի մեջ: Ըստ մեղադրանքի` ՊԵԿ ներքին անվտանգության ու մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունների աշխատակիցներն, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, դեկտեմբերի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանում Երևան-Մոսկվա չվերթի ուղևոր Վլադիմիր Հովսեփյանի ուղեբեռի զննությամբ հայտնաբերել են շուրջ 100 գրամ մեթամֆետամին տեսակի թմրանյութ:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը 2017-ին մեղադրական դատավճիռ է կայացրել՝ դատապարտելով Հովսեփյանին 5 տարվա ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգության և առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի փոխադրելու համար:

Վլադիմիր Հովսեփյանի պաշտպաններ Վահան Հովհաննիսյանն ու Ժորա Պետրոսյանը վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ հիմնավորելով իրենց պաշտպանյալն անմեղ է: Դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ, այսօր վերաքննիչ դատարանը լսեց պաշտպանների բողոքը:

Կա տեսանյութ, որի մի մասը հետազոտվել է դատարանում և հրապարակված է համացանցում, որտեղ երևում է Հովսեփյանը սահմանը չի անցել, ուղեբեռի վրա էլ կտրոններ չկան: Ավելի քան 2 րոպեանոց տեսանյութի առաջին վայրկյաններին երևում է Վլադիմիր Հովսեփյանն՝ իր ուղեբեռներով, ապա` դարչնագույն պայուսակը, որի առջևի գրպանից հանում է երկու 50 մլ տարողությամբ օղու շշեր՝ ակցիզային պիտակներով: Պաշտպանական կողմը պնդում է, որ ուղեբեռի կտրոն չի եղել դարչնագույն պայուսակի վրա, ուստի սահման հատելու մասին խոսք լինել չի կարող: Վերաքննիչ բողոքում ներկայացվեց, որ տեսանյութի ամբողջական տարբերակը պաշտպանական կողմին չի տրամադրվել ՊԵԿ-ից:

Գործով ձեռք են բերվել ապացույցներ, որ Հովսեփյանի ճամպրուկում գտնվող երկու օղու շշերի պարունակությունը նա պետք է խմեր օդանավակայանում, քանի որ ինքնաթիռ նստելուց վախենում է: Դրանով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ օղու շշերը դրված են եղել ճամպրուկի ամենավերևում, այլ կերպ ասած՝ թաքցված չեն եղել:

Վլադիմիր Հովսեփյանը պատասխանել է, որ երկու շշերի մեջ օղի է և ապացուցելու համար այդ հանգամանքը՝ մեկ կում խմել է նռան պիտակով շշից, որից պակասել է մոտ երկու սմ հեղուկ: Սակայն այս քրեական գործով մեզի փորձանմուշ չի վերցվել և դրանով փորձաքննության չի նշանակվել: Պաշտպանական կողմի կարծիքով, հետագայում է շշի վրա ավելացվել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցը: Վլադիմիր Հովսեփյանի մազերի ու արյան փորձաքննության եզրակացությամբ թմրանյութի առկայություն չի հայտնաբերվել: