HY RU EN

Կարենը չի լսի, եթե ընտանիքը ձեռք չբերի 8000 եվրո արժողությամբ սարքը

Կարեն Ազարյանը լսում է՝ գլխին հարմարեցված լսողական սարքի միջոցով։ Մայրը՝ Նարինեն, պատմում է, որ ամեն անգամ, երբ նրա ականջից քնելու կամ լողանալու նպատակով հանում են սարքը, Կարենը խուճապի է մատնվում, խնդրում է, որ այն իրենից հեռու չտանեն։

3 տարեկանում Կարենը մինինգիտ է տարել, ինչի արդյունքում կորցրել է լսողությունը։ 6 տարեկանում նրան վիրահատել են՝ կոխլեար իմպլանտացիայի միջոցով վերականգնելով լսողությունը։ Նման վիրահատության ընթացքում մարդու ներքին ականջում տեղադրվում է իմպլանտը, իսկ ականջին և գլխին՝ դրան էլեկտրական ազդանշան փոխանցող պրոցեսորը։ Այն համարվում է բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ վիրահատություն, և Հայաստանում կատարվում է 2004թ-ից։ Կարենին վիրահատել են հաշմանդամների «Փյունիկ» միության  և «Caro & Co» ընկերության սեփականատեր Ռոզա Ալփերթի բարեգործության շնորհիվ: 

Լսողական սարքի ներքին իմպլանտը մշտապես ժամկետի մեջ է, իսկ արտաքին պրոցեսորը, որն այս պահին Կարենը կրում է, գերմանական Freedom մակնիշի է, որի պիտանելիության ժամկետը 5 տարի է։ Մի քանի ամսից Կարենի սարքի ժամկետը լրանում է։ 

Freedom սարքեր այլևս չեն արտադրվում, և Կարենին անհրաժեշտ է գնել Nucleus 6, որի արժեքը մոտ 8000 եվրո է: Երեխայի ծնողներն այն ձեռք բերել չեն կարող, քանի որ ընտանիքում միայն մայրն է աշխատում։ Դիմել են Առողջապահության նախարարություն, որտեղից պատասխանել են, որ կոխլեար իմպլանտի արտաքին պրոցեսորի ապահովումը պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնություն կառավարության որոշմամբ չի սահմանվում, հետևապես նախարարությունն օգնել չի կարող։ 

Լսողության խնդրի պատճառով Կարենի խոսքը զարգացած չէ։ Նա հաճախում է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց, որտեղ լոգոպետների աշխատանքի շնորհիվ, սկսել է բառեր արտաբերել։ Կարենը նաև «Մուղդուսյան արվեստի կենտրոնի» սան է, որտեղ նկարչության և կավագործության միջոցով փորձում է արտահայտվել ու ստեղծագործել։

Մայրը՝ Նարինեն, ասում է, որ 5 տարի նորմալ լսելուց հետո, եթե չկարողանան ձեռք բերել սարքը, երեխան սթրեսի կենթարկվի, քանի որ լսողության սարքը նրա համար կենսական նշանակություն ունի։    

Կարենի ծնողների հետ կապ հաստատելու համար կարող եք դիմել խմբագրություն՝ info@hetq.am հասցեով կամ +374 10 563363 հեռախոսահամարով։ Կարող եք նաև մեկնաբանություն թողնել՝ մեկնաբանությունների դաշտում։    

ՀՀ դրամով փոխանցում կատարելու համար՝

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ

Հաշվեհամար՝ 220490190802000
Շահառուի անունը՝ Շուշիկ Պապոյան (Կարենի տատը)

Եվրոյով, դոլարով և ռուբլիով փոխանցում անելու համար ծանոթացեք հաշվեհամարներին՝ այստեղ։