
«Արմօյլ»-ը տեսչական մարմնի որոշումը որակել է ոչ իրավաչափ, իսկ տեսչական մարմինը դիմելու է ոստիկանապետին
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հուլիսի 25-ին դիմելու է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ պահանջելով նրա անձնական միջամտությունը Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում նավթամթերքի վերամշակման գործարանի շինարարությունը կասեցնելու վերաբերյալ տեսչական մարմնի որոշման կատարումը ապահովելու համար: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Արթուր Գրիգորյանը հուլիսի 16-ին կայացրել է նավթամթերքի վերամշակման գործարանի շինարարությունը կասեցնելու որոշում մինչև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով նախատեսված հիմնադրութային փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և փորձաքննության դրական որոշման ստացումը։
Արթուր Գրիգորյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքն անձամբ ժամանել է գործարան, քանի որ բնակիչները ահազանգել էին, թե տեսչական մարմնի որոշումից հետո գործարանի շինարարական աշխատանքները այնուամենայնիվ շարունակվել են:
Արթուր Գրիգորյանը
«Ընկերության աշխատակիցը խոսքի մեջ նշեց, որ հնարավոր է՝ սալիկներ խփեն, բայց այլ շինարարություն չկա: Մենք ասեցինք, որ սալիկ խփելն էլ է մտնում գործի մեջ, և եթե դուք շարունակեք այդ աշխատանքները, մենք կհամարենք, որ չեք ապահովել տեսչական մարմնի վարչական ակտի պայմանները և կդիմենք իրավապահ մարմիններին: Դրանից հետո կրկին ահազանգ ստացանք, որ գործարանում շինարարություն է ընթանում, և մենք անմիջապես դիմեցինք ոստիկանության տարածքային բաժին, սակայն դիմումը չընդունվեց: Վաղը դիմում ենք ուղարկելու ՀՀ ոստիկանապետին՝ պահանջելով ապահովել վարչական ակտի կատարումը: Դիմել ենք նաև համայնքապետարանին»,- ասաց Արթուր Գրիգորյանը:
«Արմօյլ» ընկերության գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդին «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ գործարանում շինարարությունն ավարտվել է, այս պահին ընթանում են ներքին հարդարման աշխատանքներ, մասնավորապես՝ սալիկապատում և պատերի ամրացման աշխատանքներ:
Ալֆրեդ Աբեդին, ինչպես նախկինում, այս անգամ էլ պնդեց, որ կառուցվելիք գործարանը ենթակա չէ փորձաքննության, քանի որ քսայուղերի և բիտումի արտադրության վերաբերյալ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում ոչինչ սահմանված չէ:
Ալֆրեդ Աբեդին
Նշենք, որ սույն օրենքի 14-րդ հոդածի 4-րդ մասի 3.բ կետը սահմանում է, որ նավթավերամշակման արտադրությունը քիմիական արդյունաբերության ուղղություն է և ենթակա է փորձաքննության: Սակայն բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին ուղղված բաց նամակում «Արմօյլ» ՓԲԸ-ի տնօրեն Ալֆրեդ Աբեդին, մեկնաբանելով հիշատկված օրենքի այդ հատվածը, գրել է.
«Օրենքի համաձայն՝ փորձաքննության ենթակա են հետևյալ արտադրությունները՝ … բ. նավթավերամշակման արտադրություն, գ. մազութի արտադրություն, դ. պայթուցիկների արտադրություն…:
Այն հանգամանքը, որը մազութը ստացվում է նավթից, և դրա արտադրությունը հանդիսանում է նավթային ապրանքի արտադրություն, անվիճելի փաստ է: Եթե նավթավերամշակման արտադրությունից հետո առանձին կետով նշվել է մազութի արտադրություն որպես ՇՄԱԳ փորձաքննության ենթակա առանձին գործունեություն, ապա պարզ է, որ մազութի արտադրությունը տարանջատված է նավթավերամշակման արտադրությունից: Եվ եթե յուղի ու բիտումի արտադրության համար պահանջվեր ՇՄԱԳ փորձաքննություն, ապա այդ մասին հստակ նշված կլիներ օրենքում առանձին կետով, ինչպես մազութի դեպքում է: Իսկ օրենքում նման բան նշված չէ»,- գրել է Աբեդին:
Բնապահպանության նախարարին ուղղած նամակում նշված է նաև, որ տեսչական մարմնի գործողությունները և որոշումները իրավաչափ չեն, քանի որ չեն պահպանվել վարչական վարույթի բազմակողմանիության, լրիվության և օբյեկտիվության սկզբունքները, որոնք օրենքի ուժով վարչական մարմինը պարտավոր էր կատարել: «Արմօյլ»-ը խնդրել է նախարարին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, որպեսզի տեսչական մարմինը արհեստական խոչընդոտներ չստեղծի ընկերության համար:
Այնուամենայնիվ, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը ասում է, որ տեսչական մարմնի գնահատմամբ գործարանը պետք է փորձաքննություն անցնի: Ի դեպ հատկանշական է, որ «Արմօյլ» ՓԲԸ-ն պնդում է, թե գործարանը ենթակա չէ փորձաքննության, սակայն արդեն իսկ բնապահպանության նախարարություն է ներկայացրել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախնական հայտը: Ալֆրեդ Աբեդիի փոխանցմամբ՝ այս հանգամանքը պայմանավորված է փաստաթղթերի լիարժեք լինելու ցանկությամբ:
Հիշեցնենք, որ «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 50%-ը պատկանում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, մյուս կեսը՝ իրանահայ գործարար Հենրիկ Տեր-Ղուկասյանին, որն էլ հանդիսանում է «Արմօյլ»-ի հիմնադիրը:
![]() |
կարդացեք նաև՝ Պարսկահայ գործարարի և Գագիկ Ծառուկյանի համատեղ բիզնեսը՝ եղվարդցիների դժգոհության պատճառ |
Մեկնաբանել