HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Իսպանիայում ձերբակալել են «ռուսական մաֆիայի» երեք անդամների, որոնցից մեկը Հայաստանի քաղաքացի է

Իսպանիայի ազգային ոստիկանությունը հաղորդել է, որ Մարբելյա քաղաքում ձերբակալել է այսպես կոչված «ռուսական մաֆիայի» մաս կազմող երեք քրեական հեղինակությունների, որոնցից մեկը «ռուսական մաֆիայի» հիերարխիկ բուրգում երրորդ մարդն է համարվում: Այս մասին հայտնել է իսպանական Sur պարբերականը:

Ձերբակալված անձանց մեղադրանք է առաջադրվել սպանություն նախապատրաստելու, փաստաթղթեր կեղծելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար: Ոստիկանությունից РИА Новости գործակալությանը փոխանցել են, որ ձերբակալվածներից երկուսը Վրաստանի քաղաքացիներ L. B.-ն և I. P.-ն են, իսկ մյուսը Հայաստանի քաղաքացի հանդիսացող A. S.-ն, ով բնակվում է Լիտվայում:

Այս ձերբակալությունները հունիսի 26-ին Իսպանիայի ոստիկանության հատուկ գործողության շարունակությունն է: Այսօրվա ձերբակալությունը տեղի է ունեցել Մարբելյայի ռեստորաններից մեկում հանդիպման ժամանակ, երբ, ըստ Իսպանիայի ոստիկանության, «օրենքով գողերը» քննարկել են հակառակորդ խմբավորման անդամի սպանության նախապատրաստումը: Այդ խմբավորման անդամներից մեկը հունիսի վերջին Իսպանիայի ոստիկանության հատուկ գործողությունից հետո փորձել է վերակազմակերպել քանդված հանցավոր խումբը:


Տեսանյութը՝ Իսպանիայի ազգային ոստիկանության Twitter-ի էջից

Ոստիկանության տվյալներով՝ այսօր ձերբակալված A. S.-ն Վալենսիա քաղաքում գործող կազմակերպված հանցավոր խմբի անդամներից մեկի դեմ մահափորձից հետո, որը կանխվել էր Ազգային ոստիկանության կողմից, հրամայել է խմբավորման ղեկավարներին ժամանել Լիտվա և «լուծել կլանների միջև առաջացած խնդիրը»: Երկուշաբթի օրը մենք Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից կփորձենք ճշտել ՀՀ քաղաքացի հանդիսացող A. S.-ի ինքնությունը:

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին Իսպանիայի իրավապահ մարմինները հատուկ գործողություն էին ձեռնարկել երկրի մի շարք քաղաքներում՝ ձերբակալելով կազմակերպված հանցավոր խմբի 100-ից ավել անդամների, որոնց թվում եղել են նաև Հայաստանի քաղաքացիներ: Իսպանիայի ոստիկանությունն իր պաշտոնական հաղորդագրություններում օգտագործում էր «հայկական մաֆիա» ձևակերպումը, սակայն Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Հետք»-ին հայտնել էր, որ ՀՀ արտգործնախարարության և Իսպանիայում ՀՀ դեսպանության ներկայացրած բողոքներից հետո պաշտոնական հաղորդագրություններում Իսպանիայի իրավապահ մարմինները սկսել էին կիրառել «ԱՊՀ երկրներից դուրս եկած քաղաքացիներ» ձևակերպումը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից փոխանցել էին նաև, որ ձերբակալված ՀՀ քաղաքացիների մեծ մասն ազատ էին արձակվել:

Իսպանական մամուլը ձերբակալված հայերի թվում հիշատակում էր «Էրիկ Տոմսկի» մականունով հայտնի Էրիկ Ջաղինյանի և «Բդո» մականունով հայտնի Արմենակ Գալստյանի անունները, ինչպես նաև վրացիներ Կախա և Լաշա Շունաշավիլիներին:

Լուսանկարը՝ Paolo Aguilar / EPA 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter