HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի արտգործնախարարությունը հաստատեց, որ Իսպանիայում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

Իսպանիայի ազգային ոստիկանությունը նախօրեին Մարբելյա քաղաքի ռեստորաններից մեկում ձերբակալել էր այսպես կոչված «ռուսական մաֆիայի» մազ կազմող երեք քրեական հեղինակությունների, որոնցից մեկը, ինչպես РИА Новости գործակալությանը տեղեկացրել էին Իսպանիայի ոստիկանությունից, Հայաստանի քաղաքացի հանդիսացող A.S.-ն էր: «Հետք»-ի հետ զրույցում ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հաստատեց, որ ձերբակալվածներից մեկը Հայաստանի քաղաքացի է, սակայն անուն չնշեց.

«Ոստիկությունից հայտնել են՝ քաղաքացին դեմ է, որ իր անունը հրապարակվի կամ ինչ-որ մեկին փոխանցվի, հետևաբար մենք էլ ենք ձեռնպահ մնում անուն հրապարակելուց»,- ասաց ԱԳՆ մամուլի խոսնակը:

Նշենք, որ մյուս երկուսը Վրաստանի քաղաքացիներ L. B.-ն և I. P.-ն էին: Ձերբակալված անձանց մեղադրանք է առաջադվել սպանություն նախապատրաստելու, փաստաթղթեր կեղծելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու հատկանիշներով: 

Նախօրեի ձերբակալությունները հունիսի 26-ին Իսպանիայի ոստիկանության հատուկ գործողության շարունակությունն էր: Ըստ Իսպանիայի ոստիկանության՝ Մարբելյայի ռեստորաններից մեկում երեք «օրենքով գողերը» քննարկել են հակառակորդ խմբավորման անդամի սպանության նախապատրաստումը: Այդ խմբավորման անդամներից մեկը հունիսի վերջին Իսպանիայի ոստիկանության հատուկ գործողությունից հետո փորձել է վերակազմավորել քանդված հանցավոր խումբը:

Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալված A.S.-ն Վալենսիա քաղաքում գործող կազմակերպված հանցավոր խմբի անդամներից մեկի դեմ մահափորձից հետո, որը կանխվել էր Ազգային ոստիկանության կողմից, հրամայել է խմբավորման ղեկավարներին ժամանել Լիտվա և «լուծել կլանների միջև առաջացած խնդիրը»: A.S.-ն ըստ ռուսական լրատվամիջոցների տեղեկությունների՝ «ռուսական մաֆիայի» հիերարխիկ բուրգում երրորդ մարդն է համարվում:

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին Իսպանիայի իրավապահ մարմինները հատուկ գործողություն էին ձեռնարկել երկրի մի շարք քաղաքներում՝ ձերբակալելով կազմակերպված հանցավոր խմբի 100-ից ավելի անդամների, որոնց թվում եղել են նաև Հայաստանի քաղաքացիներ: Իսպանիայի ոստիկանությունն իր պաշտոնական հաղորդագրություններում օգտագործում էր «հայկական մաֆիա» ձևակերպումը, սակայն ՀՀ արտգործնախարարության և Իսպանիայում ՀՀ դեսպանության ներկայացրած բողոքներից հետո պաշտոնական հաղորդագրություններում Իսպանիայի իրավապահ մարմինները սկսել էին կիրառել «ԱՊՀ երկրներից դուրս եկած քաղաքացիներ» ձևակերպումը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից «Հետք»-ին փոխանցել էին, որ ձերբակալված ՀՀ քաղաքացիների մեծ մասն ազատ էր արձակվել:

Իսպանական մամուլը ձերբակալված հայերի թվում հիշատակում էր «Էրիկ Տոմսկի» մականունով հայտնի Էրիկ Ջաղինյանի և «Բդո» մականունով հայտնի Արմենակ Գալստյանի անունները, ինչպես նաև վրացիներ Կախա և Լաշա Շունաշավիլիներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter