HY RU EN

Ամալյա Մարգարյան

Վերաքննիչում շարունակվում է 25-ամյա երիտասարդի սպանության գործով նիստը. տուժող կողմը բողոքում է մակերեսային քննությունից

Գյումրիի 25-ամյա բնակիչ Արտյոմ Ադանալյանի սպանության գործով Վերաքննիչ դատարանում շարունակվում է  երկու կողմերի ներկայացրած բողոքների լսումը: Այսօր տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Նինա Կարապետյանցը շարունակեց բողոքը, որի մի մասը նախորդ նիստին ներկայացրել էր փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Մանուկյանն է քննել գործը, երկու կողմերն էլ դժգոհում են կայացրած դատավճռից: Պաշտպանական կողմը գտնում է, որ 11 տարվա ազատազրկումը սպանության համար դատապարտված Արթուր Մարտիրոսյանի համար խիստ պատիժ է: Տուժող կողմի պնդմամբ՝ Արթուր Մարտիրոսյանը միակ մեղավորը չէ. նախաքննական մարմինը և դատարանը կոծկել են խմբակային սպանություն:

Արտյոմ Ադանալյանը սպանվել է 2014թ. հոկտեմբերի 29-ին Գյումրիում: Ըստ մեղադրանքի՝ Արտյոմը դիտողություն է արել հորը՝ կենացները ձգձգելու համար, որից հետո վիճաբանություն է սկսվել Արթուր Մարտիրոսյանի հետ: 3 տարի տևած քննությունից հետո Արթուր Մարտիրոսյանը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման:

Արտյոմ Ադանալյանը

Դատավոր Մանուշակ Պետրոսյանի նախագահությամբ այսօրվա նիստին մեղադրյալը չէր ներկայացրել. միջնորդություն էր ներկայացրել՝ առանց իր ներկայության նիստը շարունակելու համար:

Այսօր տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Նինա Կարապետյանցը բողոքը ներկայացնելուց հետո նշեց, որ իրենք միջնորդություն ունեն, որպեսզի գործը ոչ թե ուղարկվի առաջին ատյանի դատարան նոր քննության՝ ինչպես հայտնել էին նախորդ նիստին, այլ վերաքննության կարգով քննվի:

Տուժողի իրավահաջորդի բողոքը

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Նինա Կաիրապետյանցը բողոքի մեջ նշեց, որ առաջին ատյանի դատարանում չեն հետազոտվել գործում առկա իրեղեն ապացույցները, գործը վարույթ ընդունելու ժամանակ դեռևս ստացված չեն եղել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշումների եզրակացությունները:

Ըստ փաստաբանի՝ դատարանում չեն հետազոտվել հագուստի, կրիչների, փաստաթղթերի մի մասը: Դեպքի վայրից հայտնաբերված հագուստների պատկանելությունը ևս չի հետազոտվել:

«Կարող ենք արձանագրել, որ վարույթն իրականացնող մարմինը չի կատարել անհրաժեշտ քննչական գործողությունները, միջոցներ չի ձեռնարկել դեպքի վայրի պահպանման համար, չեն վերցվել մատնադրոշմի հետքեր և արյան նմուշներ, որոնք առկա են եղել բնակարանի տարբեր հատվածներում»,- ելույթի մեջ նշեց Ն. Կարապետյանցը:

Համաձայն բողոքի՝ դեպքի վայրի պահպանություն ևս չի իրականացվել, քանի որ որոշ ժամանակ անց տնակը, որտեղ կատարվել է սպանությունը, քանդվել է: Այնտեղից հայտաբերված իրեղեն ապացույցները սխալ փաթեթավորման պատճառով կորցրել են մատնահետքերը:

Տուժողի իրավահաջորդի և նրա ներկայացուցչի պնդմամբ՝ վկաների հարցաքննությունը կատարվել է մակերեսային և ձևականորեն:

Փաստաբանը փորձագետի ցուցմունքից մի հատված մեջբերեց, ըստ որի՝  գործում դիակի լուսանկարներն առկա չեն, քանի որ սանիտարը, ով կատարել է լուսանկարումը, փորձաքննության ժամանակ ներկա չի եղել: «Դատարանը ուշադրություն չի դարձրել նաև այն փաստին, որ Արտյոմ Ադանալյանի սրտի աորտան ևս վնասված է եղել, սակայն վնասվածքների խորության մասին որևէ պատասխան փորձագետի կողմից չի տրվել»:

Տուժողի իրավահաջորդը պնդում է, որ խմբով կատարած հանցանքի մեղավորների մի մասը մնացել են ազատության մեջ, իսկ գործը քննող դատախազը, քննիչը գործն են կոծկել՝ կատարելով մակերեսային քննություն:

Պաշտպանական կողմի դժգոհությունները

Պաշտպանական կողմը ևս դժգոհ է, ուստի ներկայացրել է իր վերաքննիչ բողոքը: Մեղադրյալի պաշտպան Արամայիս Հայրապետյանը նախորդ նիստին ներկայացրել էր բողոքը՝ պահանջելով արդարացնել Արթուր Մարտիրոսյանին կամ արարքը վերաորակել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում կամ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանություն, կամ նշանակել մեղսագրված արարքի համար սահմանված նվազագույն պատիժ:

Ձախից՝ պաշտպան Արամայիս Հայրապետյանը, 11 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Մարտիրոսյանը

Փաստաբանը նշել էր, որ խախտվել է իր պաշտպանյալի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը, խախտվել է նաև հակընդդեմ հարցման իրավունքը: Արթուր Մարտիրոսյանը չի կարողացել հարցեր ուղղել իր դեմ վկայած անձանց:

Մեղադրող դատախազն այսօր անդրադարձավ պաշտապանության կողմի ներկայացրած բողքին՝ նշելով, որ առերեսման վերաբերյալ դեռևս նախաքննության ընթացքում քննիչի կողմից կատարվել են անհրաժեշտ միջոցներ վկաների և Արթուր Մարտիրոսյանի առերես հարցաքննության համար, սակայն մեղադրյալը հրաժարվել է, իսկ վկաները ներկայացվել են դատարան և հարցաքննվել են: Խոսեց ողջամիտ ժամկետում գործի քնության մասին, հայտնելով, որ թեև քննությունը տևել է մի քանի տարի, սակայն դատարանի կողմից խախտումներ թույլ չեն տրվել: Իսկ հոգեկան վիճակի վերաբերյալ քննիչն որևէ փաստական հանգամանք չի ներկայացվել:

Ելույթի վերջում մեղադրողը նշեց, որ ինքը ևս դեմ չէ, որպեսզի վերաքննության կարգով քննվի գործը՝ բազմակողմանի քննություն իրականացնելու համար: Դատավոր Մանուշակ Պետրոսյանը հայտնեց, որ միջնորդությանը կանդրադառնան հետագայում:

Այսօրվա նիստը հետաձգվեց, հաջորդը նշանակվեց օգոստոսի 31-ին: