HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որդեկորույս մայրը Հանրապետականի տոմսը նետեց Բաղրամյան 26-ի դիմաց

Թեև Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 11 տարվա ազատազրկման է դատապարտել Գյումրիի 25-ամյա բնակիչ Արտյոմ Ադանալյանի սպանության մեջ մեղադրվող Արթուր Մարտիրոսյանին, այդուհանդերձ, Արտյոմի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը, պնդում է, որ գործը բացահայտված չէ:

«Հետքը» դեռևս նախաքննության ավարտից անդրադարձել է այս գործին, հետևել բոլոր  զարգացումներին: 2014թ. հոկտեմբերի 29-ին Գյումրիի Շիրակշին բանավան 227/106 տնակում 25-ամյա Արտյոմ Ադանալյանը սպանվել է դանակի 2 հարվածով: Մեղադրվել ու դատապարտվել է միայն մեկ անձ՝ Արթուր Մարտիրոսյանը: Սակայն տիկին Ռուզաննան պնդում է, որ սպանությանը մասնակից է եղել մի ամբողջ խումբ՝ մոտ 10 հոգի, այնինչ նրանցից ոմանք լքել են հանրապետությունը, մյուսները գործով որպես վկա են անցել՝ հիմնականում դատարան չներկայանալով: 

23 տարվա մանկավարժ Ռուզաննա Ադանալյանն արդեն 4-րդ տարին պայքարում է որդու՝ Արտյոմ Ադանալյանի սպանության իրական մեղավորներին պատասխանատվության կանչելու համար: Նա իրականացրել է իր սեփական հետաքննությունը, ուսումնասիրել անգամ դատական բժշկություն, քրեական դատավարություն, հայտնաբերել աղաղակող խախտումներ:

«Օրեր առաջ Արցախի հերոս Ժիրայր Սեֆիլյանին դատապարտեցին 10 տարի 5 ամսվա ազատազրկման, համարյա նույնքան էլ դատապարտեցին որդուս սպանության համար մեղադրվողին: Որտե՞ղ է արդարությունը»,-ասում է Ռուզաննա Ադանալյանը:

Իր ներկայացուցիչներ Արայիկ Պապիկյանի ու Նինա Կարապետյանցի հետ «Նոյան տապանում» տեղի ունեցած ասուլիսից հետո Ռուզաննա Ադանալյանն ու մի խումբ իրավապաշտպաններ ակցիա իրականացրեցին Հանրապետության նախագահի նստավայրի մոտ (10 օր առաջ նմանատիպ ակցիա էին իրականացրել Գլխավոր դատախազության մոտ): Սկզբում ոստիկանները թույլ չէին տալիս «Բացահայտե՛լ Ռուզաննա Ադանալյանի որդու սպանությունը», «Դատարանը ՀՀԿ-ի գործիքն է», «ՀՀԿ-ի համար մարդու կյանքը ոչինչ է» գրությամբ պաստառներով անցնել Բաղրամյան 26-ի մայթով, սակայն հետո տեղի տվեցին:

Ռուզաննա Ադանալյանը, ակցիայի մյուս մասնակիցների հետ, նախագահական նստավայրի մոտով անցնելով՝ հասավ դիմացի մայթ, որտեղ, պարզելով Հանրապետական կուսակցության անդամատոմսը, ասաց. «Իմ կուսակցական ընկերոջ մոտ եմ եկել, երկրի նախագահի մոտ, մեծ շուքով եմ ստացել այս տոմսը, մեծ շուքով եմ մասնակցել նախագահի ընտրություններին, իմ գործողություններով նպաստել ու անձամբ ընտրել եմ երկրի նախագահին... հրաժարվում եմ այս կուսակցական տոմսից, անամոթություն եմ համարում ինձ համար լինել էս կուսակցության անդամ, որովհետև, ինչքան հասկացա, ՀՀԿ-ական են բոլոր պաշտոնատար անձինք, ովքեր ներկա պահին հանցագործներ են, ուստի անպատվաբեր է ինձ համար լինել հանցավոր կուսակցության ներսում»: Այս խոսքերն ասելով՝ որդեկորույս մայրը կուսակցական տոմսը նետեց գետնին:

 

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Նինա Կարապետյանցը մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց՝ դատաիրավական համակարգը հովանավորում է խմբակային սպանություն իրականացնողներին, «որովհետև հակառակը ինձ չեն կարողացել ապացուցել: Նման թերի, փնթի գործ են ուղարկել դատարան, սա արդեն ամեն բան ասում է: Ես անգամ կասկածներ ունեմ, որ դանակի մի քանի հարվածներ են եղել, ուղղակի պարտակվել է իրականում այս ամենը. չկան անգամ դիակի լուսանկարները»:

«Հետքը» լսեց նաև 11 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Մարտիրոսյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանի կարծիքը: Պաշտպանական կողմը ևս դժգոհ է: Դիմելու են Վերաքննիչ դատարան: Ըստ պաշտպան Հայրապետյանի` այստեղ անհրաժեշտ պաշտպանության հետ գործ ունենք, «առավելագույնը անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման, որի հետ ես, իհարկե, համաձայն չեմ»:

Ձախից` պաշտպան Արամայիս Հայրապետյանը, 11 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Մարտիրոսյանը

Վերաքննիչ դատարանից պաշտպանական կողմը երեք պահանջ ունի. նախ՝ արդարացում, եթե ոչ արդարացում, ապա` վերաորակում, իսկ եթե երկրորդ պահանջն էլ չլինի, ապա պատժի մասով նվազեցում՝ «որպես չարյաց փոքրագույն»:

Նշենք, որ 11 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Մարտիրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Այն, որ հնարավոր է խմբակային սպանություն է եղել, պաշտպան Հայրապետյանը չի բացառում: Բայց և նշում է, որ այդ դեպքում Արթուր Մարտիրոսյանն առհասարակ խմբի կազմում չի եղել: Նա ևս բարձրացնում է թերի քննության հարցը. «Արդյոք տուժողը չի մահացել բոլորովին այլ հանգամանքներում, այլ անձանց կողմից: Տուժող կողմի հետ կիսելով շատ մտահոգություններ՝ քննության որակի մասով, որովհետև, իրոք, անորակ է քննվել գործը, այնուամենայնիվ, բոլոր չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեին հօգուտ մեղադրյալի: Օրենքն է էդպես ասում: Այո, տուժող կողմի հետ շատ դեպքերում մեր կարծիքները համընկել են՝ սկսած վկաներին դատարան չներկայացնելուց: Ի դեպ, 9-ից 5-ը ականատես վկաներ են եղել: Ի վերջո, մենք հարց ենք բարձրացնում՝ Արտյոմ Ադանալյանը մահացել է դանակի հարվածի՞ց, թե՞ բժշկական սխալից»,- ասաց Արթուր Մարտիրոսյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը:

 Գլխավոր դատախազության շենքի դիմաց անցկացված ակցիայից հետո՝ մարտի 15-ին, Ռուզաննա Ադանալյանին ու իր ներկայացուցչին ընդունել են Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի տեղակալ Դավիթ Մելքոնյանն ու մեղադրանքի պաշտպանության ու դատական ակտերի բողոքարկման վարչության պետ Գևորգ Բաղդասարյանը: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ռուզաննա Ադանալյանի բողոքներին. «ՀՀ դատախազության կողմից նշված հանցագործության իրական հանգամանքները «պարտակելու», «պատվեր» ընդունելու և իրականացնելու վերաբերյալ Ռուզաննա Ադանալյանի բոլոր պնդումները ոչ միայն մերկապարանոց են և որևէ փաստական հիմք չունեն, այլև անտրամաբանականեն»,-նշված է գրառման մեջ: 

Գլխավոր դատախազի խորհրդականի գրառման մեջ նշված է նաև, որ Արտյոմ Ադանալյանի սպանությանը վերջինիս հոր՝ Ավետիք Ադանալյանի մասնակցության, Հովհաննես Թոփչյանի մասնակցության, բուժքրոջ կողմից բժշկի դրդմամբ Արտյոմ Ադանալյանին թույն ներարկելու դեպքերի վերաբերյալ ՌուզաննաԱդանալյանի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդումների հիման վրա նախապատրաստվել են առանձին նյութեր, որոնց հիման վրա որոշումներ են կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: 

Խախտումներ ու չպարզված հանգամանքներ

  • Իրեղեն ապացույցների որոշ մասը հայտնաբերվել է դեպքից 9 ամիս անց
  • Իրեղեն ապացույց դանակը կամ դանակները չեն հայտնաբերվել
  • Արյունոտ ռետինե ծածկոցն անհետացել է դեպքի վայրից, թեպետ առկա է Քննչական կոմիտեի տարածած տեսանյութում
  • Դեպքի վայրը չի կնքվել մեկուկես ամիս:
  • Դեպքի վայր տնակը քանդվել է որոշ ժամանակ անց
  • Սխալ փաթեթավորման հետևանքով վերացել են մատնահետքերը,
  • Արտյոմ Ադանալյանի մազերով ծրարը կիսաբաց է ներկայացվել փորձաքննության
  • Կարևոր վկաներ դեպքից մի քանի օր անց հատելեն ՀՀ սահմանը, այդ թվում՝ Հովհաննես Թոփչյանը
  • Հ. Թոփչյանին հայտնաբերելու աշխատանքներն արդյունքչեն տվել
  • Արտյոմ Ադանալյանի և Հովհաննես Թոփչյանի հագուստների մանրաթելերը համընկել են սեռային պատկանելությամբ, ինչը, սակայն, բավարարչի եղել դրանց նույնացման համար
  • Հարվածները տարբեր գործիքներով հասցնելու հնարավոր վարկածը չի բացառվել փորձաքննությամբ, սակայն ապացուցված է համարվել 1 դանակի առկայությունը, որը չի հայտնաբերվել
  • Դիակի լուսանկարները գործից բացակայում են
  • Դատագենետիկական փորձաքննության ներկայացված դեպքի վայրից վերցրած ծխուկների գլխիկները պոկված են եղել
  • Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը չունի սխեմա
  • Դատաբժիշկը չի պատասխանել կարևորագույն հարցերի
  • Դեպքի վայրում հայտնաբերվել է 3 բաճկոն, հեռախոսիտուփ, որոնք այդպես էլ չեն պարզվել, թե ում են պատկանում
  • 5 ականատես վկա չի հարցաքննվել դատարանում:

Մեկնաբանություններ (1)

aaa
Այն օրը երբ Հայաստանը դառնա իսկսկան անկախ, Ռուսաստանը կհարձակվի Հայաստանի վրա Ադրբեջանի միջոցով, որը արդեն նա անում է ու ավելի շատ կզինի Ադրբեջանին․ Դա շատ հարմար է Ռուսաստանին որ փուշը քաղի ուրիշի ձեռքով․ Սա շատ վտանգավոր է և սա բոլորն են հասկանում․ Դա նաև շատ ձեռնտու է Թուրքիային. Հետևը թուր, դեմը կրակ․ սա է իրականությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter