HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

ARTsakh fest. փառատոն, որն անցկացվելու է թատրոնի «վթարային» շենքում՝ այն վերականգնելու հայտով

Այս տարվա հոկտեմբերի 5-ից 7-ը Ստեփանակերտում կանցկացվի «ARTsakh Fest» ժամանակակից արվեստի փառատոնը, որին կմասնակցեն Արցախի, Հայաստանի եւ արտերկրի շուրջ 30 արվեստագետ։ Փառատոնի ծրագիրը ներառում է հետազոտական         ցուցահանդես, բացօթյա համերգներ, պերֆորմանսներ, ձայնային արվեստ (sound art), տեսանկար (video         art), հանրային արվեստ եւ այլն:  

Նախագիծը մշակվել է Ժամանակակից Արվեստի ինստիտուտի նախագծային լաբորատորիայում։

Հետաքրքիրն այն է, որ փառատոնն անցկացվելու է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում, որն այս պահին ոչ բարվոք վիճակում է (վերջին անգամ վերանորոգվել է 38 տարի առաջ)։

Փառատոնի համատեքստի, նախագծի մանրամասների եւ անցկացման տեղի ընտրության առանձնահատկությունների մասին զրուցեցի նախագծի հեղինակ, համադրող, Ժամանակակից Արվեստի ինստիտուտի ծրագրերի ղեկավար Աննա Կամայի հետ։

«ARTsakh Fest»-ն իրականացնելու գաղափարն ինչպե՞ս առաջացավ։

Անցյալ աշուն որոշեցի տեղափոխվել Արցախ ապրելու․  ապագա նախագծերիս համար հետազոտություններ էի անում։ Նպատակն այն էր, որ այդ թեմաներից խոսելու տեղ ունենայի, եւ իմ պնդումներն ու ասածները լուրջ ընդունվեին։

Ուզում էի Երեւանի «փուչիկից» դուրս գալ եւ իմ իսկ մաշկի վրա զգալ սահմանագծում ապրելու առանձնահատկությունները։ Հասկանու՞մ ես՝ այլեւս Երեւանում նստած չէի դիմանում կոնֆլիկտի, սահմանների եւ պատերազմի մասին խոսել/լսել,  շահարկել այդ գաղափարները`առանց այնտեղ ապրող մարդկանց կարծիքը լսելու, առանց իրենց հոգեվիճակին եւ ապրումներին հաղորդակցվելու։

Այս ամենից առաջ շատ եմ եղել եւ Հայաստանի սահմանամերձ գյուղերում, եւ Արցախում․․․ Ապրիլյան պատերազմի ժամանակ երեխայիս հետ գնացել եմ, երբ բոլորը զարմանում էին, թե կինն ինչպես կարող է Երեւանից գալ, հասնել Արցախ այդ վտանգավոր ժամանակահատվածում՝ այն էլ երեխայի հետ, երբ շատերը լքում էին իրենց տները՝ կանանց եւ երեխաներին տեղափոխելով ավելի անվտանգ վայրեր։  Ինձ հետաքրքիր էր մարդկանց մտածելակերպն ու առօրյան հենց այդ ծայրահեղ վիճակում․ պետք էր զգալ այն, ինչ տեղացիներն էին զգում ամեն օր։

Մարտունի քաղաքում էի մոտ 7 ամիս, աղջիկս տեղի մանկապարտեզն էր հաճախում. սկզբից դժվար էր, հետո սկսեց հասկանալ տեղի բարբառը, վարժ խոսում էր։ Ես մեծ մասամբ գրում էի` տանն էի աշխատում, եւ բացի հյուր գնալուց ու ընդունելուց, ոչ մի զբաղմունք չկար․․․ Այդ ընթացքում սկսեցի կարոտել «համայնք» ասվածը, երբ մի տեղ կա, որտեղ մարդիկ հավաքվում են, քննարկումներ անում, համատեղ որոշումներ կայացնում։ Հենց դա էլ ինձ դրդեց մտածել մշակութային նախաձեռնության շուրջ, որն այսօր «ARTsakh Fest» է կոչվում։

Սկզբում պլանավորում էի Մարտունու մշակույթի տանը մի բան անել (այն Երեւանի Օպերայի շենքի փոքր պատճենն է. շատ սիմվոլիկ էր ինձ համար), բայց հետո ընկերուհիս՝ Անի Ղարաբաղցյանը,  ինձ ցույց տվեց Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի լքված շենքը, եւ  հասկացա, որ  գտել եմ  ճիշտ վայրը․․․

Փառատոնի անցկացման վայրի մասին, երբ իմացա, զարմացա, հետո մտածեցի, որ կոնցեպտի մաս պիտի լինի։ Անցկացնել փառատոն Ստեփանակերտի դրամատիկական թատրոնում, երբ այն անմխիթար վիճակում է, պիտի որ հիմնավոր առիթներ ունենա։

30-ականներին կառուցված այս շենքը դրսից եւ ներսից ապշելու չափ  գեղեցիկ է․ տեղացիներն այն  անվանում են «Ստեփանակերտի գեղեցկուհի»: Արդեն շուրջ 7 տարի է` այս շենքը ճանաչվել է վթարային, եւ թատրոնի կոլեկտիվը ժամանակավորապես տեղափոխվել է Ստեփանակերտի մշակույթի պալատ («պալիտի» շենք, որտեղ թատրոնին բնորոշ միջավայրն ու պայմանները բացակայում են բնականաբար)։

Կյանքումս առաջին անգամ ստիպված էի առնչվել կառավարական մարմինների հետ, քանի որ շենքում որեւիցե միջամտություն անելու համար թույլատվություն է պետք։  Հեղափոխությունից առաջ էր, եւ ես չունեի մեծ ակնկալիքներ, բայց Արցախի Մշակույթի նախարարության աշխատակիցները եւ  նախարարները (թե՛ ներկա, թե՛ նախկին) շատ բաց եւ բարեհամբյուր գտնվեցին․  նախագիծս  մեծ հավանության արժանացավ։

Այն փաստը, որ Երեւանում գործում է 15-ից ավել թատրոն, իսկ ամբողջ Արցախում կա միայն այս մեկը՝ այն էլ նման  վիճակում, իմ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Ստեփանակերտը Արցախի սիրտն է, եւ առնվազն նորմալ չէ, որ այնտեղ մշակութային նման հարթակ գոյություն չունենա․․․ Այն կարող է հանդիսանալ ժամանակակից արվեստի նախագծերի մշակման եւ արտադրության բաց կենտրոն, մարդկանց եւ գաղափարների խաչաձեւ մի ցանց։

Թատրոնի շենքն այս դեպքում վերածվում է հարթակի, որն էլ ավելի է արժեւորելու եւ պատմամշակութային արժեքը, եւ համատեղ ստեղծագործելու պոտենցիալը։ Ճի՞շտ եմ հասկանում։

Մարդիկ ապրում, ստեղծագործում եւ երազում են այստեղ, կա հսկայական պոտենցիալ, բայց, ցավոք, դեռ չկան հարթակներ, որոնք կաշխատեն այդ պոտենցիալի հետ՝ նպաստելով Արցախը զարգացող մշակութային կենտրոն դարձնելուն։

Մեզ թատրոնը մեծ հաշվով է հետաքրքրում ` իբրեւ սոցիալական համախմբման մի տարածք, որտեղ խոսքը եւ գործողությունը միասնաբար են ներկայանում, այսինքն` սինթետիկ ներկայացում են ստանում։ Եթե գործողությունը տարածություն է պահանջում (ստեղծում), խոսքն, իր հերթին, ժամանակ է արտադրում։

Փառատոնային մեր միջամտությունը խոսքով ուղեկցվող գործողությունը վերականգնելու հայտ է, թատրոնը կառուցվածքային ու բովանդակային առումով վերականգնելուն միտված մի ջանք։

Շենքը շատ նշանային է տեղաբնակների համար՝ սիրահարների հանդիպման նախընտրելի վայրն է, որտեղ երիտասարդները նույնիսկ փողոցային լույսերն են կոտրում, որպեսզի մութ լինի, եւ անցորդներն իրենց համբուրվելիս ու գրկախառնվելիս չտեսնեն: Պատերին միշտ կարելի է տեսնել  Ա+Ս=Ս  տիպի գրություններ։ Արեգ Բալայանի շնորհիվ թատրոնի կամարները դարձան նաեւ նորապսակների սիրելի լուսանկարվելու վայր։

Քանի որ փառատոնի թեման ժամանակակից արվեստի եւ պատմամշակութային միջավայրի փոխազդեցությունն է, կխնդրեմ՝ մի քիչ մանրամասնես կոնցեպտը։

Ժամանակակից արվեստը, որպես այդպիսին, զգայուն է իմաստաբանական համատեքստի նկատմամբ եւ այն միշտ ձգտում է միայհյուսվել այս կամ այն կոնկրետ համատեքստի հետ (քաղաքական, աշխարհագրական, սոցիալական, մշակութային եւ այլն)։  

Հետեւաբար քո հարցում մի տեսակ ոչ բացահայտ կրկնաբանություն կա։ Ժամանակակից արվեստի եւ պատմամշակութային միջավայրի փոխազդեցությունը հատուկ թեմա չէ․ եթե մենք փառատոնը որոշել ենք անցկացնել Արցախում՝ Ստեփանակերտի թատրոնի տարածքում, պատմաշակութային համատեքստը, այսպես ասած, ինքնաբերաբար է հայտնվում, մենք աշխատում ենք հենց այդ համատեքստի ներքո։

Փառատոնը միջազգային  լինելու հնարավորությունների եւ տեղացի արվեստագետների մասին։

Միջազգային է, քանի որ միտում ունենք դրսից, որքան հնարավոր է, շատ արվեստագետ բերել Արցախ, նրանց ծանոթացնել տեղի մշակույթին եւ փորձի փոխանակություն իրականացնել, բայց ինձ համար ամենակարեւորը տեղացի արվեստագետներին եւ տեղական համայնքը ակտիվացնելն ու փառատոնի մեջ ընդգրկել/ներառելն է։

Հետազոտություններիս ընթացքում պարզ դարձավ, որ Արցախի ժամանակակից արվեստի ոլորտում անկախությունից ի վեր գեթ երկու անգամ է միջամտություն եղել, երկուսն էլ Շուշիում․ 2001 թվականին՝ Նիրի Մելքումյանի կազմակերպած ժամանակակից արվեստի առաջին փառատոնը եւ 2011 թվականին՝  «Հող եւ Տեխնոլոգիաներ» նախագիծը: Երկուսն էլ շարունակական բնույթ չեն կրել. իմ կարծիքով` տեղի համայնքի համար բավականաչափ բաց  չլինելու եւ նաեւ լսարանին անհասանելի լինելու  արդյունքն է:  (Շուշիում բնակվում է 4500 մարդ, իսկ Ստեփանակերտում 55000 մարդ)։ 

Վերջերս ԺԱԻ ռեզիդենտ արվեստագետների հետ Արցախում լուսային ինստալացիայի վրա էինք աշխատում եւ արվեստագետները, տարբեր արվեստի թանգարաններ այցելելուց հետո զարմացած նշեցին, որ, բացի քանդակից եւ գեղանկարչությունից, ժամանակակից արվեստի ուրիշ ոչ մի տեսակ   ներկայացված չէ։

Արցախում շատ արվեստագետներ կան, բայց մեծամասնությունն աշխատում է ավանդական մեդիաներով։ Մեկուսացման եւ դպրոցի բացակայության պատճառն է սա, բնականաբար, բայց հին դպրոցից կա կոնցեպտուալիստ Ռոբերտ Աբրահամյանը (Աբմամբ), ով իր գործունեությամբ նա արդեն իսկ կոտրում է այդ մեկուսացումը՝ գոնե հենց իր՝ Մեծ Թաղեր գյուղում։ Նոր սերնդից էլ լուսանկարիչ Արեգ Բալայանն է, ում գործերը հայտնի են Հայաստանում եւս։ Երկուսն էլ փառատոնի մասնակից են։

Հետազոտական աշխատանքներս դեր շարունակում եմ, եւ սեպտեմբերի ընթացքում պետք է փորձեմ եւ իմ,  եւ փառատոնի համար հայտնաբերել տեղացի արվեստագետների։

Համագործակցում ենք նաեւ ԱՀ Կրթության, գիտության եւ սպորտի նախարարության հետ, ինչի  շնորհիվ կներառենք բոլոր ուսումնական հաստատությունների սաներին (երաժշտական դպրոցներ, պարի ուսումնարան, ՏՏ կենտրոն եւ այլն)։

Հույս ունեմ՝  կհաջողվի համագործակցել նաեւ Թումո Ստեփանակերտի հետ՝ իրականացնելով նախագծեր նաեւ իրենց սաների հետ (իրենք են, որ ամենաշատն են առնչություն ունենում նորարար տեխնոլոգիաների եւ արտասահմանից ժամանած արվեստագետների հետ եւ արդեն պատրաստ են  իրենց հմտությունները կիրառել ժամանակակից արվեստի ոլորտում):

Միջազգային արվեստագետների ընտրությունն ինչպե՞ս է անցկացվել։

Փառատոնում ընդգրկված միջազգային արվեստագետների մեծ մասը ԺԱԻ արվեստի կացարանի մեր կենվորներն են` հին եւ նոր, ում  հետաքրքրել եւ ոգեւորել է Արցախում` տեղացիների հետ համագործակցությամբ արվեստագիտական միջամտություն անելը եւ փառատոնի գաղափարն` ընդհանրապես։

Արտասահմանից հրավիրված արվեստագետների մեծամասնությունը աշխատում է այնպիսի մեդիաներով, որոնք դեռ քիչ են կիրառվում Արցախում (ձայնային արվեստ, հանրային արվեստ եւ այլն)։

Այսպիսով փորձելու ենք խթանել  հնարավոր երկխոսությունը արտասահմանցի եւ տեղացի արվեստագետների միջեւ, ինչը  հետագայում, հուսանք, շարունակական բնույթ կկրի։

Արցախը՝ որպես փառատոնային միջավայրի հարթակ, ի՞նչ առանձնահատկություններ ունի։

Տես՝ ես Արցախը դիտարկում եմ որպես մի վայր, որտեղ մուտք ունեմ, եւ ինձ համար բնական է, որ, ժամանակակից արվեստի դաշտը տեսնելով (կամ ավելի ճիշտ` դրա բացակայությունը), որոշել եմ այնտեղ գործունեություն ծավալել։

Երկրագնդի վրա կա մի անկյուն, որը աշխարհի ամենառազմականացվածներից մեկն է համարվում, որը  30 տարի գտնվում է մեկուսացման մեջ, որի մասին միջազգային մեդիան լռում է, որտեղ մարդկանց արդեն երրորդ սերունդը պատերազմի ականատես եւ մասնակից է, որտեղ ապրում ու երազում են ապագայի մասին՝ ամեն րոպե պատրաստ լինելով նոր պատերազմի․․․  

Իրենց հոգեւոր սնունդ է պետք, որը հնարավորություն կտա հաղթահարել մեկուսացումը․ առանց մշակութային զարգացման առաջընթաց չի կարող լինել։ Ժամանակակից արվեստն է, որ պատասխանատու է հասարակության մեջ քննադատական հայացք ձեւավորելու, նոր ուղիներ փնտրելու եւ գտնելու համար։  

«Ազգայնական» պիտակավորվելու վտանգն ինձ չի վախեցնում:  Կարծում եմ՝  Արցախի մասին շատ է խոսվում եւ միաժամանակ նրա համար  քիչ է արվում։ Ինձ հետաքրքիր է իմանալ, թե Հայաստանում ապրող հայերի քանի տոկոսն է գոնե մեկ անգամ եղել Արցախում։ Արցախի հասարակությունը  մոռացված է ոչ միայն արտասահմանում, այլ նույնիսկ Հայաստանում․ հիշում են միայն հողեր հանձնել-չհանձնելու քննարկումների ժամանակ, այնինչ մարդիկ  ապրում են ՝ այդ «շփման գոտում»՝ մոռացված, առանց դրսի հետ առչնվելու հնարավորության։

Փառատոնի մեկնարկային անցկացման առաքելության եւ շարունակականության մասին։

Տեղացի արվեստագետների համայնքի եւ թատերախմբի հետ համագործակցության միջոցով ցանկանում ենք վերականգնել, շունչ տալ հին թատրոնի շենքին եւ այն կյանքի կոչել` այդպիսով Ստեփանակերտը փոխակերպելով նորարարական արվեստի կենտրոնի: Նախագիծը կրելու է շարունականան բնույթ, եւ մենք փորձելու ենք արվեստային միջամտություններ կատարել նաեւ Արցախի մյուս բնակավայրերում։

Ցանկանում ենք արվեստի տարբեր դրսեւորումներ  ներկայացնելու  հարթակ  ձեւավորել ՝ բաց եւ մատչելի մթնոլորտում: Այս տարվա թողարկման նպատակն է վերակենդանացնել Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքը՝ վերադարձնելով վերջինիս կարեւորությունը  համայնքի ձեւավորման եւ զարգացման գործում` արվեստագետների եւ տեղացի մասնակցի, հանդիսատեսի  համար:

 

ՀԳ գլխավոր լուսանկարում՝ Ստեփանակերտի Վ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը։ Լուսանկարները տրամադրել է Աննա Կամայը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter