HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայոց պատմության պառակտիչ «սրբագրիչը»

Ռազմիկ Մարկոսյան

Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) անդամ, Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) հիմնադիր անդամ

Գաղտնիք չէ, որ քաղաքական, պատմական անցյալի փորձությունները կարող են փորձառություն դառնալ: Միայն թե դրա համար մի պարտադիր նախապայման կա. ստի, կեղծիքի բացառումը: Ստի վրա չի ստեղծվի ո’չ պետություն (դե, եթե ստեղծվի էլ մի 70 տարի հազիվ գոյատևի), ոչ էլ պատմություն (չբացահայտված պատմական  կեղծիքներ չկան, կան դեռև’ս չբացահայտված պատմական կեղծիքներ):

Այս ամենը, հաստատ, գաղտնիք չէ նաև իմ  ծանոթ «գործիչներից» մեկի` Ռաֆիկ Համբարձումյանի համար: Որպես վաստակավոր ազգասեր, նա հատկապես դեմ է ի’ր ազգի պատմության կեղծարարությանը: Այդ է վկայում վերջերս նրա մի հրապարակումը, ավելի ճիշտ` հրապարակման վերնագիրը` «Հայոց պատմության խեղաթյուրումը այլևս անհանդուրժելի է»: Առաջ անցնենք ու տեսնենք, թե ովքեր են խեղաթյուրում հայոց պատմությունը: Միայն թե չշտապեք գուշակել:

Ըստ Ռաֆիկ Համբարձումյանի, մեր պատմությունը խեղաթյուրողները ոչ ավել, ոչ պակաս` Մովսես Գորգիսյանի ծննդյան 50-ամյակի առթիվ լրատվամիջոցներում նրան դրվատանքի խոսքեր ասողներն են: Դե, մեր ճշմարիտ հայրենասերն էլ չի դիմացել ու փորձել է քողազերծել պատմական իրականությունը:

Տեքստից երևում է, որ Ռաֆիկ Համբարձումյանի սրտին առել է հատկապես Մովսես  Գորգիսյանի մասին արված նահատակ որակումը: Անտեղյակների համար նա պարզել է նշյալ բառի բացատրությունը` «Նահատակը նա է, ով գիտակցված գնում է զոհաբերվելու` հավատացած, որ միայն իր կյանքի գնով է հնարավոր ապահովել յուրայինների կյանքն ու հաղթանակը»:

Այսինքն, Ռաֆիկ Համբարձումյանը բառի իմաստը տանում է դեպի բազումների համար միայնակ զոհվելու առաքելությունը: Հատուկ պարոն Համբարձումյանի համար բերեմ նահատակ բառի բառարանային բացատրությունը. «որևէ գաղափարի` համոզմունքի համար տուժած կամ զոհված մարդ» (ԳԱ «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան»): Նահատակ բառի հոմանիշն է զոհ-ը (Ա. Սուքիասյան, «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան»):

Հետաքրքիր է, երբ ապրիլի 24-ին հայկական բոլոր լրատվամիջոցները ոգեկոչում են 1,5 մլն հայ նահատակներին, Ռաֆիկ Համբարձումյանն ինչո՞ւ չի ընդվզում` բերելով նահատակ բառի իր  բացատրությունը: Չէ՞ որ այդ զոհերը չեն տեղավորվում խնդրո առարկա որակման` իր բերած բացատրության մեջ:  

Մինչդեռ Մովսեսը հենց «գաղափարի` համոզմունքի համար զոհված մարդ է»: Մովսեսը քաղաքական գործիչ էր, որը չհապաղեց իր ընկերների հետ միասին զենք վերցնել, այն ժամանակվա ամենականոնավոր` Անկախության բանակի մարտիկների հետ մեկնեց ճակատ ու ընկավ հենց առաջին օրերին: Արցախյան պատերազմում մենք հազարավոր զոհեր ենք տվել: Այդ ո՞ր ստահակի մտքով կարող է անցնել մեղադրողի դիրքից քննարկել որևէ ազատամարտիկի զոհվելու հանգամանքները. իսկ այդ ինչո՞ւ է զոհվել:

Ռաֆիկ Համբարձումյանը Մովսեսի դեպքում անգամ այդ ինչու-ի պատասխանն է տալիս` Մովսեսի համար նահատակ-ի փոխարեն առաջարկելով մի այլ որակում. «...փորձառու մարտիկների հորդորները անտեսելու պատճառով 1990թ. հունվարին ազերի դիպուկահարի գնդակից սպանված անձ» (ընդգծումն իմն է): Վստահաբար հայտարարում եմ, որ հոդվածագրի այս պատասխանատու հայտարարությունը ստոր ու քողարկիչ միտումով է արված:

Լավ, ինչո՞ւ է Ռաֆիկ Համբարձումյանը Մովսեսի մասին ասված գնահատանքի խոսքերից այսքան սրտնեղում: Այս հարցի պատասխանը հենց ինքն է տալիս, երբ շարունակում ենք կարդալ նրա հրապարակումը: Ոչ ծավալուն տեքստի մեջ Համբարձումյանը ուղիղ ութ անգամ իրեն է վերագրում շարժման ու դրան նախորդած տարիներին արված որոշակի գործեր. «իմ կազմակերպած», «իմ ղեկավարած», «իմ խմբագրած», «իմ հանձնարարած» և այլն: Բայց այս եսագարության շարանի մեջ ամենից զազրելին այն հայտարարությունն է, որ անկախության գաղափարը «հանրավորողն ու տարածողը» ինքն է եղել` խմբագրելով «Անկախություն» թերթը և լինելով վերջինիս «գաղափարատուն»: 

Ռաֆիկ, անկախության գաղափարի համար իրար գումարած` հայ անկախականների մոտ 250 տարվա կյանք է զոհաբերվել: Այդ տարիները նրանք իրենց ապրելու ժամանակից են տվել, մինչ դու զբաղված էիր քո կարմիր ապագան կերտելով: Որտե՞ղ էիր այն ժամանակ, երբ ազնվության ու ազնվականության տիպար Ստեփան Զատիկյանը մահապատժի էր գնում հանուն անկախության գաղափարի, երբ մենք` անկախականներս, մեր կյանքն աներկբա դնում էինք զոհասեղանին` դուրս գալով դարի գերտերության դեմ, երբ բանտն ու աքսորը, անվերջանալի, հետապնդումներն ու հալածանքը մեր մշտական ուղեկիցն էին: Ինչո՞ւ այն ժամանակ խիզախություն չունեցար մասնակցելու որևէ դատավարության կամ թեկուզ թաքուն այցելելու դատապարտյալներից որևէ մեկի ընտանիքին, ինչպես այդ անում էին մարդիկ, ովքեր մեզ հետ չէին, բայց հոգու խորքում մեր համակիրն էին:

Պարույր Հայրիկյանից իմացա, որ կա մեկը, որը պատրաստ է քաղաքական հոդվածներ գրելու, միայն թե գաղտնի, միայն թե թաքստոցից, ռիսկի իսպառ բացակայության պայմաններում: Այդ մեկը դու էիր, Ռաֆիկ Համբարձումյան, որ անգամ շարժման տարիներին քո անուն-ազգանունով հանդես չէիր գալիս, այլ ընտրել էիր Համազասպ ծածկանունը ու թաքնվել էիր դրա տակ: Այդ ամենից հետո ինչպե՞ս կարող ես քեզ ներկայացնել որպես Հայաստանում անկախության գաղափարի ջահակիր: Այդ որտե՞ղ և ո՞ր դարբնոցում այդպես կոփվեցիր որպես ապագա գուրու:

Այն տարիներին Պարույր Հայրիկյանը մարդկանց ոգեշնչելու մի մեթոդ էր կիրառում. քաղաքականության մեջ չոչ անողին ներշնչում էր, որ նա միակն է ու անփոխարինելի, որ այս կամ այն գաղտնիքը միայն նրան է վստահում: Այդ ինձ համար անընդունելի մեթոդը շատերին էր խանդավառում` ուռճացնելով նրանց եսը, մինչև որ ուշքի էին գալիս, հեռանում կամ թշնամանում: Այդ եսապաշտության բավիղներում ամենից շատ դու թափառեցիր:

Իսկ արդեն շարժման եռուն շրջանում, երբ քո թաքստոց-բարիկադն իր իմաստը կորցնում էր, դու նրա վրայով մի ճկուն ցատկ կատարեցիր ուղիղ դեպի հարթակ: Դա իսկական գաղափարատուի ցատկ էր: Բայց մի րոպե: Ո՞վ էր այն, ի հակադրություն քեզ` խանդավառ երիտասարդը, որ հայտնվել էր «քո նախապատրաստած», «քո կազմակերպած» միտինգում, հարթակի` քեզ համար նախատեսված տեղում:

Ո՞վ էր այդ Մովսես Գորգիսյանը: Նրան «լիկվիդացնել» էր պետք: Հենց այս առաջարկով էլ ներկայացար, երբ առաջին անգամ տեսա քեզ: Հիշո՞ւմ ես, Նորքի անտառում էինք: Այդ դո’ւ էիր Մեխակ Գաբրիելյանի միջոցով գաղտնի հանդիպում խնդրել աչքից հեռու մի տեղում: Ծանոթացանք, ու դու միանգամից երկու առաջարկ արեցիր` լիկվիդացնել Մովսես Գորգիսյանին (այն դեպքում, երբ Մովսեսը ԱԻՄ-ի հիմնադիր անդամ էր) և ԱԻՄ-ում աշխատավարձ սահմանել: Ես երկու առաջարկդ էլ մերժեցի:

Իսկ երբ ժամանակ անցավ, և արդեն նպատակահարմար էր, որ ԱԻՄ-ում աշխատողներին դրամական փոխհատուցում տրվի, ես հրաժարվեցի այդ գումարից` այն փոխանցելով ծնողազուրկ երեխաներին կամ զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Պատկերացնում եմ, թե ոնց կզարմանայիր, եթե այդ մասին իմանայիր:

Իսկ հիշո՞ւմ ես, թե ինչպես էիր իրար հետևից քո բոլոր ելույթներով ու արարքներով ստվեր գցում անկախության գաղափարին, ձախողում մեր ամեն մի նախաձեռնություն այն վտանգավոր շրջանում, երբ այնքան փխրուն էր ճշմարտության բաժակը, որ մատուցվում էր պատմական անարդարության դեմ ոտքի ելած, բռունցքված, բայց և քաղաքականապես անփորձ մեր ժողովրդին: Մովսեսն իր ճկունությամբ, սուր մտքով ու հմայքով քանի՞ անգամ է փրկել իրավիճակը ու նաև` քո վիճակը:

Իրար հաջորդած նման դեպքերից հետո էր, որ Մովսեսը, որ խորին հարգանք ուներ իրենից ավագների նկատմամբ, քեզ «չեկիստ» անվանեց, իսկ դու քո իսկ ստեղծած տպավորությունը ցրելու համար, հանուն անկախության գաղափարի, դարձյալ մի ճկուն ցատկ կատարեցիր, բայց այս անգամ` ուղիղ դեպի Մովսեսի կոշիկը` այն համբուրելու համար:

Բոլոր ներկաները զարմացած ու ցնցված էին, նույնիսկ «քո օգնականներ» Վարագ Առաքելյանն ու Մեխակ Գաբրիելյանը: Երևի ամենից շատ քո ա’յդ արարքը չես կարողանում ներել Մովսեսին: Բայց սպասիր, բանից պարզվում է` դու լավ ես ցատկում: Միայն թե իզուր ես ցատկդ որպես թռիչք ներկայացնում: Դու ունակ չես թռչելու:

Դու, Ռաֆիկ Համբարձումյան, ձախողակ ես անգամ որպես սնապարծ: Քո «Հայոց պատմության խեղաթյուրումը այլևս անհանդուրժելի է», կամ որ նույնն է` «Հերիք է գովաբանեք Մովսես Գորգիսյանին» հրապարակման մեջ Մովսեսին հակադրում ես արցախյան կռվում զոհված և իրենց արժանի գնահատանքը չստացած ազատամարտիկներին, խոսում նրանց շահերից:

Նախ` ազգային հերոսի կոչումը լիմիտավորված չէ, և Մովսեսի պատճառով չէ, որ, օրինակ, Լեոնիդ Ազգալդյանը, որ ԱԻՄ-ի Անկախության բանակի ռազմական խորհրդի անդամ էր, հերոսի կոչում չի ստացել: Պատճառն այն է, որ մեր երկրում դեռևս չի ձևավորվել գնահատանքի մշակույթը:

Իրենց գլուխը արցախյան պատերազմում դրած շատ արժանավոր մարդիկ կան, որ ստվերում են մնացել: Դա ցավոտ խնդիր է, որը դու փորձում ես շահարկել` մեղքի սուր ծայրն ուղղելով Մովսեսի հիշատակի դեմ:

Բայց Մովսեսը մի ուրիշ մեղք էլ ունի: Նա, ում համար դու ափսոսում ես անգամ «զոհվել» բառը, ըստ քեզ, «իր անփորձության պատճառով խփնվել է ազերի դիպուկահարի գնդակից» (ընդգծումն իմն է), ու նաև երկու ազատամարտիկի մահվան պատճառ դարձել: Ուրեմն ինչո՞ւ չես առաջարկում հետմահու մահապատժի ենթարկել Մովսեսին: Կամ ինչո՞ւ ես այդքան բարի, որ Մովսեսի հետ միասին մեր մյուս զոհված տղերքին էլ չես մեղադրում անփորձության մեջ:

Բայց որքա~ն փորձված ես դու:

Եվ այս ամենը դու ասում ես անցյալի փորձությունները փորձառություն դարձնելու, պատմական սուտն ու կեղծիքը վեր հանելու, ճշմարտությունը վերականգնելու դիրքերից, որովհետև լավ գիտես դրանց կարևորությունը ու նաև պատմական անարդարություններ ճաշակած ժողովրդի` ճշմարտություն որոնելու մղումը: Փնտրել ու գտե՞լ ես հայոց պատմությունը խեղաթյուրողներին:

Բարձրաձայն կարդա քո գրած հոդվածը ու կտեսնես, որ իրականում փորձել ես սնապարծությունդ բավարարել: Բայց ինչո՞ւ Մովսեսի հաշվին: Որովհետև ողջ չէ ու քեզ պատասխան չի՞ տա, որովհետև էլ ստիպված չե՞ս լինի քո իսկ նախաձեռնությամբ նրա կոշիկը համբուրել: Դու նրանից ավելի մեռած ես ու պարզապես ուզում ես քաղաքական կյանքում հոգեդարձ լինել:

Դե ուրեմն լսիր, թե քեզ ինչ եմ ասում. ծամիր քո քաղաքական ուխտը ուղտի դանդաղկոտությամբ, միայն թե այդպես գարշահոտ մի թքիր քեզնից վերև: Սա քեզ` մի խորհուրդ: Երկրորդ խորհուրդս` էլ մի զբաղվիր քաղաքական դիակապտությամբ, դա ազնիվ չէ, ու մի ստիպիր, չեմ ուզում իմ իրավունքով քեզ ասել. «Տվոյո մեստը վոզլե պարաշա, սուկա»:

Մեկնաբանություններ (32)

Ծովինար Նազարյան
Պարոն Մարկոսյան, կուզեի այսպիսի հատու շեշտադրումներով բացահայտեիք նաեւ այսօրվա Հայաստանում պուտինիզմ ու ստալինիզմ քարոզողներին, որոնք նույնպես ժամանակին ձեր թիմակիցներն են եղել ու հիմա ՀՀԿ–ի միջոցով հեծնել են Հայաստանը։ Կուեզի Ձեր դիտարկումները լսել Շանթ Հարությունյանի բանտարկության, Մաքսային Միություն գնալու, Միկոյանի արձան տեղադրելու եւ արժեքային այս ահռելի շրջադարձի մասին դեպի 1937 թիվ։ Կուզեի լսել, որովհետեւ հայտնի անկախականներից այն քչերից եք, ով չի կորցրել իր հարգանքը։ Այդ թվում` իմ աչքում։ Շնորհակալություն։
nen
ԱՊՐԵՍ
Վարդան Ասծատրյան
Ներկայումս, ցավոք, բազմացել են մարդիկ, որոնք ժողովրդական, ազգային շահերը պաշտպանելու անվան տակ իբրև թե լուաբանում են մերձավոր ու հեռավոր անցյալի դեպքերն ու դեմքերի գործունեությունը, իրականում օգտվելով ազգի արդի տկարությունից նրանք համարձակվում են ձեռք բարձրացնել դռևս կանգուն մնացած արժեքների ու կերպարների վրա` հուսալով օր առաջ դրանք ևս փոշիացնել: Նրանք օգտվում են այն բանից, որ ազատություն ասվածն Հայաստանում այսօր վերածվել է սանձարձակության ու ամենաթղության, երբ մարդը նախ Աստծո կերպարանքին մոտենալու կամավոր ջանքեր անելու և ապա այդ ճանապարհին պղծված սրբությունները բարձրացնելու ու սրբելու սեփական օրինակ դրսևորելու փոխարեն տգիտաբար կամ միտումնավոր ավելի մեծ վնաս է հասցնում թե իրեն և թե իր ազգին: Ռաֆիկ, մի’ ծառայիր ռևիզիոնիստներին, մի հայհոյիր մերօրյա այն փոքրաթիվ կերպարներին, որոնց կյանքով պետք է նվիրականության մասին պատկերացում կազմի նոր սերունդը: Մինչև նոր քայլ անելդ, կանգ առ և քո անցած ճանապարհը քննիր: Այդ ում վրա ես մատ թափ տալիս, ով քեզ հանձնարարեց այդպես վարվել և ինչու դա քո սրտով եղավ, այդ ո~ւր ես գնում… Եթե անգամ այդ ամբողջը դու ես արել, ապա ուրեմն պետք է այնքան սեր ու իմաստություն ունենայիր, որ ուրախանայիր կատարվածով, բայց դու ընկել ես սին պարզաբանումների ետևից և փնտրում ես մի բան, որ գոյություն չունի: Ուրեմն, ավելի լավ է պատճառը փնտրիր իր եղած տեղում և էլ քայլ մի արա մինչև այն չգտնես…
Հայ մարդ
Տրվել էր պատասխան անցյալի դեպքերը ներկայացնող մի հոդվածի: Տրվել էր արժանի պատասխան, որքան էլ որ խիստ, բայց վաստակած իրավունքով: Ենթադրվում էր, որ պատասխանից հետո բանական մարդը կլռեր: Սակայն խեղկատակության հասնող քայլը չուշացավ և արտահայտվեց նույն հոդվածը կրկին հրապարակելով: Ցավալի է, որ այսօր մեր իրականության մեջ շարունակվում է անկախության դափնիների խլխլոցը, ինչը ըստ իս բոլշևիկյներին բնորոշ երևույթ է:
ՎԱՐԴԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ
Այս ինչպիսի տարօրինակ են մեկը ուզում է Անդրանիկ Զորավարի անունը պախարակի, իսկ մյուսն էլ ազգային հերոս Մովսես Գյորգիսյանի, սակայն երկուսի տեղն էլ դերն էլ գիտենք արդեն թէ որտեղ և ինչ փնտրտուքների մեջ են: Շատ եմ ափսոսում Մոսոյի զոհվելու համար, Մոսոն այն մարդկանցից էր որ պետք է կենդանի մնար ու սրանց նմաններին միշտ իր կոշիկները համբուրել տար ու ուղարկեր իրենց մոր արգանդը, սակայն նա հիմա ավելի շատ է հերոսացել ու պատմության էջերում ու մեր սրտերում որպես Աստծուց նվեր տվաց հերոսներ են մեր ազգի համար դարձել: ու այսպիսի ժողովրդական ասացվածք կա ( շունը հաչելով էլ կսատկի), ուրեմն իմացած եղեք այ ստահակներ որ նախանձն ու չձևաորված մարդ լինելը ձեզ կխանգառի ամեն տեղ:
Հրանտ
Ռաֆիկ Համբարձումյանը միշտ հայտնի էր իր քստմնելի վախկոտությամբ:
Տիգրան
Արժանի հակահարված է Ռազմիկ ջան
Միքայէլ Հայրապետեան
Հարգելի պարոն Մարկոսյան, ի վկայություն Ձեր այս հոդվածի, հավելեմ, որ ինքս՝ իմ ընկեր Վարդան Բախշյանի հետ (ով, ի դեպ, հետագայում զոհվեց Ջանհասանի մարտերում) անձամբ եմ Ազատության հրապարակում ականատես եւ ունկնդիր եղել Մովսես Գորգիսյանի ասածին Ռաֆիկ Համբարձումյանին, ով նոր էր ավարտել ԱԻՄ-ի անունից ունեցած իր խայտառակ ելույթը Արցախյան շարժման հուժկու հանրահավաքում: Գորգիսյանն ասաց. «Այլեւս չհամարձակվես Միավորման անունից խոսել, սրիկա, չեկիստ»: Այսինքն՝ Համբարձումյանի՝ Մովսես Գորգիսյանի հանդեպ իրականացրած դիակապտության Ձեր մեկնաբանումը միանգամայն համոզիչ է. շնորհակալություն Ձեզ՝ մեր հիրավի Ազգային հերոսին այդպես անխոցելի պաշտպանելու համար:
Asala
Jamy motenum e ev takanqnerin petqe Njdehyan vochov heracnel asparezic
Գևորգ Հայրապետյան
Ռազմիկ Մարկոսյան, գիտեք ինչ հաճույքով եմ կարդացել այս պատասխան հոդվածը!!! ռաֆիկ համբարձումյան, գիտես ինչ հավեսով եմ քեզ ասում ... ... ... ... ... ... ...
ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Եթե խոսքը պատմական դեպքերի ու դեմքերի հավատաքննությանը չվերաբերվեր, պիտի խոստովանեի, որ գրված է շատ շնորհալի գրչով և ափսոսանք հայտնեի, որ այս գրիչը դադար էլ է առնում: Որովհետև լեզվամտածողությունից դատելով և հաշվի առնելով հեղինակի կենսագրությունը, առջևում մեզ մեծ ու տարողունակ հուշագրական հերկ է սպասվում, խոստումնալից բերքով: Եթե կուզեք, թող սա նաև հորդոր դիտվի, ընթերցողի արդարացի պահանջ: Մեզանից շատ ու շատ առաջ Պլատոնը մի բանավեճի ժամանակ իր ընդիմախոսին ասել էր.«Ես չեմ կիսում Ձեր կարծիքը, բայց կյանքս կտամ` պաշտպանելու կարծիք ունենալու ձեր իրավունքը»: Հավակնոտ չթվա, բայց Ռազմիկ Մարկոսյանի հրապարակումը մեկնաբանելն անհնարին է: Գրված է ասպետական վայելչագեղությամբ և ասելու իրավունքով: Որևէ մեկին կամ նրա կարծիքը գռեհկաբանելը պատասխան չէ, ինչպես փորձել ու փորձում են անել ոմանք, ոչ էլ ազգային հերոսի հիշատակի պարզունակ պաշտպանությունն է պաշտպանություն: Ցավում եմ, որ շատերը չեն հասկացել Մարկոսյանին: Անսահման ուրախ եմ, որ մեր մեջ ապրում են ասելու իրավունք ունեցող մարդիկ, մանավանդ, երբ ասում են հարկավոր պահին և ճիշտ տեղում: Ամեն ինչ կորած չէ, երբ խիղճը լեզու և նույնիսկ գրիչ ունի: Մայրենի լեզվի իմ ուսուցչուհին` տիկին Ժենյա Հարությունյանը մեզ իններորդ դասարանում բոլորիս, մեկ առ մեկ բարձրաձայն կարդալ էր տալիս Եղիշեյի գրքի այն հատվածը երբ թվարկվում էին նահատակներն ըստ տոհմերի, անուն առ անուն: Ինչ սիրով,ինչ գորովանքով էին շարադրված նրանց լուսեղեն, հերոսական անունները: Ռազմիկ Գրիգորի, մեր հրաշալի պոետներից Խաչիկ Մանուկյանը գրում է. «Բարձունքը մերն է, տղերքը չկան, Տղերքը այնտեղ բարձրում մնացին...»: Այնպիսի զգացողություն ունեմ, որ կարծես դու քո պահպանված, անբասիր կերպարով մի մեծ ու անհաղթահարելի տարածություն ես տղերքի ու մեր միջև, բարձունքի ու ստորոտի միջև:
Ruben Vardanyan
Հարգարժան Պարոն Մարկոսյան միանում և ողջունում եմ հոդվածը,նրա բովանդակությունը,ուղղությունը: Գրված է շատ դիպուկ,կտրուկ,շիտակ: Ինչքան շատ գրվի այպես,ինչքան շատ միանանք այսպիսի նախաձեռնություններին այդքան կշահի մեր Պատմությունը,հասարակությունը:Մովսեսը լուսավոր անհատականություն է և Նորանկախ Հայաստանի խորհոդանիշներից մեկը,որը ՆԱՀԱՏԱԿՎԵՑ մեր բոլորի Արժանապատիվ կյանքի ու Անկախ Ապագայի համար:Շնորհակալություն Պարոն Մարկոսյան իմ անունն էլ խնդրում եմ դնեք Ջերի կողքին: ՄԻԱՆՈՒՄ ԵՆՔ:
Օնիկ ՄԻքայելյան
Մեկնաբանությունը..Սիրելի Ռազմիկ Շնորհակալ եմ դիպուկ արձագանքիդ համար: Գիտես, դժվար է այդ առիթով խոսելը, բայց մի քանի խոսք միայն պիտի ասեմ: Ազգի մեջ եղել են և կան զավակներ, որոնց ազգը հերոս է համարում՝ անկախ դրա որևէ փաստաթղթային ամրագրումից: Մովսեսն իր գործունեությամբ ազգի կողմից արժանացել է հերոսի կոչմանը և պետք է միայն ուրախ լինել, որ Մովսեսի դեպքում նրա արժանի կոչումը վավերացվեց նաև մեր պետության կողմից: Պատանի տարիքից սկսած՝ ահարկու բռնատիրական կայսրության պայմաններում, լինելով ԱՄԿ -ի, իսկ 1987 թվից ԱԻՄ –ի վերափոխված կազմակերպության հիմնադիր անդամ, Մովսեսն անցավ հերոսացման ճանապարհ: Փառք Աստծո ազգի համար բախտորոշ այդ շրջանում ազգանվեր մարդիկ կային, բայց Մովսեսը մեկն էր այն քչերից, որոնք դարձան ազգի ազատ ու անկախ լինելու համար բացահայտ պայքարի ջահակիր ու մարտիկ: Ռաֆիկ, եթե դու ինքնաբուխ էիր միացել այդ պայքարին, ապա ինչո՞ւ կարճ ժամանակ անց լքեցիր պայքարի օրրան ԱԻՄ-ը և չես ուրախանում պայքարի առաջամարտիկ Մովսեսին հերոսի կոչում շնորհելու համար: Այդ ի՞նչ վստահությամբ ես նշում Մովսեսին դիպած գնդակի հեղինակին: Անհավասարակշիռ ու անպատկառ մոտեցմամբ՝ դու վիրավորում ես Հայաստանի անկախության և ազատության համար պայքարող և դրանցով մտահոգ մարդկանց, որոնց շարքերից դու քեզ, փաստորեն, դուրս ես դնում, ինչպես նաև Հայաստանի հանրապետությանը՝ իր քաղաքացուն կոչում շնորհելու համար: Անուրանալի են Մովսեսի կատարած կազմակերպչական և մտավոր մեծածավալ աշխատանքները: Իր անաղարտ նվիրումով՝ Մովսեսը սիրելի էր դարձել ազգի բոլոր խավերի կողմից: Մովեսը մտահոգված էր ամեն մի հայ մարդու համար: Նրանով, վախից ազատվող, մի ամբողջ սերունդ դաստիարակվեց: Ռաֆիկ, ի տարբերություն Հուդայի՝ Ռազմիկի նշած համբույրից հետո, դու ունես զղջման հնարավորություն:
Ռոբերտ
,,Այդ եսապաշտության բավիղներում ամենից շատ դու թափառեցիր:,, ,,Բարձրաձայն կարդա քո գրած հոդվածը ու կտեսնես, որ իրականում փորձել ես սնապարծությունդ բավարարել: Բայց ինչո՞ւ Մովսեսի հաշվին: Որովհետև ողջ չէ ու քեզ պատասխան չի՞ տա, որովհետև էլ ստիպված չե՞ս լինի քո իսկ նախաձեռնությամբ նրա կոշիկը համբուրել: Դու նրանից ավելի մեռած ես ու պարզապես ուզում ես քաղաքական կյանքում հոգեդարձ լինել: ,, ,,Ռաֆիկ Համբարձումյանը Մովսեսի դեպքում անգամ այդ ինչու-ի պատասխանն է տալիս` Մովսեսի համար նահատակ-ի փոխարեն առաջարկելով մի այլ որակում. «...փորձառու մարտիկների հորդորները անտեսելու պատճառով 1990թ. հունվարին ազերի դիպուկահարի գնդակից սպանված անձ» (ընդգծումն իմն է): Վստահաբար հայտարարում եմ, որ հոդվածագրի այս պատասխանատու հայտարարությունը ստոր ու քողարկիչ միտումով է արված: ,,Բայց որքա~ն փորձված ես դու: ,, ,,մի զբաղվիր քաղաքական դիակապտությամբ, դա ազնիվ չէ, ու մի ստիպիր, չեմ ուզում իմ իրավունքով քեզ ասել. «Տվոյո մեստը վոզլե պարաշա, սուկա»: - մեջբերումը Ռ.Մարկոսյանից Պարոն Մարկոսյան, Ձեր հոդվածն այնքան դիպուկ և ճշմարիտ է, որ ռաֆոն ոչ թե խոցվեց, այլ` հոգեդարձի փոխարեն փոշիացավ: Վստահ եմ, որ միայն նրա սնապարծությունը չի, այլ հատուկ հանձնարարական , քանզի մի քանի հարց է առաջ քաշել: Չէ որ նա փորձառու է: Տեսնես հասկացավ, որ թաքստոցի իր պատվիրատուն մի օր էլ իրեն է հարվածելու: Որ հայ մամուլը կարող էր այդ հանձնարարականը կատարել և տպել այնպիսի հոդված, որ և Ձեզ և մեզ այդպիսի նողկանք պատճառեր:
Գ. Մկոյան
Լիովին համաձայն եմ Ռազմիկ Մարկոսյանի հետ: Մովսես Գորգիսյանը ազգային հերոս է: Իր ապրած ողջ կյանքում նա ծառայեց իր հայրենիքին: Դժվար պահին պայքարեց, պաշտպանեց իր հայրենիքը եվ իր կյանքը զոհեց հայրենիքի համար: Մովսես Գորգիսյանը կրթեց ու դաստիարակեց մի սերունդ, որն այսօր դարձել է նրա հետեվորդը: Ռաֆիկ Համբարձումյան «Համազասպ» քաղաքական գործիչ չի եղել ու չկա: Նրան այսօր իր կենդանության օրոք մոռացել են նույնիսկ իր հին ծանոթներից շատերը: Ռաֆիկ Համբարձումյանը նման է քամիներին, որոնք գալիս են, իրենց հետքը թողնում ու կորչում անհետ: Նա փորձում է գնահատել ազգային հերոսին ու դրանով սեվ բիծ է թողնում իր անունի վրա: Ռաֆիկ Համբարձումյանն իր հոդվածով ազգին հիշեցրեց իր նման տականքի անունը:
Xent Hayrenaser
To ay apush Rafik es, te na fig es, et du qez inchi tex es drel?????? Ov kporci mi poqr stver gcel Movsesi u myus NAHATAK txerqi hishataki vra, 9gram archich nver kstana uxix chakatin
Արսեն
Չարժի ամեն ամեն մի սրիկայի ասածներին ուշադրություն դարձնել:
Տեր Ներսես քահան Ռուշանյան
Նահատակների արյունը եկեղեցու, այսինքն` ժողովրդի կեցության, ազատ-անկախ ապրելու և բարգավաճելու հիմքն է, ավելին` այդ հիքի շաղախի ամրությունը: Փառք Աստծո` սա գիտակցում ենք, կարծում եմ, ազգիս մեծամասնությունը: Իսկ այսպես ասած ռաֆիկները, վասակները, հուդաները.... ուղղակի են, որ ավելի վեր բարձրանան մեր ՀԵՐՈՍՆԵՐԸ: Կեցցեք պարոն Մարկոսյան, Ձեր հոդվածի ամեն մի տառին ու բառին համաձայն եմ:
ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹ ՅՈՒՆՅԱՆ
ըստերևույթին ոչ թէ քաղաքական վերածնունդ է փնտրում,այլ որոշակի գումարի դիմաց կատարում է դավաճանի պարտականությունները: Ազգային արժեքների ոչնչացման և պատմության կեղծարարության հմտությունը լավ տիրապետող դավաճանի ծառայությունների կարիքը դեռ ունեն մեր թշնամիները` ուստի մենք դեռ կլսենք ի և այլ հայրենատյաց դավաճանների ձայնը
Իշխան Գորգիսյան
Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել պրն. Մարկոսյանին այս արդարատենչ և անաչառ հոդվածի համար: Պարզապես ուզում եմ իմ ցավն ու դառը կսկիծը հայտնել այն փաստի կապակցությամբ, որ մեր երկրում կան նման չինքնահստատված և սեփական անցյալի թշվառության բարդույթով տառապող մանկամիտներ, որոնք միամտորեն կարծում են, որ կարող են իրենց` սեփական փոգրոգության պատճառով բազմիցս տրորված ինքնագնահատականը բարձրացնել Մովսես Գորգիսյանի պես հերոսի սուրբ հիշատակը պղծելով: Փառք Աստծու, որ կան մարդիկ, ովքեր անմիջական մասնակիցն են եղել այդ պատմական դեպքերի և կարող են բացահայտել այդպիսի զազրելի սուտը: Շնորհակալ եմ բոլորիդ ձեր մեկնաբանությունների համար:
Ռոբերտ Ղարիբյան
Ստորության ծայրահեղ դրսեվորում է երբ փորձում են վարկաբեկել կյանքը հայրենիքի համար զոհած տղաներին:
Ավետիք
Պարզապես որոշ մարդիկ ցանկանում են անուն հանել և հայտնի դառնալ՝ առանց հաշվի առնելու այն միջոցները, որոնք օգտագործում են: Այդպես արեց Անժելա Սարգսյանը, այդպես է անում նաև այս Ռաֆիկը:
Գայանե Տեր-Աստվածատրյան
Պարոն Մարկոսյան, Դուք պարկեշտ ու կիրթ մարդ եք, այլապես հայերենը հարուստ բառապաշար ունի ռաֆիկ կոչեցյալին գնահատական տալու: Զայրույթս այնքան մեծ էր, որ ուզեցի տարածել, որ ընկերներս էլ կարդան, բայց հետո փոշմանեցի, քանի որ վստահորեն բոլորն էլ ինձ պես ցնցում կապրեին ու այդ անբարոյական անառակ թուրքին իր տեղը ցույց կտային... Չուզեցի, որ ընկերներս հիասթափություն ապրեն, չէ որ մենք Հայ ենք և մեր Մեծերի նկատմամբ բացառիկ վերաբերմունք ունենք: Մովսես Գորգիսյանը մեր պաշտպանության կարիքը չունի, նա ամենաթանկն է տվել Հայրենիքին:
ՎԱՀԱՆ
Փառք Աստծուն, որ ռաֆիկհամբարձումյանները մեր մեջ շատ չեն.
Մեխակ Գաբրիելյան
Ստորագրում եմ ընկերոջս հոդվածի տակ, փայլուն բացահայտում է սեղմ հոդվածում, նաև ավելացնեմ, որ Ռ. Համբարումյանը սրբապիղծ է, քանի որ կռվում է կյանքը հայրենիքի համար զոհած հերոսի հետ: Ավելացնեմ նաև, որ այդ մարդը բացի ինքնասիրահարվածություից և ճոռոմաբանելուց այլ բանի բացարձակ ունակ չի, ով չկայացավ քաղաքականության մեջ, փորձում է ցեխ շփրտելով մեր զոհված և հերոսացած ընկերոջ վրա, դրանով ընդամենը ուշադրություն գրավել: Մեխակ Գաբրիելյան Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) անդամ Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) հիմնադիր անդամ
Արփինե Սարգսյան
Պարզում է, որ նահատակին էլ են նախանձում և այն էլ ինչպես... Փաստորեն, Մովսես Գորգիսյանի դեմ հալածանքները դեռ շարունակվում են:
Արփինե Սարգսյան
Պարոն Մարկոսյան, շնորհակալ եմ, որ որպես հայ մարդ նաև իմ փոխարեն եք պատասխանել: Ինչ-որ ռաֆիկ համբարձումյան ձեռնոց է նետել մի ամբողջ ազգի: Նույնն է, ինչ այսօր անում են թուրք պատմաբանները: Ես ընդունում եմ այդ ձեռնոցը, բայց ինձ պատիվ չի բերում դրա հետ ձեռնամարտի բռնվել, քանզի արժանի չի դրան: Փոխիր հայրենիքդ, ռաֆիկ համբարձումյան, և կգտնես քո արժանի դափնիները այնտեղ, որտեղ քեզ նմանները կօգտագործվեն և ի վերջո որպես դավաճան դեն կշպրտվեն: Այդ դեպքում քեզ կրոնափոխությունն էլ չի օգնի:
Թորգոմ
Սիրելի Ռազմիկ Մարկոսյան, շնորհակալ եմ Ձեզ խեղկատակ Ռաֆիկ Համբարձումյան կոչեցյալի բարբաջանքները չհանդուրժելու և դիմակազերծելու համար: Այն, ինչ չկարողացավ անել թշնամին , առավել ևս չի կարող անել պռովոկատորը: Մովսես Գորգիսյանը այսօր էլ մեզ հետ է, և նրա վառ հիշատակը հավերժ կմնա հայ ժողովրդի հիշողության ու պատմության մեջ: Սրբապղծությունը ՄԵԾ ՄԵՂՔ Է:
Կարէն 
ով՞ է ռաֆիկ համբարձումյանը: մեկը խնդրում եմ կհուշի՞ ով է այս մարդուկը որ ՄՈՎՍԵՍԻ մասին բան է ծվծվում,
Քաջիկ Արեյան
Ես հավատում եմ Ռազմիկ Մարկոսյանին...
Baron
Հարգելի Ռազմիկ Մարկոսյան, Մովսեսի այն էր, որ ժամանակին զգալով, թե ինչ տականք է սողոսկել ձեր մեջ, չի սատկացրել դրան: Բայց ոչինչ դա ընդամենը ժամանակի խնդիր է...
Վահան Ներսիսյան
Հարգարժան ՀԵՏՔ, Խնդրում եմ, Ռազմիկ Մարկոսյանի անվան կողքին դրեք նաև իմ անունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter