
Մահացել է Գուրգեն Մահարու կինը՝ արձակագիր Անտոնինա Մահարին
94 տարեկանում կյանքից հեռացել է Անտոնինա Մահարին՝ Գուրգեն Մահարու կինը։
Անտոնինա Մահարին մահացել է ծայրահեղ աղքատ վիճակում։ Դեռ 2012-ին Հետքն անդրադարձել էր լիտվուհի գրողի ծանր սոցիալական պայմաններին՝ նշելով, որ գրողի միակ եկամուտը 15,000 դրամին համարժեք կենսաթոշակն է։
Անտոնինա Մահարին ծնվել է Վիլնյուսում։ Սովորել է տեղի համալսարանի Իրավաբանական ֆակուլտետում, անդամակցել է Լիտվայի համար պայքար մղող ընդհատակյա կազմակերպություններին, ենթարկվել բռնատիրական ճնշումների։
22 տարեկանում ձերբակալվել է, մեղադրվել «հակախորհրդային քարոզչության», «նացիոնալիզմի», «շովինիզմի» մեջ։ Մեկ տարի քաղբանտարկյալի կարգավիճակով անցկացրել է Վիլնյուսի բանտային նկուղում, որից հետո աքսորվել է Սիբիր։ Աքսորի տարիներին Անտոնինա Պովիլայտիտեն հանդիպել է Գուրգեն Մահարուն եւ դարձել կյանքի մշտական ուղեկիցը։
1994 թվականին Բեյրութում տպագրվել է Անտոնինա Մահարու «Իմ ոդիսականը» գիրքը, որտեղ ներկայացված են Գուրգեն Մահարու սիբիրյան տարիները։ Արդեն 2003 թվականին տպագրվել է գրքի ռուսերեն տարբերակը։
Հայաստանի անկախացումից հետո Անտոնինա Մահարին այլեւս Լիտվա չի վերադարձել՝ ապրելով միայնակ, ծանր սոցիալական պայմաններում՝ տան հյուրասենյակը վերածելով «թանգարանի», որտեղ ներկայացված էին Մահարու եւ նրա հարազատների, ընկերների բազմաթիվ լուսանկարներ, գրողի մասին հոդվածներ եւ գրքեր։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել