HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու լավ լուր ունեմ

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Պատրաստվեք լավ լուրեր կարդալու. տպագրվել է Լեռ Կամսարի «Բանտիս օրագիրը» գրքի առաջին ռուսերեն թարգմանությունը: Պատիվ ունեմ լինելու այդ գրքի թարգմանիչը: Երկրորդ՝ շաբաթ օրը նշվելու է գրքի ծնունդը: Բոլորիդ սիրով հրավիրում եմ: Գիտեմ, որ շնորհանդեսը լինելու է Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:   

Ուրեմն՝ հոկտեմբերի 13-ին` ժամը 13:00-ին հրավիրում եմ Ձեզ մետրոյի Հանրապետության հրապարակի մոտ գտնվող Իսահակյանի գրադարան: Ցավոք, ֆիզիկապես չեմ լինի Ձեր կողքին. օրենքն արգելում է ցմահ բանտվածին կարճատև մեկնում տրամադրել:

«Мой тюремный дневник» գիրքն իմ գրական վեցերորդ աշխատանքն է: Այսպիսով՝ դարձա 4 հեղինակային ու 2 թարգմանական գրքի հեղինակ: «Мой тюремный дневник»-ը տարբերվում է մյուս աշխատանքներիցս նրանով, որ այս անգամ չենք դիմել հովանավորների աջակցությանը: Որոշեցի ինքս տպագրել գիրքը «Հետք»-ից ստացած աշխատավարձով՝ այն նվիրելով Լեռ Կամսարի 130-ամյակին: Կոմերցիոն նպատակ չեմ հետապնդում: Գրքի վաճառքը լինելու է բարեգործական: Հասույթը որոշել եմ փոխանցել վիրավոր զինվորներին՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին:

Հիմա շնորհակալություններս: Սկսեմ «Հետք»-ից, քանի որ հենց «Հետք»-ից ստացած աշխատավարձով կարողացա ինքս լինել «Мой тюремный дневник» գրքի հովանավորը: Խորին շնորհակալություն Լեռ Կամսարի թոռնուհուն` Վանուհի Թովմասյանին, ով համաձայնեց, որ թարգմանեմ գիրքը և ամեն կերպ քաջալերեց իր բարի խոսքով: Շնորհակալություն ռուսերենի խմբագիրներին, «Հայաստան» հրատարակչության տնօրենին ու «Եգեա» տպագրատան ողջ աշխատակազմին, շնորակալություն Իսահակյանի անվան գրադարանի տնօրինությանը շնորհանդեսի կազմակերպման համար:

Լեռ Կամսարը իր չկրկնվող հումորով կյանքին լավատեսորեն է նայել տալիս նույնիսկ բանտում հազար կողպեքի տակ փակված մարդուն, զարմացնում է իր խորաթափանցությամբ ներկայումս քաղաքական թոհուբոհի մեջ ընկղմված քաղաքացուն…

Գիրքը թարգմանելիս հասկացա, որ Կամսարը տեսնում էր մեր հասարակության անտեսանելի «թելերը», որոնք պատմական տարբեր ժամանակաշրջաններում խճճվում են, բայց չեն կտրվում, հետո նորից լավ փաթաթված կծիկ են դառնում, որ նորից խճճվեն…

«Բանտիս օրագիրը» կարդալիս և թարգմանելիս ապշեցնում էր Երևանի մեջ «ռուսական-սովետական բանտի» գոյությունը՝ իր բարքերով ու տերմիններով, որը գրեթե նույն ձևով պահպանված էր նախորդ դարի 90-ականներին, որտեղ ինձ փակեցին, երբ դեռ 20 տարեկան էի: Ու 22 տարի ես բանտված էի այդ բանտում, այսինքն` մինչև այս տարվա ապրիլ-մայիսը` մինչև Սիրո ոչ բռնի մեր հեղափոխությունը: 2003-ից Եվրոպայի պարտադրմամբ ահագին դրական փոփոխություններ եղան, որոնք վերջին 5 տարիներին նահանջ էին ապրում: Իսկ հիմա, երբ հայկական հեղափոխություն տեղի ունեցավ, այստեղ՝ բանտում, լրջագույն դրական փոփոխություններ են սկսվել, որոնց մասին գրել եմ նախորդ նամակ-հոդվածումս:

Ահա դրվագ Կամսարի հուշերից. «Այսօր մեր ճաշի մեջ ուռած կորեկ էր: «Կովի լափ» անվանեցին ընկերներս, բայց ըստ իս` կովն իսկ հազիվ ցանկա ուտել ասանկ լափ… եթե բանտարկված չէ: Այս տեսակ կերակուրներ, որք ոչ մեկ առնչություն ունի համի, հետևաբար, քիմքի հետ, լավ է, որ մարդն ուտելու համար, փորի վրա դռնակ ունենա, անմիջապես ներս լցնելու համար կարճ ճանապարհով … իսկ մենք կենդանաբանորեն իրավու՞նք ունինք ամենակեր անվանվելու, երբ մսի երես չենք տեսներ, կամ ինչու՞ բանտային վարչությունը մեզի ներս առնելու ժամանակ, խուզարկելուն` դանակի, մկրատի ու պատառաքաղի հետ չի գրավեր նաև ժանիքնիս»:

Ահա դրվագ արդեն Սովետական միության փլուզումից հետո, անկախացած Հայաստանի «Նուբարաշեն» բանտի մահապատժի տարիների իմ հուշերից.

1996-ին դատապարտումից հետո բանտի ծանր երկաթյա դուռը շրխկոցով փակվեց հետևիցս: Մութ, խոնավ, միջատներով լցված նեղ բանտախուց էր: Պատին կիպ կպած նստած էին «մարդ-կմախքներ»: Երբ եկավ ճաշի ժամը «վալչոկը» բացեցին և «մարդ-կմախքները», «միսկաները» ձեռքներին, ուրախացած մոտեցան և վերցրեցին բորշչը: Ես էլ վերցրեցի, նրանց պես սոված էի, բայց… բորշչի անվան տակ լափ էր, որ շունն էլ չէր ուտի` թթված դեղնավուն ջուր, մեջն էլ՝ սատկած ճիճուներ: Ինչքա՞ն սոված մնաս: Ստիպված քիթս ու աչքերս փակած ուտում էի, որ ողջ մնամ: Բախտակիցներիցս մեկը ուրախանում էր ճիճուներին հանդիպելով` ասում էր՝ դե՛, միս ա, էլի…

Ամսվա մեջ մեկ անգամ, եթե հաջողվում էր, տնեցիներիցս «ոտավորի» միջոցով, բնականաբար, նրան գումար տալով՝ փոքրիկ փաթեթով ուտելիք էին ուղարկում: Բայց «ոտավորը» մեր բաժին չէր կարողանում մտնել ու ստիպված ներքևի հարկերի ուղղությամբ գտնվող խցերից մեկի կալանավորներին էր տալիս: Վերջիններս ուժեղ հարվածում էին իրենց առաստաղին ու մեր խցից ձայնը լսելով` պատուհանի 4 ճաղերի հետևից արձագանքում էինք:

-Պրոֆեսորին բան կա, «կոն» իջեք,- գոռում էին ներքևի հարկերից:

«Պրոֆեսոր» ինձ անվանել էր հենց «ոտավորը», երևի հաշվի առնելով ուսանող լինելս: Անունով կանչել չէր կարելի, դա էր պատճառը, որ մականուններ էին հորինում: Իմ մականվան մասին գիտին միայն ոտավորն ու խցակիցներս: Օպերատիվ բաժնի աշխատակիցները երկար ժամանակ փորձում էին պարզել, թե մեր խցից ով է այդ «Պրոֆեսորը»:

«Կոնը», ի տարբերություն այլ խցերի, մեր` մահապատժի դատապարտվածների հարկաբաժնում անվանվում էին «կիշկա»: Այն ճկույթի հաստությամբ երկարավուն կլոր փաթաթված ցելոֆան էր: Թելից կապած այն մի կերպ անցկացնում էինք մանր ճաղերի արանքով և իջեցնում  ներքևի հարկ, որտեղ, օրինակ, շոկոլադի սալիկը մանր կոտրատում էին ու իրար ետևից խցկում «կիշկայի» մեջ, հետո գոռում` բարձրացի՛: Մենք արագ քաշում էինք թելը ու ճաղերի արանքով զգույշ ներս բերում ազատությունից եկած ուտեստը:

Բայց ամենակարևորը` «քսիֆն» էր՝ հարազատներիս երկտողը, որը կարդում էի մի 100 անգամ, համբուրում ու դրանով շարունակում ապրել, մինչև հաջորդ կապը, եթե այն ստացվեր… հիշում եմ` միշտ մերոնք ինձ գրում էին, որ հույսս չկորցնեմ, շուտով լավ կլինի:

Ու այսպես՝ արդեն 23 տարի բանտում եմ, պայքարում եմ արդարության ու ազատության համար: Ազատվեցինք իշխանությունից, որի «մարդասիրությունը» տարածվում էր միայն իր բարեկամների, փողատերերի ու հանցագործ պաշտոնյաների վրա: Վերջապես ազատվում ենք Լեռ Կամսարի նկարագրած մեծ ու փոքր բանտից…ուստի հույս ու հավատ կա, որ հիմա արդարադատությունն ու մարդասիրությունը կգործեն ոչ թե ընտրովի, այլ հավասար: Ինչքա՜ն կուզեի, որ Կամսարն էլ տեսներ մեր զտարյուն հայկական Սիրո հեղափոխությունը, որը դեռ շարունակվում է:

… Շաբաթ օրը կհանդիպենք Ավ. Իսահակյանի անվան գրադարանում հոգեպես, հուսով եմ` շուտով նաև ֆիզիկապես…     

 

Մեկնաբանություններ (2)

leyli
Բարև սիրելի Մհեր ամեն անգամ երբ կարդում եմ քո բանտային տանջանքները կարծես էլ քո հետ բանտարկված լինեմ ..........Բայց ոչինչ ամեն ինչ թողնենք անցյալում սիրո հեղափոխությունն իրականանում է և հույսով եմ նոր տարում բոլորս անհամբեր ենք քեզ տեսնելու ազատության մեջ
Գագիկ
Բարև Մհեր Եղբայր ջան։ Սրտանց շնորհավորում եմ քո նոր աշխատությունը, ցանկանում նորանոր հաջողություններ և նոր աշխատությունների լույստեսնում, բայց արդեն ազատության մեջ, մեզ հետ, մեր նոր Հայաստանում, մեր Երևան տանը, մեր հզոր ու բռունցք ժողովրդի հետ։ Քեզ համբերություն մեր սիրելի Պռոֆեսոր։ Դու Պռոֆեսոր չես այլ ավելի ու ամենաբարձր տիտղոսին արժանի Մարդ։ Մենք նույնպես քո հետ միասին մեծ հույսեր ենք կապում Սիրո և Համերաշխության իշխանությունների հետ և անհամբեր սպասում քո դռան անդուր շրխկոցին։ Ցավոք 13-ին չեմ կարող ներկա լինել գրքիդ շնորհանդեսին հարգելի պատճառներով ու նախապես պլանավորված գործերի պատճառով , բայց եսել քո պես հոգով ենտեղ կլինեմ ու կհանդիպեմ քեզ։ Մի քիչ շուտ կգաս, ուղիղ ժամի 12։45 քեզ կսպասեմ գրադարանի դռան մոտ, տես չուշանաս!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter