HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Ռուանդայի արտգործնախարարը՝ ՖՄԿ գլխավոր քարտուղար. Կանադան չպաշտպանեց սեփական թեկնածուին

Երեւանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը Ռունադայի արտգործնախարար Լուիզ Մուշիկիվաբոյին ընտրեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղար։

Ռուանդացի քարտուղարը կղեկավարի կազմակերպությունը առաջիկա չորս տարվա ընթացքում եւ սերտորեն կաշխատի Հայաստանի հետ, քանի որ վերջինս նախագահում է կազմակերպությունը մինչեւ Թունիսում 2020 թվականին կայանալիք հերթական գագաթնաժողովը։

Գագաթնաժողովն այսօր ավարտեց իր աշխատանքը։ Նիստն ընթացավ փակ դռների ետեւում եւ, դատելով ընթացքից, բավականին բուռն։

Հիշեցնենք, որ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար առաջադրվել էին գործող քարտուղար, Կանադայի ներկայացուցիչ, նախկին լրագրող Միկայել Ժանը եւ Ռուանդայի արտգործնախարար Լուիզ Մուշիկիվաբոն։ Վերջինիս թեկնածությունն առաջադրել էր Աֆրիկյան պետությունների միությունը, նրան պաշտպանում էին Բելգիան եւ Ֆրանսիան։ Ըստ ֆրանսիական մամուլի՝ Ֆրանսիան համոզել է Կանադային պաշտպանել ռուանդացի արտգործնախարարի թեկնածությունը՝ փոխարենը խոստանալով իր աջակցությունը Կանադային ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ոչ մշտական մի պաշտոնի համար։ Բայց հարց է՝ արդյոք Ֆրանսիան կարող է Կանադային երաշխավորել նաեւ աֆրիկյան պետությունների աջակցությունը ՄԱԿ-ի ԱԽ-ում։

Երկու կանանց մրցակցությունը սուր էր, եւ քանի որ ՖՄԿ-ն սովորաբար որոշումներն ընդունում է կոնսենսուսով, ոչ թե քվեարկությամբ, բանակցություններն ու լոբբինգը հօգուտ Ռուանդայի արտգործնախարարի շարունակվում էին անգամ Երեւանում։ Ի վերջո, կազմակերպության միասնականությունը չկոտրելու եւ գագաթնաժողովը չտապալելու համար Կանադան տեղի տվեց։ Այլապես, եթե հարցը դրվեր քվեարկության, Ռուանդայի թեկնածուն կարող էր խնդիրներ ունենալ, քանի որ այս երկիրը ոչ միայն ֆրանսախոս չէ, այլեւ այստեղ լրջորեն ոտնահարվում են մարդկանց իրավունքները։  

Այս գագաթնաժողովի կարեւոր հարցերից էր նաեւ դիտորդի կարգավիճակով անդամակցության հայտ ներկայացրած երկրների թեկնածության քննարկումը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ նման ցանկություն է հայտնել Սաուդյան Արաբիան, սակայն վերջին պահին այն հետ էր կանչել իր հայտը։

Այսօրվա նիստում, ըստ նախնական տեղեկության, կարգավիճակի փոփոխություն է տրվել Արաբական Միացյալ Էմիրություններին, որը դիտորդից դարձել է ասոցացված անդամ։

Հիշեցնենք, որ ՖՄԿ-ին անդամակցում է 84 պետություն, որից 48-ը՝ լիիրավ անդամի կարգավիճակով, մնացյալը` ասոցացված անդամի կամ դիտորդի։ Հայաստանը ՖՄԿ լիիրավ անդամ է դարձել 2008-ին` Քվեբեկում (Կանադա) տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter