HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնում Արթուրո Սայանն է

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրությունպետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելունա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում դերասան, ռեժիսոր Արթուրո Սայանն է:

Արթուրո Սայանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Երբ հինգ տարի առաջ Արթուրոն որոշեց ընտրել այն ուղին, որն ընտրեց, հետաքրքիր զուգադիպությամբ Վանաձորի սրճարաններից մեկում էլի հարցազրույց էր տալիս, ու այդ ժամանակ հենց «չհարմարվելու» թեման էր ծավալվումվերջում լրագրողն այսպիսի ձեւակերպում արեց «գնալու մասին ես ասում, բայց բողոքդ բարձրաձայն չէ»․․․ Իսկ իմ կռիվն այն ժամանակ իսկապես ներսում էր։

Հիմա, երբ այդ դադարից հետո վերադարձել է, հայտնվել է քո Բալկոնում, նորից զրույց է ծավալվում, գնալը եւ մնալը նորից սկսում է կարեւոր երանգներ ստանալ, իսկ իր ներսն արդեն այլ է։ Ինքը կարող է հստակ ասել, որ նպաստելու, փոխելու պատրաստակամություն ունիգուցե սա վերամբարձ է հնչում, բայց երբ մարդն ազատ է, արտահայտում է միտքը հենց ազատ ձեւով՝ երբեմն չմտածելով` ընկալումն ինչպիսին է լինելու։

Ինքը չգիտի, թե երբ է միտված այդ փոփոխություններին, բայց կարծում է՝ շուտ, մոտ ապագայում, երբ ինքը կփորձի հասկանալ, թե ինչ է իր հետ տեղի ունենում այնտեղ՝ Գերմանիայում, որտեղ փուլ է ավարտվել, որտեղ որակավորում է ստացել։

Ինքն իսկապես սիրում է հայի իր տեսակը, այսօր մեծ հրճվանքով ու պատասխանատվությամբ է հայտարարում, որ ինքն իրեն համարում է Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի։

Հիմա մի քիչ խառը զգացողությունների մեջ է, որովհետեւ ինքն իր հետ է շփվում, Բալկոնի տիրուհին կողքից լուսանկարում է, Արթուրոն մենակ է եւ փորձում է հասկանալ իր ազատության դրսեւորումը, թե ինչքանով է խաղում իր դերը, որովհետեւ այս տարածության մեջ ինքն իսկապես խաղալու հնարավորություն ունի։

Ինքը փորձում է երկար չմտածել ինչ-որ բանի մասին, այլ գործելչմտածված գործելու մասին չի խոսքը, բայց կարծում է՝ չափից շատ երկար մտածելը խանգարում է։ Կյանքն իր համար հիմա ուրիշ կերպ է երեւումայն չէ, ինչ ուզում է տեսնել, այլ այն է, ինչ կա։

Դեռ վեց տարի առաջ, երբ Հայաստանում էիր, ասացիր` «ինձ զգում եմ շիկացած տանիքին նստած կատվի պես»։ Այն ժամանակ մենք խոսում էինք Թենեսի Ուիլյամսի «Կատուն շիկացած տանիքին» պիեսի մասին, որն ուզում էիր բեմադրել․․․ Այդպես էլ չբեմադրեցիր։ Կատուն հիմա՞ էլ է «շիկացած տանիքին»։

Կատուն, դեռ կատու է, եւ տանիքը՝ միանշանակ տանիք, որովհետեւ բախտի բերմամբ, թե պատահականությունների շնորհիվ ապրել եմ «վերեւներում»՝ ավելացված կամ վերջին հարկերում, եւ այդ «տանիքները» միշտ ազատ հարթակներ են եղել, որտեղ ստեղծագործել եմ, ազատություն տվել ինձ, «շիկացրել» դրանք, երբ անհրաժեշտությունը զգացել եմ։

«Նեղացած» էիր ինչ-որ բանից այդ զրույցից շատ չանցած էլ մեկնեցիր Գերմանիա։

Կարող ենք որակել եւ այդպես, բայց հիմա «իրավիճակ է փոխվել» արտահայտությունը մաշկիս վրա եմ զգում, այնքան մոտ, որ պատրաստվում եմ Հայաստանում նախագծեր իրականացնել՝ չկորցնելով կապը Եվրոպայի հետ։  Ուզում եմ ստեղծել մի հարթակ, որտեղ գործեր կարող եմ բեմադրել, որը կունենա իր երկու բեմերը՝ մեծ եւ փոքր, կունենա իր պատկերասրահը, կինոդահլիճը։ Դա իմ սեփականությունը չի լինիկլինի երիտասարդների ստեղծագործական հարթակը։

Ասում ես կապը չկորցնել Եվրոպայի հետուրեմն արդեն ստեղծված կապ կա՞։

Մինչ մեկնելը շատ բան ինձ ավելի պարզ էր թվում, հասանելի, հետո, իհարկե, տեղում հասկացա, որ այդքան էլ այդպես չէ։ Գերմանիայում ապրելու տարիներին քաղաքների աշխարհագրություն փոխվեց, ժամանակ պահանջող պրոցեսներ տեղի ունեցան, բայց ինձ լավ զգացի, գտա հետաքրքիր մարդկանց, ում հետ կարելի է խոսել արվեստից, կյանքից, ամենատարբեր թեմաներիցԱնու՛շ, հարցազրույցի դերի մեջ մտա՞․․․

Շարունակիր։

․․․ Հինգ տարի առաջ ես պատկերացում անգամ չունեի, որ ներսիս հարցերը գլուխ են բարձրացնելու, պատասխաններ եմ որոնելու ու շատ բաների մասին այլ կերպ մտածելու փորձեր եմ անելու, բայց հիմա, որքան էլ այնտեղ ինձ լավ եմ զգում, ու միջավայրն էլ տրամադրող է, մի մեծ բան պակասում է։

Այդ «մի մեծ բան պակասում է» արտահայտությունը շատերի համար պաթետիկ է հնչում, կապում են սփյուռքի հետ, բայց ինձ համար խիստ շոշափելի է այդ պակասը, եւ պաթետիզմ չկա ասածիս մեջ։  Ներդաշնակության բացակայություն կա դրսում, որին ոչինչ լրացնել չի կարող։

Բայց, երբ ժամանակին գնալուդ մտադրությունների մասին էիր խոսում, ներդաշնակությունը կարծես թե այստեղ էր խախտվել, այստեղ էիր ինչ-որ բանի պակաս զգում։

Հիմա գուցե փորձն ավելի է շատացել, մոտեցումներ են փոխվել։ Չգիտեմ, Անուշ, բայց հինգ տարին կարճ ժամանակ չիես ուզում եմ իսկապես այնտեղից ձեռք բերած փորձն ու գիտելիքները ի նպաստ մեր մշակույթի օգտագործել։

Միգուցե հիմա շտապում եմ, երբ խոսում եմ այդ բացի, վերադառնալու ու ինչ-որ բան անելու մասին, բայց հիմա, երբ հայտնվել եմ բալկոնում, որտեղի միջավայրին ու զրույցներին հետեւել եմ դեռ Գերմանիայից, կարող եմ շատ անկեղծ արտահայտվել։

Այն ժամանակ, երբ դեռ Հայաստանում էի, եւ քո նշած «նեղացած» վիճակի մեջ, չէի գոռում դրա մասին, չէի բարձրաձայնում, քանի հարց չէր ուղղվել, որովհետեւ ինչ կատարվում էր, ներսումս էր, անհամաձայնություն ունեի իրականության հետ, որն ինչ-որ չափով առճակատում էր դարձել։

Հենց այդ ժամանակ հասկացա, որ հնարավոր է՝ բռնկումներ լինեն, որոնք այնքան էլ նպաստավոր չեն լինի ինձ համարհարցը փորձեցի լուծել գնալու միջոցով։ Հիմա, երբ այդ գնալուն պիտի որակում տամ, միանշանակ է, որ «փախուստ» չէրներսումս (գոնե ինձ համար)  հիմնավորումներ կային։

Երբ դուրս ես գալիս, ներսը սկսում է կարեւորվել։ Ճի՞շտ եմ հասկանում։

Հետաքրքիր ձեւակերպում էրկարելի է նաեւ այդպես ասել․․․ Կամ շատ հաճախ դու զգում ես, որ, եթե չվերադառնաս (ու խոսքը մշտական բնակության նպատակով վերադառնալու մասին չէայլ վերադարձի, որը գործողություն է ակնկալում), չգաս-չգնաս, մի բան միշտ կիսատ կմնա։

Ուրեմն մեկնելու գայթակղություն կար։

Հա, շատ։

Ու ինչի՞ է վերափոխվում այդ գայթակղությունը։

Ինչ-որ մի օր վերափոխվում է սովորական առօրյայի, կենցաղի, որն անձամբ ինձ կամաց-կամաց սկսում է քայքայել։

Հատկապես արտիստին է երեւի բնորոշ կենցաղն անվանել «քայքայիչ»։

Գուցե, չեմ բացառում։

Տպավորությունս այն է, որ թատրոնն «արտաքին» ես կրում նաեւ։ Նշաններ, մատանիներ, կարճ տեսանյութեր, որոնք ասոցացվում են թատրոնի հետ, թատրոնն են հիշեցնում։ Ինչո՞վ է պայմանավորված  այդ նշանների առատությունը․․․ Քանի բեմում չես, չես բեմադրում, դրանք վիճա՞կ են ապահովում։

Ընկերներս էլ են նույն հարցը տալիս ավելի պարզ ձեւակերպմամբ«Արտ, չհոգնեցի՞ր էդ մատանիներից»․․․ Կատակով ասում եմ՝ ամուսնական մատանու փոխարեն թատրոնի խորհրդանիշն եմ կրում հենց այն մատին, որը կապվածություն, հարաբերություն է ենթադրում։

Եվ, հա, ես ոչ միայն արվեստն եմ սիրում իմ մեջ, այլ նաեւ ինձ՝ արվեստում։ Չգիտեմ՝ որքանով կարող է արտաքին կրիչը հաղորդել ասածս, բայց դրանք ինձ համար զուտ կրիչներ չեն, կպած են ինձ, հարազատ են։

Դադար

Նորից ուզում եմ վերադառնալ Հայաստանում ունեցածս «անհարմարությանը», որովհետեւ Բալկոն գալուց առաջ կարդացի հարցազրույցը, որ մեկնելուց առաջ ունեցանք, վեց տարի առաջ փաստորեն։

Անկեղծ եմ ասում, որ Գերմանիայում, շատ մենակ դրության մեջ՝ իմ ներսի բալկոնում նստեցի ու հարցրեցի ինձ՝ լավ, արել ես ինչ-որ բաներ, որոնք փոփոխության պիտի տանեին քեզ եւ տարանդրանք ներանձնային վիճակներն էին, այլ թատրոն տեսնելու մտայնություններն էին, մասնակցությունն էր այլ պրոցեսների․․․

Հիմա, երբ համեմատական ես փորձում մտածել, հիշել քո ունեցած թատրոնի ձեւաչափը եւ այս նորը, որին առնչվեցիր, հիմա, երբ փորձում ես մտածել ներանձնային հարաբերությունների մասին եւ այս նորի, որի մեջ ես, կոնկրետ հարցդ որն է․․․ Փոփոխությունը շոշափելի երեւու՞մ է քեզայո՛։ Փոփոխությունը, որ կուզեիր շոշափելի երեւար Հայաստանում, երեւու՞մ էո՛չ։

Պիտի ուրեմն պայքարեմ այդ գործողություններն իրականացնելու համար, պիտի համարձակ պայքարեմ։

Եվրոպայում պայքարու՞մ են ինչ-որ բանի համարպայքար բառն այնտեղ կիրառելի՞ է։

Պայքար կա, բայց այլ դրսեւորմամբկա մրցավազք, որը համակարգն է ենթադրում, որովհետեւ կառուցվածքային իմաստով Եվրոպայի թատրոնը, կինոն լրիվ ուրիշ կանոններ ունեն։ Այսինքն դու տեղի համար ես պայքարում, ու այդ պայքարը չունի մնացած այլ բաղադրիչները, որոնք անհասկանալի են եվրոպացուն, բայց կարող են բնորոշ լինել մեզ՝ հայերիս։

Դերասանների հետ ունեցած աշխատանքային պայմանագրերը կարող են կնքվել մեկ նախագծի շրջանակներում, որից հետո դու շարունակես դիմել, դիմել ու դիմել, որ նոր նախագծերում ընդգրկվելու հնարավորություն ունենաս։ Այդպես հնարավոր է՝ ապրես կես տարի Բեռլինում, կես տարի՝ այլ քաղաքում, մեկ ամիս՝ մեկ այլ տեղ։

Ա՜յ այդ աշխարհագրությունը, որին ինչ-որ իմաստով հարմարվել ես, այստեղ ինչպե՞ս ես պատկերացնում։ Կարո՞ղ ես ապրել կես տարի Երեւանում, կես տարի՝ Վանաձորում, մեկ ամիս էլ մեկ այլ քաղաքում։

Սիրով, իհարկե։ Տարածությունն իմ գործողությունը չի սահմանափակում, հակառակը՝ կարող է հաղորդել նոր էներգիա, նոր տրամադրություն, փոփոխություն, որը հենց այդ տարածությանը, քաղաքին է բնորոշ։

Երեւանում ես ապրել եմ 2001 թվականից, երբ Թատերականում սկսեցի սովորել, Վանաձորն իմ ծննդավայրն էսիրում եմ ոչ պակաս, քան մայրաքաղաքը։ Մնացած քաղաքներն էլ ունեն իրենց յուրահատկությունը, եւ հետաքրքիր հայտի դեպքում կարող ես դառնալ քաղաքային մշակույթի մաս։

Բալկոնում միշտ հնչող հարցը տամքո եւ Հայաստանի հարաբերությունները։

Իմ ու Հայաստանի հարաբերությունները վերարժեւորվեցին այս շրջագայության ընթացքումեկել եմ գործնական այցով։ Օտար մարդիկ, որ լրիվ ուրիշ պատկերացումներ ունեն կյանքի մասին, ծնվել են ուրիշ երկրում, որտեղ ուրիշ բարքեր ու ուրիշ արժեքներ են, մարդիկ, որոնց երկրում ես ապրում եմ, որոշեցին են գալ իմ հայրենիք։ Ուղեկցողը ես եմ։ Իրենք ճանաչում են ինձ, ես՝ իմ հայրենիքը։ Ու հիմա իմ միջոցով փորձում են ամեն սիմվոլ, ռեկվիզիտ, իրադարձություն «բացել» իրենց համար։

Հետաքրքիր մի միջադեպ եղավ, երբ Տավուշի Ազատամուտ գյուղի մոտ էինք։ Ներքաղաքական ընդունված ձեւաչափի համաձայն՝ գյուղացիները փակել էին մայրուղին ու պահանջում էին գյուղապետի հրաժարականը, մենք էլ հենց այդ օրը Հայաստանում անցկացրած տարբեր արշավներից հետո խմբով գնում էինք դեպի Վրաստան։

Մոտավորապես 40 րոպե կանգնեցինք, գերմանացիները շատ տարօրինակ կերպով ընկալեցին կատարվածը, չգիտեին՝ հաջորդ գործողությունն ինչ է լինելու․․․ Ես մոտեցա պետավտոտեսուչին, ասացի, որ ինձ հետ գերմանացիներ են, ովքեր ֆիլմ են պատրաստվում նկարել Հայաստանի մասին եւ չեն կարող հասկանալ ներքաղաքական այս վիճակը, ինչ կարող ենք անել։ Պետավտոտեսուչն ասաց՝ երկու րոպե ժամանակ տամ, գնաց մոտակա տներից մեկը, վերադարձավ ու հարցրեց՝ «քաշած» օղի կխմեն հյուրերդ։ Մենք հայտնվեցինք այդ տանը, խմեցինք խնձորի տնական օղին, գերմանացիները գնեցին այդ օղուց․․․ Ճանապարհը բացվեց։

Հայաստանի հետ հարաբերությունը նաեւ սա էուրիշին անբացատրելի, էկզոտիկ թվացող հարաբերություն, որն ավարտվում է ընկերական ջերմ ձեռքսեղմումով։

Հայաստանի հետ հարաբերությունը երկու անծանոթ վարորդների բարեկամական ազդանշանն է միմյանց, Հայաստանի հետ հարաբերությունը ունեցածդ վախը տաքուկ թաքցնելը, հետո հարմար պահի այն բացելն է․․․ Հայաստանի հետ հարաբերությունը օդանավակայանի անձնագրային բաժնի աշխատակցի քեզ ճանաչելը, ժպտալն ու «բարի գալուստ» ասելն է։

Եվ ի վերջո այդ հարաբերությունը հինգ տարի առաջ ունեցած այլ երազանքներն են, որոնց հետեւից գնացի, եւ այսօրվա երազանքները, որոնք հետ բերեցին ինձ։ Այդ ընթացքում երբեւէ չմոտեցա այն սահմանին, որ հայ լինելս, հայկական անձնագիր ունենալս հարցականի տակ դրվի։

Վերադարձար, ինչպես ինքդ ես նշում, երբ արդեն «իրադրությունը փոխվել էր»։ Տեղի ունեցածը հեղափոխություն անվանու՞մ ես։

Այո, Հայաստանում տեղի ունեցավ Թավշյա հեղափոխություն։ Եվ քանի որ անվանում եմ հեղափոխություն, հասկանում եմ նաեւ պատասխանատվությունը, որ ներսումս պիտի կրեմգիտակցում եմ, որ հեղափոխությունը չի ավարտել եւ կշարունակվի այնքան ժամանակ, մինչ մշակութային հեղափոխությունը կարձանագրենք։ Դրան ամենաշատն եմ սպասում։

Ազատությունը կարեւորում ես, անընդհատ շեշտադրումներ ես անում։ Այդ ի՞նչ ազատության մասին է խոսքը։

Ինքդ քեզ հետ անկեղծ լինելու ազատության մասին է, որ դյուրին չի տրվում։ Շատ դժվար է անկեղծ ազատության զգացումն ունենալ եւ նաեւ կրել ուրիշի ազատության պատասխանատվությունը։ Կարճ ասած՝ հայտնի արտահայտությունը, թե ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է ուրիշի իրավունքը, հիմա գործում է ինձ համար լիարժեք կերպով։ Եվրոպան այդ իմաստով շատ պարզ է դրսեւորվում։

Դիպլոմային աշխատանքդ հիշում եմ, չնայած, որ անցել է ինը տարի։ Հանդիսատեսին ներկայացար Իոնեսկոյի «Ճաղատ երգչուհին» գործով։ Ինչու՞ աբսուրդ։

Գերմանիայի ավարտական աշխատանքս էլ էր այդ թեմայով թատերական տարրերով եւ սիմվոլներով հագեցած «Սագա» ֆիլմը աբսուրդի թատրոն ունի ներսում։

Աբսուրդն անընդհատ է, որովհետեւ առճակատումն է ինքդ քեզ հետ, շրջապատի․․․ Ես կարող եմ ամենայն լրջությամբ ասել մի բան, հետո ասածս հումորի վերածել։ Կարճ ասած՝ հակված եմ կարծելու, որ ինքդ քեզ շատ լուրջ վերաբերելու կարիք չկա։

Երբ դու ասելիքդ հումորի ես վերածում, այլեւս չե՞ս շարունակում դիմացինից լրջություն ակնկալել։ Չե՞ս ուզում՝ քեզ լուրջ մոտենան, արածդ լուրջ ընկալեն, կշիռ տան։

Հըմ, հետաքրքիր հարց է։ Եվ հենց ասածիդ մեջ էլ հիմա աբսուրդ կա։

Եթե ուզում ես իսկապես քո ասածի կամ արածի վերաբերյալ կշիռ ունեցող միտք լսել, ուրեմն պիտի դիմանաս քննադատությանը, մեկնաբանությանը, ընդունելուն կամ չընդունելուն։ Ի վերջո, երբ հանրությանն ես ներկայացնում ստեղծագործությունդ, մի պահ ուզում ես հասկանալ՝ դիմացինը հասկացավ ասելիքդ, թե ուրիշ մի բան գտավ, որը վերարժեւորում կամ վերափոխում է ստեղծածդ։

Ես անձամբ փորձում եմ խորանալ վերջինի շուրջ, որովհետեւ այն երբեմն տանում է մի այնպիսի տեղ, որտեղ դու եղել ես, բայց չես հիշումենթագիտակցությունդ սկսում է «երեւալ» քեզ։

Ստեղծածիդ մասին քննադատություն կամ անհամաձայնություն լսելը խոցելի է դարձնում քեզ մինչ այն պահը, երբ անձնական հարթությունից դուրս չես նայում այդ ամենին։

Հիմա կարող եմ հանգիստ ասել, որ քննադատությունն ու քննարկումը չափից շատ եմ կարեւորումդրա մեջ մեծ դեր ունի եվրոպական կրթական ինստիտուտը, որը քեզ «սովորեցնում» է լսել քո կուրսընկերների կարծիքը, քննադատությունն ու մեկնաբանությունը։ Դու դրան հանգիստ ես վերաբերում, որովհետեւ նույն հարթության վրա եք, փորձում եք ամեն մեկդ ստեղծել մի բան, որը հետո ավելի լայն շրջանակների եք մատուցելու։

Գիտեմ, որ էքսպերիմենտների սիրահար ես, ուզում եմ նաեւ հասկանալ՝ ֆիլմը, ներկայացումը կամ մեկ այլ բան, երբ արդեն հանրայնացվում է, քո կողմից շարունակվում է էքսպերիմենտ դիտարկվել, թե արդեն ավարտուն մի բան է։

Ժամանակի տվյալ պահի համար արված էքսպերիմենտը հենց այդ պահի համար արդեն վերջնական եմ համարում։ Այսինքն կարող ենք կիրառել «ավարտուն էքսպերիմենտ» արտահայտությունը նաեւ, որովհետեւ ցանկացած միտք կարող է անդադար փորձարկվել, բայց դա չի նշանակում, թե այդ մտքի առաջին կամ երկրորդ փորձարկումը իր ժամանակի, իր տարածության եւ ընկալման մեջ վերջնական չէր։

Հիմա, եթե ես մի օր փորձեմ «Սագա» ֆիլմի գաղափարը վերածել պերֆորմատիվ ակտի, գաղափարական առումով շատ չեմ հեռանա, բայց կփոխվի շատ բան, որն արդեն լրիվ ուրիշ դիտանկյուններ կբացի, լրիվ ուրիշ բան կդառնա։ Սա եւս էքսպերիմե՞նտ կլինիայո՛․․․ Սա եւս իր ժամանակի մեջ «ավարտուն» կլինի՞այո՛։

Քեզ՝ որպես արտիստի, ստեղծագործող մեկի, տեղով պայմանավորու՞մ ես, թե՞ ուղղակի կարելի է արտահայել նաեւ այսպես՝ Արթուրո Սայանը, ով ծնվել է Վանաձորում, կրթվել Երեւանում, հետո Գերմանիայում․․․

Ինչ-որ մեկն է, ով ուզում է արտահայտվել եւ ուղղակի ստեղծագործել։

Այդ դեպքում ուրեմն «շիկացած տանիքը»՝ որպես տեղ կարող ենք եւ չխնդրականացնել։ Նախկինում հենց տեղով էիր պայմանավորում գործողությունդ, նաեւ ստեղծագործելդ։

Թեեւ տեղի ձեւակերպումը կարեւոր դեր չխաղաց նախորդ պատասխանիս մեջ, բայց, եթե «տանիքը»՝ որպես տեղ, միջավայր եւ հոգեվիճակ ընկալենք, ապա այն միշտ էլ «շիկացած» պիտի լինի, որպեսզի ասելու մղում, կամք, ցանկություն ու անհրաժեշտություն առաջանա․․․ Հակառակ դեպքում սառը եւ հարթ տանիքից ի՞նչ խոսք պիտի ասես։ Իներտ տարածքից դուրս եկածը դժվար թե կարեւորություն ունենա։

Հայաստանում «շիկացած տանիքներ» դեռ կա՞ն, որոնց համար պատրաստ ես վերադառնալ։

Հա կան, իհարկե․․․ Կարելի է ջուր լցնել այդ տանիքներին, որ մի քիչ հովանան, բայց նորից շիկացնելու նախապայմանով։ Ի՞նչ կասես․․․ Օ՜հ, Անուշն այստեղ բազմանշանակ ժպտաց, ուրեմն ավարտին մոտեցանք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter