HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ինչ են հայտարարագրել Էջմիածնի համայնքապետի թեկնածուները

Կիրակի օրը՝ հոկտեմբերի 21-ին, Էջմիածնում համայնքապետի ընտրություններ են: Առաջադրվել էր 14 թեկնածու, սակայն նրանցից 2-ը՝ անհատ ձեռնարկատեր Սամվել Դավթյանը և փաստաբան Ժորժիկ Հովսեփյանն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել: Ընտրապայքարը շարունակում է 12 թեկնածու:

Էջմիածնի համայնքապետի 12 թեկնածուներից 8-ը 30-38 տարեկան են, 4-ը՝ 49-58: Թեկնածուներից  2-ը կին են՝ Էջմիածնի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը և Ազգային ժողովի ֆինանսական վարչության աշխատակից Սուսաննա Մարգարյանը:

12 թեկնածուներից 3-ը՝ Սերգեյ Սարգսյանը, Վահե Մովսիսյանը և Սամվել Մուրադյանը գործազուրկ են: Թեկնածուներից 3-ն ամուսնացած չեն:

Ուսումնասիրելով թեկնածուների գույքի ու եկամուտների հայտարարագրերը՝ պարզեցինք, որ նրանք համեստ ունեցվածք ունեն՝ ի տարբերություն Երևան քաղաքի ավագանու անդամների: Թեկնածուները հայտարարագիր ներկայացրել են մեկ տարվա կտրվածքով՝ 2017թ. հոկտեմբերի 1-ից մինչև այս տարվա հոկտեմբերի 1-ը:

Վարդան Առաքելյանը «Վի Էյ Ընդ Փարթներս» ՍՊԸ-ի հիմնադիրն ու միակ բաժնետերն է:  Նա փաստաբան է: Որպես եկամուտ հայտարարագրել է միայն իր ընկերությունից ստացած 4 մլն 500 հազար դրամ աշխատավարձը: Ունեցել է 800 հազար դրամ և 700 դոլար:

Վարդան Առաքելյանն, ըստ իր ներկայացրած հայտարարագրի, ոչ անշարժ գույք ունի, ոչ ավտոմեքենա, ոչ էլ թանկարժեք որևէ այլ գույք:

Գագիկ Բաղրամյանն անհատ ձեռնարկատեր է:  Թեկնածուն որպես եկամուտ հայտարարագրել է ձեռնարկատիրական գործունեությունից ստացածը՝ 2 մլն 880 հազար դրամ, իսկ հաշվին ունեցել է 3 մլն դրամ գումար:

Գագիկ Բաղրամյանը Էջմիածնում ունի 150 քմ մակերեսով առանձնատուն, 200 քմ մակերեսով խանութ և երկու միավոր հողատարածք՝ յուրաքանչյուրը 70 քմ մակերեսով: Նա թանկարժեք գույք և ավտոմեքենա չի հայտարարագրել:

Դիանա Գասպարյանը որպես եկամուտ հայտարարագրել է երկու աշխատավարձ՝ մեկը մինչև քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնելը ստացել է արդարադատության նախարարությունից՝ 2 մլն 574 հազար դրամ, իսկ հետո արդեն Էջմիածնի քաղաքապետարանից՝ մոտ 738 հազար դրամ:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, Դիանա Գասպարյանը հայտարարագրել է 3 մլն դրամ:

Ըստ հայտարարագրի՝ թեկնածուն ոչ անշարժ գույք ունի, ոչ ավտոմեքենա, ոչ էլ որևէ թանկարժեք գույք:

Վազրիկ Գրիգորյանը մինչև Դիանա Գասպարյանի պաշտոնավարումը զբաղեցրել է Էջմիածնի փոխքաղաքապետի պաշտոնը: Այժմ «Վասպուրական-238» ՍՊԸ-ում գլխավոր խորհրդական է: Թեկնածուն հայտարարագրել է 472 քմ մակերեսով առանձնատուն, որը բաժնային սեփականություն է, ինչպես նաև 2005թ. արտադրության «Մերսեդես Բենց S500 L» մակնիշի ավտոմեքենա:

Որպես եկամուտ Էջմիածնի քաղաքապետարանից նա ստացել է 2 մլն 169 հազար դրամ աշխատավարձ: 12 մլն 700 հազար դրամ շահաբաժին էլ ստացել է «Վասպուրական-238» ՍՊԸ-ից: Իսկ որպես դրամական միջոց հայտարարագրել է 15 մլն դրամ:

Վահագն Թադևոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի սրտաբանական կենտրոնի ղեկավարի օգնականն է: Թեկնածուն չի հայտարարագրել որևէ անշարժ, շարժական կամ թանկարժեք գույք:

Որպես եկամուտ հայտարարագրում նշել է միայն բժշկական կենտրոնից ստացած աշխատավարձը՝ 2 մլն 634 հազար դրամ, ինչպես նաև ունեցած դրամական միջոցները՝ 350 հազար դրամ:

Սուրեն Թոփալյանը Էջմիածնի քաղաքապետարանում բաժնի պետ է աշխատել: Թեկնածուն որպես անշարժ գույք հայտարարագրել է 0,45 հա հողամաս: Ոչ սեփական տուն ունի, ոչ ավտոմեքենա ու թանկարժեք որևէ գույք:

Ինչ վերաբերում է եկամուտներին, միակ ֆինանսական աղբյուրը եղել է քաղաքապետարանից ստացած աշխատավարձը՝ 2 մլն 275 հազար դրամ: Իսկ հաշվին ունեցել է 1 մլն 450 հազար դրամ և 1700 դոլար:

Սուսաննա Մարգարյանն աշխատում է Ազգային ժողովում: Նա հայտարարագրել է միանձնյա սեփականության իրավունքով իրեն պատկանող մոտ 225 քմ մակերեսով առանձնատուն: Այլ գույք չի հայտարարագրել:

Միակ եկամուտը եղել է ԱԺ-ից ստացած 2 մլն 297 հազար դրամ աշխատավարձը: Իսկ հաշվին ունեցել է  1 մլն 500 հազար դրամ և 6000 դոլար:

Վահե Մովսիսյանը հայտարարագրում նշել է, որ գործազուրկ է: Մինչև թեկնածություն առաջադրելը Վ. Մովսիսյանը եղել է «Յունիբանկ»-ի Էջմիածնի կառավարիչը: Հայտարարագրում նշել է երկու անշարժ գույք՝ 0,94 հա վարելահող և 195 քմ բնակելի տուն:

Եկամուտ ևս երկու աղբյուրից է ստացել՝ 4 մլն 416 հազար դրամ «Յունիբանկ»-ից ստացած աշխատավարձն է, իսկ 5 մլն 846 հազար դրամը ստացել է հողագործությունից: Վահե Մովսիսյանն իր հաշվին ունեցել է նաև 3 մլն 842 հազար դրամ:

Սամվել Մուրադյանը ևս գործազուրկ է: Նա հայտարարագրել է 200 քմ մակերեսով առանձնատուն և 0,0089 հա հողամաս:  Թեկնածուի հայտարարագրի մյուս տողերը դատարկ են՝ ոչ եկամուտ է ստացել, ոչ դրամական միջոց ունի, ոչ էլ այլ գույք:

Սերգեյ Սարգսյանն այժմ գործազուրկ է, թեև հայտարարագրի ներկայացման ժամանակահատվածում աշխատել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում: Նրա միակ եկամուտը համալսարանից ստացած աշխատավարձն է՝ 36,000 ռուբլի: Որպես դրամական միջոց հայտարարագրել է 600 հազար դրամ:

Ինչ վերաբերում է թեկնածուի ունեցած գույքին, Սարգսյանը հայտարարագրել է սեփական տուն և հողամաս Էջմիածին քաղաքում: Այլ գույք չունի:

Կարեն Ստեփանյանը հանրային պաշտպան է՝ փաստաբան: Նա ոչ անշարժ գույք ունի, ոչ շարժական: Հաշվին չունի դրամական միջոց: Իսկ որպես եկամուտ հայտարարագրել է Փաստաբանների պալատից ստացած աշխատավարձը՝ 1 մլն 800 հազար դրամ:

Թեկնածուներից Սուրեն Մուրադյանը ևս միայն եկամուտ է հայտարարագրել: Նա ԱԻՆ Արմավիրի և Վայոց ձորի մարզերի տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի գլխավոր փորձագետ է: Ստացած աշխատավարձը կազմում է 3 մլն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter