HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի ավագանու անդամ. «Ականապատ ժառանգություն ենք ստացել»

Հարցազրույց Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Գայանե Աբրահամյանի հետ

-Չգրված կանոնի համաձայն՝ առհասարակ նոր իշխանություններին ընդունված է 100 օր չքննադատել: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան: Եթե այդ ընթացքում քննադատություն լսեք, հնարավո՞ր է ասեք՝ թողեք, աշխատենք:

-Ոչ միայն կողմ եմ, այլև անհրաժեշտ եմ համարում փաստերի ու ապացույցների վրա հիմնված քննադատությունը, որ պետք է անպայման իրականացնեն լրատվամիջոցները: Դա, ըստ էության, ժողովրդավարության հիմնաքարերից մեկն է, ինչի շնորհիվ ցանկացած կառավարություն կամ կառավարման մարմին պետք է մնա պատասխանատվության և հաշվետվողականության տիրույթում: Բոլորովին չի նշանակում, թե հեղափոխության արդյունքում գործադիր մարմինը ստանձնած մարդիկ պատասխանատու և հաշվետու չպետք է լինեն:

Բայց մյուս կողմից՝ այսօր ստեղծվել է աննախադեպ իրավիճակ: Եթե հերթական ընտրությունը լիներ, որի արդյունքում ձևավորվեր այն կառավարությունը, որն, ըստ էության, նախորդ իշխանության ժառանգությունը կկրեր, ոչ միայն աշխատելաոճի, այլև արժեհամակարգի իմաստով, 100 օրը լիուլի բավարար կլիներ, սակայն հեղափոխությունից հետո ձևավորված կառավարության պարագայում ոչ միայն 100 օրը, այլև մեկ տարին գուցե քիչ է խնդիրներն ամբողջությամբ վեր հանելու, փոխելու և նոր ուղղությամբ շարժվելու համար: Միայն տարիների իրականացված աշխատանքների քարտեզագրման կամ ինվենտարիզացիոն գործընթացն իրականացնելու համար ամիսներ են անհրաժեշտ, իսկ մինչև խնդիրները վեր չհանես, բարեփոխման համապարփակ ծրագիր ունենալը բացարձակ իրատեսական չէ:

Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ կառավարման համակարգը հիմնականում կոռուպցիոն մեխանիզմներով է գործել, որոնք արմատախիլ անելը տարիների աշխատանք է: Ստեղծված իրավիճակում «ինչուներն» այնքան շատ էին, որ, իսկապես, ժամանակ էր պետք դրանց պատասխաններն ու լուծումները տալու համար: 

Գործադիր մարմինը մի հսկա մախինա է, որը շարժելը, փոխելը, հատկապես արժեհամակարգի առումով բարեփոխելը շատ բարդ գործընթաց է, որտեղ 200 հազարից ավելի աշխատող է ներգրված (պետբյուջեից վճարվող անձինք, այդ թվում՝ ուսուցիչներ): Նրանք սովոր էին բոլոորվին այլ սկզբունքներով, այլ արժեքներով աշխատել, իսկ այդ ամենը փոխելու, ներքին ողջ խոհանոցը հասկանալու և բարեփոխման, վերահսկման ճիշտ մեխանիզմներ ներդնելու համար ոչ թե մեկ-երկու տարի, այլ մի քանի տարվա աշխատանք պետք է արվի: 

-Այսինքն՝ եթե այդ սկզբունքով շարժվենք, ուրեմն տարիներով պետք է չքննադատե՞լ:

-Ոչ, բոլորովին ոչ, խնդիրները պետք է անպայման վերհանել, բայց փաստարկներով, այլ ոչ թե մանիպուլյատիվ մեղադրանքներով, ինչպես հաճախ այսօր արվում է, քննադատությունը, լրագրողական հետաքննությունները զգոն պահելու և հաշվետվողականությունն ապահովելու կարևորագույն մեխանիզմներից են, բայց նաև այդ գործիքները չպետք է խեղաթյուրվեն ու ոմանց շահերին ծառայեցվեն: 

-Ավագանու առաջին նիստն արդեն տեղի է ունեցել: Ի՞նչ տպավորություններ ստացաք, ի՞նչը զարմացրեց Ձեզ՝ որպես ավագանու անդամի:

-Առաջին նիստից շատ ակնկալիքներ չէին կարող լինել, քանի որ օրակարգն արդեն իսկ սահմանված է օրենքով, և հիմնական խնդիրներից մեկն էլ հենց «Երևանի մասին» օրենքն է, որն, ըստ էության, խաթարում է ավագանու` որպես վերահսկող մարմնի ողջ փիլիսոփայությունը: Օրենքը սահմանում է, որ ավագանին վերահսկող և բարձրագույն մարմին է, բայց, մեծ հաշվով, որևէ լծակ կամ շատ քիչ լծակ է տալիս այդ լիազորություններն իրականացնելու համար: 

-Որոշ կետեր կնշե՞ք:

-Ավագանին շատ քիչ լծակ ունի գործադիր մարմնի ձևավորման հարցում: Այն ընդամենը հաստատում է քաղաքապետարանի հաստիքացուցակը (անգամ փոխքաղաքապետների առաջադրելու իրավասություն չունի):

-Բայց կարող է նաև չհաստատել:

-Կարող է, բայց հաստիքացուցակով ինչ-որ հեծանիվ չեն հորինում, հիմնականում այն հաստիքացուցակն է, որը ողջամտության սահմաններում է, օրինակ, եթե դրվի հարց, թե քաղաքապետը պետք է ունենա 10 խորհրդական, բնականաբար, չի հաստատվի, բայց ընդամենը հաստիքացուցակ է, և դրա հաստատել կամ չհաստատելը վերահսկման լծակ չէ: 
Չկան սահմանված չափորոշիչներ, թե, օրինակ, փոխքաղաքապետները կամ վարչության պետերն ինչ չափորոշիչների պետք է համապատասխանեն, որպեսզի այդ անձանց ընտրությունը կամ առաջադրումը որևէ կերպ վերահսկելի լինի: Կամ մեկ այլ խնդիր. ավագանու անդամի՝ գործադիր մարմնին ուղղված գրավոր հարցման համար 21-օրյա ժամկետ է սահմանված, իսկ նախկինում որպես լրագրող՝ իմ հարցմանը սովորաբար պատասխանում էին 5-օրյա ժամկետում: 

Բազմաթիվ դրույթներ կան, որոնք պետք է փոխվեն: Ըստ էության, տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորումը Հայաստանում առավելապես ներդրվեց որպես միջազգային ծրագիր և արհեստականորեն կիրառվեց ընդհանուր տարածքային կառավարման ոլորտում` չընկալելով դրա կարևորագույն սկզբունքը` հաշվետվողականությունն ու հանրության հետ աշխատանքի առաջին օղակ լինելու պատասխանատվությունը: Իսկ ավագանին էլ ընկալվում էր որպես ֆորմալ մարմին, և «Երևանի մասին» օրենքը գրվել է այս տրամաբանությամբ, չնայած տարիներով փոքր լծակներն էլ չեն կիրառվել ավագանու կողմից, և այն վերածվել էր ընդամենը դակող մարմնի: Այս մշակույթը առաջին հերթին պետք է փոխել: 

-Որո՞նք են այն երեք հրատապ, առաջնահերթ լուծում պահանջող քայլերը, որոնք իրականացնելու եք:

-Հարցերը բաժանում եմ կարճաժամեկտ և երկարաժամկետ ծրագրերի: Երկարաժամկետ ծրագրում միշտ ասել եմ, որ քաղաքը բացառապես դիտարկվել է որպես փող աշխատելու միջոց և սա պատահական չէր: Երբ ժամանակին Երևանի քաղաքապետներից մեկը խնդրեց պետական բյուջեից հատկացումներ ավելացնել, հիշում ենք, թե Ռոբերտ Քոչարյանը ինչ պատասխան տվեց. «Փողի վրա նստած եք, փո՞ղ եք ուզում»: Սա, ըստ էության, մեսիջ էր քաղաքից փող աշխատելու, որը հիմք դրեց քաղաքը հոշոտելու և ամեն հողակտորից փող պոկելու գործելաոճին: Սրանից հետո էր, որ քաղաքաշինական այս սարսափը սկսվեց, երբ ամեն կտորը դիտարկվում էր զուտ որպես փողի քսակ: Եվ ունեցանք իրավիճակ, որ քաղաքում շնչելու օդ չի մնացել, որ սեյսմակայունության առումով խայտառակ վիճակ ստեղծվեց կենտրոնում, որովհետև շինթույլտվություն տալու գրեթե բոլոր նորմերը խախտվել են, հանրային կանաչ տարածքները պարզապես հափշտակվել են:

Հենց այս պահին էլ մեր կողքին՝ Թումանյան 26 և 30 հասցեներում, շենքերի բակերի արանքում 16 և 8-հարկանի բնակելի շենքեր են նախատեսում կառուցել: Այստեղ էլ շենքերի միջև 12 կամ 20 մետր հեռավորությունը չի պահպանվել: Երկարաժամկետ կտրվածքում նպատակն է փոխել այդ տրամաբանությունն ու մշակույթը: Շատ բարդ կլինի, քանի որ իրականում այստեղ բախվելու են միլիոնների շահեր, բայց մենք հաստատակամ ենք: Այն կտորները, որոնք տարիներ շարունակ բնակիչները փորձել են պահել որպես իրենց հանրային, բակային տարածք, վերջին ամիսներին դրանք էլ են վաճառվել: Այսինքն՝ վերջին ամիսներին փորձ է արվել անգամ այդ վերջին մնացած կտորներից գումար աշխատել: 

Երկարաժամկետ ծրագրում ներառված է քաղաքի զարգացման ամբողջական ռազմավարություն ունենալը` քաղաքը մի ամբողջական օրգանիզմ դիտարկելով, որտեղ ինչ շենք պետք է լինի, ինչքան կանաչ տարածք, դեմոգրաֆիական ինչ զարգացում կարող է ակնկալվել և դրան համապատասխան ինչ ինֆրաստրուկտուրաներ պետք է ներդնել և այլն: Սա կարևորագույն սկզբունք է քաղաքի կառավարումն ու զարգացումն ապահովելու համար: 

Կարճաժամկետ ծրագրերը շատ ավելի հեշտ են: Հարցրեցիք երեք կետերի մասին: 
1. Աղբահանություն. դա միայն շենքերից աղբը հավաքելը չէ, այլև աղբի վերամշակումը, աղբավայրերի հարցը, որովհետև դա բավական լուրջ բնապահպանական խնդիր է, հետագայում աղբի տեսակավորման հարցը: Աղբահանությունն էլ ենք ամբողջական դիտարկում: 2. Տրանսպորտի խնդրի լուծումը: 3. Կրթական օջախների հասանելիության խնդիրը՝ նախադպրոցական հաստատություններ, երաժշտական դպրոցներ և այլն: Օրինակ, նախադպրոցական հաստատությունները բացարձակ հասանելի չեն: 56 հազար նախադպրոցական տարիքի երեխաներից 30 հազարն են այդ հաստատություններում:

-Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը ջնջել են: Փորձե՞լ եք հասկանալ, թե ինչն է պատճառը:

-Մենք այդ հարցը բարձրացրել ենք, բայց պատասխան չենք ստացել: «Ֆեյսբուքը» 14-օրյա ժամկետ է տալիս էջը վերականգնելու համար: Դա ինքնիրավչություն է և գուցե նաև իրավական որևէ գործընթացի սկիզբ դառնա, որովհետև այդ էջի աշխատանքի համար տարիների ընթացքում մարդիկ են վճարվել, վստահաբար գովազդ է դրվել, այսինքն՝ պետական միջոցներ են ներդրվել, և բացի դրանից, այն 30 հազարից ավելի հետևորդ ուներ, որ մի քանի օրվա ընթացքում չի արվել: Այսինքն՝ սա պետական միջոցների մսխում է, որի համար պատասխանատվություն պետք է կրեն այդ որոշումը կայացնողները, որոնց միակ նպատակը վնասելն էր: 

-Եթե աուդիտ անցկացվի Երևանի քաղաքապետարանում, հնարավոր համարո՞ւմ եք աղմկահարույց բացահայտումներ:

-Չեմ բացառում, բայց, որքան հասկանում եմ, այն գործարքները, որոնք որոշակիորեն կասկածելի են և այլն, հիմնականում արվել են «Երևան» հիմնադրամի միջոցով, այսինքն՝ եթե պետք էր հավելագրումներ արվեին գնումների համար, պարզապես տրվում էր աջակցության ֆոնդին: Վստահ եմ, իհարկե, որ տարբեր խնդիրներ բացահայտվելու են՝ շինթույլտվությունների, գնումների, տենդերների ոլորտներում, սակայն շատ բաներ փաստաթղթերից դուրս են, և կոռուպցիոն հիմնական խնդիրները բացառելու համար պետք է համակարգեր ներդնել` նվազեցնելով մարդկային գործոնը:

-Երևանի քաղաքապետարանն ամենաշատ և ամենաթանկ կոնյակ գնողներից մեկն է:

-Այո, և հիմա էլ Երևանի 2800-ամյակի առթիվ, եթե չեմ սխալվում, գնվել է 11 միլիոն դրամի կոնյակ: 

Ընդհանուր առմամբ, մի հսկայական ականապատ ժառանգություն ենք ստացել, որովհետև իսկապես ամեն տեղ, որտեղ ոտքդ դնում ես, ական է, և դա շատ երկարաժամկետ գործող ական է: Երբ 81 տոկոս վստահության քվե ես ստանում, դու դրա հետ մեկտեղ ստանում ես առնվազն երկու-երեք հարյուր տոկոս էլ ակնկալիք, բայց մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ ժառանգություն ենք ստացել, թե ինչքան ժամանակ է տևելու այդ ականները հանելը և դրանց փոխարեն ծառ տնկելը: Տարիների աշխատանք է լինելու, սա նաև բացարձակ չվճարվող աշխատանք է, բայց այն նվիրվածությունը, գաղափարական ազնվությունը, որ ունի ավագանու մեր թիմի մեծ մասը, վստահ եմ, որ արդյունքներ է արձանագրելու շատ արագ և հաջողելու է:

Լուսանկարը՝ Գ. Աբրահամյանի ֆեյսբուք էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter