HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Armenia360. Նվեր՝ Երեւանի 2800-ամյակին

Երկու տարի առաջ ամերիկահայ ինժեներ-ծրագրավորող Ջո Ջոհաննես Հակոբյանը տեսավ Երեւանն ու Google-ի քարտեզում պարզելով, որ Հայաստանի մայրաքաղաքի փողոցներում 360 աստիճանով ինտերակտիվ զբոսանքի հնարավորություն չկա` նախաձեռնեց փողոցների լուսանկարահանում։

Ստեղծվեց Armenia360  նախագիծը, ձեւավորվեց փոքր թիմ, որն առ այսօր Հայաստանը քարտեզագրում է 360 աստիճան տեխնոլոգիայով։ Ծրագրի շնորհիվ հնարավոր է Google Street View ծրագրով Երեւանի կենտրոնական փողոցներում ինտերակտիվ տուր անցկացնել։ Դրա համար պարզապես պետք է Google-ի քարտեզում որոնել Երեւանը, ներքեւի աջ անկյունի դեղին մարդուկին ակտիվացնել եւ տեղափոխել կապույտով ներկված փողոցներից որեւէ մեկը։ Այնուհետեւ սլաքների վրա սեղմելով` կարելի է տեղաշարժվել ցանկացած ուղղությամբ։ 

360 աստիճան տեխնոլոգիայով նկարահանումների շնորհիվ մեր տարածաշրջանի երկրներից ինտերակտիվ են միայն Թուրքիայի որոշ քաղաքներ։ Թուրքական քաղաքները նկարահանել է Google-ը։ Բաքվի եւ Թբիլիսիի, ինչպես նաեւ Թեհրանի առանձին փողոցներ լուսանկարված են, սակայն հնարավոր չէ փողոցներում վիրտուալ տեղաշարժ կատարել։

Armenia360-ի հայաստանյան ղեկավար Աննա Սիմոնյանն ասում է, որ տարածաշրջանի քաղաքական լարված դրությունը հաշվի առնելով` Ադրբեջանի օրենսդրությամբ արգելվել է նկարահանել Բաքվի փողոցները։ Հայաստանում նման արգելք չկա։ Բայց Google ընկերությունը, հաշվի առնելով նույն քաղաքական իրավիճակը, ձեռնպահ է մնացել նաեւ Երեւանի փողոցները նկարելուց։ Երբ Armenia360 թիմը կատարել է առաջին 10 հազար լուսանկարը, Google-ը նրան հայտնել է իր վստահության մասին։ Այս տարվա մայիսին Ջոն եւ Աննան հրավիրվել են ընկերության կենտրոնական գրասենյակ` վերապատրաստման։

«Փոքր թիմով ենք անում ամեն ինչ։ Ընտանիքս է օգնում, վարորդ ենք վարձել։ Ջոն իր երկու տարվա աշխատավարձն ուղղել է ծրագրի իրականացմանը։ Նա ի սկզբանե ցանկացել է Հայաստանի համար օգտակար գործ անել մոր՝ Ալիս Առաքելյան-Հակոբյանի հիշատակին։ Ու քանի որ Երեւանում մեծ ծավալի աշխատանք ենք կատարել, դա նվիրում ենք մայրաքաղաքի 2800-ամյակին»,- պատմում է Աննա Սիմոնյանը։

Այս պահի դրությամբ արվել է ավելի քան 100 հազար լուսանկար, որից 2000-ը` առաջին տարում։ Ջոն ինքն է արել առաջին լուսանկարները։ Ջոն հեծանիվով պտտվել է մայրաքաղաք Երեւանով` սաղավարտին 360 աստիճանով նկարող տեսախցիկ։ Նա պատմում է, որ երեւանցիները չէին հասկանում իր մտադրությունը եւ երբեմն ծիծաղում էին, թե՝ այս տարօրինակ սաղավարտով հեծանվորդն ի՞նչ է անում Երեւանի փողոցներում։

Առաջին փուլում աշխատել են թույլ տեսախցիկներով, իսկ հիմա Google ընկերությունը ժամանակավորապես տրամադրել է ավելի որակյալ եւ պրոֆեսիոնալ տեսախցիկ։ 

Հիմա թիմը ֆինանսական խնդրի առաջ է։ Անհրաժեշտ է ձեռք բերել սեփական տեսախցիկ եւ ավարտին հասցնել ծրագիրը։ Armenia360 թիմը նպատակ ունի լուսանկարել նաեւ Հայաստանի՝ բնակչության թվով 10 ամենամեծ քաղաքները։ Խոսքը Երեւանի, Գյումրու, Վանաձորի, Վաղարշապատի, Աբովյանի, Կապանի, Հրազդանի, Արմավիրի, Արտաշատի եւ Իջեւանի մասին է։ Սրա համար անհրաժեշտ է 33-35 հազար ԱՄՆ դոլար։ Ֆոնդահայթայթումը կազմակերպվել է Indiegogo-ում։

Եթե դրամահավաքը հաջողվի, ապա թիմը պատրաստվում է այս ցանկին միացնել նաեւ Ջերմուկը, Ծաղկաձորը, Գառնին, Տաթեւը, Մարտունին ու Արցախի որոշ բնակավայրեր։ Այդ նպատակով համագործակցություն է ստեղծվել Արցախի տուրիզմի կոմիտեի հետ։

Armenia360 թիմում վստահ են, որ զբոսաշրջիկներ ներգրավելու համար սա անչափ կարեւոր է։ Արդեն արված աշխատանքը Google-ի քարտեզում ունեցել է 9,5 մլն դիտում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter