HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Էդուարդ Շարմազանով. «Մենք մեր ցուցակը քննակելու ենք ոչ միայն գործադիր մարմնի կազմով, այլ բոլորով՝ խորհրդով, տարածքային կառույցներով»

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռևս որոշում չունի դեկտեմբերին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության մասին:

Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Երեկ երեկոյան ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ է գումարել, որի օրակարգում եղել է նաև սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր:

Այսօր մամուլում հրապարակում կար այն մասին, որ ՀՀԿ-ն որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եւ հինգ հոգանոց ցուցակը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը, հաջորդիվ՝ Արփինե Հովհաննիսյան, Դավիթ Հարությունյան, Էդուարդ Շարմազանով և Արմեն Աշոտյան:

Շարմազանովը հերքեց այս լուրը՝ վստահեցնելով, որ նման ցուցակ գոյություն չունի: «ՀՀԿ-ն մասնակցության վերաբերյալ որոշում չունի, հրապարակման այդ ցուցակն էլ ֆեյք ցուցակ է, նման ցուցակ գոյություն չունի: Այդ հինգ անձանց անունից եմ ասում՝ չի քննարկվել նման հարց: Մենք մեր ցուցակը քննակելու ենք ոչ միայն գործադիր մարմնի կազմով, այլ բոլորով միասին՝ խորհրդով, տարածքային կառույցներով: Նախ` պետք է որոշենք` մասնակցո՞ւմ ենք, թե ոչ, մասնակցության ձևաչափը՝ դաշինքով ենք գնում, թե կուսակցությունով,  և նոր դրանից հետո ցուցակ կազմենք:  Դա նաև վիրավորական է մեր կուսակցության նկատմամբ, ի՞նչ է  նշանակում կազմել հինգ հոգանոց ցուցակ. դա անհեթեթություն է»,- ասաց Շարմազանովը:

Մեր հարցին, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում է հայտնել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ պաշտոնաթող նախագահը դեռևս վերջնական դիրքորոշում չի հայտնել:

Ի դեպ, գործադիր մարմնի նիստին կրկին չի մասնակցել ՀՀԿ առաջին փոխնախագահ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ առաջիկայում Կարեն Կարապետյանը հրաժարվելու է կուսակցության առաջին փոխնախագահի պաշտոնից, սակայն պարզ չէ՝ լքելո՞ւ է կուսակցությունը, թե ոչ:

Թե երբ կլինի կուսակցության խորհրդի նիստ, որի ժամանակ էլ կքննարկվի Կարեն Կարապետյանի՝ կուսակցության առաջին փոխնախագահի պաշտոնից հրաժարվելու հարցը, Էդուարդ Շարմազանովը չհստակեցրեց:

«Կարեն Կարապետյանը գործադիր մարմնի նիստին չկար, բայց մենք Կարեն Կարապետյանի հետ պարբերաբար շփվում ենք, նա կուսակից ընկերների հետ ակտիվ շփվում է և շատ նորմալ հարաբերություններ ունի»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Հետաքրքրվեցինք՝ կուսակցության օրակարգում այս պահին նախագահի փոփոխության հարց կա՞:

«Այս պահի դրությամբ կուսակցության նախագահի փոփոխության հարց չկա օրակագում, նման հարցերը համագումարով է լինում, նախատեսում էինք հունվար-փետրվար ամիսներին համագումար հրավիրել, բայց քանի որ հարգելի պարոն Փաշինյանն ամեն ինչ տարավ ափալ-թափալ ռեժիմով, իսկ մենք համագումար ոչ թե ձևական ենք անում,  այլ իրական, որ պատվիրակներ լինեն, ժողովներ, քննարկումներ, իսկ դրա համար ժամանակ չկա, իսկ եթե ընտրությունները մայիս-հունիս ամիսներին լիներ, կհասցնեինք»:

Հեղափոխությունից առաջ և հետո ՀՀԿ անդամների թվի փոփոխության մասին կարող եք կարդալ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter