HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Քառօրյա պատերազմի օրերին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուսման վարձի լրացուցիչ փոխհատուցման գործընթացը քննարկման փուլում է

Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին մարտական հերթապահություն իրականացրած, ինչպես նաև զինգրքույկներում մարտական գործողություններին մասնակցությունը հավաստող նշում չունեցող ուսանողների ուսման վարձավճարի լրացուցիչ փոխհատուցման գործընթացը գտնվում է քննարկման փուլում: Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել է կրթության և գիտության նախարարությունը:

Հիշեցնենք, որ 2016/17 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից սկսած Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) կառավարության աջակցությամբ ուսման վարձավճարի 20%-ի չափով փոխհատուցում է կատարել ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների համար: 2016/17 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում այս ծրագրից օգտվել է 450 ուսանող, 2017/18-ի առաջին կիսամյակում՝ 375 ուսանող, իսկ 2017/18-ի երկրորդ կիսամյակում 944 ուսանող:

Դժվար է ասել, թե գործող կառավարությունը այսուհետ ինչ եղանակով կիրականացնի քառօրյա պատերազմի օրերին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման գործընթացը՝ հաշվի առնելով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նկատմամբ գործող կառավարության վերաբերմունքը:

Այս տարվա մայիսի 25-ին հիմնադրամի հոգաբարձուների խորհդրի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը քննչական կոմիտե հաղորդում էր տվել այն մասին, որ հիմնադրամի գործադիր տնօրենը նույն հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326 միլիոն դրամի փոխառության պայմանագիր:

Նախաքննությամբ պարզվել էր, որ ՀԵՀ-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը, կանոնադրությամբ ունենալով հիմնադրամի գույքը և ֆինանսական միջոցները տնօրինելու իրավասություն, 2013-2018թթ. ընթացքում հիմնադրամի բանկային հաշիվներից մաս-մաս կանխիկացրել, ապա հիմնադրամից առհաշիվ ստացել և յուրացմամբ հափշտակել է հիմնադրամին պատկանող, իրեն վստահված առանձնապես խոշոր չափի` 325 600 000 դրամ գումար: Նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու հատկանիշներով: Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքը և պարտավորվել փոխհատուցել պատճառված վնասը:

Այս տարվա հունիսի 5-ին 2017 թվականի պետական բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ կրթության և գիտության նախարար (այժմ՝ նախարարի պաշտոնակատար) Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ նախարարությունը պատրաստվում է աուդիտ նախաձեռնել ՀԵՀ-ում:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կառավարության աջակցությամբ ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման ևս մի քանի ծրագրեր է իրականացրել, որոնց հետագա ճակատագրին և այդ ծրագրերի նկատմամբ գործող կառավարության որդեգրած քաղաքականությանն առնչվող թեմային կանդրադառնանք առաջիկայում:

Լուսանկարը՝ կառավարության մամուլի ծառայությունից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter