
Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է, թե ինչու է Հունան Պողոսյանը նշանակվել Սյունիքի մարզպետ
Կապանում հոկտեմբերի 21-ին կայանալիք քաղաքապետի ընտրության նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր Կապան ժամանած վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց, թե ինչու է նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը նշանակվել Սյունիքի մարզպետ:
Այս թեմայով ելույթի սկզբում Նիկոլ Փաշինյանը ընդգծեց հանրապետության համար Սյունիքի մարզի կարևորությունը՝ նշելով, որ Սյունիքը Հայաստանի Հանրապետության ողնաշարն է:
«Սյունիքի մարզով է անցնում Հայաստանի Հանրապետությունը Իրանի Իսլամական Հանրապետությանը կապող միակ ճանապարհը: Սյունիքը Հայաստանի արդյունաբերական խոշոր կենտրոններից է, եթե ոչ ամենախոշորը: Այս ամենը պատմում եմ մարզպետի շուրջ որոշման կայացման տրամաբանությունը ներկայացնելու համար: Սա առաջին պատճառն է»,- ասաց կառավարության ղեկավարը:
Երկրորդ պատճառը ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզով Հայաստան մտնող խոշոր խմբաքանակի թմրամիջոցներն են, որոնց մի մասը Հայաստանով դուրս է գալիս՝ վնասելով երկրի հեղինակությունը, իսկ մյուս մասը մնում է Հայաստանում՝ վտանգելով երիտասարդությանը:
«Ինձ համար կարևորագույն խնդիր է՝ ջարդել այդ նարկոտրաֆիկի ողնաշարը: Եվ միամտություն կլինի կարծել, թե դրանով միայն օտարերկրացիներն են զբաղվում: Այդ օտարերկրացիները չեն կարող գործել, եթե տեղում չունենան գործակիցներ»,- նշեց Փաշինյանը:
Խոսելով երրորդ պատճառի մասին՝ գործադիրի ղեկավարը նշեց, որ օլիգարխիայի վտանգների տեսանկյունից ամենառիսկային գոտին համարում է Սյունիքի մարզը: Փաշինյանը պատմեց, որ շատ կապանցիներ մոտեցել են իրեն և պատմել, որ մարզում շարունակում է ծանրակշիռ մնալ կրիմինալի ազդեցությունը:
«Մենք չենք կարող թույլ տալ, որ ազատագրված Սյունիքում այսպիսի երևույթները զարգանան, և երբ մտածել եմ Սյունիքի մարզպետի թեկնածության մասին, իմ պատկերացումը եղել է հետևյալը՝ այդ մարդը պետք է լինի զինվորական բարձրագույն կոչում ունեցող մարդ, որպեսզի կարողանա ոտքերի վրա պինդ կանգնել այս երևույթների դեմ, պոտենցիալ ռիսկերի դեմ և անհրաժեշտության դեպքում` ձեռքը խփել սեղանին: Եվ թեմայի մասին մտածելիս կանգ եմ առել Հունան Պողոսյանի թեկնածության վրա, ով այստեղ ներկա է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը նշեց նաև, թե ինչ հանձարարություններ է տվել նորանշանակ մարզպետին: Դրանց թվում եղել է ապահովել լիարժեք օրինականությունը, ապահովել նոր ներդրողների համար պայմաններ և աշխատատեղեր, և ամենակարևորը ըստ Փաշինյանի՝ ապահովել սյունեցիների ազատությունն օլիգարխիական պոտենցիալ վտանգներից:
Նիկոլ Փաշինյանը հիշեց նաև 2013 թվականի իր հարցազրույցներից մեկը, որում նա նշել էր, թե Հունան Պողոսյանը բռնություն է կիրառել Շանթ Հարությունյանի նկատմամբ: Վարչապետի պաշտոնակատարը խոստովանեց, որ այդ ամենի առնչությամբ անհարմար իրավիճակ է ստեղծվել.
«Շանթ Հարությունյանը մինչև օրս չի հաստատել, որ ես դա իր խոսքերից եմ մեջբերել, և չի տվել ցուցմունք և բացատրություն»,- ասաց Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը հայտարարեց, որ ինքը միջնորդել է իրավապահ մարմիններին նորից քննել այդ գործը, և Հունան Պողոսյանի պատասխանատվությունը և պարտականությունը կլինի քննության ժամանակ պատմել ամբողջ ճշմարտությունը:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Մեկնաբանել