HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Ցմահ դատապարտյալների հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում

23 տարի բանտում գտնվող ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի մայրը՝ Ջավահիր Մկրտչյանն, այսօր ԱԺ-ի դիմաց մասնակցում էր ակցիայի, որի նպատակն էր ցմահ դատապարտյալներին ներառել «Համաներում հայտարարելու» օրենքի նախագծում։

Տիկին Ջավահիրը պնդում էր, որ համաներումն իր միակ հույսն է, քանի որ որդու նկատմամբ վաղաժամկետ ազատ արձակման մեխանիզմը մերժվել է։

Վերջին անգամ Արթուր Մկրտչյանին վաղաժամկետ ազատ արձակում չեն տրամադրել բջջային հեռախոս հայտնաբերելու պատճառով, իսկ գործը վերաբացելու համար, թե´ դատախազությունը, թե´ դատարանները բավարար հիմքեր չեն գտել։

Նախկին զինծառայող Արթուր Մկրտչյանի մայրը միայնակ չէր, ակցիային մասնակցում էին ազատությունից ցմահ զրկված այլ դատապարտյալների հարազատներ, որոնք ունեին առաջարկ, ըստ որի՝ համաներման ժամանակ արդարատության նախարարությունը եւ ԱԺ-ը մի քանի կետեր պետք է հաշվի առնեն։

Ակցիայի մասնակիցներից Արմեն Աղայանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վաղաժամկետ ազատ արձակվելու պրակտիկան տարիներ շարունակ չի գործել, ոտնահարվել են ցմահ ազատազրկվածների իրավունքները, իսկ հիմա կցանկանար, որ համաներման նախագծում ներառեն նաեւ այդ մարդկանց՝ ուշադրութուն դարձնելով հիվանդությունները, հաշմանդամությունը, 21 տարին չլրացած դեպքում դատապարտված լինելը։

«Եթե սրանից հետո էլ անհատական մոտեցման խմբեր կան, թող օրենսդիրները քննարկեն։ Տարիների ընթացքում այս ամենը կուտակվել է, անհատական ձեւով այդ ամենին անդրադառնալը նշանակում է, որ այն կտեւի մոտ հինգ տարի։ Կլինեն սուբյեկտիվ մոտեցումներ, քանի որ այսօրվա դատական համակարգը նախկինի ժառանգությունն է, նույն կարծրատիպերով է, իսկ համաներում ավելի արագ կիրականացնի գործընթացը»,- նշեց Ա. Աղայանը։

Ակցիա իրականացնողների հետ հանդիպեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, ով խնդրեց իրեն տրամադրել անհատական տվյալներ ցմահ դատապարտյալների վերաբերյալ՝ նշելով, որ հարցը կքննարկի արդարադատության նախարարի հետ։

Ակցիայի մասնակիցներից մեկը  ցմահ դատապարտյալ Զաքար Զոհրաբյանի մայրն էր՝ Ազգանուշ Գրիգորյանը, ով «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ նոր կառավարությունն ու նախարարը պետք է նաեւ ուշադրության արժանացնեն դատապարտված զինվորականների գործերը, մասնավորապես դատապարտյալի մայրը նշեց, որ, իր որդու գործով մի ամբողջ վաշտ ցուցմունք է տվել եւ դատապարտել ցմահ ազատազրկման, նախկին իշխանության ճնշումների ներքո։

25 տարի ազատությունից զրկված, նախկինում մահապատժի դատապարտված  «Դրոյի» գործով դատապարտյալ Արմեն Մնջոյանի կինն էլ «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ ցմահ դատապարտյալները անտեսված են եղել, թեեւ տարիներ շարունակ բողոքի ակցիաներ են իրականացրել: «Մենք մենակ էսօր չենք որոշել գալ, միշտ մեր ձայնը բարձրացրել ենք, միշտ բողոքել ենք, գործը տարիներ շարունակ չի վերաբացվել, իսկ արխիվը այրվել է, չգիտեմ՝ գործից ինչեր են պահպանվել։ Իսկ հեղափոխությունից հետո կարծում եմ՝ պետք է ուշադրություն դարձնել ցմահ դատապարտյալներին», - նշեց Լյուդմիլա Մնջոյանը։

Նախկին զինվոր Արթուր Քոչարյանի մայրը ՝ տիկին Ֆենյան, ակցիայի ավարտին ցմահ դատապարտյալների հարազատներից հավաքեց ամփոփ տեղեկագիր՝ հանձնելու պատգամավոր Ալեն Սիմոնյանին: Ֆենյա Քոչարյանը նշեց, որ որդու համար պայքարելու է մինչեւ համաներում կամ գործի վերաբացում։ Արթուր Քոչարյանի գործին «Հետք»-ը անդրադարձել է «Խեղված ճակատագրեր» հոդվածաշարում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter