HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդիկ ապրում են սողանքի գոտում՝ վախենալով տան փլուզումից

1 տարեկան 7 ամսական Գևորգը տատի գրկից անընդհատ ձգվում է դեպի սեղանին դրված ափսեն, որի մեջ կտրտված մրգեր են: Դեռ վարժ չի խոսում, նախադասությունը «տեղավորում է» մեկ բառի մեջ: Կարևորը՝ տնեցիները հասկանում են Գևորգին:

Ափսեն մոտեցնում եմ նրան, նարինջ է վերցնում և սկսում ուտել՝ առանց ուշադրություն դարձնելու հագուստին թափվող նարնջի հյութին: Քիչ անց ափսեում միայն խնձորներ են մնում: Իսկ երբ սկսում է խմորեղեն ուտել, դեմքն ու հագուստը պատվում են կրեմով ու փշուրներով: Եղբայրը՝ 3-ամյա Գոռը, իր հասակից բարձր ավել է բերում ու սկսում հավաքել եղբոր թափածը: Մայրը վազում է, որ ավելը վերցնի, տատն ասում է՝ թող ավլի, մի մոտեցիր: Գոռը գոհ է իր արածից:

23-ամյա Լուսինե Վարդանյանն ընտանիքով ապրում է Տավուշի մարզի Հովք գյուղում (խոշորացումից հետո բնակավայրը մտել է Դիլիջան համայնքի կազմի մեջ): Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղից է հարս եկել Հովք: Ամուսինը՝ Հրանտն, ասում է, որ Լուսինեին պատահական էր տեսել ու հավանել: Այդ ժամանակ Դպրաբակ հաճախ էր գնում-գալիս: Նշան դնելուց հետո Լուսինեին տուն են բերել, չնայած դեռ երկու ամիս ուներ դպրոցն ավարտելու: Այդ ժամանակ Հրանտը 24 տարեկան էր, իսկ հիմա՝ 32:

«Տատիկս համաձայն չէր, ասում էր՝ շուտ է»,- նշում է Լուսինեն, հետո ավելացնում, որ եթե պայմանները լավ լինեն, իր կյանքից գոհ է՝ սիրող ամուսիններ են Հրանտի հետ, երեխաներն ու ամուսնու ծնողները լավն են: «Ապրում ենք սերով, ի՞նչ է եղել մեզ՝ ջան ասենք, ջան լսենք»,- ասում է Հրանտն ու ժպտում:

Հյուրասենյակի պատերը կարծես անջատված լինեն իրարից: Այս տունն ամբողջությամբ է այդ վիճակում: Կարծես միրգ լինի, որ շատ հասնելուց ճաքճքել, բացվել է: Տունն էլ հին չէ, ավելի քան 60 տարվա շինություն է, ժամանակին պատկանել է Հրանտի հոր տատին:

Հրանտի մայրը՝ Կարինե Թանանյանը, պատմում է, որ 1981 թվականին ադրբեջանական Շամխորից եկել են Իջևանի Ազատամուտ գյուղ: Չնայած ազգամիջյան բախումներին դեռ մի քանի տարի կար, բայց այն ժամանակ, ըստ տիկին Կարինեի, Շամխորում արդեն խոսակցություններ կային հայերի հանդեպ լարվածության մասին, ինչին իրենք չէին հավատում: Ազատամուտում մեկսենյականոց տուն էին ստացել, որը, սակայն, ինչպես մեր զրուցակիցն է պատմում, Սպիտակի երկրաշարժից հետո ապրելու համար այլևս պիտանի չէր: 1989-ի փետրվարին ընտանիքը տեղափոխվել է Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի հարևանությամբ գտնվող Հովք: Հրանտի հոր տատի տունը նախկինում պատկանել է ադրբեջանցիների, որոնք 1980-ականների վերջին հեռացել են գյուղից (Հովքը մինչև Ղարաբաղյան շարժումն ադրբեջանաբնակ էր): Հրանտն ասում է, որ տան պատերին մեծ խոռոչներ կային, ու չնայած գաջել էին, դա ընդամենը կոսմետիկ միջոց էր: Ըստ նրա՝ խնդիրը տան հիմքն է, գրունտը, որը սողանքային է: Հովքը գտնվում է սողանքի գոտում, ու այստեղ այդ պատճառով էլի տներ են տուժել:

Կարինեն նշում է, որ 8 տարվա պայքարի արդյունքում Ազատամուտի իրենց նախկին բնակարանի համար կարողացել են փոխհատուցում ստանալ. 1997-ին ընտանիքին երկսենյականոց բնակարան են հատկացրել, սակայն Հրանտի խոսքով՝ հիմա միայն պատերն են մնացել, բնակարանը ոչ լուսամուտ ունի, ոչ էլ վերանորոգված է: Ասում է, թե դրա համար ֆինանսական միջոցներ են պետք, ինչը չունեն:

«Մենք հիմա հազիվ կարողանում ենք էրեխեքին պահել»,- սա ասելուց հետո Հրանտը գլուխը կախում է: Նշում է, որ հիմնականում բանվորական աշխատանքներ է անում օրական 5 հազար դրամի դիմաց: Ձմեռն ամենածանր շրջանն է. շաբաթներով գործ չի կարողանում գտնել:

Ծնողները առողջական խնդիրներ ունեն, բայց դեռ օգնում են իրենց: Տնամերձ հողամասն են մշակում:

Տիկին Կարինեն ցույց է տալիս հյուասենյակի վառարանի մոտ դրված լոբին. Իջևանի շուկա է տանում վաճառելու՝ 1 կգ-ը 1000 դրամով:

Հրանտը վարկ էր վերցրել խոզ գնելու համար, բայց ձախողել էր. նոր ծնված գոճիները սատկել էին: Հիմա վարկի տոկոսներն ավելացել են: Ասում է՝ եղած գոճիներին պիտի վաճառի ու տոկոսը փակի, մերունով էլ վարկի մայր գումարը պիտի մարի:

«Էստեղ լավ բան չկա: Եթե մի մարդ գործատեղ չունենա, աշխատանք չունենա, դրա լավը ո՞րն ա: Ում ինչ հարցով դիմում ես, ոչ մեկը չի ընդառաջում, բայց ոչ մեկից էլ նեղանալու չի: Գյուղ ա, էլի, ապրում ենք՝ ղազ ա, բադ ա, հավ ա... Բա ի՞նչ անենք, որ չպահենք, ուրիշ հնար չկա»,- ասում է երեք տղաների հայրը:

Լուսինեն վառարանի տակից վերցնում է խմորով լի տաշտը: Խոհանոցում հաց է թխում: Պատահում է, որ օրական 6-7 հաց է պատրաստում: Ասում է՝ գործը շատ է, չի հասցնում երեխաների հետ՝ հացը թխում է, լվացքն անում է, օրն արդեն մթնում է: 

Լուսինեն ժպտում է, երբ անգամ խոսում ենք վատ պայմանների մասին: Ասում է՝ եթե տան պայմանները լավ լինեն, ամեն ինչ լավ կլինի: Վախով են քնում գիշերները, որովհետև առաստաղից քարեր ու ծեփ է թափվում: Հավելում է, որ մկներն ու առնետներն են շատ, մեկ ամիս առաջ կրտսեր որդու՝ Գևորգի ոտքն էին կծել:

Մեկ տարի է, ինչ նպաստ են ստանում երեխաների համար: Մինչ այդ, ըստ ծնողների, Իջևանի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունից տարբեր պատճառներով մերժել էին, ինչից հոգնել էին ու այլևս չէին դիմել: Հովքի խոշորացումից հետո, սակայն, դիմել են Դիլիջանի տաևածքային մարմնին, որտեղ էլ, ըստ Հրանտի, նպաստը ձևակերպել են:

Մեր զրույցից հետո միասին բարձրանում ենք տան վերևում գտնվող ջրամբարը, որը տեղացիները լիճ են անվանում: Ավագ որդին՝ 7-ամյա Գուրգենը, վազելով հասնում է լիճ ու սկսում քարեր հավաքել: Լուսինեն ասում է, որ եթե աշխատանք լինի, չի հրաժարվի, կաշխատի, գյուղում համակարգչային և հարսանեկան պարագաների դիզայնի դասընթացների է գնացել: Հետո տխուր ժպտում է, միասին նայում ենք լիճ քարեր նետող Գուրգենին: Մայրն ասում է, թե տղան հենց նեղանում է, վազում է լճի մոտ, նստում եզերքին ու քարեր նետում ջրի մեջ: Առավոտներն էլ շուտ է արթնանում է, վառարանը վառում, օգնում տնեցիներին: «Լավ է սովորում դպրոցում, որ հարցնում եմ՝ ի՞նչ ես ուզում դառնալ, ասում է՝ զինվոր: Ես էլ ասում եմ՝ զինվոր, էսպես թե էնպես, դառնալու ես, ուրիշ ի՞նչ ես ուզում դառնալ»,- ասում է 23-ամյա մայրը:

Վերադարձի ճանապարհին Լուսինեի հետ նայում ենք հեռվում երևացող լեռներին ու դրանց արանքի ամպերին:

«Հրաշալի տեղում եք ապրում»,- ասում եմ Լուսինեին:

«Հա, գարնանն է շատ գեղեցիկ, համեցեք»,- պատասխանում է նա:

Իսկ տունը, որտեղ այսօր ապրում են, Լուսինեի խոսքով, թեթև ցնցումից էլ կարող է փուլ գալ: Բայց այդ պայմաներում էլ նա իրեն երջանիկ է համարում: «Բա որ երջանիկ չլինեի, ոնց կմնայի էստեղ»,- ասում է նա:

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանություններ (2)

Mehman Huseynzade
older Azerbaijan village Hakkikhly. No one of the land belongs to armenians. Armenians occupied the Azerbaijan Haggikhly village.
Mehman
This village was an Azerbaijani village. Thousands years Azeris lived there and the original name was Haggixli (Akhikhli). Now some armenians occupied the village and trying to live there. Armenians will never live there happily, because they are not the owner of the land. Eventually, the owners will return to their mother land. I have been there many times when my grandmother and grandfather lived there and we have a house there. Dont forget the real history.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter