HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մուսա լեռան 40 օրերի ճշմարիտ պատմությունը որոնելիս

«The true story of 40 days of Musa dagh» (Մուսա լեռան 40 օրերի ճշմարիտ պատմությունը). սա լիբանանահայ Եսայի Հավաթյանի գրքի վերնագիրն է լինելու: Ասում է, որ անցնող 100 տարիներին թյուր կարծիքներ են տարածվել Մուսա լեռան պատմության մասին, որոնք ընդունել ենք որպես իրողություններ:

Երկու տարի է, ինչ Ե. Հավաթյանն ուսումնասիրում է Մուսա լեռան հերոսամարտի պատմությունը: Նա մուսալեռցի է, բնակվում է Լիբանանի Անջար (Այնճար) հայաշատ քաղաքում: Նշում է, որ հայ ժողովրդի պատմությամբ ու անցյալով նոր չի հետաքրքրվում և տարբեր կարծիքներ, վերլուծություններ ու գնահատականներ է լսել նույն պատմության մասին: Հենց այդ տարակարծություններն էլ պատճառ են դարձել նոր ուսումնասիրություն սկսելու:

Հավաթյանն ասում է, որ հերոսամարտի գրեթե բոլոր մասնակիցների հուշագրությունն ունի, բազմաթիվ վկայություններ ու վերլուծություններ է գտել հերոսամարտի մասին, ավելի քան 100 աղբյուր ունի: Այս ամենը, նրա խոսքով, կարդացել և մաղել է: Նպատակն է, որ Մուսա լեռան ինքնապաշտպանության պատմությունը ներկայացվի հավաստի, փաստագրված և ամբողջական: Ավելացնում է, որ նախկինում աշխատանքներ արվել են այլ հեղինակների կողմից: Կատարված աշխատանքների վրա հիմնվելով, ըստ Ե. Հավաթյանի, ընդհանուր եզրակացության պետք է հասնել, բայց շեշտում է, որ իրողություններ կան, որոնք անհնար է ճշգրտելը, օրինակ, գտնել հերոսամարտի յուրաքանչյուր օրվա մասին պատմությունը: Նման օրագրություն լեռան վրա արել էր Մովսես Տեր-Գալուստյանը, բայց այն պահպանված չէ:

«Ֆրանց Վերֆելի վեպը կարդացողները, հավանաբար, կուզեն նաև իսկական պատմությունը գիտնալ, թե իրական պատմությունն ինչ է: Ատոր համար իմ միտքս ի՞նչ է՝ «The true story of Musa dagh»-ն է: Եվ ատիկա երկլեզու ընելն է՝ հայերեն և անգլերեն, որ օտար ընթերցողը Վերֆելի վեպը կարդա, իրականն էլ իմանա, չնայած վեպի 70 տոկոսը համապատասխանում է իրականությունը»,- ասում է Եսայի Հավաթյանը:

Զրուցակիցս նշում է, որ Վերֆելի վեպից երկու թյուր տեղեկություն է տարածվել. առաջինը՝ հերոսամարտի ժամանակագրությունն է. պայքարը շարունակվել է ոչ թե 40, այլ 45 օր (որոշ տեղերում նշված է 53, 56), Հավատյանը պնդում է, որ Մուսա լեռան ինքնապաշտպանությունը տևել է 1915 թվականի հուլիսի 31-ից մինչև սեպտեմբերի 13-ը: Երկրորդն այն է, որ լեռան անունը ոչ թե Մովսես է, այլ Մուսա, այսինքն՝ ներշնչանքի լեռ (հունական դիցաբանությունից հայտնի մուսան է): «Վերֆելը հրեական ծագում ուներ և ուզեց, որ վեպը քիչ մը իր ժողովրդի հետ ալ կապեր: Լեռը Մովսես եղավ, օրերը՝ 40, որովհետև Մովսեսն ալ իր ժողովուրդը կփրկե: Այս ձևի բաներ ալ կան: Ուստի, պետք է փորձեմ կարելի եղածին չափ դեպքերի ընթացքը, ժամանակագրությունը, ինչպես որ եղած է, այդպես ներկայացնել»,- ասում է Հավաթյանը:

Գիրքը ծավալուն է լինելու, և դեռ հայտնի չէ, թե հեղինակը երբ կավարտի աշխատանքը: Հաճախ ամենափոքր դրվագը ճշտելու համար պահանջվում է մեկ շաբաթ: Իսկ գրքի առաջին մի քանի գլուխն արդեն գրված են:

Մեկնաբանություններ (1)

Արև Լուսին
Կարդացել եմ վեպը և շատ եմ տպավորվել., Արդյոք Գաբրիել Բագրատյանի կերպարը իրական է, թէ գեղարվստական նկարագրություն է?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter