HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնում Արտո Թունչբոյաջյանն է (մաս 2)

Բալկոնում ծավալուն զրույցներ շատ են եղելարեւը մայր է մտել, լուսինը երեւացել է, բալկոնում դեռ շարունակվել է խոսակցությունը․․․ Բայց Թունչբոյաջյանի՝ բալկոնում լինելը ամսաթիվ փոխեցօրն սկսեց ու ավարտվեց Արտոյի հետ։ Պատմություններ շատ լսեցի, կիսատ մնացածներն էլ եղան, Արտոն շեղվեց, ես շեղվեցի, բայց հետ եկանք, թեմաներ եղան, որոնց մի քանի անգամ անդրադարձանք, թեմաներ եղան, որոնք կիսատ մնացին, որովհետեւ դեռ հանդիպելու ենք․․․ Զրույցի մի պահից սկսած՝ արդեն որոշել էի՝ այս անգամ երկու մասով պիտի ներկայացնեմ բալկոնում կատարվածը (առաջին մասն այստեղ): Հիմա շարունակենք ու բալկոնից մտնենք խոհանոց, որտեղ Արտոյի «Ուզում ես նե» երգն էԱրտոն ավելի բարձր է երգում, ես էլ հացի մեջ դնում եմ ինչ-կա, չկա, ու շարունակում ենք զրույցը շատ կամայական մի տեղից։

Արտո, հիմա մտածում եմ անցածդ աշխարհագրության մասին, շրջագայությունների մասին, պատմությունների, որոնք եղել են եւ պատմությունների, որոնք ձեւավորել են քեզ, ու ուզում եմ հարցնել ժողովրդավարության մասին։

Է՛, «դեմոքրասին» խնդալով «սպանելն» է։ Այդ է։ Կուզես՝ ասա սոցիալիզմն է՝ խնդալով, կուզես մի ուրիշ սիստեմի (համակարգի) անուն տուր։

Եթե չկա անկեղծություն, անկեղծ ապրում, ինձի համար տարբերություն էլ չկա․ է՛, արի համեմատենք․ սովետի ժամանակ մարդն ապահովված ձեւով ապրում էր, եւ սիստեմը տիրապետում էր իրեն։ Հիմա սիստեմի անունը «դեմոքրասի» դիր․ է՛, ի՞նչ է կատարվում, մարդուն հանկարծ կթվա, թե ինքն այլեւս սիստեմի մաս չէ, երբ որ կասեն այս շաքարը լավ չէ, այս մեկն է լավը, չէ՛, պարզվեց, որ սա էլ լավը չի, կներեք, այս մեկը կերեք․․․ Չեղա՞վ, որ սիստեմը նորից տիրապետում է մարդուն։ Եղա՛վ։ Այդպես սկզբից մարգարինն է լավ առողջությանը, հետո մարգարինին փոխարինող մի բան, հետո նորեն կարագը։

Տեսա՞ր, որ բոլոր դեպքերում էլ մեռնելը նույնն է՝ ուղղակի «դեմոքրասիի» դեպքում ժպիտը դեմքիդ գուցե մեռնիս, մյուս դեպքում` չխնդալով մեռնելն է։

Նույն երեւույթի նկատմամբ ձեւավորված մասսայական տրամադրության փոփոխությու՞նն է, որ վտանգ է ստեղծում, որ արժեզրկում է մարդուն, երբ, մեկ է, կարագը կարագ է, շաքարը՝ շաքար։

Հա,  վերջին պահն է կարեւոր, երբ կասեն, թե ինչու հանկարծ քաղցկեղ եղավ, որովհետեւ մեզ «չլսեցիր» կերար այն մարգարինը՝ փոխարենը «մաքուր» կարագն ուտելու։ Դրա համար էի ասում, որ գլոբալ մարկետի մեջ խաղացող երեւալու փոխարեն սուսփուս պիտի անենք մեր գործը․ պիտի չդառնանք ուշադրության կենտրոն, որը հանկարծ գլոբալ մարկետին «կխանգարի», հասկացա՞ր։

Երգում եմ, չէ՞․ «սխալ մտքեր չեն թողնի ազգդ զարգանա հանգիստ»․․․ Տե՛ս սեղանիդ էս բաժակը Գերմանիան է արտադրել։ Ինչու՞ մենք մեր բաժակը չենք սարքեր, ինչու՞ ենք ուրիշի բաժակով հիմա սուրճ խմում։ Պատճառներից մեկն էն է, որ այս բաժակը դրսից բերես նե, հեշտ է «մաֆիոզի» միջամտությունը, ինքն այդպես հեշտ փող կաշխատի, չի ուզի, որ բաժակն էստեղ արտադրվի, էստեղ սպառվի․ իրեն դրանից ի՞նչ, ամենեն շատը, որ կարող է անել, հարկ դնելն է։ Իրեն էտի քիչ է։

Այդպես ստեղծագործական միտքը պրոդուկտ չի դառնում։

(կատուն ներս է մտնում, նստում Արտոյի կողքին՝ պատրատվում քնելու)

Տես է՝ կատուն հասկացավ ինձի, եկավ պառկեց, որ բարդ բաների հետ գլուխ չդնի, քնի։

Ասում ես՝ մեր ստեղծագործական միտքը պրոդուկտ չի դառնում։

Առաջ գնացողը, զարգացողը սարքողն է։ Մենք ինչո՞վ ենք փորձում «առաջ գնալ»․ մեր անցյալով։ «Էն ժամանակ սենց էինք»․ ախպեր ջան, հա՛, հարյուր, երկու հարյուր տարի առաջ «էինք», բայց մի բան անենք, որ «էինք»-ը «ենք» դառնա։ Ես հանգիստ եմ ասում այս բանը, որովհետեւ արդեն քսան տարի նույնն եմ ասում․ իրական զարգանալու համար էգոն մի կողմ պիտի դնենք, նորից պիտի ասեմ, որ «մենք» պիտի դառնանք։

Արտո, այնքան հաստատ ես քո «աշխարհում», որ հարցեր տալը գնալով բարդանում է, բայց զրույցն ընդհատել չեմ ուզում։

Գիտեմ, տեսնում եմ դեմքիդ․ որովհետեւ ես ալ պիտի քո մեջը հասկանամ, որ մի բան առաջարկեմ։ Իրականում ինչ դու ես ուզում, ես էլ եմ ուզում․․․ Ուզում եմ ասել, որ ես տարբեր չեմ ձեզանից․ տարբեր են թվում իմ մտքերը, բայց որ սկսեմ ես ալ քեզի հարցեր տալ, նույն մտքին ես գալու։

Մի անգամ ասացի, երկրորդ անգամ էլ ասեմ՝ վախ, վախ, Արտո։

Երրորդն արդեն մեռնելու ժամանակ կասես․ հիմա չէ։

Հասկանու՞մ ես, որ ես ալ պետք ունիմ այս զրույցին։ Հասկանու՞մ ես, որ ծնված օրվանից ես պետք ունիմ զրույցի, որովհետեւ միլիոնների մեջ «գյավուրն» էի։ Հասկանու՞մ ես չէ, ինչու եմ «խոսում» երգերովս։

Հիմա այստեղ՝ Հայաստանի մեջ ես «Արարատ» երգողն եմ, բայց ախր էդ չեմ է՜․․․ Արտոն չի ուզում իրեն առանձին ընդունեք, չի ուզում նորեն առանձնանալ, որովհետեւ շատ, շատ է կարեւորում «մենքը» ․ինքը չի կարող լինել առանձին, ով կերգի «Արարատը», բայց չի լսի հարեւանի լացի ձայնը, հասկացա՞ր։

Աշխարհի միլիոնների մեջ էլի նույն զգացումն ունե՞ս։

Հա բա, որովհետեւ դուն մտքով առաջ ես գնում, կողքինը՝ չէ, ու իրենց թվում է՝ դու «առանձնացար»։ Քեզ հետ չի՞ եղել նույնը․ ասա՝ ուր են 18 տարեկանիդ ընկերները, ինչու՞ իրենք չկան։ Որքան սովորես նե, այնքան առանձին ես մնալու, սա լավ իմացիր, որքան քայլ անես նե, այնքան ամեն բան վախեցնող է դառնալու, սա էլ իմացիր։ Զգացումով ապրելը ամենեն կարեւորն է։

Դե քայլ անելով էլ սովորում ես, Արտո։

Բուրգերը կան, սարքվել են։ Հիմա նստում ենք, մտածում՝ այդ ինչ մի գերբնական ուժով են սարքել, այդ ինչպես է ստացվել․․․ Իրականում բուրգերը մարդկության պատմության զգացումով ապրելու վերջին պատկերներն են։

Դադար

Հիմա այստեղ եմ, «կարդում» եմ քեզի, ու դրա համար գիտելիքի պետք չունեմ։ Մարդեր կան, որ վախենում են ազնիվ հարաբերությունից, վախենում են ինձ հետ նույն տարածքում մնալու մտքից։

Ինչու՞․․․

Որովհետեւ ինձ հետ նույն սենյակի մեջ մնացած մարդը զգում է իմ բնական լինելը, ու գիտի, որ իր արածի վրա վստահություն չունի, գիտի, որ իր ստեղծածը սուտ է։ Հիմա կտեսնեմ, որ դու քո ստեղծածի վրա վստահ ես, դրա համար նույն սենյակում այդքան երկար նստում ենք։

Տես, դուն ինձնից լավ գիտես ծիրանի համը, բայց իմ CD-ներից մեկի վրա ես ծիրան եմ դրել, որովհետեւ վստահ եմ՝ համը չեմ փչացրել, նոր համեմունքն էլ դրել եմ մեջը։ Հիմա այն, որ դու ինձնից լավ գիտես ծիրանի համը, քո մտորումն է, քեզի փոխանցվածը պատմությունից, բայց ինձ ինչքան էլ փորձես բացատրել այդ համը, չես իմանար, թե լեզուս ինչ է ասում իմ ուղեղին, երբ ուտում եմ ծիրանը, ոչ էլ կարող ես հասկանալ քո կերածի համը։

Հիմա դուն ինձ հակառակը կասե՞ս չէ, որ ուղեղն է հաղորդում լեզվիդ, թե որն է համը, ու, եթե երկուսս էլ նույն կերպ մտածենք, նույն համի մասին կխոսենք։ Բայց ո՞նց ծնվեցիր, ասա ինձ․ մամադ էր չէ՞, որ ասեց էլեկտրական մի բանի ձեռք չտաս, բայց մատդ կպավ, հաղորդեց ուղեղիդ, որ այրում է, ու նոր ուղեղդ ռեգիստրացիա արեց․․․

Ասում ես «Ուզում ես  ինձ հասկանալ, նայիր քո հոգուն, ջան»։

Է՛, հա, ասում եմ դարձիր քո իմաստին․ իմս մարդ լինելն է։

Ես քեզ ասացի, որ շատ շերտեր անցա, շատ շարժումներ ու պատկերներ տեսա, շատ շրջանների մեջ ընկա։ Ու այդ շերտերը, որ ուրիշներն ասում են գիտակցություն, ենթագիտակցություն, հիշողություն, սահման չունեն, որքան գնացիր, գնացի՜ր։

Հասկացա՞ր չէ, ոնց որ բացօթյա մի տեղ ենք, որը երբեք չի վերջանում․ հիմա այս խոսքը, որի հաճախականությունը այդ բաց տարածության մեջ է, մի տեղ արդեն կար, բռնեցիր։ Ամերիկացիները սա շատ լավ հասկացան ու ստեղծեցին ֆիլմեր, որոնք իրական դարձան այսօր։

Դադար

Քեզ թվու՞մ է՝ ահաբեկչությունների կամ Սիրիայի վրա բոմբ նետելու հիմքում կրոնն է․․․

Մենք չենք ծնվել զուգադիպությունների մեջ․ մեր ծնելու վիճակից սկսած հիպնոզն է, որովհետեւ մարդը սկսում է կրկնել շարժումը, մտածում է՝ իր համար է ապրում, բայց հասկանում ես, չէ՞, որ այդպես չէ։ Ստոկհոլմյան սինդրոմը գիտե՞ս չէ, երբ զոհի ու ագրեսորի մեջ ընկերական հարաբերություններ են ձեւավորվում, գլոբալ իմաստով հիմա բոլորս դրա մեջ ենք․․․ Մեծ ընտանիքները, ոնց օրինակ, Ռոքֆելլերներն ու Ռոթսչայլդները, «դաստիարակում» են մեզ, մենք ալ դեմ ենք խոսում, բայց շարունակում ենք աշխատել չէ՞ իրենց համար։

Երբ խոսում էի սեփական արտադրանքից ու գլոբալ մարկետից, ու ասում էի, որ քո ստեղծածը ամենալավ ձեւն է գլոբալ շուկային դեմ պայքարելու համար, այս ազատությունն էի ուզում նկատի ունենալ։  Եթե բան կա, որ չես կարող արտադրել, մի գործածիր․․․ Տասը տարի առաջ առանց «օրգանիկ» լոլիկ ապրում էինք չէ՞, հիմա որն է ցավը, որ էդքան ասում ենք «օրգանիկ»․․․ Վախն է ղեկավարողը, որ «ոչ օրգանիկը» մեզ «մեռցնելու» է։ Է՛, մի գործածիր այդ «օրգանիկը»․ հարց տուր՝ Հոլանդիայից եկած լոլիկը ավելի «օրգանի՞կ» կարող է լինել, քան քո տեղականը․․․

Ուզում եմ ասածներս քո լեզվով էլ կիսվես, որ այստեղ հասկանալի լինի․ այս ամենը նոր չէ, որ ասում եմ, ուզում եմ ազատության ընկալման ձեւը գտնենք, վախեր չունենանք։

Ասացիր՝ քսան տարի շարունակ նույն բանն ես ասում ի՞նչն է դանդաղեցնում հասկանալու ընթացքը։

Ուզում եմ հիմա ալ բարձրաձայնել, որ մի մարդ ինչի պետք ունի, մյուսն ալ պետք ունի այդ նույն բանին։ Եվ մեր այս տանջված ազգին ամոթ է իրարու լավ չպահելը։ Թուրքիան մեզի գուցե այսպես դարձրեց, որ «իրար պահելու» զգացումը հիմնական դառնա։ Նույնն այսօր ալ կտեսնեմ Ղարաբաղում, բայց Հայաստանում չկա այդ բանը։ Պիտի հասկանանք, որ մեր մեջի կրակը ներսում էնքան պիտի պահել, միչեւ ջրին մոտենաս, դատարկվես․ իրար վրա կրակ չնետենք, հասկացա՞ր։

Իմ մասին պատկերացումը հիմա ո՞րն է․ հարցում կա, թե էս մարդն  ինչ քաղաքականություն է տանում․ ես ալ ասում եմ, որ այս մարդու քաղաքականությունը երգն է, երաժշտությունը, որ իր խնդիրը պրոպագանդան չէ, որ ինքը մարդոց բաժանելու համար չէ էստեղ․ ինքը հավաքող է։

Է՛, ինչու՞ չխոսել, ինչու՞ մարդուն մեջ չփնտրել մարդը։ Ուշադիր նայիր՝ ինչ են պատկերացնում «Արտո» ասելով եւ ինչ են պատկերացնում, երբ իրենք իրենց պիտի նայեն։ Է՛ «Արտոն» էլ էդ ձեր ստեղծած «սխալ» պատկերն է, դարձի՛ր ախպեր ջան, քեզ դարձիր, որ իրար տեսնենք։

Դադար

Երեք բան կա, որի սխալ ընկալման հետեւանքով կյանքը նվիրելը ապուշություն է․ ազգ, կրոն, հող․ ազգը մենք սարքեր ենք, կրոնը մենք սարքեր ենք, հողն էլ ինքն իրեն սարքվեր է, մենք այդտեղ ենք։ Հիմա կհասկանամ, որ այս ասածիցս հետո շատերու առաջին թշնամին պիտի երեւամ, բայց թշնամին սահմանն է, սահմանափակումը, վախը, որ ունենք անընդհատ։ Է՛, ինչ անել․ թշնամի փնտրե՞լ, փակվե՞լ, պաշտպանվե՞լ, բայց իրար անկեղծ չասել՝ խնդիրը որն է։ Ես գիտեմ, որ ասածս միայն հայի ու թուրքի մասին չէ․ մարդու պրոբլեմն է սա, ուրեմն մարդերը իրար լսելու կարիք ունեն։

Միացնում է երգերից մեկըբրդուջները դնում ենք սեղանին, երկուսս էլ մի քիչ փակված, դանդաղ, մտքներս խառնված՝  սկսում ենք ուտել։ Հետո նորից խոսում ենք, շատ ենք խոսում, խոսում ենք անդադար։ Արտոն սկսում է թարգմանել երգերը։

 «Մարդու պես ապրելհերիք է ինձի»ասում է Արտոն։ Արտոյի ձայնը ձուլվում է «Արտոյի ձայնին»։ Նայում ենք Դերյա Սայինի գծանկարները։ Արտոն բացատրում է, թարգմանում է երգը, որի հոլովակի իլուստրացիան Սայինինն է։ Արտոն ասում է «yeter» թուրքերենից թարգմանած նշանակում է «բավական է»․․․ Ու բարձր երկում է «yeter, yeter»․․․ Ես բառերը չեմ հասկանում, բայց Արտոյին հասկանում եմ։ «Մարդն ինքն իրեն վերադառնալու հարցն է» ասում է Արտոն։ «Հա, գիտեմ» պատասխանում եմ։ Նայում ենք իրար, ժպտում ենք։ Ասում է՝ այ էստեղ մի երրորդ մարդ պիտի տեսներ՝ ոնց է լինում այդ «վերադառնալը, հասկանալը երկու մարդոց մեջ»։

«Ես կամուրջներ եմ անցել, որ հասնեմ այս տեղըերբեք չեմ կորցրել կապը մարդու հետ։ Քեզի հետ ընկեր եմ, որովհետեւ գաղափար ունենք, ընդունում եմ քեզ, որովհետեւ հիմա կիսվում եմ քեզ հետ, դու չես հասկանում բառերս, բայց զգում ես ասածս․․․ Նույնն է, որ սար բարձրանանք ու կռվենք միասին»ասում է, ու լռում ենք։

Հետո ինքը շարունակում է նորից կամայական մի տեղից․․․

Ես Արտոն եմ, մյուսը՝ Հուսեյն, պապայի անունը՝ Յուսիֆ, մեծ հոր անունը՝ Կարապետ։ Ո՞նց էդ մարդը «Հուսեյն» դարձավ․․․ Հասկանում ես, որ մարդն «իրեն թողեց», որովհետեւ ապրել ուզեց։ Դրա համար մի անգամ պիտի մեռնես, որ ապրես։

«Հուսեյնին» էլ կարող է թվալ, Արտո, որ ինքն այդ կերպ փրկվել է։

Հա, ճիշտ ես, կարող է լինել։ Ես չեմ կարող բժիշկը լինել․ ամենամեծ հիվանդը ես եմ։

Անուշ, գիտեմ, որ մի տեղից մյուսն եմ անցնում, բայց զրույցն այսպես տուր․ թող եղածը լինի։

Հա, իհարկե, մի անհանգստացիր։

Դու էլ մի անհանգստացիր․ դեմքդ կամաց-կամաց երեւում է, անհանգստությունն էլ, բայց բնական վիճակ է։

Ո՞նց ասացիր․․․ «20 տարվա փորձածս, եթե պիտի 10 րոպեում հասկանան, ես կխենթանամդրա համար խնդիր չունեմ, որ ինձ հասկանալու են»․․․

Մի բան կուզեմ պատմել․․․

Պատմիր։

Լսի այս երգը՝․․․ Լսու՞մ ես բառերը։ Իրական պատմություն է․

(Գրում եմ երգի բառերը, որպեսզի հետո պատմությունն ինչպես ինձ, այնպես էլ ձեզ հասկանալի լինի։ Այս երգը գրվել է Շվեյցարիայի անձնագրային բաժնում տեղի ունեցած դեպքից հետո, երբ անցագրայինի կին ոստիկանը նայել է Արտոյի անձնագիրը ու հարցրել «WHY YOU BORN IN TURKEY?» («ինչու՞ եք ծնվել Թուրքիայում)։

Ես չեմ նայում մարդուն կրոնքով, ազգով

Բարեւ ըսում եմ իրենց՝ սիրով, հարգանքով,

Մարդը չես հասկանում հորոսկոպով, անձնագիրով,

Էս ի՞նչ ըրիր ինձ, էս ի՞նչ ըրիր, էս ի՞նչ ըրիր, էս ի՞նչ ըրիր ինձ․

Հին ցավերս դուն հետ բերիր․․․

Էս ի՞նչ ըրիր ինձ, էս ի՞նչ ըրիր, էս ի՞նչ ըրիր, էս ի՞նչ ըրիր ինձ․

Հին  ցավերս դուն հետ բերիր․․․

Տարիներով Թուրքիայում կռվում էինք․

Չէին ընդունում մարդ ըլլալը մեր,

Որովհետեւ իրենց համար մենք հայ էինք, թշնամի էինք

Էս ի՞նչ ըրիր ինձ, էս ի՞նչ ըրիր, էս ի՞նչ ըրիր, էս ի՞նչ ըրիր ինձ․

Հին ցավերս դուն հետ բերիր․․․

Էս ի՞նչ ըրիր ինձ, էս ի՞նչ ըրիր, էս ի՞նչ ըրիր, էս ի՞նչ ըրիր ինձ․

Հին  ցավերս դուն հետ բերիր․․․

Գացի մի հույսով քո երկիրդ,

Հավատք ունեի մարդ ըլլալով կընդունիք ինձ․

Տվի անձնագիրս սահմանին ոստկանին,

Ծննդավայրիս տեղը տեսավ նե

Շունեն ալ վատ տեղ դրավ ինձ։

Էս ի՞նչ ըրիր ինձ, էս ի՞նչ ըրիր, էս ի՞նչ ըրիր, էս ի՞նչ ըրիր ինձ․

Հին ցավերս դուն հետ բերիր․․․

Էս ի՞նչ ըրիր ինձ, էս ի՞նչ ըրիր, էս ի՞նչ ըրիր, էս ի՞նչ ըրիր ինձ․

Հին  ցավերս դուն հետ բերիր․․․

Բառերը հասկանաս նե,

Կարող ա ներողություն ասես,

Բայց շատ ուշ է․

Սիրտս ու հոգիս ջարդեցիր դուն,

Հիմա տալիս ես ինձի լավ սոսինձ,

Բա իրարու կպցնեմ նե, ի՞նչ կփոխվի․․․

Էս ի՞նչ ըրիր ինձ, էս ի՞նչ ըրիր, էս ի՞նչ ըրիր, էս ի՞նչ ըրիր ինձ․

Հին ցավերս դուն հետ բերիր․․․

Էս ի՞նչ ըրիր ինձ, էս ի՞նչ ըրիր, էս ի՞նչ ըրիր, էս ի՞նչ ըրիր ինձ․

Հին  ցավերս դուն հետ բերիր․․․

Ասա, Անուշ, ի՞նչ պատասխանես, երբ անձագրիդ մեջ կնայեն ու կհարցնեն «ԻՆՉՈՒ՞ ես ծնվեր այդ երկրում»։ Դուն ասա․ պատասխան կկարողանա՞ս տալ։

Եվ հետո պատմությունն է․․․ 6-7 տարի առաջ համերգ էինք տալիս Թուրքիայում, այս երգն էի երգում, տեսնեմ՝ հեռվից բեմին է մոտենում մեկը։ Եկավ, հարցրեցի՝ ուզում է ինչ-որ բան ասել, ասեց՝ հա ու վերցրեց միկրոֆոնը։ Նայեց մեզ ու ասաց․ «Բոլորդ շուն եք․ թուրքը շուն չի», իսկ ես երգի մեջ լսեցի՞ր ինչ եմ ասում․․․ Որ օդանավակայանում անձնագրայինի աշխատողը տեսնում է ծննդավայրս ու ինձի շունեն էլ վատ մեկի տեղն է դնում։

Երգը փաստորեն ընկալվեց այնպես, որ ես թուրքի արժանապատվությունն եմ վիրավորում, բայց հասկանու՞մ ես չէ, որ լրիվ ուրիշ բան եմ ասում, որ հարցում եմ անում՝ իմ ախպեր, էդ ոնց ես մարդուն իր ծնվելու վայրի մասին նման հարց տալիս, ոնց ես իր ծնվելու վայրով չափում անում․․․ Համերգը դադարեցրի, տեսա, որ ոստիկանները մոտենում են ինձ։ Նրանցից մեկի հետ սենյակ մտանք։ Ասում է․ «Ինչու՞ թուրքերին շուն ասացիր», ասում եմ․ «Ո՞վ ասաց շուն․ ասելիք ունենայի, ուղիղ կասեի, ես երգի մեջ պատմում եմ, թե ինչ եղավ օդանավակայանում, ինչ եղավ ինձ հետ․․․»։

Ասում է՝ երգիչ ես, ասում եմ՝ հա․․․ Ասում է, «Դե երգդ երգիր ու ս․․․․ քաշիր», ու զենքը պտտում է ձեռքին։ Նայում եմ ուղիղ աչքերին հարցնում եմ․ «Ինչու՞ կպտտես զենքդ, դու գիտե՞ս, որ ես մահին հետ ծնած մարդ եմ, որ ամեն օր նստում եմ իր հետ ու զրուցում եմ։ Ի՞նչ կկարծես հիմա քեզնից պիտի վախենամ, թե ասելիք ունենամ, դեմքիդ ալ կասեմ, կրակի՛ր, արա՛, ես դեմքիդ կասեմ․․․ Ու հա, ես երաժիշտ եմ, պատմելու են էն, ինչ եղել է, գնա, մտածի՝ գուցե քու ժողովուրդը եվրոպաներում այնպիսի բաներ է անում, որ այնտեղ քո անձնագիրը  տեսնում են, վախենում եմ, որ վայ մեկն էլ եկավ»․․․

Պատկերացնում եմ՝ ինչքան այսպիսի պատմություններ կան։

Մի քանի կինո կնկարես․․․ Բայց մի կինո ես եմ ուզում անել, թե որտեղից սկսավ իմ ընտանիքս, թե ինչեր անցեր են իրենք, պապաս ինչեր տեսեր է․․․ Ու այդտեղից ոնց եկել ենք բոբիկ ոտքերով, ոնց հասել ենք Ստամբուլ, ոնց հաջողվեր ենք էդտեղ, մարդ լինելով կարողացել ենք կանգնել, Ամերիկա ենք հասել ու ոնց չենք փչացեր։

Ուզում եմ կինո սարքել, բայց ուզում եմ պրոցեսը երեւա, ես չէ, որ հայաստանցին մի կտոր մտածի, թե մարդն ինչպես է այդքան պատմությունից հետո հասնում այստեղ։ Դուրսի բոլոր ընտանիքների պատմությունները նման են իրար, իրենք են տանջվողները, ոչ թե Հայաստանին մեջ մնացած մարդը։ Դուրսի հայը պետք չունի դուդուկի, կոնյակի․․․ Մեզ չի փրկելու դա։ Ավելի լավ չէ՞ հասկանանք՝ մեր ընդհանրությունը որն է։

(երկար դադարից հետո)

Ես փողոց եմ մեծացել, բայց փողոցի տղա չեմ։ Փողոցում նվագում էի, բայց փողոցի երաժիշտ չէի․ փողոցի նվագողը գիտի՝ ժամը քանիսին, որտեղ ու ինչ նվագի, բայց ես նվագում էի փողոցում, որովհետեւ նոր մի միտք ունեի ու ուրիշ տեղ չունեի։ Ամենեն դժվարն է փողոցում նվագելը․ նոր մի բան, որ մարդը շտապելուց կանգ առնի, լսի ու փող տա։

Դրա համար եմ ուզում՝ այսօրվա երիտասարդը հասկանա, որ ամեն տեղ հայը կարող է հաջողել․ Հայաստանը չի, որ արժեզրկում է տաղանդը․ փակվել ենք, որովհետեւ փակել են։ Դրա համար Ֆրանկոֆոնիայի օրերի ժամանակ թույլ տվեցի, որ ինձ լրիվ ներկեն, որ բեմ բարձրանամ էստեղի երիտասարդը տեսնի, որ 60 տարեկան Արտոն ներկված բարձրացել է բեմ, իրենց համար օրինակ լինի։ Ինչու՞ եք երիտասարդին հազար դոլարանոց բեմի վրա դնում ու միացնում ձայնագրություն, ինչու՞ ինքը չի կանգնում երեք դոլարանոց բեմի վրա ու փորձում շատ, փորձարկում շատ։

Հիմա տեսա, որ հոգոց ես հանում, բայց ուրիշ ճանապարհ չկա, չկա ու-րիշ ճա-նա-պարհ, Անուշ․․․ Հարցնու՞մ էիր իմ տարբերության մասին, չէ՞։

Հա․․․

Բոլորը վարժվել են կենտրոնական թեմաներին, բոլորը վարժվել են կենտրոնին։ Հիշու՞մ ես բալկոնում ասացի, որ կինո եմ նայում, գլխավոր դերասանները չեն ուշադրությանս մեջ, հետեւիններն են․․․Նույնն է ամեն տեղ․ արանքում եղածն եմ բերում կենտրոն․․․Դրա համար իմ երաժշտությունը մոտ է մարդուն, որովհետեւ կենտրոնում տեսնում է փոքրիկ դետալը։

Դուն պիտի քո մեջը տեսնես, գիտակցես, որ Լաս-Վեգասը չես, Հոլիվուդը չես, «Մերսեդեսը» չես, այ ախպեր, գիտակցես, որ յուրահատուկ ես, որ կարող ես․․․

Մի հոգու հետ այսքան կիսվելը միլիոնի հետ կիսվելն էր․ այդպես եղավ այսօր քո բալկոնում, սուպե՛ր։

Հետգրություն

Արդեն լուսադեմին, երբ ոտքով անցանք երեւանյան փողոցները, էլի շատ պատմություններ պատմվեցին, շատ հիշատակումներ եղան, որոնք վերաբերում են եղբորը՝ Օննո Թունչին, ով մինչ այսօր Թուրքիայի երաժշտական աշխարհի ֆենոմեններից է․․․ Խոսեցինք Արտոյի «մոխրագույն» անձնագրի, 80-ականներին որպես երաժիշտ Եվրատեսիլին մասնակցելու եւ Թուրքիա չվերադառնալու մասին, համերգներից, որոնք ուրիշ են եղել, «Armenian Navy Band»-ից, որ էլի ուրիշ է․․․ Անընդհատ ստեղծելու ու ստեղծածով անընդհատ մարդու հետ «զրուցելու» մասին․․․ Բայց պայմանավորվեցինք, որ այս պատմությունները թողնում ենք մյուս անգամներին, որովհետեւ այստեղ սկսվեց, բայց այստեղ չի ավարտվում այս զրույցը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter