HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԶՊՄԿ-ում ստուգումների ամենաեռուն փուլն է»

Զանգեզուրի պղնձամոլիբենային կոմբինատում ստուգումների  ամենաեռուն փուլն է, ընկերությունը պահանջվող գրեթե բոլոր փաստաթղթերը ներկայացրել է: Այս մասին մեզ հայտնեց բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը: Նրա փոխանցմամբ՝ այլևս որևէ տեղեկություն չի կարող հայտնել, քանի որ դա վարչարարություն է, հրապարակման ենթակա չէ:

Արթուր Գրիգորյանն ասաց, թե երբ ստուգումներն ավարտեն, և արդյունքներ լինեն, անպայման կհրապարակեն:

Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ում տեսչական ստուգումներն սկսվել են սեպտեմբերի 10-ից: Սկզբից հայտարարվել էր, որ դրանք 15 աշխատանքային օր են տևելու, սակայն ժամկետն անհրաժեշտության դեպքում հնարավոր է փոխվի: Արդյունքում ստուգումների համար բավականին երկար ժամկետ է սահմանվել՝ 75 աշխատանքային օրը: Տեսչական մարմնի  ղեկավարը այն պայմանավորեց ԶՊՄԿ-ի մեծ լինելու հանգամանքով, ապա նաև հղում արեց «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 4-րդ հոդվածին: Ըստ այդմ՝ անհրաժեշտության դեպքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի գրավոր հիմնավորմամբ՝ համապատասխան պետական մարմնի ղեկավարի հրամանով կամ հանձնարարագրով սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 75 անընդմեջ աշխատանքային օր այն տնտեսավարող սուբյեկտների մոտ, որոնք ստուգվող ժամանակաշրջանի որևէ ֆինանսական տարվա արդյունքով 3,0 մլրդ դրամ և ավելի իրացման շրջանառություն ունեցող կամ համախառն եկամուտ են հայտարարագրել: 

Հարցին, թե երբ են նախատեսում ավարտել ստուգումները, Արթուր Գրիգորյանը պատասխանեց, որ ստուգումների ավարտի մասին որևէ տեղեկություն չի կարող ասել, ապա հավելեց, թե փաստ չէ նաև, որ 75 աշխատանքային օրերը կօգտագործեն: Երկարացումն, ըստ նրա, անհրաժեշտ էր, որ ժամկետների պատճառով չհայտնվեին ցայտնոտային իրավիճակում, և որ ժամկետները չսահմանափակեին իրականացվող գործընթացը:

Հիշեցնենք նաև, որ մայիսին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարական էր տվել ստուգումներ սկսել 28 մետաղական հանքարդյունաբերող ընկերություններում: Տեսչական մարմինն առաջին ստուգումն իրականացրել էր Ամուլսարի հանքավայրում: Արթուր Գրիգորյանի փոխանցմամբ՝ այդ ստուգումների արդյունքներն արդեն ուղարկել են կառավարություն:

Լուսանկարը՝ miningmetal.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter