HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի ավագանու անդամ. «Երևանը մարդ է ինձ համար, որ հիմա բողոքում է»

Սպիտակ ձեռնափայտը ծալած դրված է լսարանի սեղանի տակ: Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում «ներառական կրթություն» առարկայի դասախոս Սիփան Ասատրյանի շուրջ խմբվել են ուսանողները: Այդ օրը նրանք ռեֆերատներ էին հանձնում ներառական կրթության մասին: Սիփանի դեմքն անվրդով է, ժպիտով, մթնոլորտը՝ անկաշկանդ: Ուսանողներն ասում են, որ «ներառական կրթություն» առարկան կամընտրական է, և բոլորն ուզում են, որ «ընկեր Ասատրյանի խումբ գան»:

Պայուսակում տեղավորելով ուսանողների հանձնած ռեֆերատները՝ Սիփանը վերցնում է ձեռնափայտը: Քիչ հետո միասին դուրս ենք գալիս լսարանից: Հայաստանում գրեթե բոլոր բուհերը հարմարություն չունեն հաշմանդություն ունեցող անձանց տեղաշարժի համար: Սիփանն ասում է, որ նոր է դասավանդում մանկավարժական համալսարանում, և դեռևս լիարժեք ծանոթ չէ շենքին: Դա է պատճառը, որ ուսանողներն առայժմ օգնում են ելումուտ անելուն, հետո աջակցության կարիք չի ունենա:

Խնդիրն այն է, ըստ Սիփանի, որ բուհերի շենքերը հիմնականում կառուցված են խորհրդային տարիներին և հարմարեցված չեն հաշմանդություն ունեցող անձանց: Հիմա երբ նոր շենքեր են կառուցում, պետք է հաշվի առնեն ներառականության հարցը: Եվ առհասարակ, նրա կարծիքով, ներառականությունը պետք է ընդգրկվի բոլոր ոլորտներում:

Քայլելով Երևանում

Փողոցում Սիփանի հետ քայլելիս մի միտք էր պտտվում. եթե տեսողության խնդիր չունեցող մարդը աչքերը փակ փորձի տեղաշարժվել Երևանում, ի՞նչ կզգա: Եվ պատկերացրեք, որ փողոց եք անցնում առանց ձայնային լուսացույցի կամ երթուղային տաքսի պետք է նստեք:

-Ջուր է, ջուր է, ջրի մեջ եք ընկնում,- մանկավարժական համալասարանի բակի մեծ ջրափոսին մոտենալիս Սիփանին դիմում է լուսանկարիչ Սարոն:

-Հա, նորմալ ա, իմ կյանքն ա սա: Դրա համար խոր կոշիկներն եմ միշտ հագնում,- ժպտալով պատասխանում է Սիփանը՝ գետնի վրա սահեցնելով սպիտակ ձեռնափայտը:

Սիփանը բանասեր է, տիֆլոմանկավարժ: 4 տարեկանում տեսողությունը կորցրել է, ըստ բժիշկների, գլաուկոմայի հետևանքով է եղել: Նրա խոսքով՝ հաղթահարման ու հաշտեցման փուլն անցել է, անմատչելիությունն ու բողոքելը մի կողմ է դրել և հիմա աշխատում է հանգիստ տեղաշարժվելու և խնդիրները լուծելու ուղղությամբ: Հենց դա է եղել իր նպատակներից մեկը, երբ «Իմ քայլը» դաշինքով մասնակցել է Երևանի ավագանու ընտրություններին:

Սիփան Ասատրյանն ասում է, թե հույս ունի, որ ավագանու կազմում իր ներկայությունը ոչ թե ձևական, ներկայացուցչական կլինի, այլ գործառնական, և որ ժամանակ կգա, երբ հաշմանդամություն ունեցող անձինք ազդեցիկ ուժ կունենան բոլոր ծրագրերում: «Ներառականությունը բոլոր ոլորտներում պետք է լինի, որպեսզի կարողանանք հաղթահարել պատնեշը հաշմանդամություն ունեցողների և չունեցողների միջև: Բոլոր կառույցներում և ծրագրերում օրենքները պետք է հավասար լինեն բոլոր մարդկանց համար»,- նշում է Սիփանը:

Լսելով Երևանի խռպոտ ձայնը

Ավագանու անդամն ասում է, որ իր պատկերացմամբ Երևանն այսօր բավականին հիվանդ է, արծարծված շատ թեմաներ նախընտրում է չկրկնել՝ աղբահանություն, կանաչապատում, տրանսպորտ և այլն: Ամենամեծ փոփոխություններից մեկը համարում է քաղաքի մատչելիությունը:

«Էն, որ ասում են՝ ամեն մեկն իր դարդն է լացում, հիմա իմ պարագայում է՝ կուզեի, որ մի օր իմ քաղաքը լիներ մատչելի, հեշտությամբ տեղաշարժվեի: Օրինակ, եթե իմ քաղաքում աշխատեին ձայնային լուսակիրները, այլ ոչ թե մի քանի տեղ լինեին, ավելի շատ կքայլեի, չնայած հիմա էլ եմ քայլում, դա չի խանգարում ինձ: Կուզեի քաղաքը տակտիլ լիներ ինձ համար, տակտիլ ինչ է նշանակում՝ որ կարողանայի շոշափել իմ քաղաքը, այսինքն՝ տակտիլ սալիկներ լինեին, որոնք ինչ-որ տեղից ինչ-որ տեղ ինձ կուղեկցեին: Իհարկե, սա հեքիաթային է հնչում, նույնիսկ Եվրոպայում նոր է սկսվել կիրառվել, այնպես չէ, որ ամբողջ Եվրոպան հարմարեցված է»,- նշում է Սիփանը:

Ըստ նրա՝ մշակույթը փոխկապակցված է այն կյանքին ու առօրյային, որ ունենք այսօր: Եվ դա փոխելը շատ դժվար է: «Հիմա շատ ոգևորված ենք, շատ ավելի պահանջատեր ենք, հեղափոխությունից ոգևորված ենք, բայց մեկ-մեկ ասում եմ, որ խնդիր եմ տեսնում մեր մտածելակերպի մեջ: Այո, արել ենք այդ հեղափոխությունը, ուրախացել ենք դրանով, բայց մեր մտածելակերպում դեռևս չենք իրականացրել հեղափոխություն: Իսկ դա մեկ օրում ու մեկ կոճակով չի լինում, թերևս ժամանակ պահանջի մեզնից, նաև սերունդ պիտի անցնի»,- նկատում է Սիփանը՝ ավելացնելով, թե հույսը կապում է նոր սերնդի հետ: Եվ եթե հինը չկարողանան հարմարեցնել, ապա նորը կառուցելու դեպքում՝ նոր շենքեր, դպրոցներ, այգիներ, մտածենք ներառականության մասին: «Իսկ ինչո՞ւ չենք մտածում այդ մասին, որովհետև մեր կողքին չենք տեսել հաշմանդամություն ունեցող անձանց: Նրանք եղել են առանձնացված, հատուկ հաստատություներում, չեն քայլել մեզ հետ, չեն ապրել մեզ հետ, հաց չեն կերել մեզ հետ, իսկ հիմա մենք խնդիր ունենք լուծելու այդ հիմնահարցը, և  ժամանակն արդեն եկել է»,- նշում է Սիփանը:

Նրա փոխանցմամբ՝ այսօր Երևանն ասոցացվում է աղմուկի հետ, ինչի մեջ ինքը չի կարողանում հանգստանալ: Անգամ այգիներում է լսվում մեքնեաների ձայնը: Ասում է, թե մարդկային աղմուկն ավելի հաճելի է, քան մեքենաների հռնդյունը:

Սիփանի համար Երևանի ձայնը խռպոտ է հնչում: «Պատկերացնում եմ, որ Երևանն անընդհատ գոռում է, ճչում: Մենք անընդհատ խոսում ենք կենտրոնի բեռնաթափման մասին, կանաչապատման մասին, այո, Երևանը մարդ է ինձ համար, ով հիմա բողոքում է, ասում է՝ խնդրում եմ, մի դեղամիջոց գտեք, որպեսզի կարողանամ խնդիրներս լուծեմ»,- եզրափակում է Սիփան Ասատրյանը:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter