HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանի լեռնահարստացման կոմբինատը 55 միլիոն դոլարով վաճառվել է օֆշորային ընկերության

Երեկ ռուսական «Պոլիմետալ Ինթերնեյշնլ» հանքարդյունաբերող ընկերությունը (Polymetal International plc, գրանցված է օֆշորային Ջերսիում) համաձայնագիր է կնքել «Չաարատ Գոլդ Հոլդինգս» ընկերության (Chaarat Gold Holdings Limited) հետ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն վաճառելու վերաբերյալ: Վաճառքի գինը 55 միլիոն դոլար է: Այս մասին մեր հարցմանն ի պատասխան հայտնել է Կապանի լեռնահարստացման կոմբինատի գլխավոր տնօրենի հասարակայնության հետ կապերի եւ սոցիալական քաղաքականության գծով տեղակալ Վահրամ Ավագյանը:

Հարցին, թե ինչու է ռուսական կողմը որոշել վաճառել հայաստանյան ձեռնարկությունը, Վահրամ Ավագյանը պատասխանել է. «Վաճառքը «Պոլիմետալին» թույլ կտա կենտրոնանալ խոշոր ծրագրերի վրա ինչպես բարձրագույն ղեկավարության ուշադրության, այնպես էլ լրացուցիչ ներքին ֆինանսական ռեսուրսներ ունենալու տեսանկյուններից, որոնք կուղղվեն դրանց շինարարությանն ու զարգացմանը»:

Հիշեցնենք, որ «Պոլիմետալը» կապանյան կոմբինատը գնել էր 2016 թ. կանադական «Դանդի Փրիշս Մեթալս» ընկերությունից: Գործարքի պայմանագրի համաձայն՝ 10 մլն դոլարը կանադացիներին վճարվելու էր գումարով, իսկ 15 մլն-ին համարժեք էլ «Պոլիմետալից» բաժնեմաս էր տրվելու «Դանդիին», հավելած՝ Կապանի հանքավայրի շահագործումից ստացած 2 տոկոս ռոյալթին, որը չպիտի գերազանցեր 25 մլն դոլարը: Հիշեցնենք, որ «Պոլիմետալը» Հայաստանում Կապանից բացի իրավունքներ ունի նաեւ Լիճքվազի հանքավայրի հանդեպ:

Ինչ վերաբերում է Կապանի ԼՀԿ-ի նոր սեփականատեր «Chaarat Gold Holdings Limited»-ին, ապա վերջինս գրանցված է Բրիտանական Վիրջինյան Կղզիներում: Ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Վոլինեցը գործարքի մասին ասել է. «Այս ձեռքբերումը «Չաարատի» պորտֆելի հիանալի համալրում է եւ կխթանի մեր ռազմավարական նպատակը՝ կառուցել ոսկի արդյունահանող առաջատար, զարգացող ընկերություն»:    

Ընկերության պաշտոնական կայքում եւս նշվում է, որ դրա նպատակը Կենտրոնական Ասիայում եւ հետխորհրդային տարածքում ոսկու արդյունաբերությամբ զբաղվող առաջատար ձեռնարկություն դառնալն է:

Կապանի կոմբինատի նոր սեփականատեր օֆշորային ընկերության անունն առկա է Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) հրապարակած հայտնի թղթապանակներից մեկում՝ «Paradise Papers»-ում, որտեղ ներկայացված են «Չաարատի» որոշ կառուցվածքային մանրամասներ: Ըստ «Paradise Papers»-ի՝ «Chaarat Gold Holdings»-ը (CGH) նաեւ Մալթայում գրանցված «Chaarat Malta Limited»-ի համասեփականատեր է:

Իր պաշտոնական կայքում «CGH»-ը հայտնում է Ղրղըզստանում իր ակտիվի մասին: Այստեղ «CGH»-ը հիմնել է դուստր ձեռնարկություն՝ «Chaarat Zaav»: Ռուսական «Սպուտնիկի» ղրղըզական ծառայությունն էլ այս տարվա ապրիլին տեղեկացրել է, որ «CGH»-ի գլխավոր ակտիվը Ղրղըզստանի Ջալալ-Աբադի մարզի Չաարատ տեղամասն է, որտեղ ոսկու արդյունահանման ծրագիրը կյանքի կոչելու համար «CGH»-ը նախորդ տարի 15 մլն դոլար վարկ է վերցրել: «Սպուտնիկի» փոխանցմամբ՝ միջինասիական երկրում «Chaarat Zaav»-ը ստացել է 3 լիցենզիա՝ երկուսը՝ շահագործման, մեկը՝ հետախուզման: 2012 թ. Ղրղըզստանի այն ժամանակվա վարչապետ Ժանտորո Սատիբալդիեւը խախտումների պատճառով պահանջել էր փակել «Chaarat Zaav» ընկերությունը, սակայն հետագայում ամեն ինչ ավարտվել էր 153 հազար սոմ (մոտ 2200 դոլար) տուգանքով:  

«Chaarat Gold Holdings»-ի տնօրենների խորհրդի նախագահը Մարտին Անդերսոնն է, ով, ըստ ընկերության պաշտոնական կայքի, նաեւ «CGH»-ի ամենախոշոր բաժնետերն է (35,51 տոկոս): 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter