HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պրիվոլնոյե. հայ-ռուսական առնչության ամոթալի կողմը

Վահան Իշխանյան

«Միքայել հրեշտակապետի կանայք» ֆիլմը պատմում է Պրիվոլնոյե գյուղի հինգ ծեր կանանց մասին, ովքեր ամեն կիրակի առանց հոգևորական Միքայել հրեշտակապետի եկեղեցում պատարագ են մատուցում:

Նրանց կյանքը աշխարհից լքված անկյունում իմաստավորում են հավատը և եկեղեցին:  

«Միքայել հրեշտակապետի կանայք» ֆիլմը պատմում է նրանց երկու օրերը Սուրբ Երրորդություն տոնին:

Ֆիլմը նկարահանվել է 2014 թ.-ին, հեղինակներն են՝ Վիգեն Գալստյանը, Թամամ Համզան, Անահիտ Սահակյանը և տողերիս հեղինակը՝ Վահան Իշխանյանը, Եվրասիա հիմնադրամի դրամաշնորհով։

Ֆիլմը մասնակցել է 16 միջազգային կինոփառատոների, որոնցից հինգում ընդգրկվել է եզրափակիչ ցանկում։ Այժմ ֆիլմը հրապարակվում է առցանց:

Հայաստանի հյուսիսում 19-րդ դարի կեսերին՝ (պաշտոնապես 1850 թ.), ռուս զինվորականները ստեղծել են Պրիվոլնոյե համայնքը։ Սովետական տարիներին գյուղի 2000 բնակիչներից 1500-ը ռուսներ էին, մնացածը՝ հայեր և ադրբեջանցիներ։ Վերջինների ներկայությունը հիշեցնում է ադրբեջանական գերեզմանոցը։

1990-ականներից ռուս զինվորականների ժառանգները սկսեցին արտագաղթել, և այժմ մոտ 1000 բնակիչ ունեցող գյուղում ռուսները մոտ 80 հոգի են, հիմնականում ծեր կանայք: Բնակչության ստվար մասն Ադրբեջանից եկած փախստականներ են։ Հիմնական տնտեսությունն անասնաբուծությունն է։

Հետզհետե ռուսական մշակույթը ջնջվում է, ռուսների յուրահատուկ խրճիթները տեղացիները գնում, քանդում են ու նյութերը որպես վառելիք օգտագործում։ Ռուսական գերեզմանոցի մետաղե խաչերն են մնացել, փայտե խաչերը այլևս չկան, ինչ-որ մարդիկ տարել են որպես վառելիք։  

Երբեմնի ծաղկուն ու վայելչատես գյուղն այժմ անխնամ է, Ստեփանավանից մինչև գյուղ ձգվող 10 կմ հատվածը ավերակ է, այն աստիճան, որ նկարահանման գնալիս վարորդը հրաժարվեց քշել, ստիպված՝ ամբողջ տեխնիկայով իջանք և գյուղ գնացող ավտոբուսը նստեցինք։

Գյուղից ընտրված պատգամավորը ռուսաստանցի միլիոնատեր Սամվել Կարապետյանի եղբայրն է՝ Կարեն Կարապետյանը։ Պրիվոլնոյեից մի քանի կմ այն կողմ գտնվող Կարապետյանների հայրական գյուղը՝ Լեռնահովիտը, բարեկարգ է, երևի Հաաստանի ամենաբարեկարգ գյուղն է, գուցե ամենաբարեկարգ բնակավայրը՝ ներսի ճամփաները ասֆալտապատ, մայթերը եզրակալներով (բորդյուր) հղկված։ Սակայն այն երկրի (որտեղ հարստացել են Կարապետյանները) ժողովրդի գյուղը անուշադրության են մատնել և օգտագործել են միայն ԱԺ պատգամավորական տեղ ստանալու համար։

Ֆիլմի նկարահանման նպատակներից էր իշխանությունների ուշադրությունը հրավիրել Պրիվոլնոյեի խնդիրների վրա՝ վերանորոգել ճանապարհը, գյուղի խրճիթները պահպանել որպես մշակութային արգելոց, և գյուղը դարձնել հայ֊ռուսական բարեկամության խորհրդանիշ։

Հեղափոխությունից հետո Պրիվոլնոյեի խնդիրների վրա հրավիրեցինք նոր իշխանությունների ուշադրությունը, նամակ գրեցի վարչապետի խորհդականին, Ֆեյսբուքյան գրառմամբ դիմեցի նաև Մշակութի փոխնախարար Վահե Բուդումյանին և վարչապետի խոսնակ Արման Եղոյանին։

Օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելութում հայտարարեց, որ հայ֊ռուսական հումանիտար աննախադեպ միջոցառում են նախապատրաստում։ Հեռավոր հույս կար, որ Պրիվոլնոյեն ուշադրության է արժանանալու, սակայն պարզվեց որ այդ «հումանիտար»-ը Սիրիա զորք ուղարկելն է։

Դեռ չորս տարի առաջ պատմում էին, որ Միքայել հրեշտակապետի եկեղեցու երգչախումբն ավելի մեծ էր, սակայն ժամանակի ընթացքում փոքրանում է, հետզհետե կանայք հեռանում են այն աշխարհ։

Այժմ երգչախումբը ավելի է փոքրացել։

Պրիվոլնոյեի խնդիրներով մտահոգ ակտիվիստ Ռուզաննա Տոմեյանը ֆիլմի հետքերով վերջերս գտնում է մեզ և նամակագրությամբ տեղեկացնում է ֆիլմի հերոսների ճակատագրերի և գյուղի խնդիրների մասին։ Այսպես. պատարագին մասնակից հինգ կանանցից 2-ը մահացել են՝  Վալենտինա Մանուլովան և Մատրյոնա Գավրիլովան, նա, ով, ֆիլմում զայրույթը զսպելով, պատմում է, թե որդին լքել է իրեն ու տարիներ ի վեր նույնիսկ ոչ մի անգամ չի զանգել։

Եկեղեցի այլևս չի այցելում Վալենտինա Իվնովնան, նա ով ամբողջ պատարագն էր վարում։ Ռուսաստանում կորցրել էր երկու որդիներին, վերադարձել գյուղ, իսկ վերջերս էլ մահացել է նրա դուստրը՝ Օլգան։ Երկու թոռները վերադարձել են բանակից, և այժմ նրա մխիթարությունը ծոռնուհին է։

Ուկրաինա է մեկնել Մարիյա Բորշչը, նա, ով ֆիլմում երգում է։

Այժմ պատարագը մատուցում են երեք կանայք՝ Բաբա Շուրան՝ Ալեքսանդրա Հարությունյանը, նա արդեն 90 տարեկան է և ամեն կիրակի եկեղեցի է այցելում։ Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Վերա Ռեշետովան է այժմ պատարագը վարում։ Վերան մենակ է մնացել՝ ամուսնուն կորցրեց, նա Չերնոբիլի վթարի վերացման վետերան էր, հարևանուհին՝ Վերան, երկու տարի առաջ մահացավ, տունը վաճառեցին։ Վերայի մի դուստրը Երևանում է, մյուսը՝ Ռուսաստանում։

Կանանց հոգևոր ընտանիքը նոր անդամ ունի՝  Գայանե Տոմեյանը, ում վերջերս է օրհնել հոգևորականը։

2017 թ.-ի Ազգային ժողովի ընտրություններից առաջ ճանապարհը հարթեցրել էին, սակայն մի քանի ամիս անց  ձյունն ու անձրևները մաքրել, տարել են շինանյութը, և այժմ կրկին խորը փոսերը բացված են։

Պրիվոլնոյեն այլևս առանձին համայնք չէ. «Մեր գյուղը, առանց այն էլ բազմաթիվ խնդիրներ ուներ, հիմա էլ միավորել են յոթ այլ գյուղերի հետ՝ Սարչապետը մեր շրջկենտրոնն է, դժվարացրին առանց այն էլ մեր դժվար կյանքը, հիմա մի փաստաթղթի համար պետք է մի լայն շրջան կատարես՝ Ստեփանավան, Տաշիրով Սարչապետ»,- գրում է Ռուզաննան։

Միակ լավ նորությունն այն է, որ եկեղեցում լույս են քաշել։

Ռուզաննա Տոմեյանը 2000-ականներին Պրիվոլնոյեում բացել էր մանկական խմբակ, երգեր ու պարեր էր ուսուցանում, առողջական խնդիրների հետ կապված՝ մեկնում է Ռուսաստան։ Այժմ զբաղվում է Պրիվոլնոյեի խնդիրներով, գյուղից հեռացած պրիվոլնոյեցիներին է փորձում համախմբել։ Նրանք, ովքեր ցանկանում են Պրիվոլնոյե գյուղին օգնել, կարող են կապվել Ռուզաննա Տոմեյանի հետ հետևյալ էլ հասցեով՝ [email protected]:

Մեկնաբանություններ (5)

Владимир
Моя бабушка Дарья никитична Ломова родом из этлго села.
Лаура Варданян
¬¬А. С. Пушкин проезжая в 1829 г. по этим местам (Путешествие в Арзрум) отмечает "волчьи ворота" и "казачий пост". .В дал нейшем, Русские села и деревни в Армении образовались после отмены в России в 1861г. крепостного права и государственной политики заселения Восточной Армении русскими поселенцами. Спасибо Наташа! Наше Привольное для нас самое чудесное место в мире!
Наталия Николаевна Кальниченко
Мой дедушка Аким Константинович Ивлев и Бабушка Степанида Степановна Чичинёва (по линии отца), дедушка Митрофан Алексеевич Рыжов и бабушка Ганя Гаврииловна Пышнова (по линии мамы) никогда не рассказывали о только пяти русских военных - основателях прекрасного села Привольное. Там другая история. Более интересная. С уважением ко всем жителям дорогого мне Привольного, в котором я провела свое детство. Низкий всем поклон. Здоровья и счастья всем вам, дорогие. С уважением и глубокой любовью, Наталия Николаевна. Только сохраните себя и Привольное.
игорь
вы ребята че то напутали...какие пятеро военных?...вы о чем?...село было основано как блок-пост...за поселение в этом посту вместе с семьей скащяли 10 лет службы...наделяли землёй...как говорится слышали звон да не знаете где он...
Игорь
небольшие поправки...Валентина Фёдоровна Комбарова

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter