
ՀՀ դատախազությունը բավարարել է Քևին Օքսուզին ԱՄՆ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդությունը
Հայաստանի Հանրապետության դատախազությունը բավարարել է օգոստոսի 29-ին Երևանում ձերբակալված ազգությամբ թուրք, ԱՄՆ քաղաքացի Քևին (Քեմալ) Օքսուզին ԱՄՆ իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ միջնորդությունը, որը ներկայացրել էր ամերիկյան կողմը: Այս մասին «Հետք»-ին հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
Քևին Օքսուզը ԱՄՆ-ում մեղադրվում է ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովից փաստացի նյութերը կեղծելու միջոցով թաքցնելու և ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովին կեղծ հայտարարագիր ներկայացնելու /4 դրվագ/ մեջ:
Հիշեցնենք, որ Օքսուզին մեղադրանք է առաջադրվել նաև Հայաստանում: Նրա հիմնած «ԴԸ ՍԵՆԱ ԳՐՈՒՊ» ընկերության կողմից խոշոր չափերի հարկեր չվճարելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ:
Քեմալ Օքսուզը, ով ԱՄՆ քաղաքացիություն ստանալուց հետո դարձել է Քևին Օքսուզ, Ադրբեջանի համար լոբբիստական ակտիվ գործունեություն է ծավալել: Նրա անունը շոշափվել է մի շարք աղմկահարույց պատմություններում, ինչպիսիք են ԱՄՆ կոնգրեսականների՝ Ադրբեջան կատարած ուղևորության կազմակերպումը՝ SOCAR-ի հովանավորությամբ, «Ադրբեջանական լվացքատունը» և այլն: Քևին Օքսուզի գործունեության մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ:
Մեկնաբանել