HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արայիկ Հարությունյան․ «Գումարները, որոնք կան, եթե արդյունավետ և օպտիմալ են ծախսվում, արդյունքներ կարելի է արձանագրել»

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության, սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներում քննարկվեց 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԿԳՆ-ին 2019-ի բյուջեին հատկացվող գումարները նախատեսված է, նախորդ տարվա համեմատությամբ, ավելացնել 8 միլիարդ 808 մլն 500 հազար դրամով։

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ մի շարք ուղղություններով հատկացվող գումարն ավելացել է, ինչպես հանրակրթության ոլորտում է։ Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ 2019-ին նախատեսվում է հանրակրթության ոլորտին հատկացվող գումարն ավելացնել 4,3 միլիարդ դրամով։

«Քննարկել ենք նաև դպրոցաշինության խնդիրները, մեծ գումարներ են հատկացվելու, ՀԲ-ի աջակցությամբ կրթության բարելավում ծրագրի վրա 2,8 միլիարդ դրամ, ինչը ենթադրում է նաև դպրոցների հիմնանորոգումներ», -ասաց Հարությունյանը։

Արայիկ Հարությունյանը նաև ընդգծեց՝ միջին մասնագիտական ոլորտում օպտիմալացման անհրաժեշտություն է տեսնում։

Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ նաև նոր ծրագրեր են նախատեսում իրականացնել, ինչպես աբոնեմենտային համակարգը դպրոցականների համար, ըստ որի՝ 360 հազար աշակերտ հնարավորություն կունենա անվճար այցելել երեք մշակութային հաստատություն, ինչպես նաև արվեստի, մշակույթի գործիչները դասախոսություններով հանդես կգան դպրոցներում։

Հաջորդ տարի ուսուցիչների աշխատավարձի բարձրացում բյուջեով նախատեսված չէ, սակայն ուսուցիչներին հնարավորություն է տրվելու վերապատրաստվելու։ Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ վերապատրաստումից հետո աշխատավարձի զգալի բարձրացում է լինելու։ Այդ ոլորտի համար բյուջեով նախատեսված է շուրջ 860 միլիոն դրամ։

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը, դիմելով նախարարի պաշտոնակատարին, հետաքրքրվեց, թե արդյոք բյուջեով նախատեսված բոլոր ծրագրերը հնարավո՞ր է իրականացնել նախանշված գումարով։ Արայիկ Հարությունյանն արձագանքեց՝ ոլորտին հատկացվող գումարը միշտ էլ քիչ է, սակայն պաշտոնը ստանձնելուց հետո առաջինը, որ արձանագրել է, հետևյալն է․

«Իրականում այն գումարները, որոնք կան, եթե արդյունավետ և օպտիմալ են ծախսվում, արդյունքներ կարելի է արձանագրել, և դրա արդյունքում ավելի քան 1 միլիարդ դրամ արժողությամբ ծրագրեր ենք դադարեցրել և  վերաբաշխումներ ենք իրականացնում»,-ասաց նա։

Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե ավագ դպրոցները ե՞րբ են մոտենալու այն գաղափարին, որի համար ստեղծվել են, ինչպես նաև խոսեց հումանիտար և բնագիտական առարկաների ոչ համաչափ բաշխվածությունից։ Նախարարի պաշտոնակատարը համաձայնեց՝ ավագ դպրոցների հիմնադրման ժամանակ վերջիններիս ձև է հաղորդվել՝ առանց բովանդակության։

 «Պետք է ունենանք այն առաքելությունը, ինչն ամենասկզբում նախանշվել է, իդեալական կլինի, եթե ավագ դպրոցի գնահատականներով ու կրեդիտներով հնարավորություն լինի բուհ ընդունվելու, ու վերանանք ընդունելության քննություններից և կրկնուսույցներից»,-ասաց Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ պետք է հիմնական նպատակն այն լինի, որ աշակերտը մտածի ու վերհիշի, այլ ոչ թե անգիր անի։

Հարությունյանը խոսեց նաև բուհերում դասավանդվող առարկաների ոչ այնքան արդյունավետ ընտրության մասին։ Նախարարի պաշտոնակատարը որպես ԵՊՀ դասախոս հիշեցրեց, որ յուրաքանչյուր ֆակուլտետում իրավագիտություն են ուսանում։

«Մենք կարող ենք բուհերի հետ համագործակցել, որ որոշ առարկաներ ուսանեն ավագ դպրոցում, դրա փոխարեն ըստ ոլորտների հնարավորություն տրվի մասնագիտական առարկաների»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter