HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպանի խոսքով՝ Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած սպանության գործով ամբաստանյալն առողջական լուրջ խնդիր ունի

Նուբարաշենի խճուղում Եղիշե Խաչատրյանի սպանության գործով ամբաստանյալ Արթուր Զաքարյանը լուրջ առողջական խնդիրներ ունի։ Այս մասին այսօր հայտարարեց Զաքարյանի պաշտպան Վաչագան Քոսյանը։ Պաշտպանի խոսքով՝ Արթուր Զաքարյանը հոկտեմբերի 10–ին քաղաքացիական հիվանդանոցում հետազոտություն է անցել, և պարզվել է, որ գլխի շրջանում նորագոյացություն կա, անհրաժեշտ է վիրահատություն:

Փաստաբանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխել և նրա նկատմամբ թույլատրելի ճանաչել գրավը:

Ըստ պաշտպանի, Զաքարյանի՝ առողջական խնդիր ունենալու հանգամանքը միակ հիմքը չէ, որի համար միջնորդում են նրան կալանքից ազատել. Քոսյանը դատարանին հայտնեց, որ սպանության գործով իր պաշտպանյալի դեմ, բացի սպանված Եղիշե Խաչատրյանի մորից՝ Էմմա Աբրահամյանից, այլ անձ ցուցմունք չի տվել:

Մեղադրող դատախազ Վարդգես Սարգսյանի խոսքով, սակայն, վկաներից մեկը՝ ավտոտեխսպասարկման կետի տնօրենը, որի տարածքում տեղի է ունեցել սպանությունը, Զաքարյանի դեմ ցուցմունք է տվել: Բացի այդ, ըստ Վարդգես Սարգսյանի, հանգամանքը, որ մինչև դատավարության որևէ փուլը անձի դեմ ցուցմունքներ չեն տրվել, դեռևս հիմք չէ՝ պնդելու, որ նրա դեմ ցուցմունքներ չկան, քանի որ գործով դեռևս բոլոր վկաները չեն հարցաքննվել:

Դատախազը միջնորդեց դատարանին ամբաստանյալի նկատմամբ նշանակել դատաբժշկական փորձաքննություն` պարզելու, թե ինչ հիվանդությամբ է նա տառապում, այդ հիվանդությունը Կառավարության որոշմամբ պատիժ կրելու հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկին պատկանո՞ւմ է, թե ոչ: Ամբաստանյալներից Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը հիշեցրեց, որ Զաքարյանը պատիժ կրող անձ չի:

Դատարանը մեղադրողի միջնորդության լուծումը հետաձգեց՝ մինչև դրա համար էական հանգամանքների պարզումը և որոշեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ գրություն ուղարկել՝ պարզելու, թե արդյոք Զաքարյանի բուժումը հնարավոր է կազմակերպել «Նուբարաշեն» ՔԿՀ–ում։

Ինչ վերաբերում է Զաքարյանին կալանքից ազատելու միջնորդությանը, ապա դատարանը դրա վերաբերյալ դիրքորոշում կհայտնի հաջորդ դատական նիստին:

Նշենք, որ այսօր պետք է շարունակվեր վկա Դավիթ Գրիգորյանի հարցաքննությունը, սակայն վերջինիս ներկայությունն ապահովել չէր ստացվել:

Այս վկան հոկտեմբերի 22-ին եկել է դատարան ու Քննչական կոմիտեի Էրեբունու քննիչների, Էրեբունու ոստիկանապետի, Հատուկ քննչական ծառայության քննիչի վերաբերյալ ուշագրավ հայտարարություններ է արել:

Դավիթ Գրիգորյանի նկատմամբ նախաքննության ընթացքում պաշտպանության միջոց է կիրառվել, և ի սկզբանե հանդես է եկել Արմեն Սարգսյան կեղծանվամբ, ապա ցուցմունքներ տվել նաև իր անվամբ: Դատարանում ցուցմունք տալիս նա հայտնել է, որ Արմեն Սարգսյան կեղծանվամբ սուտ ցուցմունքներ է տվել. իրեն նման արարք են ստիպել կատարել Էրեբունու այն ժամանակվա ոստիկանապետ Գևորգ Հակոբյանը, Քննչական կոմիտեի էրեբունու քննիչներ Գրիգոր Մղդեսյանն ու Գառնիկ Մաթևոսյանը, «No problem» ավտոտեխսպասարկման կետի տնօրեն Հայկ Պետրոսյանը: Վկան նշել է նաև, որ ինքը տեղի ունեցածի մասին պատմել է Հատուկ քննչական ծառայության քննիչ Դավիթ Կոստանդյանին, որը ոչ միայն գործին ընթացք չի տվել, այլ ենթադրյալ ապօրինություններ է կատարել գործի քննության շրջանակներում:

Գրիգորյանի հարցաքննությունը դատարանը չէր ավարտել և պետք է շարունակեր հոկտեմբերի 29-ին նշանակված դատական նիստին, որին, սակայն, նա չէր ներկայացել: Դրանից հետո դատարանը Գրիգորյանին բերման ենթարկելու որոշում էր կայացրել, սակայն այսօր ոստիկանությունից գրություն էր ստացվել այն մասին, որ ոստիկաններն այցելել են Գրիգորյանի բնակարան, և մայրը հայտնել է, որ որդին գտնվում է Արթիկ քաղաքում, վերադառնալու է նոյեմբերի 11-ին:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 4-ին Նուբարաշենի խճուղում՝ No problem ավտոտեխսպասարկման կետի հարևանությամբ սպանվել է 58-ամյա Եղիշե Խաչատրյանը: Ըստ մեղադրանքի` Խաչատրյանը երթևեկության կանոնները խախտելու համար նկատողություն է արել ամբաստանյալներ Յուրի Հակոբյանին, Արտաշես Չիչոյանին ու Արարատ Նիկողոսյանին, որից հետո վերջիններս նրան հայհոյել են, ծեծել, ապա դեպքի վայր են եկել Արթուր Զաքարյանը, Խաչիկ Կոսյանը և ինքնությունը չպարզված ևս մեկ անձ, ու ծեծկռտուքը շարունակվել է այնքան, մինչև Եղիշե Խաչատրյանը սպանվել է: Դեպքի ժամանակ Եղիշե Խաչատրյանի հետ մեքենայում է եղել նաև նրա մայրը՝ Էմմա Աբրահամյանը, և միջադեպը տեղի է ունեցել մոր աչքի առաջ: Գործի դատաքննության ընթացքում Արարատ Նիկողոսյանը մահացել է, սակայն մահվան հիմքով վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվել և նրա մասով ևս քննությունը շարունակվում է:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter