Ցմահ ազատազրկումից պայմանական վաղաժամկետ ազատված Կարեն Օգանեսյանի նկատմամբ վերահսկողությունը կդադարեցվի
Ցմահ ազատազրկումից պայմանական վաղաժամկետ ազատ արձակված Կարեն Օգանեսյանի նկատմամբ վերահսկողությունը կդադարեցվի: Այն պահից, երբ Օգանեսյանն ազատ է արձակվել, այլևս չի համարվում ցմահ դատապարտյալ, հետևաբար համաներում հայտարարելու մասին օրենքում առկա դրույթը, համաձայն որի ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ համաներում չի կիրառվում, վերաբերելի չէ Կարեն Օգանեսյանին: Վերջինս համարվում է պրոբացիոն ծառայության շահառու, ում նկատմամբ տասը տարի ժամկետով պետք է վերահսկողություն իրականացվեր:
Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800 և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ հայտարարված համաներումը, սակայն, նախատեսվում է «դադարեցնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը», և այս հիմքով Կարեն Օգանեսյանի նկատմամբ վերահսկողությունը ևս ենթակա է դադարեցման:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, հոկտեմբերի 16-ին որոշել է Կարեն Օգանեսյանին պայմանական վաղաժամկետ ազատել պատժից՝ նրա նկատմամբ սահմանելով 10 տարի ժամկետով փորձաշրջան:
1996 թվականից ազատազրկման մեջ գտնվող դատապարտյալն ազատ էր արձակվել անմիջապես նիստերի դահլիճից:
Օգանեսյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել ԱՄՆ-ում, ապա տեղափոխվել Հայաստան: Ըստ ԱՄՆ-ի կայացրած դատավճռի՝ Օգանեսյանի ընկերը փողոցում պատահաբար վիճաբանության մեջ է մտել ինչ-որ անձանց հետ, ապա հնչել է կրակոցի ձայն, ընկերն ընկել է գետնին, դեմքին արյուն է եղել: Կարեն Օգանեսյանը, կարծելով, թե ընկերոջը կրակել են նրա հետ վիճաբանող անձինք, իրեն ամրակցված ծառայողական զենքով կրակել է նրանց ուղղությամբ՝ պատճառելով մահ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել