HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գեղամ Գևորգյանն «ավելի քան վստահ է»՝ իրեն և Տիգրան Ավինյանին առնչվող գործով կոռուպցիոն ռիսկեր չեն բացահայտվելու

Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր և փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին առնչվող «Հետք»-ի հրապարակմանը՝ վստահեցնելով, որ երբևէ որևէ առնչություն չի ունեցել կոռուպցիոն սխեմաների հետ։

Հիշեցնենք, որ հրապարակման համաձայն՝  փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ն չրի արտադրությունը զարգացնելու համար այս տարի մոտ 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից, որի տնօրենն էր նախարարի գործող պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։

«Ես արդեն բազմաթիվ անգամ պարզաբանել եմ, որ հիմնադրամի տնօրենը չէր կարող որևէ մեկին գրանտ տալ կամ չտալ, հստակ գործընթացը հրապարակել ենք, նկարագրել։ Գործընթացը սկսվել է դեռևս փետրվար ամսին, երբ պարոն Ավինյանն ընդհանրապես քաղաքականության մեջ չկար որպես կառավարության անդամ, գործընթացի փուլերի գերազանցապես գրեթե բոլոր մասերը անցած է եղել դեռևս մինչ իր փոխվաչապետ նշանակվելը, գրանտի զուտ տրամադրման պահը համընկել է պարոն փոխվարչապետի նշանակման հետ։ Գրանտը տրամադրելու համար եղել են տարբեր հանձնաժողովներ, որտեղ հիմնադրամի տնօրենը որևէ ներկայացուցիչ չի ունեցել, հիմնադրամի տնօրենը չէր կարող նշանակել այդ անձանց կամ ազատել: Դեռևս 2015-ին է ստեղծվել այդ հանձնաժողովը, որևէ կերպ ես չէի կարող առնչություն ունենալ գրանտի տրամադրման  հարցում»,- ասաց Գևորգյանը։

Նախարարի պաշտոնակատարն այդպես էլ չհստակեցրեց, թե կառավարությունից ով է իրեն հրավիրել աշխատանքի: «Ինձ հրավեր ուղարկվել է կառավարությունից, ընթացակարգային հարց է»,- ասաց նա։

Իսկ թե ինչ հարաբերություններ է ունեցել փոխվարչապետի պաշտոնակատարի հետ․ Գեղամ Գևորգյանն ասաց․ «Ինչպես պարոն Ավինյանի, այնպես էլ կառավարության այլ անդամների հետ գործնական լավ հարաբերություններ ունեմ, ես արդեն 10 տարի կառավարման համակարգում եմ»։

Գևորգյանը վստահեցրեց՝ թե՛ իր պաշտոնավարման շրջանում՝ որպես նախարար, թե՛ դրանից վաղ որևէ կոռուպցիոն մեխանիզմում չի ընդգրկվել, նաև հավելեց՝ կոռուպցիա լինելու դեպքում համապատասխան մարմիններն արդեն նկատած կլինեին։

Մեր դիտարկմանը, որ վարչապետի պաշտոնակատարի հանձնարարականով այդ հարցով ուսումնասիրություններ են սկսվել, վստա՞հ է, որ կոռուպցիոն ռիսկեր չեն բացահայտվելու, Գևորգյանն արձագանքեց․ «Ավելի քան վստահ եմ»։

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում Գեղամ Գևորգյանը չի առաջադրվելու։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter