HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն՝ սահմանելով աշխարհի երկու ռեկորդ

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 109 կգ քաշային կարգում հանդես եկող Սիմոն Մարիտրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն՝ սահմանելով երկամարտի և հրում վարժության աշխարհի ռեկորդ:

Պոկում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը 195 կգ ծանրաձողը բարձրացրեց՝ զիջելով միայն չինացի Յանգ Ժիին, ով պոկեց 196 կիլոգրամ: Ի դեպ, Սիմոն Մարտիրոսյանը կարող էր նաև այս վարժությունում աշխարհի ռեկորդ սահմանել, նա գլխավերևում պահեց 197 կիլոգրամանոց ծանրաձողը, սակայն մրցավարները չհաշվեցին այդ մոտեցումը: Պոկում վարժությունում փոքր բրոնզ նվաճեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ռոդիոն Բոչկովը՝ 190 կգ արդյունքով:

Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը մրցակցությունից դուրս էր, նա նախ 230 կիլոգրամանոց ծանրաձողը բարձրացրեց, ապա գլխավերևում պահեց 240 կիլոգրամը՝ սահմանելով և՛ երկամարտի (435) և՛ հրում վարժությունում աշխարհի ռեկորդ: Երրորդ մոտեցումից հայ ծանրորդը հրաժարվեց: Հրում վարժությունում երկրորդը լեհ Արկադիուշ Միխալսկին էր (228 կգ), իսկ երրորդը Ուզբեկստանի ներկայացուցիչ, 2016թ. օլիմպիական չեմպիոն Ռուսլան Նուրուդինովը (227 կգ), ով 0 էր գրանցել պոկում վարժությունում:

Ինչպես արդեն նշեցինք, երկամարտի 435 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն, փոխչեմպիոնի կոչումը 419 կգ-ով նվաճեց չինացի Յանգ Ժին, իսկ բրոնզե մեդալին արժանացավ լեհ Արկադիուշ Միխալսկին՝ 403 կգ արդյունքով:

21-ամյա Սիմոն Մարտիրոսյանը առաջին անգամ է աշխարհի մեծահասակների առաջնությունում նվաճում չեմպիոնի տիտղոսը: Մի քանի օր առաջ նա նաև դարձել էր Եվրոպայի երիտասարդական առաջնության, 2016 և 2017 թվականներին աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, 2016թ. հռչակվել էր օլիմպիական փոխչեմպիոն, ինչպես նաև 2014թ. աշխարհի պատանեկան առաջնության հաղթող: 

Ծանրամարտի աշխարհի առաջնությում Հայաստանի ներկայացուցիչներից միայն Սիմոն Մարտիրոսյանին է հաջողվել երկամարտի արդյունքով մրցանակային տեղ գրավել: Թերևս կարելի է նշել նաև 89 կգ քաշային կարգում հանդես եկող Հակոբ Մկրտչյանին, ով փոքր արծաթե մեդալ էր նվաճել հրում վարժությունում՝ գլխավերևում պահելով 205 կիլոգրամանոց ծանրաձողը, սակայն երկամարտում զբաղեցրել էր ընդամենը 7-րդ հորիզոնականը՝ 365 կգ արդյունքով:

Վաղը՝ նոյեմբերի 10-ին, մրցահարթակ դուրս կգան գերծանր քաշային ծանրորդները, որտեղ Հայաստանը կներկայացնի 24-ամյա Գոռ Մինասյանը:

Լուսանկարները՝ առաջնության պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter