HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ալեքսանդր Սարգսյանի որդու դեմ ցուցմունք տված ընկերը չի ընդունում թմրանյութերի իրացման վերաբերյալ մեղադրանքը

Ալեքսանդր Սարգսյանի որդու ընկերը՝ Դավիթ Սիմոնյանը, որը նրա դեմ ցուցմունք էր տվել, չի ընդունում թմրանյութերի իրացման գործով իրեն առաջադրված մեղադրանքը: Այսօր տեղի ունեցած դատական նիստին այս մասին ասաց ինքը՝ Սիմոնյանը:

Ըստ մեղադրանքի՝ Սիմոնյանը 2017թ. դեկտեմբերի 19-ին` ժամը 13:40-ի սահմաններում, իրացնելու նպատակով Էդուարդ Թոռնիկի Ղազարյանից ապօրինի ձեռք է բերել և պահել ընդհանուր 25.72 գրամ մարիխուաննա տեսակի թմրամիջոց, որից Գոռ Համբարձումյանին ապօրինի իրացրել է զգալի չափերով` 3.56 գրամ քաշով մարիխուաննա տեսակի թմրամիջոց և 0.015 գրամ բուսական մանրացված զանգվածի և ծխախոտի մասնիկների խառնուրդ, Լևոն Սերգեյի Գաբրիելյանին ապօրինի իրացրել է զգալի չափերով 0.42 գրամ քաշով մարիխուաննա տեսակի թմրամիջոց, իսկ մնացած 21.74 գրամ մարիխուաննա տեսակի թմրամիջոցը իրացման նպատակով ապօրինի պահել է իր վարած ավտոմեքենայում:

 Դատարանում քննվող գործի շրջանակներում ամբաստանյալի աթոռին են հայտնվել Դավիթ Սիմոնյանը, Էդուարդ Ղազարյանն ու Գոռ Համբարձումյանը:

Ամբաստանյալ Էդուարդ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, չպարզված ժամանակ և հանգամանքներում, իրացնելու նպատակով քննությամբ չպարզված անձից ապօրինի ձեռք է բերել և  պահել առանձնապես խոշոր չափերով բուպրենորֆին, հաշիշ և  մարիխուաննա տեսակի թմրամիջոցներ, որից խոշոր չափերով ապօրինի իրացրել է Դավիթ Սիմոնյանին: Ղազարյանը ևս իրեն առաջադրված մեղադրանքը չընդունեց:

Ամբաստանյալ Գոռ Համբարձումյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն առանց իրացնելու նպատակի: Այս արարքը ենթակա է համաներման՝ համաձայն «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության 100-ամյակի առթիվ» հայտարարված «Համաներման մասին» օրենքի:

Համբարձումյանի պաշտպան Էմին Խաչատրյանը դատարանին միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ համաներում կիրառել, և դատարանը բավարարեց միջնորդությունը:

Նշենք, որ  Դավիթ Սիմոնյանին և Էդուարդ Ղազարյանին մեղսագրվող արարքը՝ «թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը», համաներման ենթակա չէ:

Դատարանն այսօր սահմանեց գործով ապացույցների հետազոտման հաջորդականությունը, համաձայն որի՝ նախ կհետզոտվեն առկա ապացույցներն, ապա կհարցաքննվեն ամբաստանյալները:

Նշենք, որ թեև Սիմոնյանն այս գործի շրջանակներում ազատության մեջ է,  դատարան է բերվել Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցների կողմից: Բանն այն է, որ Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ սպանության փորձի վերաբերյալ գործի շրջանակներում, որում Սիմոնյանը տուժողի կարգավիճակ ունի, նրա նկատմամբ պաշտպանության միջոց է կիրառվել: Վերջինս լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ անհանգստանում է իր անվտանգության համար:

Սիմոնյանը 2017 թվականից թմրանյութերի ապօրինի շրջանառության վերաբերյալ վերը նշված գործով գտնվելիս է եղել կալանքի տակ:

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նա հանցագործության մասին հաղորդում է տվել իր ընկերոջ` Հայկ Սարգսյանի դեմ՝ նշելով, թե վերջինս 11 տարի առաջ փորձել է իրեն սպանել, և  որոշ ժամանակ անց թմրանյութի ապօրինի շրջանառության գործով նրա խափաման միջոց կալանավորումը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:

 

 

 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter