
ՊՆ-ն հրաժարվում է ասելուց, թե որ պաշտոնյաների որդիներն են ծառայել ՊՆ շենքում և դեսպանություններում
Պաշտպանության նախարարությունը հրաժարվում է տեղեկություն տրամադրելուց այն մասին, թե վերջին 10 տարիներին որ բարձրաստիճան պաշտոնյաների որդիների զինծառայությունն է անցել ՊՆ շենքում և տարբեր երկրների ՀՀ դեսպանությունների տարածքում:
Նախարարությունը հերթական անգամ մերժել է «Հետք»-ի՝ այս թեմայով հարցումը՝ վկայակոչելով մեր նախորդ հարցման պատասխանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ խնդրել էինք տրամադրել նախարարության շենքում ծառայություն անցած քաղաքացիների անուն- ազգանունները, սակայն նախարարությունից պատասխանել էին, որ նշված տեղեկատվությունը պաշտպանվում է օրենսդրությամբ, քանի որ «ժամկետային զինծառայողները զորացրվելուց հետո հաշվառվում են պահեստազորում, և նրանց տվյալների բացահայտումը կարող է դիտարկվել որպես օրենքի խախտում»:
Տեղեկացնենք, որ նախարարությանը հարցրել էինք նաև, թե 2018 թվականի ամառային զորակոչի ժամանակ քաղաքացիներ եղե՞լ են, որոնց ծառայության վայրն ընտրվել է ՊՆ շենքը և այլ պետություններում ՀՀ դեսպանությունների տարածքը, և եթե այո, ապա՝ որքան, սակայն այս հարցին էլ որևէ պատասխան չի տրվել:
Ի դեպ, մեր տրամադրության տակ է մի քանի տասնյակ նախկին ու ներկա պաշտոնյաների որդիների՝ պարտադիր զինվորական ծառայություն անցնելու մասին տեղեկատվություն, որը տրամադրել է նախարարությունը՝ մեր այլ հարցումներին պատասխանելով, սակայն այն դեռ չենք հրապարակում, քանի դեռ չունենք վերջիններիս ծառայության վայրի մասին տեղեկություն:
Մեկնաբանել