HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնում Աննա Կամայն է

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխվել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելու նա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում  մշակութային մենեջեր, համադրող Աննա Կամայն է։

Աննա Կամայը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Աննան գերզգայուն «ֆիդայի-նինջա» է, անտեսանելի նինջա․ երկու բառերն էլ ուղիղ իմաստով կապ ունեն կոնֆլիկտի ու կռվի հետ, բայց ինքն այդ կոնտեքստում չի գործածում բառերը․ իր կռիվը հոգեւոր է, ուղղակի սրված այն աստիճանի, ինչպես «ֆիդայու» եւ «նինջայի» դեպքում է։ Հասկանու՞մ ես չէ, որ  կարծրատիպային ընկալման «ֆիդային» չի, եւ ոչ էլ կարծրատիպային ընկալման «նինջան»․․․

Ինքը բոլոր տեղերում ընդունված է, բայց ոչ մի տեղում «տանը» չէ․․․ Գուցե նրանից է, որ շատ իրականություններ է ապրել, մարդկանց լավ է հասկանում եւ միշտ իրեն դնում է «ուրիշի տեղը»։ Այդպես կարող է դժվարանալ ինքն իրեն գտնելու պահը, այդպես կարող է չքնել ողջ գիշեր, մտածել աշխարհի մասին, էկոլոգիայի մասին, մտածել, որ շուտով աղետի հետեւանքով սկսվելու են մարդկային անդադար հոսքեր տարբեր ուղղություններով․․․

Երեկ աղջիկը՝ Ալյան, իրեն հարցրեց Մարսի մասին, ինքն ասաց, որ գուցե Ալյան մի օր «տեղափոխվի» այդ մոլորակում ապրելու, որովհետեւ լինելու են հոսքեր այս մոլորակից․․․ Աղջիկը զարմացավ, ասաց, որ չի ուզում խոսել դրա մասին, հարցրեց՝ ինքն էլ կգա իր հետ, ինքն ասաց, եթե դեռ ողջ լինի, անպայման։

Հասկանու՞մ է՝ այս մտքերը ծանր են իր համար, հասկանում ես, որ հեչ լավ ուղղությամբ չեն տանում իրեն, բայց մազոխիստական մի ձեւով չի կարողանում կտրվել աշխարհի ազդեցություններից ու ինֆորմացիայից, որն արդեն հասանելի է։

Եվ մեդիտացիա է անում, եւ չի կարողանում կտրվել․․․ Դրանից է, որ որքան էլ խմի, չի հարբի, որովհետեւ իրականությունից կտրվելու շանսեր չունի։

«Երրորդ տարածությունը» շատ հարցերի հանգեցրեց, բայց սկսելու եմ այնտեղից, որտեղից քո հիշողությունն է սկսվումմի հարցազրույցում ասում ես, որ այդ հիշողությունը Էդգար Ալան Պոյի գիրքն է, որ պահում էիր բարձիդ տակ ու թաքուն կարդում, երբ դեռ շատ փոքր էիր։ 

Մինչեւ կասեմ՝ Պոի գիրքն ինչ գործ ուներ իմ բարձի տակ, հետաքրքիր մի այլ պատմություն կա այդ հարցազրույցի հետ կապված: Artsakh Fest-ի ժամանակ տուն էինք վարձել, որտեղ բնակվելու էինք նախապատրաստական աշխատանքների եւ բուն փառատոնի իրականացման ընթացքում։ Միջանցքում թերթ էր փռված, որի վրա կոշիկներն էինք դնում, ու աղջիկս մի օր ասում է․ «Մա՛մ, տե՛ս, դու ես»․․․ Մտածեցի՝ ինչ-որ մեկին ինձ է նմանեցնում, մոտեցա, տեսա, որ ցեխոտ այդ թերթը «Ճամփորդ»-ն է, որտեղ էլ տպվել է Պո կարդալու իմ հիշողության մասին մեջբերումը։

Իսկ առհասարակ հիշողություններս սկսվում են չորս-հինգ տարեկանից․ մթագնած հիշողություններ, որովհետեւ բացասականը շատ է եղել, եւ, ինչպես բոլորի դեպքում, իմ պարագայում էլ բացասականը ժամանակի հետ դուրս է մղվել․․․ Բայց Պոն, Պոյի պատմություններն ուրիշ էին․ գիրքը հայտնվել էր մոտս, երբ ութ տարեկան էի․ կարդում էի ու պահում, որովհետեւ գիտեի՝ մերոնք կվերցնեն ձեռքիցս, անհասանելի կդառնա։ Կար մի ուրիշ գիրք էլ, որ Պոյի կողքին էլի բարձիս տակ էր, մի ձեռնարկ, որն ամուսնության մասին էր՝ սեքսից մինչեւ երեխա ունենալու մանրամասներով։ Այս էին երկու գաղտնիքները, որոնցից մեկը՝ Պոն, իմ սերն էր։

Հետո ահռելի գրադարանը, որ ընտանեկան միակ հարստությունն էր, անբաժան ընկերս դարձավ։ Մինչեւ դպրոցն ավարտելը ես կտրված էի իրականությունից, չունեի ընկերներ, ձեւավորվել էր մի վաակում, որից դուրս ոչ մի հարաբերություն չկար։

Վերջին անգամ ե՞րբ ես ընթերցել Պո։

Հիմա չեմ կարող դա կարդալ, չեմ էլ հիշում, երբ եմ անդրադարձել վերջին անգամ, բայց գիրքը մանկությանս եւ պատանեկությանս շրջանի ընկերն էր։

Վաակումային իրականությունից դուրս եկար, երբ արդեն ուսանո՞ղ էիր։

12 տարեկան էի, երբ հայրս մահացավ, եւ այդ լուրն անգամ դպրոցում չասացի, որովհետեւ վախենում էի՝ կխղճան ինձ։ Այս առումով է, որ ասում եմ հարաբերություն չունեի, ընկերներ չունեի (մինչեւ հիմա էլ ինձ համար մեծ վախ է․ հանկարծ չխղճան ինձ)։

Դպրոցում տարօրինակ կերպ կար․ հագնում էի երկար սեւ կիսաշրջազգեստներ, մազերիս գունավոր լաք էի փչում, եղունգներս գազարագույն ներկ քսում․․․ Այնպիսի արտաքին տեսք էր, որ դպրոցից հաճախ էին հետ ուղարկում տուն՝ զգեստափոխվելու։

Երեւի սարսափելի էր այդ մեկուսացումը․ ծնողներս ամուսնալուծված էին, բայց ապրում էինք նույն տանը։ Մայրս ուսուցիչ էր եւ տարված իր աշխատանքով այն աստիճան, որ եղբորս ու ինձ համար ժամանակ չուներ։ Ես չգիտեի՝ ինչ է սերը, ինչու են գրակախառնվում, համբուրվում, լավ խոսքեր ասում միմյանց։ Համալսարանում շատ բան փոխվեց, ընկերներ ձեռք բերեցի նաեւ։

Երազանքներ ձեւավորվու՞մ էին, կա՞ր նպատակ այսպիսին կամ այնպիսին դառնալու։

Միակ բանը, որ պարզորոշ հիշում եմ, այն է, որ մտածում էի՝ իմ մասին պիտի ֆիլմ նկարվի (ծիծաղում է), մտածում էի՝ ինչպես պիտի մեկն ինձ մարմնավորի, ինչպես պիտի խաղա իմ մանկությունը․․․ Հիմա կարող եմ ֆիքսել, որ ինքս ինձ «բուժելու» ճիշտ ճանապարհին հայտնվեցի։

Մինչեւ բուն զրույցին անցնելն էլ, երբ սուրճ էինք պատրաստում, «ինքնաբուժման» մասին էիր խոսումես քեզ տեսել եմ երկխոսությունների, քննարկումների լայն ու նեղ շրջանակներում, տեսել եմ շփումդ, համադրություններդ։

Հա, որովհետեւ ինտեգրվող եմ, բոլոր տեղերում էլ կարողանում եմ դրսեւորվել։ Իրարից շատ տարբեր միջավայրերն ու վիճակները խնդիր չեն ինձ համար, միեւնույն ժամանակ բոլոր այդ տեղերում ձուլվում եմ իրականությանը, մարդկանց․․․ Հետո ինձ առանձնացնելը բարդ է դառնում, խորանալու ու կորչելու վտանգ եմ զգում։ Դրա համար հաճախ վերադառնում եմ իմ «տեղին», փորձում եմ ինձ հարցել տալ, հասկանալ՝ ով եմ, ինչ եմ ուզում։

Այդ «տեղը» տարածական իմաստով բնութագրիչներ ունի՞։ Հայաստանը, որպես քո ծննդավայր, բնակության տեղ, արտահայտու՞մ է այդ ազդակները, կապվա՞ծ եք։

Արհեստականորեն եմ կապում ինձ Հայաստանին․ անձանգրով, ծննդավայրով հայ եմ, բայց դա ինքնության հարց չի որոշում․ ինքնությամբ ես մարդ եմ, քաղաքացիությունը կապ չունի։ Այս առումով «տեղը» չի կարող բնորոշվել Հայաստանով։ Ես ապրել եմ տարբեր իրականություններում․ կարող ես գրել, որ յոթ-ութ լրիվ տարբեր կյանքեր եմ ապրել։

Ի՞նչ նկատի ունես։

Դրանք այն տարբեր իրականություններն են, որտեղ դրսեւորվել եմ տարբեր կերպ․ տես՝ ես վստահ եմ, որ հայաստանյան իրականությունը լավ գիտեմ, եւ համոզված եմ, որ մարդը, ով գիտի իր հասարակությունը, հենց այդտեղ կարող է իր գործունեությամբ ազդեցություն ունենալ։ Դրանից է, որ ինչ անում եմ այստեղ, կարող եմ անել մեկ այլ տեղ եւս, բայց ազդեցության ու արդյունավետության տարբերություն կլինի։ Այդպես ունեմ երեք տեղ՝ Հայաստանը, Մարոկկոն եւ Լեհաստանը․ հենց այս երեք երկրներում եմ երկար ապրել եւ հենց այս երեք երկներում կարող եմ հասկանալ՝ ինչպես վարվել, ինչպես աշխատել, ինչ ազդեցություններ ու ազդակներ կլինեն։

Գործողությունը պայմանավորված է ազդեցությա՞մբ։

Իմ ամենօրյա կյանքն է գործողությունը, ուրիշ ոչ մի բան․․․ Թեկուզ այդ գործողությունը հանդիսատես չունենա։ Ինչ վերաբերում է հանրային գործունեությանը, որոշում կայացնելը կարող է տարիներ տեւել։

Ասում ես՝ Հայաստանին արհեստականորեն ես կապված, բայց պիտի հարցնեմ քո եւ Հայաստանի հարաբերության մասին։

Դրսում է, որ այդ հարաբերությունը շոշափելի է դառնում, որովհետեւ մարդիկ քեզ ընկալում են որպես հայ, ինդենտիֆիկացնում են Հայաստանի հետ, եւ դու էլ այդ դերը ստանձնում ես։

Հետաքրքիր էր Մարոկկոյում միակ հայը լինելու փորձառությունը, որովհետեւ մարդիկ տեսնում էին ինձ, շփվում էին ինձ հետ եւ պատկերացնում, որ սա է «հայը»։ Եվ եղավ այսպիսի մի պատմություն․ երեխայիս հոր հետ առաջին անգամ Հայաստան էինք գալիս (ամենաէժան տարբերակը Կասաբլանկա-Ստամբուլ չվերթն էր, որից հետո Ստամբուլից Երեւան արդեն պիտի ավտոբուսով շարունակեինք)։

Նորդինի հետ Ստամբուլում նստեցինք Երեւան գնացող ավտոբուսը, որտեղ հիմնականում առեւտրականներ էին՝ սեւ հագնված, ոչ կոկիկ, աղմկոտ։ Ինքը զարմացավ, հարցրեց․ «Ո՞նց, իրենք հայե՞ր են»։ Նորդինի հարցը ծիծաղեցրեց․ մտածեցի, որ Մարոկկոյում բոլորը նույն բանը կմտածեին, ինչ Նորդինը մտածեց, երբ տեսավ ավտոբուսի մեջ եղած հայերին։

Թեկուզ հիմա «արհեստական» բառով ես բնորոշում կապդ Հայաստանի հետ, ես հակադրվելու մի հնարավորություն առնվազն ունեմ։ Տարիներ շարունակ նկատել եմ, թե քեզ ինչքան են անհանգստացնում հարցեր, որոնք կապ ունեն հենց այստեղի հետ։

Տեսել եմ, թե ինչպես է քեզ անհանգստացնում սիրիահայերի ճակատագիրը, տեսել եմ, թե ինչպես ես վերաբերում ճարտարապետական կառույցներին, թե ինչպես ես այդ «անհանգստությունները» վերաձեւակերպում ցուցահանդեսի կամ փառատոնի միջոցով, ինչպես օրինակ Artsakh Fest-ը։ Սա հարաբերության ձեւ չի՞, սա արհեստակա՞ն է։

Ուր էլ լինեի, անդրադառնալու էի խնդիրներին, որոնք ազդում են ինձ վրա։ Չեմ կարող դրանց կողքով անտաբեր անցնել, չեմ կարող ասել՝ չեմ նկատում, չեմ խոսելու դրանց մասին։

Ո՞նց բացատրեմ քեզ․․․ Տես՝ ես մեծ վախ ունեմ կոնֆլիկտներից եւ կոնֆլիկտի ժամանակ դառնում եմ այն կենդանին, որն ունի «fight or flight» (կռվել կամ թռչել) սինդրոմը։ Այս վախը ամեն տեղ կարող է դրսեւորվել, ամեն տեղ կարող է իր արտահայտության ձեւը գտնել։ Վախ, որն առաջացել է գուցե այն ժամանակ, երբ դեռ հայրս ու մայրս էին վիճում։

Կոնֆլիկտային իրավիճակներում դրսեւորումը ո՞րն է դառնում։ Այդ սինդրոմը կրելը պատասխանատվությու՞ն է առաջացնում։

Ես այս սինդրոմի կրողն եմ մշտապես։ Կոնֆլիկտային իրավիճակում փորձում եմ կամ լուծում տալ, կամ խուսափել։ Տանս պատին փակցված են կոնֆլիկտի առաջացման պատճառները, որը անբավարարվածությունը կարող է լինել, որը հաղորդակցության բացակայությունը կարող է լինել․․․ Եվ, եթե կա բախում, ամենասարսափելին է ու միաժամանակ ամենահետաքրքիրն ինձ համար։ Այդ իրավիճակում շարունակում եմ կարեւորել մարդուն, ով հայտնվել է կոնֆլիկտի մեջ կամ կարող է հայտնվել։

Նշածս «պատասխանատվությունը» վերաբերում էր այն բանին, որ խնդիրը տեղափում ես այլ շերտ, որ «խոսում» ես դրա մասին լուսանկարչական ցուցահանդես կամ փառատոն նախաձեռնելով։

Այդ կոնֆլիկտային իրավիճակները եւ խնդիրները քո դեպքում անցնում են ուրիշ շերտ, դառնում են ցուցահանդես, փառատոն, համադրում ես եղած նյութը, որը վերաբերում է կոնֆլիկտին։

Ես հարց լուծել չեմ կարող, կարող եմ ասել․ «Այսպիսի հարց կա, ժողովու՛րդ, ի՞նչ կարող ենք անել»։

Ժողովուրդը «պատասխանու՞մ» է։

Ես ասում եմ «այսպիսի հարց կա» ու շարունակում եմ․ «ուզում եք ուշադրություն դարձրեք դրան, կամ մի դարձրեք, բայց հաստատ է, որ դրանից դուրս չեք կարող ապրել»․․․

Ո՞նց կարող ես ապրել Երեւանում ու չհասկանալ, որ սահմանին կռիվ է գնում։ Ո՞նց կարող ես անտարբեր լինել, երբ զանգում ես Արցախում ապրող ընկերոջդ ու լսում ես կրակոցի ձայն։ Կարո՞ղ ես մայրաքաղաքային այդ փուչիկի մեջ երկար ապրել, ասել, որ Արցախի հետ գործ չունես, որ դա քեզ չի վերաբերում, որ դու պացիֆիստ ես ի վերջո․․․Ինձնից առավել պացիֆիստ թող ոչ ոք չլինի, բայց, եթե այդ իրողության մասին շարունակում ես չմտածել, ուրեմն իրականության ընկալման խնդիրներ ունես։

Artsakh Fest-ն այս իմաստով ինչպե՞ս ընկալվեց։ Ի վերջո բացվեցին տարիներ շարունակ անուշադրության մատնված Ստեփանակերտի մայր թատրոնի դռները, ու երեւաց ժամանակակից արվեստագետը՝ իր գործողությամբ․․․ Տեղացիները վրա ազդեցություն ունեցա՞վ փառատոնը։

Դե առնվազն հիսուն հոգու կյանք էլ երբեք նույնը չի լինի։ Նույնը չի լինի այն տեղացի երիտասարդների համար, ովքեր անմիջական մասնակցություն ունեին փառատոնին, ովքեր շփվեցին մարդկանց հետ, որոնց հետ այլ կոնտեքստում երբեւէ գուցե չշփվեին։ Փառատոնի ընթացքում եւ տեղացու, եւ միջազգային արվեստագետի վրա ազդեցություններ եղան, եւ դա բնական էր։

Մինչ Artsakh Fest-ը Դրամատիկականի շենքը, որ Ստեփանակերտի յուրահատուկ կառույցներից է, «նկատելի՞» էր արցախցուն, կարեւորվում էր որպես ճարտարապետական, պատմական կառույց։

Տեղացիները թատրոնի շենքին «Ստեփանակերտի գեղեցկուհի» վերագրությունն են տվել, ուրեմն այն եղել է բոլորի մեջ։ Ես շատ պատմություններ եմ լսել շենքի մասին․ հավաքարարից ու էլեկտրիկից սկսած՝ բոլորը պատմությունով են կապվում այդտեղին․․․ Հասկացել եմ, որ թատրոնի շենքը «փիղ է սենյակի մեջ», ու այդ փղին նորից «ջրի երես» հանելու կարիք կա։

Դադար

Կես տարի առաջ Հայաստանում տեղի ունեցածը հեղափոխություն անվանու՞մ ես։

Ընկանք տենդի մեջ։ «Ընտիր» տենդ էր։

Դեռ նման բնորոշում չէի լսել․․․

2015թ-ին, երբ Մարոկկոյից աղջկաս հետ եկանք Հայաստան, «Էլեկտրիկ Երեւանը» սկսվեց։ Ես հետ չվերադարձա, չնայած որ հետդարձի տոմսը ձեռքիս էր։ Ինձ թվաց, որ փոփոխությունը գալիս է, ու ես էլ պիտի մնամ Հայաստանում, մաս դառնամ։

«Փոփոխությունը, որ գալիս էր»հեղափոխության ակնկալի՞քն էր։

Հա, կարող ես այդպես ասել։ Տես՝ «Էլեկտրիկ Երեւանը» եղավ, եւ դա 2015-ին էր, 2016-ին «Սասնա ծռերի» պատմությունն է, որին չմասնակցեցի, որովհետեւ կոնֆլիկտներին դեմ եմ․․․ Եվ 2016-ին եղավ նաեւ Քառօրյան․․․ Ես արդեն ամուսնալուծված էի։ Հենց այդ տարի երեխայի հետ տեղափոխվեցի Մարտունի, գնում-գալիս էինք Արցախ։ Սկսեցի մտածել Մարոկկո վերադառնալու մասին, որովհետեւ չէի կարող թույլ տալ, որ երեխաս ապրեր այն, ինչ ես եմ ապրել (պատերազմի կանխատեսումը արթնացրել էր մայրական բնազդս)։ Վերադառնալու մտքի մասին գրեցի աղջկաս հորը․․․

Դադար

Մարտունիում, որտեղ ապրեցի երեխայիս հետ յոթ ամիս, այս զգացումներն ու մտորումները առավել, քան սրվել էին։ Այնտեղ նաեւ շփման վաակում կար, չկար ռեալիզացվելու, խոսելու ու քննարկելու տեղ․ որպես այդպիսին ընտրել էի գեղեցկության մի սրահ (չնայած երբեք հարդարվելուն ուշադրություն չեմ դարձրել), որտեղ կարելի էր եւ խնամվել, եւ ամենակարեւորը՝ զրուցել։

Մատնահարդարը, որ իմ տարիքակիցն էր, երկու երեխա ուներ։ Զրուցում էինք․ ինքն իր հիշողությունն էր պատմում պատերազմի տարիներից, ես՝ իմը։  Ինքն ասում էր, որ պատերազմը սկսվեց, ինքն Արթիկում էր՝ ճամբարում, որտեղ ստիպված ամիսներ շարունակ մնաց, ձեռագիր նամակ գրեց ծնողներին, որ գան, տուն տանեն իրեն․․․ Ծնողները եկան, տարան իրեն, հետո ինքը եղբոր հետ տնետուն էր պտտվում, որպեսզի տեսնեին՝ ով է հաց թխում, որ ուտելու մի բան գտնեն։

Ես էլ իմ պատմությունն էի պատմում․ խոսում էի պարետային ժամի մասին, սովի մասին․․․ Հետո այդպես անցանք Քառօրյային, արդեն հիշողության փոխարեն զգացածով էինք կիսվում։

Երկուսս էլ ուժեղ արտասվեցինք․ ինքն արցունքների մեջ շարունակում էր մատներս հարդարել։

Դու մնացիր Հայաստանում․․․

Հա, ու եղավ 2017-ի լռությունը։ Մտածեցի՝ սխալվել եմ փոփոխության հաշվով։

Եվ հետո 2018-ը․․․

Այո, իրավիճակ, որին չէի կարող չմասնակցել։ Երբ Երեւանում սկսվեց քայլերթը, Արցախից էի վերադառնում։ Երթուղայինում արցախցիները քննադատում էին Երեւանում սկսվածը։ Այդ օրվանից երեխայիս հետ մեջն էի, ուզում էի ինքն էլ տեսնի, թե ինչ է կատարվում, մտածում էի, որ դա ազնիվ է, քանի որ սկսած «Էլեկտրիկ Երեւանից» ինձ հետ մեջն է եղել։

Սերժի հրաժարականի օրը բակի երեխաները կավիճով նկարում էին Բաղրամյանում․ ուղիղ եթեր էի մտել ու բոլոր նրանց, ովքեր ինձ քննադատում էին կամ, ովքեր մտահոգվում էին, որ ես երեխայի հետ մասն եմ այդ ամենի, ասում էի՝ տեսեք, որ երեխաներին էլ են հանել, տեսեք, որ բան է փոխվել։

Եվ հա, այս առումով, «ընտիր» տենդ էր․ հետո եղավ այն, ինչ եղավ։

Իսկ հիմա՞։

Խոսում եմ այն արարքների մասին, ինչ ինքս կարող եմ անել։ Կարծում եմ՝ երբ ասում ենք՝ համակարգ պիտի փոխվի, նկատի պիտի ունենանք նախ «մարդկային համակարգը», կազմակերպման ձեւերի փոփոխությունը․․․ Ես դրան եմ հավատում, որովհետեւ ամեն ինչ հիմնված է վախի վրա,  եւ նախ վախերին պիտի առերեսվել, ստեղծել վիճակ, որ վախերն արտահայտվեն, ուրիշ համակարգի վերափոխման հնարավորություն տան։

Տես՝ դու փորձում ես քո վախի հետ առնչվելկոնֆլիկտային իրավիճակը քեզ համար սարսափելի է եւ դու լուծումներ ես ուզում տալ, բայց այլ մեկը, որ իր ուրիշ վախերն ունի, կարող է հաշվի չնստել դրանց հետ կամ շարունակել ապրել՝ փորձելով հաշվի չնստել։ Այս իմաստով «համակարգ՝ համակարգի մեջ» իրողության հետ գործ չունե՞նք։

Դրա համար նախ կարեւորում եմ հորիզոնական կառավարման ձեւը․ հիերարխիկ կառավարման ձեւն ընդունելի չէ ինձ համար։ Ես կարոտում եմ «գյուղ» հասկացությունը («կոնսենսուսին»), որտեղ այլընտրանքային լուծումներ կան ցանկացած իրավիճակի եւ ցանկացած կոնֆլիկտի համար։

Ընկերներ ունեմ, ովքեր Ֆրանսիայում, Իսպանիայում ստեղծել են իրենց այդտեսակ «գյուղերը» եւ հորիզոնական կառավարման մեխանիզմով են ապրում․ այնտեղ ամեն մեկը որոշման մասնակից է, ձայն ունի։ Ես կարող եմ գնալ այնտեղ ապրելու։

Ինչու՞ չես գնում։

Գուցե հույս ունեմ, որ կարող եմ նման մի բան ստեղծել այստեղ, չնայած որ ժամանակի նկատմամբ խիստ զգայուն եմ դարձել։ Հիմա մտածում եմ, որ աղջիկս մյուս տարի դպրոց պիտի ընդունվի, իսկ ես միշտ կարծել եմ, որ տնային ուսում պիտի անցնի, քանի որ որպես մանկավաժ դեմ եմ պոստինդուստրիալ ժամանակից եկած եւ լճացած կրթական համակարգին։

Ի՞նչ անեմ այս դեպքում, երբ հակված եմ մտածելու, որ կրթական այստեսակ համակարգն է մարդուն կոտրում, կտրում է նրան ստեղծագործական մղումներից, դարձնում այն զոմբին, ինչ մենք ենք հիմա։

Ստացվում է, որ այս իմաստով կռիվ է լինելու իմ եւ հասարակության միջեւ․ այն, ինչ իմ երեխային կտա հասարակությունը, եւ այն, ինչ ես եմ ուզում տալ, ինչ ուզում եմ ինքը սովորի բնական ձեւով, հակադրվում են, երբ դու ապրում ես գորշ զանգվածի մեջ․․․ Ուրեմն կոնֆլիկտ է առաջանալու, իսկ ես կոնֆլիկտից  խուսափում եմ։

«Զանգվածի ապստամբությանը» կարո՞ղ ես դիմակայել։

Զանգվածը չի ապստամբում, զանգվածն ուղղակի գնում է․․․

Դադար

Մարդն անընդհատ ինքն իրեն հարց տալու կարիք ունի, անընդհատ կասկածելու պետք ունի։ Հասկանում եմ, որ դպրոցի, միջավայրի, ծնողների՝ տարիներ շարունակ փոխանցած «ճշմարտության» դեմ դուրս գալը, կասկածելը շատ բարդ է, բայց պիտի չէ՞ մտածել, որ գուցե քո ունեցած հեղինակությունները սխալվել են․․․

Քեզ համար հեղինակություններ կա՞ն։

Հեղինակությունն ինձ համար սահմանին ապրող գյուղի մարդն է, հեղինակաությունն ինձ համար  փորձառության միջով անցած մարդն է։ Ուրեմն ամեն մեկը կարող է լինել հեղինակություն, որովհետեւ հաստատ ունի փորձառություն։

Նիկոլ Փաշինյանը հեղինակությու՞ն էինքն էլ է անցել փորձառություն, անցած կոնկրետ ճանապարհ։

Ինքն ունի ընդդիմություն լինելու փորձառություն, եւ այս պահին իր գործողությունները կապ չունեն ինձ հետ, որովհետեւ չեմ կարող էներգիաս ծախսել ու մտածել ոչ անձնական հարցերի մասին։

Ի՞նչ ի նկատի ունես։

Ինձ համար քաղաքականն իմ անձնականն է։

Տես՝ ես չեմ կարող խոսել «սեւազգեստ» կանանց մասին, ովքեր իրենց տղաներին են կորցրել, որովհետեւ դա ինձ չի սպառնում (ես տղա չունեմ եւ, ամենայն հավանականությամբ, չեմ էլ  ունենա)։ Նշանակում է, որ որպես մայր չեմ կարող առչնվել այդ փորձառությանը, բայց որպես կին կարող եմ։ Եվ ես անդրադառնալու եմ բանակի թեմային, բայց ոչ որպես մայր, այլ որպես կին, ով հասկանում է, թե բանակի փորձառությունը ինչպես է փոխում հայ տղամարդուն։

Ուզու՞մ ես ասել՝ քո համադրած «Նորեկներըսիրիացիները Հայաստանում» Անուշ Բաբաջանյանի լուսանկարչական ցուցահանդեսը, որ ներկայացնում էր Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայ փախստականներին, արել ես, որովհետեւ մտածել ես, որ մի օր էլ դու կարող ես նման իրավիճակում հայտնվել։

Հա, այդպես է, որովհետեւ ես ամեն ինչն եմ անձնականացնում։ Ասացի, որ չեմ կարող անձնականացնել «սեւազգեստ» կանանց փորձառությունը, որովհետեւ չի սպառնում ինձ նման «փորձ», բայց փախստական ամեն մեկս կարող ենք դառնալ, ամեն մեկս կարող ենք հայտնվել պատերազմական իրադրության մեջ։ Հենց այս կոնտեքստում եմ ասում, որ անձնականս է քաղաքական, թե չէ ընդհանուր առմամբ գիտեմ, որ ազատ եմ ու կարող եմ լինել այնտեղ, որտեղ կուզեմ։

Ազատ լինելը կախված է քո ամեն տեղ լինելու հնարավորությունի՞ց փաստորեն։

Հա․․․ Ինչ-որ առումով ինձ կարող է թվալ, որ «զրկված» եմ ազատությունից, երբ չեմ կարող լինել Ադրբեջանում կամ Պակիստանում։ Գուցե այս երկրներ գնալու ցանկություն երբեւէ չունենամ, բայց ուզում եմ միտքն ունենալ, որ ցանկացած պահի ազատ եմ որոշում կայացնել։

Ինչպես հասկանում եմ, չես ուզում ընկալել բաժանումները, սահմանները, որոնք ընդհանուր քաղաքական, պետական շահերից են բխում, որոնք սահմանվում են որպես կոնֆլիկտի հետեւանք։

Հա, որովհետեւ բոլորս փխրուն ենք, չնայած որ ուզում ենք «զիլ» երեւալ, իսկ դրա պետքը չունենք։ Եթե մենք այդպես ենք ծածկում մեր վախերը, ուրեմն չենք հասկանում, որ դիմացինն էլ ունի նման վախեր, չենք հասկանում, որ այդ վախերը մարդկային են եւ պետք է խոսել դրանց մասին։

Գոյություն ունի հիշողություն, որը տարբեր ազդեցություններից է կազմված․ եթե կա այդ հիշողությունը, ուրեմն բնական ձեւով ապրելուն վերդառնալու փորձ պիտի անենք։ Եղե՞լ են չէ խմբեր, որոնք առանց կառավարման որեւէ ձեւի կարողացել են ապրել։ Եղել են եւ կան։

Անարխիստ չեսայդպե՞ս է։

«Իզմերից» չեմ խոսի։ Գուցե ասեի, որ անարխիստ եմ, բայց սրան չեմ անդրադառնա նույն պատճառնով, ինչպես չեմ խոսի բուսակերության մասին, ֆեմինիզմի մասին, որովհետեւ այդ բոլոր հարցերում իմ տեսակետն ունեմ, եւ դա միայն իմն է։

Նրանք, ովքեր շփվում են ինձ հետ, կարող են որպես փորձառություն ընկալել, կարող են ազդեցություն կրել դրանից, գործողության գնալ, բայց դա միմիայն իրենց ընտրությունն է, իրենց ազատությունը։ Ես խոսում եմ այն ժամանակ, երբ հարցը կա․ տես՝ ես դրեդ հյուսքեր ունեմ, եւ ամեն քայլափոխի պատասխանում եմ այն հարցերին, որոնք կապ ունեն մազերիս հետ։ Հատուկ ոչինչ չեմ անում, հատուկ չեմ պատմում դրեդ հյուսքերի մասին․․․

Բայց կարող ես նաեւ չպատասխանել, եւ դա եւս քո ընտրությունն է։ Չե՞ս կարծում, որ, եթե պատասխանում ես, արդեն հատուկ է։ Վերադառնում ենք ոնց որ թե այն հարցին, թե գործողություններն արդյոք ազդեցությամբ են պայմանավորված։

Պատասխանում եմ հարցին առհասարակ, որովհետեւ պատասխան չտալը կոնֆլիկտի կարող է հանգեցնել։

Ստացվում է, որ «անձնականս է քաղաքական» արտահայտությունն այս իմաստով բնորոշում ունիդա այն տեքստն է, որն անմիջապես քեզ է առնչվում եւ այն պատասխանը, որն արտահայտում ես, որպեսզի կոնֆլիկտ չստեղծվի կամ որպեսզի լուծում տաս ստեղծված կոնֆլիկտին։

Հենց դա է։

Լա՜վ, Կամայ, ձայնագրությունն ավարտված է (ծիծաղում ենք)։

«Կամայ»-ն աղջկաս հոր ազգանունն է, որ բրենդ է դարձել։ Անջատի՛ր։

Դադար

Չհարցրեցիր՝ ինչ նախագծեր ես անելու․․․

Հարցնե՞մ նախագծերի մասին։

Չե՞ս ուզում․․․

Ուզում ես՝ ասա։

Քեզ կասեմ, բայց ոնց ասացիր «Կամա՛յ, անջատում եմ ձայնագրությունը»,այդպես արա․․․ Ու մինչ կանջատես, գրի, որ Աննայի հումորները հաճախ չեն հասկանում, լուրջ են ընկալում իր խորը, տխուր սարկազմը, երբ ինքը ներսում բարձր ծիծաղում է։

Սա երեւի սարսափելի է, բայց իրական։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter