
Տնտեսական խոստումներ՝ ընտրություններից առաջ. «Սասնա Ծռեր», ՕԵԿ, ՔՈ
«Սասնա Ծռեր». «Ժամանակն է, որ Հայաստանը մասնակից դառնա համաշխարհային 4-րդ արդյունաբերական հեղափոխությանը»
Ըստ «Սասնա Ծռեր» կուսակցության՝ ժամանակն է, որ Հայաստանը մասնակից դառնա համաշխարհային 4-րդ արդյունաբերական հեղափոխությամբ պայմանավորված զարգացումներին։ Այդ նպատակով կուսակցությունն առաջարկում է պետության աջակցությամբ և արտերկրահայության ներգրավմամբ ստեղծել էլեկտրոնային առևտրի (e-commerce) հարթակներ, կրիպտոտնտեսության (բլոքչեյն տնտեսության) հարթակներ, հիմնել բիոտեխնոլոգիաների, մեդիատեխնոլոգիաների, ռոբոտային և արհեստական բանականության տեխնոլոգիաների լաբորատոր հարթակներ և այլն։
Երկրում առկա ռեսուրսներն ապահովելու համար «Սասնա Ծռերն» առաջարկում է ստեղծել ազգային ներդրումային հիմնադրամ (ԱՆՀ), որի միջոցները սկզբնական շրջանում կգոյանան տնտեսական լյուստրացիայի շնորհիվ։ Առաջարկվում է նաև ընդունել ՀՀ գնումների մասին նոր օրենք՝ ամբողջությամբ փոխելով պետական գնումներին մասնակցող կազմակերպություններին հաղթող ճանաչելու սկզբունքները:
Կուսակցության ծրագրում տնտեսությանը վերաբերող հատվածում առանձին ներկայացված է ենթակառուցվածքների և տարածքային զարգացման վերաբերյալ առաջարկություններ, ինչպես նաև հարկային քաղաքականության վերաբերյալ։ Օրինակ, նշվում է, որ ժամանակն է դիտարկելու փոքր և միջին բիզնեսի համար երկամյա արձակուրդ սահմանելու հարցը, ՏՏ ոլորտում կիրառելու արտոնյալ հարկային քաղաքականություն և այլն։
Ըստ «Սասնա Ծռերի» ժամանակն է կառուցելու Իրան-Հայաստան մեծ տարողությամբ գազատար։ Սա, կարծես թե, կուսակցության ներկայացրած առավել հետաքրքիր կետերից մեկն է, սակայն չի մանրամասնվում, թե ինչ միջոցներով է հնարավոր կառուցել նման գազատար, և ինչ մեծության մասին է խոսքը, ինչ տնտեսական էֆեկտներ կունենա դա և այլն։
Որոշ կետեր նվիրված են նաև գյուղատնտեսությանը։ «Ժամանակն է պետության մասնակցությամբ ստեղծելու գյուղմթերքի մթերումը և վերամշակումը երաշխավորող մեխանիզմներ: Ներդնելու գյուղատնտեսական նշանակության հողերի հակակարկտային լիարժեք պաշտպանության էլեկտրոնային կառավարման միասնական համակարգ»,- նշված է ծրագրում:
ՕԵԿ. Մատչելի բնակարաններ, աշխատավարձերի ու թոշակների բարձրացում …
«Օրինաց երկիր» կուսակցությունը նախընտրական ծրագրում ներկայացրել է 50 քայլ՝ համարելով, որ դրանք կփոխեն Հայաստանը։ Քայլերի զգալի մասը վերաբերում է տնտեսությանը։
Նշված կուսակցությունն առաջարկում է ավանդների ամբողջական վերադարձ՝ ներառյալ ավանդատուների ժառանգներին ավանդների փոխհատուցում, փոքր և միջին ձեռնարկատիրության հետևողական զարգացում, ցածր տոկոսադրույքներով արտադրական և գյուղատնտեսական վարկերի տրամադրում, հարկային և մաքսային վարչարարության պարզեցում և այլն։
«Հարկային և մաքսային վարչարարության շարունակական պարզեցում, էլեկտրոնային համակարգի ամբողջական ներդրում, հսկիչ գների վերացում, տնտեսվարողների տարաբնույթ ստուգումների և ուսումնասիրությունների կտրուկ և հետևողական կրճատում, գործարարությանը հետևողական աջակցություն, հաստատագրված վճարների ներդրում փոքր և միջին գործարարների համար: Սահմանամերձ տարածաշրջաններում, աղետի գոտում այս ձեռնարկությունների համար հարկային արտոնությունների սահմանում: Մինչև 25 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող ձեռնարկություններին և անհատ ձեռնարկատերերին հարկերից ազատում»,- խոստանում է ՕԵԿ-ը:
Կուսակցության նախանշած քայլերի շարքում են նաև շքեղության հարկի կիրառումը, պետական պարտքի շեմի բարձրացումը սահմանափակող օրենքի ընդունումը, խաղատների և բուքմեյքերական ընկերությունների գործունեության սահմանափակումները և այլն։
Այս կուսակցությունը ևս խոսում է կենսաթոշակային կուտակային համակարգի բարեփոխման մասին։
Մյուս ոլորտը, որին անդրադարձել է ՕԵԿ-ը, հիփոթեքային շուկան է. «Հիփոթեքային վարկավորման միջոցով բնակարանների ձեռքբերման ժամանակ կանխավճարի վերացում, առնվազն 20-30 տարվա վարկավորման մեխանիզմների ապահովում` երիտասարդ ընտանիքների համար ցածր տոկոսադրույքով և պետության միջոցներով աջակցության և սուբսիդավորման ապահովմամբ»:
Կուսակցությունը խոստանում է նաև աշխատավարձերի ու թոշակների բարձրացում։ Այստեղ ևս պարզաբանումներն ու հաշվարկները բացակայում են։
ՔՈ. «Ցածր եկամուտ ստացողները պետք է հարկվեն ցածր տոկոսադրույքներով»
«Քաղաքացու Որոշում» (ՔՈ) սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարում է, որ ձգտելու է հարկման անհատական մոտեցման, որ քաղաքացիները հարկվեն տարբեր դրույքաչափերով՝ կախված առողջական վիճակից, խնամքին ունեցած անչափահասների կամ ծերերի թվից, այլ սոցիալական հանգամանքներից։ Ըստ կուսակցության՝ ցածր եկամուտ ստացողները պետք է հարկվեն ցածր տոկոսադրույքներով։
«Ներդնելու ենք բազմագործոն և ճկուն հարկային գոտիականություն և հասցեականություն՝ ապահովելու ազատ շուկայի պայմաններում տնտեսական ցածր մրցունակություն ունեցող տարածքների համաչափ զարգացումը, տնտեսությունից դուրս մնացած հանրույթների ներառումը»,- նշված է կուսակցության նախընտրական ծրագրում՝ չմանրամասնելով թվային տվյալներ, թե հարկման ինչ շեմերի ու դրույքաչափերի մասին է խոսքը։
ՔՈ-ն խոստանում է արմատապես փոխել տնտեսության մեջ առկա խաղի կանոնները` վերացնելով կորզող բոլոր հաստատություններն ու գործիքները, որոնք մրցակցային անհավասար պայմաններ են ստեղծում:
«… մենք հեռանկար ունենք տնտեսական քաղաքականություններով նպաստել արդյունաբերության և ծառայությունների մեջ երկրի մրցակցային առավելությունների բացահայտմանը և մրցունակության բարձրացմանը, այդ մրցունակ ուղղությունները թիրախավորելով՝ հասնել տնտեսության կառուցվածքի վերափոխման՝ հանքարդյունաբերական-ագրարայինից դեպի արդյունաբերական, ծառայությունների և բարձր տեխնոլոգիաների տնտեսության»,- նշված է ՔՈ-ի ծրագրում։
Տես նաև՝ Տնտեսական խոստումներ՝ ընտրություններից առաջ. «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստան»
Տնտեսական խոստումներ՝ ընտրություններից առաջ. ՀՅԴ, ՀՀԿ, ԲՀԿ
Մեկնաբանել