HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ-վրացական հարաբերություններ՝ առանց Ջավախքի. նախընտրական ծրագրերն ու ջավախքցիները գալիք ընտրություններում

Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցում են 11 քաղաքական ուժեր, որոնցից միայն մեկի նախընտրական ծրագրում է շոշափվում Ջավախքը: Մնացած 10 կուսակցությունների ու դաշինքների համար հայ-վրացական հարաբերություններում Ջավախքը որևէ դերակատարություն չունի: Առհասարակ, Ջավախքի մասին որևէ նշում չկա:

Եթե կարճ բնութագրենք ծրագրերը՝ հիմնական «մեսիջը» հայ-վրացական բարեկամական հարաբերությունները խորացնելն է:  

Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունները նույն հարթության վրա է դիտարկում՝ որպես հարևան երկրներ:

Նախընտրական ծրագրում հայտարարում է, որ արտաքին քաղաքականության բնագավառում իրենց քայլերը միտված են լինելու բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելուն և նոր շունչ հաղորդելուն: Մասնավորապես՝ ապահովելու են սահմանակից երկրների՝ Վրաստանի եւ Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումը` անկախ աշխարհաքաղաքական ազդեցություններից:

Ոլորտային քաղաքականության ենթաբաժնում դաշինքն առանձնացնում է էներգետիկ բնագավառում համագործակցությունը: Ըստ այդմ՝ մշակելու և իրագործելու են հարևան երկրների հետ էլեկտրաէներգիայի առևտրի նոր մեխանիզմների ներդրման հայեցակարգը:

«Էներգետիկ անկախության և անվտանգության բարձրացման նպատակով ընդլայնելու ենք Վրաստանի և Իրանի հետ փոխգործակցության շրջանակը` հատկապես խթանելով ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված տնտեսապես շահավետ ծրագրերի իրականացումը»,- ընդգծվում է նախընտրական ծրագրում:

«Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակում այս անգամ հայտնվել է պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Նա Ազգային ժողովի երեք գումարմանը Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակներով էր ընտրվել: 43-րդ հորիզոնականն է զբաղեցնում Շիրակ Թորոսյանը, որը կարելի է ենթադրել, որ անցողիկ կլինի Թորոսյանի համար:

«ՀՀԿ-ի առաջ որևէ պարտավորվածություն չունեմ, քանի որ կուսակցության անդամ չեմ եղել, ես առանձին քաղաքական ուժ եմ ներկայացնում, իմ աշխատանքը եղել է կոնկրտ ոլորտներում: 
Խորհրդարանական աշխատանքը ցանկանում եմ շարունակել Քաղաքացիական պայմանագրի հետ համագործակցաբար»,- հարցազրույցներից մեկում ասել է Շիրակ Թորոսյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրում՝ արտաքին քաղաքականության համատեքստում նշվում է, որ «արտաքին աշխարհում մեր ազգային շահերի պատշաճ ապահովման համար առաջնային է փոխշահավետ գործակցային հարաբերությունների հաստատումը Եվրամիության, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, Իրանի, Իսրայելի, Չինաստանի, Հնդկաստանի և այլ երկրների հետ՝ հնարավորինս զերծ մնալով աշխարհաքաղաքական ազդեցություններից, տրամաբանությունից ու Հայաստանի պոտենցիալ դաշնակիցների միջև առկա հակասութուններից»։

Հարևանների հետ փոխհարաբերությանն անդրադառնալիս կուսակցությունն ընդգծում է, որ ձեռնարկելու են բոլոր միջոցները ամրապնդելու համար համապարփակ և գործընկերային սերտ և անքակտելի հարաբերությունները Վրաստանի և Իրանի հետ՝ հիմնված փոխվստահության և գործընկերության շարունակական ամրապնդման և զարգացման վրա բոլոր ոլորտներում։ 

 «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակներում ակնառու ջավախքցիներ չկան: Սակայն Արմավիրում ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի թեկնածություն առաջադրած Վարդուհի Քոլյանի արմատները Ջավախքից են: Այդ մասին ինքն է հրապարակում արել ֆեյսբուքյան գրառումներից մեկում և նշել, որ իր գործունեության շրջանակներում արծարծելու է նաև ջավախքցիներին հուզող խնդիրները: Վարդուհի Քոլյանից փորձեցինք ճշտել, թե ինչպես է նա պատկերացնում ջավախքցիներին հուզող հարցերը, որոնք է առաջնային համարում և դրանց լուծման ինչ ճանապարհներ է տեսնում:

«Վրաստանը առհասարակ դիտում ենք որպես կարևորագույն ռազմավարական գործընկեր։ Ու առավել կարևոր է, որ ՀՀ-ն լինի վիրահայերի խնդիրների տերն ու լուծումներ տվողը»,- պատասխանել է Վարդուհի Քոլյանը։

Մեր առաջադրած հարցադրումներին պատասխանելու և մանրամասնելու վերաբերյալ մեր հարցմանը՝ Վ. Քոլյանը միայն հավելեց հետևյալը. «Չեմ ցանկանում խոստումների մակարդակով սկսել: Բազմիցս ենք խաբվել և զուր հույսեր փափագել: Եկեք ընդունենք, որ որպես քաղաքացի՝ ցանկություններս կարող են լինել անսահման, իսկ որպես քաղաքական գործիչ՝ չկարողանամ կյանքի կոչել դրանց զգալի մասը, օրինակ: Ուստի լուծում, որպես այդպիսին, կտամ միայն որպես քաղաքական գործիչ, իսկ այսօր ես Ջավախքում ծնված հայ եմ, ՀՀ քաղաքացի, ում սիրտը ցավում է ջավախահայերին առնչվող ցանկացած խնդրի համար, ում սիրտը ցավում է նրա համար, որ առ այսօր չենք կարողացել ստեղծել մեր երազանքների երկիրը, և լուծել բոլոր ծառացած խնդիրները»:

ՀՅԴ-ն է այն միակ քաղաքական ուժը, որը թեկուզ հպանցիկ, բայց անդրադառնում է ջավախքահայությանը: Նախընտրական ծրագրում՝ արտաքին քաղաքականության համատեքստում առաջարկում է Վրաստանի հետ հարաբերությունները կառուցել բարեկամության ու ազգային շահերի փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա: «Բարիդրացիական հարաբերություններն իրենց դրական ազդեցությունը կունենան ջավախահայության և ընդհանրապես վիրահայության իրավունքների լիարժեք իրականացման վրա»,- նշվում է ծրագրում:

Բացի դրանից, Դաշնակցության ցուցակում ջավախքցի թեկնածուների մի ողջ «աստղաբույլ» կա:

 

Թիվ 2 ընտրատարածքում՝ Աջափնյակ, Դավթաշեն, Արաբկիր վարչական շրջաններն ընդգրկող, առաջադրվել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր Խաչատուր Ստեփանյանը:  

 

«Լինելով ջավախքցի, երկար տարիներ աշխատելով Ջավախքում խորապես ծանոթ եմ Հայաստանի համար շատ զգայուն Ջավախքի հիմնախնդիրներին, հայ-վրացական հարաբերությունների առկա բացերին: Կարծում եմ՝ գոյություն ունեցող աշխարհաքաղաքական գործընթացներում հայ-վրացական համագործակցությունն այլընտրանք չունի: Իսկ ես էլ կարող եմ մեծապես օգտակար լինել հայ-վրացական հարաբերությունների զարգացման գործընթացներին: Կոնկրետ Ջավախքում, առանց վրացիներին նեղացնելու, բայց համառություն ցուցաբերելով պետք է միջամտել կրթական համակարգի վերականգնմանը: Կարելի է նաև խրախուսել հայաստանցի գործարարներին ներդրումներ անել Ջավախքում»,- մանրամասնում է Խաչատուր Ստեփանյանը:

ՀՅԴ ցուցակի 47-րդ հորիզոնականը զբաղեցնում է Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության  Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Հայկազուն Ալվրցյանը: Նա Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղից է սերում: Իր ելույթներում, հայտարարություններում և ասուլիսներում բազմիցս հայտնել է իր տեսակետը Ջավախքի հարցում: 

Քանաքեռավան համայնքի ղեկավար, ծնունդով տրկնեցի Հայկ Սարգսյանը 101-րդն է: 102-րդը՝ Կոտայքի մարզի աշխատակազմի զորահավաքի նախապատրաստական բաժնի գլխավոր մասնագետ Անդրանիկ Ափոյանը: Ըստ թեկնածուի կենսագրության՝ ծնվել է 1971թ. Ջավախքում, և 8 տարեկանում ընտանիքով տեղափոխվել են Հրազդան: 2001-2005թթ. եղել է ՀՕՄ-ի Ջավախքի աջակցման հիմնադրամի ներկայացուցիչը: 2009-11 թթ. սոցիալական ապահովության պետական ծառայության Հրազդանի տարածքային բաժնի իրավաբան: 2006-11 թթ. թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ: 2015թ-ից մինչ օրս Կոտայքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի գլխավոր մասնագետ:

Ազգային գրադարանի նախկին տնօրեն, գրող Մկրտիչ Սարգսյանի որդին՝ Դավիթ Սարգսյանը, ևս առաջադրվել է:  Նա այժմ զբաղեցնում է Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրենի խորհրդականի պաշտոնը: ՀՅԴ ցուցակում 137-րդն է:
«Հնաբնակներից» է նաև ԱԺ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը: 

«Քաղաքացիական որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ելնում է նրանից, որ հարևաններին չենք կարող փոխել, և բա­րիդրա­ցիական հարաբերություններն այլընտրանք չունեն։ Այսպիսի քաղաքականությունը պետք է ելնի այն տրամաբանությունից, որ յուրաքանչյուր սերունդ մյուսներին պետք է փոխանցի ավելի ապա­հով ֆիզիկական տարածք։

Չնայած «ՔՈ» ՍԴԿ-ն չի առանձնացրել Ջավախքը, սակայն կուսակցության անդամ Սուրեն Թադևոսյանն ասում է, որ հետագայում ծրագիրը համալրվելու է և մանրամասնորեն անդրադառնալու է նաև Ջավախքին:

Այս կուսակցության ցուցակում ջավախքցիներ չկան: Սուրեն Թադևոսյանն է միայն, որ ջավախքյան արմատներ, ազգականներ ու կապեր ունի: Մեզ հետ զրույցում վստահեցնում է, որ «ՔՈ» ՍԴԿ-ն առանձին վերաբերմունք է ցուցաբերելու Ջավախքի և ջավախքցիների նկատմամբ: 

Իսկ Ջավախքի հարցում կուսակցության դիրքորոշումն այն է, որ հարևանների հետ հարթ և խաղաղ գոյակցության համատեքստում պետք է դիտարկել նաև Ջավախքը. «Մեդալի երկու կողմից պետք է նայել. ջավախքահայության հետ մեր կապերը ոչ միայն հնարավորություն են հայ-վրացական հարաբերությունները զարգացնելու, այլ ընդհակառակը՝ որքան հայ-վրացական հարաբերությունները բարձր մակարդակի լինեն, որքան եղբայրական երկխոսությունն ակտիվ լինի երկու պետությունների միջև, այդքան նաև հնարավոր կլինի նպաստել նաև ջավախքահայության խնդիրների լուծմանը»:

Սուրեն Թադևոսյանն առանձնացնում է հայապահպանության խնդիրը Ջավախքում: Սա կուսակցության առաջնահերթություններից մեկը պետք է լինի՝ փնտրել ուղիներ, խոսել ջավախքցիների հետ, հաճախակի կազմակերպել հանդիպումներ, փոխանակվել գրականությամբ, հաղորդ դարձնել նաև հայկական իրողություններին: Բացի դրանից, սոցիալ-տնտեսական ոչ լավ վիճակով պետք է հետաքրքրվի նաև Հայաստանը: Չնայած Հայաստանն իշխանական լծակներ չունի Ջավախքում, բայց պետք է փորձ անել օգուտ տալ իրենց:

«Ինչքան իրենք զգան Մայր Հայաստանի աջակցությունը, այնքան շատ ավելի լավ իրենց և մեզ համար»,- նշում է Ս. Թադևոսյանը:

Վերջինս վստահ է, որ խորհրդարան անցնելու դեպքում «ՔՈ» ՍԴԿ-ի և ջավախքցիների միջև երկխոսություն տեղի կունենա, և առանց իրենց հետ քննարկելու կամ նրանց կարծիքը լսելու որևէ օրինագիծ առաջ չի տարվի: Իրենց առաջարկներն ու հիմնախնդիրներն էլ կարտացոլվեն այդ նախագծերում:

Իսկ թե մինչ օրս ինչու այդ ամենը պատշաճ չի արվել, Սուրեն Թադևոսյանի կարծիքով, պատճառն այն է, որ ջավախքահայությանը դիտարկել են ոչ թե որպես նպատակ և առաջնահերթություն, այլ իբրև միջոց և բավարար ուշադրություն չեն դարձրել: Հայաստանի իշխանությունների թերացումը եղել է դիսկուրսի պակասը, մարդիկ իրար հետ քիչ են շփվել, քիչ խնդիրների հետ են ծանոթացել, և իրենց չեն դիտարկել այդ խնդիրների լուծման պատասխանատվություն կրողներ: Առաջնահերթ է դիսկուրսի առկայությունը:

Ջավախքահայության կենսամակարդակի, հայաթափության տեմպի նվազումը Հայաստանի շահերից էլ է բխում: Այդ պատճառով Ջավախքը սփյուռքի մի մաս դիտարկել պետք չէ: «Ջավախքցիները մեր հարևանությամբ են ապրում և սա ջավախքահայությանն առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերելը՝ տարածաշրջանում Հայաստանի դիրքերն ամրապնդելու տեսակետից է շատ կարևոր»,- ամփոփում է Սուրեն Թադևոսյանը:

«Քրիստոնեաողովրդական վերածնունդ» կուսակցությունը հիմնադրել է ջավախքյան արմատներ ունեցող, Քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը: Նա էլ գլխավորում է կուսակցության ցուցակը: Սակայն ամփոփ կազմած նախընտրական ծրագրում ո´չ Վրաստանն է արտացոլված, ո´չ Ջավախքը: 

ՀՀԿ համամասնական ցուցակով նախկինում պատգամավոր ընտրված Հայկ Սանոսյանն այս անգամ միացել է «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությանը, թեև «Հետք»-ին տված հարցազրույցում նշել էր, որ «ճամբար փոխող մարդ չէ»: Նա Թիվ 1 ընտրատարածքի՝  Նոր-Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, ռեյտինգային թեկնածուն է: «Ես՝ Լևոն Շիրինյանի հետ միասին, զբաղվելու ենք նաև վիրահայության խնդիրներով՝ ինչպես նախորդ տարիներին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայկ Սանոսյանը: Կուսակցության ցուցակում 7-րդն է:

«Ազգային առաջընթաց» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում ազդարարում է, որ Հայաստանը պետք է հատուկ բարիդրացիական և ռազմավարական հարաբերություններ կառուցի Իրանի և Վրաստանի հետ հատկապես էներգակիրների ներկրման ու վերամշակման և արտաքին առևտրի ոլորտներում: Այդ հարաբերությունները պետք է առավելագույնս զերծ մնան աշխարհաքաղաքական կենտրոնների բախումների ու ազդեցությունների ոլորտից: Այդ հարաբերությունների հիմնաքարը պետք է դիտարկել Հայաստանը՝ որպես Սև ծովը Պարսից ծոցին կապող առևտրի տարանցիկ ուղի։

«Մենք» դաշինքն ընդգծում է Վրաստանի հետ ռազմավարական հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը. «Վրաստանն իր աշխարհագրական, քաղաքակրթական կողմնորոշվածության ու հաղորդակցական առումներով Հայաստանը Եվրոպային կապող ռազմավարական նշանակության երկիր է, որի հետ հարաբերությունները պետք է էլ ավելի բարձր և փոխվստահելի մակարդակի հասցնել»։ 

Դաշինքնը նկատում է, որ պետք է խթանել մշակութային համագործակցություն հայկական սփյուռք ունեցող և հատկապես ԵՄ անդամ երկրների հետ՝ օգնելով մեր արվեստագետներին ու մշակութային գործիչներին ավելի լավ ինտեգրվելու եվրոպական ընդարձակ տարածքում, ներկայացնելու հայկական մշակույթը աշխարհում ու նրանց ինքնաիրացման համար բացելով ավելի մեծ հնարավորություններ և հեռանկարներ: 

Բացի դրանից, պետք է աջակցել հայկական սփյուռքում մշակութային կյանքին ու Հայաստան-Սփյուռք սերտ և անխափան կապին:

Դաշինքի Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն վարչական շրջանների պատգամավորի թեկնածու Լուսինե Զակալաշվիլին ասում է, որ Ջավախքի հայությունը տարիներ շարունակ ապրել է ծանր սոցիալական պայմաններում:

«Մինչ օրս Ջավախքի տղամարդկանց, չեմ վախենա շեշտել՝ մեծամասնությունը, մեկնել է արտագնա աշխատանքի: Չնայած նրան, որ ջավախեցիները սերտ կապեր ունեն Հայաստանի հետ, այնուամենայնիվ նրանք բախվում են որոշ խնդիրների կապված հայերենի ուսուցման և մշակութային արժեքների պահպանման»,-ասում է Լուսինե Զակալաշվիլին:

Ջավախքահայերի հարցում Հայաստանի Հանրապետության քայլերը, ըստ Լուսինեի, պետք է լինեն հետևյալը՝

ա) հայերենով դասագրքերի տրամադրումը կրթօջախներին, որն այժմ կա, բայց բավարար չէ.
բ) ՀՀ-ից հայերենի մասնագետներ, հայ ժողովրդրի պատմության օբյեկտիվ, պրոֆեսիոնալ ուսուցիչներ ուղարկելը.
գ) ամրապնդել կապը երիտասարդության միջև՝ կազմակերպելով և իրականացնելով տարբեր թեմաներով դասընթացներ.
դ) խրախուսել հայ գործարարների ներդրումները հենց Ջավախքում, որը թույլ կտա օգտվել Վրաստան-ԵՄ ազատ առևտրի գոտուց, և ստեղծելով աշխատատեղեր Ջավախքում՝ կասեցնել տեղի հայության արտագաղթը և նույնիսկ գրանցել ներգաղթ Ջավախքում:

«Ջավախքի հայաթափության խնդիրը ձեռնտու չէ մեզ: Կարծում եմ` Հայաստանի գործընկերային համագործակցությունը Վրաստանի հետ պետք է բարելավվի, ինչը ևս կլուծի մի շարք հարցեր ջավախքահայության համար: Այսքանը հաշվի առնելով՝ սխալ կլինի չնշել, որ ջավախահայությունը պետք է հնարավորինս ինտեգրվի վրաց հասարակությանը, չպարփակվի իր մեջ, քանի որ միայն այդ ճանապարհով կկարողանա պաշտպանել իր իրավունքները Վրաստանում»,-ամփոփում է «Մենք» դաշինքի ներկայացուցիչը:

Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Օրինաց երկիր» կուսակցությունը գտնում է, որ անհրաժեշտ է էներգետիկ հզորությունների հետևողական զարգացում և դիվերսիֆիկացիա, այդ համատեքստում՝ Իրան-Հայաստան-Վրաստան–Ռուսաստան էներգետիկ համակարգի զարգացում:

ՕԵԿ-ը խոստանում է Իրանի և Վրաստանի հետ համակողմանի հարաբերություններ և տարածաշրջանային զարգացման շրջանակներում շարունակական համագործակցություն: Մասնակցություն տարածաշրջանային խոշոր ծրագրերին: Պետության կողմից գործուն քայլերի ձեռնարկում՝ միջազգային ֆինանսական կառույցներից շահագրգիռ պետություններից ֆինանսական միջոցների ներգրավում՝ Իրան-Հայաստան-Վրաստան նավթամուղի, Իրան-Հայաստան-Վրաստան գազամուղի, Հայաստան-Իրան ջրատարի, Իրան-Հայաստան երկաթգծի, Հայաստանում ժամանակակից նավթագործարանի կառուցման նպատակով: 

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը, արտաքին հարաբերությունների, Հայրենիք-Սփյուռք համատեքստում, ազդարարում է, որ ժամանակն է որակապես նոր մակարդակի հասցնելու հարաբերությունները Եվրոպական Միության, Վրաստանի, Չինաստանի և Հնդկաստանի հետ, ինչպես նաև այս ամենի համատեքստում վերանայելու Ռուսաստանի հետ հարաբերությունների ձևաչափը՝ դրանք կառուցելով իրավահավասարության և փոխադարձ հարգանքի վրա:

«Հանրապետական» կուսակցությունն ընդգծում է բարիդրացիական փոխգործակցությունը Իրանի և Վրաստանի հետ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրում որևէ խոսք չկա արտաքին քաղաքականության, հարևանների կամ սփյուռքի մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter