HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Ռուբինյանցի հետիոտնային անցումում անվտանգությունն էլի կուժեղացվի

Չնայած մի քանի օր առաջ Ճանապարհային ոստիկանությունը որոշակի կարգավորումներ է կատարել մայրաքաղաքի Ռուբինյանց 4 շենքի հարակից հետիոտնային անցումում, առաջիկայում այնտեղ նաեւ լուսացույց կտեղադրվի։

«Հետք»-ը գրել է, որ Ռուբինյանց փողոցում գտնվող հետիոտնային անցումը խիստ վտանգավոր է հետիոտնի կյանքի համար, այստեղ տարիներ շարունակ տեղի են ունեցել վրաերթեր, այդ թվում՝ մահվան ելքով։

Մեր հրապարակումից հետո անցումի վրա կարճ ժամանակամիջոցում զսպաթմբիկ կառուցվեց, ՃՈ-ն իրականացրեց նոր գծանշումներ, տեղադրեց լրացուցիչ նշաններ։ Սակայն, այդուհանդերձ, ռիսկն ամբողջությամբ կառավարելի չէ։ Վարորդները, սովորության համաձայն, զսպաթմբիկին հասնելով, պարզապես արգելակում են ավտոմեքենան չվնասելու նպատակով։ Հետիոտնի անվտանգությունն էլի մնացել է երկրորդ պլանում։

Երեւանի քաղաքապետարանը մտադիր է այստեղ տեղադրել լուսացույց։ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Հետք»-ին հայտնել են, որ «հետիոտնային կանչի լուսացույց» աշխատանքային ռեժիմով լուսացուցային օբյեկտով կահավորելու աշխատանքները մեկնարկել են: Քաղաքապետարանից վստահեցնում են, որ արվում է առավելագույնը դրանք հնարավոր սեղմ ժամկետում ավարտին հասցնելու համար:

Կառավարությունը «կտրել է» քաղաքապետարանի թեւերը

Ուշագրավ մի քանի հանգամանքներ կան, որոնք կարեւոր են Երեւան քաղաքի տարածքում երթեւեկության անվտանգությունը բարձրացնելու առումով։ Քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից տեղեկացնում են, որ տրանսպորտի բնագավառում Երեւանի քաղաքապետին վերապահված լիազորությունները կարգավորված են «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով, որի 57-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին մասի համաձայն` մայրաքաղաքի տարածքում ճանապարհային գծանշումների, ինչպես նաեւ երթեւեկության նշանների ու լուսացույցների տեղադրման միջոցով ճանապարհային երթեւեկության կարգավորումը դասվում է տրանսպորտի եւ ճանապարհաշինության բնագավառում քաղաքապետին վերապահված պատվիրակված լիազորությունների թվին:

Սակայն 2009 թվականից Երեւանի քաղաքապետին այս գործառույթի մասով պետության կողմից հատկացումներ չեն նախատեսվել, այսինքն՝ լիազորությունը չի պատվիրակվել։ Հետեւաբար՝ քաղաքապետարանի կողմից այդ լիազորությունը չի իրականացվում։

«Հայաստանի կառավարության 2009 թվականի մայիսի 7-ի 528-Ա որոշմամբ՝ Երեւանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված ճանապարհային նշանները եւ այլ տեխնիկական միջոցները նույն թվականին փոխանցվել են ոստիկանությանը։ Ելնելով վերոհիշյալից՝ ճանապարհային երթեւեկության կազմակերպման տեխնիկական միջոցները Երեւան քաղաքում 2009թ.-ից տեղադրվում են «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից, ոստիկանության միջոցներով եւ ծրագրերի շրջանակներում:

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի համաձայն՝ ճանապարհային լուսացույցներ եւ նշաններ տեղադրելը, ճանապարհային գծանշումներ իրականացնելը ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում ոստիկանության լիազորությունն է»,- նշված է քաղաքապետարանից մեզ ուղղված տեղեկանքում։

Քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում մնացել է բացառապես արհեստական անհարթությունների տեղադրումը։ Զսպաթմբիկները կառուցվում են Երեւանի քաղաքապետարանի կողմից՝ բացառապես ոստիկանության միջնորդությունների եւ մասնագիտական եզրակացություների հիմքով:

Սա, ըստ էության, բարդացրել է մայրաքաղաքի փողոցներում երթեւեկությունն արագ կարգավորելու հարցը։ Փաստորեն, քաղաքապետարանին մեծ ու խրթին ընթացակարգ է պարտադրվել՝ մի սովորական անցում կամ խաչմերուկ կահավորելու համար երկար բանակցություններ պետք է տեղի ունենան քաղաքապետարանի ու ՃՈ-ի միջեւ։ Ու չի բացառվում՝ հենց այդ ընթացակարգերի պատճառով է, որ Երեւանում կան այսքան չկարգավորված ու հետիոտնի համար խիստ վտանգավոր անցումներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter