HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Էռնեկյանի՝ Արցախին նվիրած օդանավն սպասում է իր գնորդին կամ վարձակալին

Արցախի Հանրապետությունն ունի 3 քաղաքացիական ինքնաթիռ, որոնցից 2-ը ներկայում շահագործվում են Ստեփանակերտի օդանավակայանում, իսկ մեկը երկար ժամանակ կանգնած է «Զվարթնոցում»:

ԱՀ էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը, որի հաշվեկշռում գտնվում է «Զվարթնոցում» կայանված «Jetstream 3201» օդանավը, «Հետքին» հայտնել է, որ նախարարությունում քննարկվում են ինքնաթիռի օտարման կամ վարձակալության հանձնելու տարբերակներն ու հնարավորությունը, ինչպես նաեւ իրականացվում են համապատասխան առաջարկությունների մշակման աշխատանքներ՝ կարողունակ շահագործողների շրջանում հետաքրքրություն առաջացնելու նպատակով:

Այս օդանավը գործարար, «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների սեփականատեր Էդուարդո Էռնեկյանի նվերն է Արցախին:

2010-2015 թթ. Արցախի քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Աթբաշյանն ասում է, որ 2011 թ. մայիսի 9-ից՝ Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման օրվանից, Երեւան-Ստեփանակերտ թռիչքներ պետք է իրականացներ Միխայիլ Բաղդասարովի «Արմավիան»: Բաղդասարովը ծրագրում էր այս օդային գծի վրա գործարկել «Q400» տուրբոպտուտակային օդանավեր, որոնք պետք է վերցվեին լիզինգով: Սակայն հետո շեշտը դրվեց «CRJ 200»-ի վրա, ինչպիսին շահագործելու փորձ «Արմավիան» ուներ:

Այդուհանդերձ, 2011-ի մայիսին Երեւան-Ստեփանակերտ թռիչքները չմեկնարկեցին Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության պատճառով, որը սպառնում էր խոցել դեպի Արցախ թռչող օդանավերը: Ադրբեջանի մերժողական քաղաքականությունը, ըստ էության, պաշտպանեցին նաեւ միջազգային երկու խոշոր ավիացիոն կազմակերպությունները՝ ICAO-ն եւ IATA-ն: Խուսափելով հավանական պատժամիջոցներից՝ «Արմավիայի» սեփականատերն առաջարկել էր Աթբաշյանին ստեղծել նոր ավիաընկերություն, որն ինքը թռիչքներ կիրականացներ «Արմավիայից» վարձակալած ինքնաթիռներով: Բայց հետո պարզ դարձավ, որ միեւնույնն է՝ «Արմավիան» դրանից կարող է տուժել, քանի որ ամեն դեպքում ինքնաթիռները գտնվելու էին նրա հաշվեկշռում: Այսինքն՝ անհրաժեշտ էր «Արմավիայից» անկախ նոր ավիաընկերություն, որը կշահագործեր իր իսկ օդանավերը:

2011-ի հոկտեմբերին Երեւանում՝ Արցախի մշտական ներկայացուցչության հասցեում, Աթբաշյանի ղեկավարած «Ազգային ավիացիոն միավորում» ՀԿ-ն գրանցեց «Սքայ Նետ Էրլայն» (Sky Net Airline) ՍՊԸ-ն: 2012-ի գարնանն էլ հայտնի դարձավ, որ Է. Էռնեկյանը պատրաստ է նվեր մատուցել Արցախին: Նույն տարվա մայիսին «Ազգային ավիացիոն միավորման» եւ նորզելանդական ընկերության միջեւ կնքվեց առքուվաճառքի պայմանագիր: 19 հոգու համար նախատեսված «Jetstream 3201»-ը մինչ այդ հենց Նոր Զելանդիայում էր շահագործվում:

Դ. Աթբաշյանն ասում է, որ ձեռք բերելուց առաջ ինքնաթիռը պատշաճ մասնագիտական ստուգման չէր ենթարկվել, հետեւաբար երբ այն արդեն Երեւանում էր, բազմաթիվ թերություններ հայտնաբերվեցին: Ավիատորի ասելով, ըստ էության, ինքնաթիռը թռչելու իրավունք չուներ դեռ 2009 թ.-ից, բայց գնվեց ու Երեւան բերվեց 2012-ի հունիսին:

Շուտափույթ կնքված գործարքի ու առաջացած տեխնիկական, փաստաթղթային խնդիրների պատճառով օդանավը Հայաստանում գրանցվեց եւ թռիչքային պիտանիության սերտիֆիկատ ստացավ միայն 4 ամիս անց՝ ստանալով EK-32968 համարը: Դրա վրա ուսուցում անցավ 4 օդաչու, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով ինքնաթիռը հիմնականում կանգնած էր կա՛մ Երեւանում, կա՛մ Տալլինում, ուր մեկնում էր տեխնիկական սպասարկում անցնելու համար:  

Այս տեղեկությունը հաստատել է նաեւ ԱՀ էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լեւոն Գրիգորյանը: Նշենք, որ 2010-2015 թթ. Արցախի ավիացիան կարգավորող կառույցը կառավարությանն առընթեր քաղավիացիայի վարչությունն էր, սակայն 2015-ին այն վերակազմակերպվեց, եւ նշված նախարարության կազմում ձեւավորվեց քաղավիացիայի բաժին:

Ահա թե ինչ է հայտնել նախարար Գրիգորյանը. «Գործարար Էդուարդո Էռնեկյանի կողմից ինքնաթիռը Արցախի Հանրապետությանը նվիրելուց հետո ՀՀ քաղավիացիայի բնագավառում գործող օրենսդրական պահանջների եւ տեխնիկական ռեգլամենտների համաձայն իրականացվել են մի շարք տեխնիկական սպասարկման աշխատանքներ, այդ թվում՝ ՀՀ-ից տեխնիկական թռիչք է իրականացվել Էստոնիայի մայրաքաղաք Տալլին՝ տվյալ կարգի ինքնաթիռների վերանորոգման իրավունք ունեցող խոշոր ընկերության տեխնիկական բազա: Տեխնիկական սպասարկում իրականացնելուց հետո այն նորից տեղափոխվել է ՀՀ, եւ նախքան դեպի Ստեփանակերտ թռիչքներ կատարելու իրավունքի ձեռքբերման խնդրի կարգավորումը կազմակերպվել են թռիչքային անձնակազմի թռիչքային պարապմունքներ»:  

Դմիտրի Աթբաշյանը «Հետքի» հետ զրույցում պատմել է, որ հայ օդաչուներին «Jetstream 3201»-ով թռչելու համար վերապատրաստում էր բրիտանացի հրահանգիչ, որին վարժանքների համար օրական վճարում էին 600 ֆունտ: Միաժամանակ օդանավը ցանկացողներին հրավիրում էր մեկժամյա ամուսնական ավիաշրջագայության: Սակայն հրահանգչի մեկնելուց հետո ինքաթիռը շարունակեց մնալ կանգնած: Ըստ Աթբաշյանի՝ միայն առաջին տարում օդանավի պահպանման ծախսը կազմեց շուրջ 400 հազար դոլար, իսկ եկամուտ չկար:  

Ավիատորն ասում է, որ Արտյոմ Մովսեսյանի ղեկավարած ՔԱԳՎ-ն տարբեր պատճառաբանություններով, այդ թվում՝ ծիծաղելի, ձգձգում էր թռչելու համար անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրման գործընթացը, ինչի հետեւանքով օդանավն աղոտ հեռանկարով շարունակում էր կանգնած մնալ «Զվարթնոցում»: Աթբաշյանը պատմում է, որ 2013-ի սեպտեմբերին ԱՀ նախագահ Բակո Սահակյանն իրեն կանչել էր Արցախ՝ մասնակցելու Ա. Մովսեսյանի հետ հանդիպմանը: Այդ ժամանակ «Jetstream 3201»-ը Տալլինում տեխնիկական սպասարկում էր անցնում, որից հետո Հայաստանում պիտի կոմերցիոն թռիչքներ սկսեր: Ստեփանակերտում կայացած հանդիպմանը, ըստ Աթբաշյանի, Մովսեսյանն առաջարկել էր լուծարել «Sky Net Airline»-ը, օդանավը հանձնել մեկ այլ հայկական ավիաընկերության, որը «Sky Net»-ից նաեւ աշխատանքի կվերցներ 2-ական օդաչուի եւ ինժեների: Արցախի քաղավիացիայի վարչության նախկին պետը հիշում է, որ նախագահն ասել էր, թե առաջարկն իրենց համար անընդունելի է՝ դա պատճառաբանելով արտաքին եւ ներքին գործոններով: Արդյունքում օդանավը մնաց Արցախին:

Դմիտրի Աթբաշյանը պատմում է, որ երբ 2013-ի նոյեմբերին «Sky Net»-ի տնօրեն Գրիգորի Վարդանյանը հայտարարեց, թե առաջիկայում իրենք կոմերցիոն թռիչքներ են մեկնարկելու, հայտնվեց իրանցի պատվիրատու, ով Երեւան-Թավրիզ-Երեւան չարտերային չվերթի ծրագիր ուներ: Հայկական ավիաընկերությունը նպատակ ուներ 2014-ի գարնանից ոչ միայն թռիչքներ կատարել Հայաստանի ներսում, այլեւ դեպի Թբիլիսի, Բաթում, Թավրիզ: Ըստ Աթբաշյանի, սակայն, իրանական կողմի հետ բանակցությունների թեժ փուլում հայտնվել էր ՔԱԳՎ ներկայացուցիչներից մեկն ու ասել, թե շուտով օդանավը վերցնելու են «Sky Net»-ից, ինչից հետո իրանցին անհետացել էր: Հետաքրքիր է, որ տեղական նախկին օպերատորներից մեկի՝ «Հայկական միջազգային ավիաուղիների» տերերից Վերսանդիկ Հակոբյանը 2014-ի ապրիլին ձեռք էր բերել «Sky Net»-ի 76 տոկոսը, սակայն արդեն մայիսին հրաժարվել էր դրանից, քանի որ ընկերության ու ՀՀ ՔԱԳՎ ղեկավարության խնդիրները շարունակվում էին:

Հայաստանում «Jetstream 3201»-ն այդպես էլ չկարողացավ կոմերցիոն թռիչքներ իրականացնել: Դ. Աթբաշյանի ասելով՝ ժամանակի հետ դրա ագրեգատները հնանում, մաշվում էին. որոշները թանկ տեխնիկական վերանորոգման կարիք ունեին, որոշներն էլ ընդհանրապես անհրաժեշտ էր փոխել: Այս ամենի արժեքը գերազանցում էր 400 հազար եվրոն, ինչը միանշանակ թանկ հաճույք էր: Երբ Երեւան-Ստեփանակերտ չվերթի իրականացման հույսը մարեց, ըստ ավիատորի, պարզ դարձավ, որ օդանավը պահելն անիմաստ է:

Արցախի ղեկավարությունը որոշեց այն վերադարձնել նվիրատուին, տարբերակ կար նաեւ ամբողջությամբ կամ մաս-մաս վաճառել օդանավը՝ ԱՀ կառավարության կողմից ներդրված միջոցների թեկուզ մի մասը մարելու եւ 2-3 հատ «CH-801» ինքնաթիռ ձեռք բերելու համար (2013-ից Արցախում շահագործվում է «CH-701» տիպի 2 օդանավ), այդուհանդերձ, գտան, որ նվերը վաճառելը ճիշտ չի լինի: Սակայն դրանից հետո էլ Էդուարդո Էռնեկյանը տեղեկացրեց, թե ինքնաթիռը իր նվերն է Արցախին, որի հետ կարող են վարվել, ինչպես ճիշտ են գտնում:

«Ներկա դրությամբ ինքնաթիռը կայանված է «Զվարթնոց» օդանավակայանում եւ երկարատեւ չշահագործման պատճառով նորից է պահանջվում իրականացնել տեխնիկական սպասարկման ռեգլամենտային աշխատանքներ: Դրանց կրկին կատարումը ներկա դրությամբ նպատակահարմար չէ»,- «Հետքին» հայտնել է նախարար Լեւոն Գրիգորյանը՝ հավելելով, որ Արցախի տարածքում դրա շահագործման հարց այսօր չի քննարկվում:

«Զվարթնոց». ձախից աջ կանգնած են. EK-65072 (նախկին նախագահական բորտ, ամրացված է ՀՀ պետգույքի կառավարման վարչությանը), Կապանի օդանավակայանի համար նախատեսված «L-410» ինքնաթիռը («Atlantis Armenian Airlines»), EK-32968 (ԱՀ), EK-65848 («Էյր Արմենիա»), 3X-GFV («GR Avia», Գվինեա), EK-20014 («Արմավիա»), EK-85403 («Հայկական ավիաուղիներ»). լուսանկարը՝ Ա. Ապիկյանի ֆեյսբուքյան էջից:

Ինչ վերաբերում է «Զվարթնոց» օդանավակայանում ինքնաթիռի երկարատեւ կայանման ծախսերին, նախարարը տեղեկացրել է, որ Արցախի Հանրապետությունից այդպիսի ծախս չի գանձվում, հետեւաբար, պարտք չի կուտակվում: Իսկ «Jetstream 3201»-ի պահպանման մասին Գրիգորյանը գրել է. «Առկա է ծառայությունների վճարովի մատուցման ուժի մեջ գտնվող պայմանագիր ԱՀ էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարության եւ «Զվարթնոց» օդանավակայանում գործող մասնագիտացված կազմակերպության միջեւ՝ օդանավի պահպանման ծառայություններ մատուցելու համար»: Հավելենք, որ ինքնաթիռը վաղուց դուրս է բերվել ՀՀ օդանավերի գրանցման ռեգիստրից: Ըստ էության, պատճառը վերջին 3 տարում թռիչքային պիտանիության սերտիֆիկատ չունենալն է, ինչն «Ավիացիայի մասին» օրենքի պահանջ է:

Այսպիսով՝ 19 հոգու համար նախատեսված ռեգիոնալ նշանակության ինքնաթիռը սպասում է իր գնորդին կամ վարձակալին, սակայն, հաշվի առնելով դրա «վերակենդանացման» համար պահանջվող մեծ ծախսը, կարելի է ենթադրել, որ այն առաջիկայում դեռ կանգնած կմնա «Զվարթնոցում»՝ թափոն դարձած օդանավերի կողքին:       

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter