HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Դավիթ Բեկի գործը շարունակողը, խավարի գործիչներն ու ամբիցիոզ ծրագիրը. քարոզարշավի վեցերորդ օրը

«Հետք»-ն ամփոփում է նախընտրական քարոզարշավի վեցերորդ օրը

«Խավարի գործիչները»

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր նախընտրական քարոզարշավ է իրականացրել Արագածոտնի և կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի հայրենի Լոռու մարզում: Մարուքյանը հայտարարել է, որ «Լուսավոր Հայաստան»-ի դեմ այլանդակ, սև քարոզչություն է իրականացվում. «Մեր լույսը, փորձում են խամրեցնել, սակայն դրանք խավարի գործիչներ են»,- ասում է ԼՀԿ առաջնորդը՝ ընդգծելով, որ այդ ամենը կատարվում է ֆեյքերի միջոցով:

Էդմոն Մարուքյանն ասել է նաև, որ Սերժ Սարգսյանին ընտրած բազմաթիվ հանրապետականներ, ԲՀԿ-ականներ և դաշնակցականներ այսօր հանդես են գալիս որպես հեղափոխականներ, մինչդեռ, ըստ Մարուքյանի, «Լուսավոր Հայաստան»-ը պաշտպանել է հեղափոխությունը, սակայն իրեն հեղափոխական չի համարում:

«Հայաստանում չկա չլուծվող հարց»

«Մենք» դաշինքը այսօր շրջել է Արմավիրի մարզում: Էջմիածին քաղաքում կուսակցության ներկայացուցիչները մասնակցել են ժամերգության, որին ներկա է եղել նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Այնուհետև թեկնածուները շրջել են փողոցներում, զրուցել քաղաքացիների հետ:

Դաշինիքի համապետական ցուցակի երկրորդ համար Խաչատուր Քոքոբելյանը հայտարարել է, որ ներկայիս իշխանությունները ամբողջովին չեն վերացրել ստվերային տնտեսությունն ու մենաշնորհները: Քոքոբելյանը նշեց, որ ստվերից դուրս բերված գումարներով 3 տարում ամբողջովին կկառուցեն միջհամայնքային ճանապարհները: «Պատասխանտու կերպով հայտարարում եմ՝ Հայաստանում չկա չլուծվող հարց, ուղղակի գիտելիքներ և պոտենցիալ ունեցող մարդիկ են պետք»,- ասել է պատգամավորի թեկնածուն:

Արտոնություններ փոքր բիզնեսին

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները այսօր շրջել են Կոտայքի մարզում և քաղաքացիներին ներկայացրել նախընտրական ծրագրի դրույթները, անդրադարձել կրթության, տնտեսության, առողջապահության հարցերի: Կուսակցությունը հայտարարել է, որ տնտեսության մեջ իրենց համար արտոնյալ է լինելու ոչ թե հանքարդյունաբերությունը, այլ փոքր բիզնեսը:

Բանավեճի հրավեր՝ բացառությամբ մի շարք ուժերի

«Ազգային առաջընթաց» կուսակցությունն (ԱԱԿ) այսօր քարոզչություն է իրականացրել Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Արարատի մարզերում, ինչպես նաև մայրաքաղաք Երևանում:

Կուսակցությունն այսօր սոցիալ-տնտեսական թեմայով բանավեճի հրավեր է ուղարկել «Իմ քայլը», «Մենք» դաշինքներին, «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացու որոշում» կուսակցություններին: «Ազգային առաջընթաց»-ը բանավեճի չի հրավիրել ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՕԵԿ-ին և ՀՅԴ-ին, քանի որ ըստ ԱԱԿ-ի՝ նշված կուսակցությունները երկիրը հասցրել են սոցիալ-տնտեսական աղետի, և նրանք Ազգային ժողովում տեղ չունեն:

Ակտիվ քարոզչություն «Ֆեյսբուք»-ում

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանն այսօր ակտիվ քարոզչություն է իրականացրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: Նա ներկայացրել է կուսակցության կողմից առաջադրված թեկնածուներին, նրանց կենսագրությունները, ինչպես նաև հատվածներ նախընտրական ծրագրի դրույթներից:

«40 օբյեկտի սեփականաշնորհում կեղծ մրցույթների միջոցով»

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքն այսօր եղել է հանրապետության հարավային մարզում՝ Սյունիքում, մասնավորապես՝ Մեղրի, Քաջարան, Կապան և Գորիս քաղաքներում:

Փաշինյանն իր ելույթներում մի շարք տնտեսական ցուցանիշներից է խոսել: Կառավարության ղեկավարի խոսքով՝ 2018 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանից արտահանվել է 80 միլիոն դոլարի գյուղմթերք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցում է 31 միլիոն դոլարով:

Քաջարանում Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանից, ով այժմ կալանքի տակ է և մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու և առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու մեջ:

Վարչապետի պաշտոնակատարն ասաց՝ Հատուկ քննչական ծառայությունը պարզել է, որ Արմավիրի և Տավուշի մարզերում Մանվել Գրիգորյանն ապօրինի կերպով, կեղծ մրցույթների միջոցով սեփականաշնորհել է 40 օբյեկտ: Փաշինյանի խոսքով՝ այդ օբյեկտները վերադարձվելու են համայնքներին:

Փաշինյանը խոսել է նաև Հյուսիս-հարավ ճանապարհի մասին, հիշեցրել հարուցված քրեական գործը և պետությանը միլիարդավոր դրամների հասցված վնասը: Նրա խոսքով՝ ճանապարհի բազմաթիվ հատվածներ մինչև այսօր նախագծված չեն:

Դավիթ Բեկի կիսատ թողած գործը շարունակողը

«Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է արել եւ անում Հայաստանի տնտեսության հետ Փաշինյանի իշխանությունը»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստանի հանրապետական» կուսակցության համապետական ցուցակի 6-րդ համար Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովը հայտարարել է, որ իրենք միակն են, որ պատրաստ են լինել իրական ընդդիմություն և օր ու արև չտալ Փաշինյանի կառավարությանը: «Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն»,- ասել է Շարմազանովը:

«Ֆեյսբուք»-ում այսօր հիմնականում հումորային մեկնաբանություններով լայնորեն տարածվել է ՀՀԿ համապետական ցուցակի 9-րդ համար Մենուա Հարությունյանի հրապարակած լուսանկարը՝ Կապանում Դավիթ Բեկի արձանի ֆոնին. «Ես կշարունակեմ Դավիթ Բեկի կիսատ գործերը»,- գրել է Հարությունյանը «Ֆեյսբուք»-ում:

ՀՀԿ համապետական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանն էլ կոչ է արել քաղաքացիներին չվախենալ և դեկտեմբերի 9-ին ընտրել այն ուժին, որը կներկայացնի ժողովրդի ձայնը խորհրդարանում:

«Իջեցնել տոնայնությունը»

«Հայ հեղափոխական դաշնակցության» քարոզարշավի խմբերից մեկը կուսակցության համապետական ցուցակի երրորդ համար, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ շրջել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանում: Խաչատրյանը Դաշնակցության շանսերը դրական է գնահատել և շեշտել է, որ իրենց կուսակցությունը գաղափարական ուժ է և գաղափարական քարոզարշավ է իրականացնում: Արթուր Խաչատրյանը անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի իշանություններին ուղղված սթափության կոչերին: Ըստ դաշնակցական թեկնածուի՝ վարչապետի պաշտոնակատարը պետք է Արցախի ղեկավարության մասին խոսելիս տոնայնությունն իջեցնի, քանի որ «չի կարելի հանուն ընտրությունների սեպ խրել հայկական երկու պետությունների ղեկավարությունների միջև»:

Ծառուկյանին խնդրում են օգնել, բայց նա չի կարողանում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր եղել է Արագածոտնի մարզում: Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ քարոզարշավի օրերին օգնության խնդրանքով բազմաթիվ քաղաքացիներ են դիմում իրեն, սակայն նա չի կարողանում բարձրացված հարցերին միանգամից լուծում տալ, քանի որ դա կդիտվի որպես ընտրակաշառք: Ծառուկյանը հորդորեց քաղաքացիներին դիմել ընտրություններից հետո:

Աշտարակում Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Անգլիայից լորդեր են եկել և ցանկանում են Հայաստանում ներդրումներ անել՝ իր հետ միասին: ԲՀԿ առաջնորդի խոսքով՝ լորդերից մեկը նախարարի պաշտոն է զբաղեցրել Միացյալ Թագավորության 71-րդ վարչապետ Մարգարետ Թետչերի կառավարման տարիներին (1979-1990):

«Նախորդ ռեժիմներին պատասխանատվության ենթարկել»

«Սասնա ծռեր» կուսակցությունը հանդիպումներ է ունեցել Կոտայքի մարզում: Եղվարդում կուսակցության համապետական ցուցակի երրորդ համար Գարեգին Չուգասզյանը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում իրենց առաջնահերթ հարցերից մեկն է լինելու «նախորդ ռեժիմին պատասխանատվության ենթարկելը»: Նույն թեմայով էլ Չարենցավանում Վարուժան Ավետիսյանը նշել է, որ «պետք է անցումային արդարադատության առաջ կանգնեցնել նախորդ երեք ռեժիմների ժամանակ հայրենիքը, ժողովրդին կեղեքած, պետականությունը քայքայած, բոլորին թալանած ուժերին եւ նրանց պարագլուխներին»:

Վարուժան Ավետիսյանը խոսել է նաև նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին, որն ըստ նրա՝ ունակ կլինի ձևավորել ազգային ժողովրդավարական ինստիտուտներ:

Ամբիցիոզ ծրագիր

Արագածոտնի մարզում «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, խոսելով գյուղատնտեսության և համայնքների զարգացման մասին, հայտարարել է, որ իրենք ամբիցիոզ ծրագիր ունեն:

Բաղդասարյանը շեշտել է, որ անավարտ գործեր կան, այդ պատճառով ՕԵԿ-ը վճռականորեն հայտ է ներկայացրել ընտրություններին իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերելու և խորհրդարանում հայտնվելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter