
Անդամակցում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին, դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ. արտաքին քաղաքականությունը՝ նախընտրական ծրագրերում (մաս 2)
«Հետք»-ը ներկայացնում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի՝ արտաքին քաղաքականությանն առնչվող հատվածները: Այսօր կանդրադառնանք «Լուսավոր Հայաստան», Հայ Հեղափոխական դաշնակցություն, «Օրինաց երկիր», «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություններին և «Մենք» դաշինքին
Չիրացված պոտենցիալ ՀՀ-ԵՄ հարաբերություններում
Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ասում է՝ Հայաստանը պարտավոր է իրագործել երկրի կայուն անվտանգությունն ու զարգացումը երաշխավորող հավասարակշիռ, ճկուն և հեռատես արտաքին քաղաքականություն։
Ըստ կուսակցության՝ չնայած որ Հայաստանի և Եվրամիության միջև համաձայնագիր է կնքվել, այնուամենայնիվ ՀՀ-ԵՄ հարաբերություններում կա բավական մեծ չիրացված պոտենցիալ, և այն իրացնելու համար պետք է նախաձեռնել ռազմավարական գործընկերության ձևավորում: Եվրասիական տնտեսական միությունում, ըստ ԼՀԿ-ի, Հայաստանը պետք է առավելագույնս իրացնի տնտեսական հնարավորությունները գործընկեր երկրների հետ, պահպանելով իր ինքնիշխանությունը և առաջ մղելով մեր պետության շահերը։
«Լուսավոր Հայաստան»-ը արժևորում է Ռուսաստանի դերը՝ որպես ռազմավարական գործընկեր, սակայն գտնում է, որ պետք է հարաբերությունները տեղափոխել արժանապատվության, փոխշահավետ համագործակցության հարթություն: ԼՀԿ-ն անհրաժեշտ է համարում ԱՄՆ-ի հետ հարագործակցության ընդլայնումը և համապարփակ և գործընկերային սերտ և անքակտելի հարաբերությունների ամրապնդումը Վրաստանի և Իրանի հետ:
Ոչ մի տող ՌԴ-ի, Իրանի, ԱՄՆ-ի և Եվրամիության հետ հարաբերությունների մասին
«Հայ հեղափոխական դաշնակցությունը» ներկայացրել է նույն ծրագիրը, ինչ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: ՀՅԴ-ն կարծում է, որ Հայաստանը պետք է վարի անկախ արտաքին քաղաքականություն՝ հիմնված բացառապես ազգային շահի և պետության հեռանկարային ռազմավարական զարգացման տեսլականի վրա: ՀՅԴ-ն անհրաժեշտ է համարում արտաքին քաղաքականության օրակարգի անբաժան մաս դարձնել Հայոց ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման հարցերը, ձևավորել անհրաժեշտ դիմակայությունը՝ ընդդեմ թուրք-ադրբեջանական տանդեմի: Դաշնակցությունն ասում է, որ Վրաստանի հետ հարաբերությունները պետք է կառուցել բարեկամության և ազգային շահերի փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա:
Նկատենք, որ ՀՅԴ նախընտրական ծրագրի՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածում ոչինչ չկա Ռուսաստանի, Եվրամիության, ԱՄՆ-ի և այլ աշխարհաքաղաքական կենտրոնների, ինչպես նաև Իրանի հետ հարաբերությունների վերաբերյալ:
Անդամակցում Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին
«Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցություններից կազմված «Մենք» դաշինքն իրեն համարում է արևմտամետ քաղաքական դիրքորոշում ունեցող ուժ, ըստ այդմ՝ դաշինիքի համար ռազմավարական տեսլական է Հայատասնի անդամակցությունը Եվրոպական Միությանը: Հարկ է նշել, որ ընտրությանը մասնակցող բոլոր քաղաքական ուժերի մեջ արտաքին քաղաքականությանը ծավալով ամենամեծ տեղը նախընտրական ծրագրում հատկացրել է հենց «Մենք» դաշինքը:
Ըստ «Մենք»-ի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է կառուցվեն փոխշահավետության և իրավահավասարության սկզբունքի վրա: Ռուսաստանի հետ ռազմական երկկողմ համագործակցությունը, ըստ դաշինքի, պետք է տարանջատել ԱՊՀ-ում և ՀԱՊԿ-ում բազմակողմ համագործակցությունից:
ԵԱՏՄ-ին անդամակցությունը «Մենք» դաշինքը համարում է Հայաստանի արտաքին քաղաքական ամենամեծ վրիպումը: Բացի այդ, դաշինքը կարծում է, որ պետք է վերանայվեն ՀԱՊԿ հիմնարար պայմանագրերը՝ հասնելով նրան, որ ընդունվեն լրացուցիչ արձանագրություններ՝ երկկողմ (հայ-ռուսական) կամ բազմակողմ (եթե հնարավոր է) ձևաչափով Հայաստանին սպառնացող վտանգներին արագ ու վաղօրոք հակազդելու վերաբերյալ:
«Մենք» դաշինքը Հայաստանի անվտանգության ապահովման կարևոր բաղկացուցիչներից է համարում ԱՄՆ-ի հետ պաշտպանական ոլորտի համագործակցությունը, ինչպես նաև հայկական բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելը՝ հեռահար նպատակ ունենալով այդ կառույցին անդամակցությունը։
Դաշինքը կարևորում է նաև Իրանի և Վրաստանի հետ սերտ համագործակցությունը, առանց նախապայմանների հայ-թուրքական սահմանի բացումը: Դաշինքը պատրաստ է պահանջ բարձրացնել 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի, ինչպես նաև՝ դրան հաջորդած հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների միջազգային հետաքննության, Ադրբեջանի պատասխանատվության հարցի հարուցման և ԵԱՀԿ շրջանակներում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ու ԵԱՀԿ մշտադիտարկման կարողությունների ընդլայնման վերաբերյալ: Դաշինքը ցանկանում է հասնել նրան, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ որևէ պետություն իրավունք չունենա սպառազինություն վաճառել Ադրբեջանին, նույնը վերաբերում է նաև ՀԱՊԿ անդամ պետություններին:
Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատում
Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Օրինաց երկիր» կուսակցությունն առաջարկում է Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում ռազմավարական գործակցության զարգացում, ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Հայաստանի դիրքերի հետևողական ամրապնդում:
ՕԵԿ-ը նախատեսում է գործընկերության առաջընթաց ԱՄՆ-ի և Եվրամիության հետ, Չինաստանի և Հնդկաստանի հետ հարաբերությունների ընդլայնում, Հայաստանի ներգրավում Շանհայի համագործակցության կազմակերպության և «Մեկ գոտի մեկ ուղի» նախագծի տարածաշրջանային ծրագրերում: Իրանի և Վրաստանի հետ համակողմանի հարաբերություններ և տարածաշրջանային զարգացման շրջանակներում շարունակական համագործակցություն:
Կուսակցությունը պատրաստ է նաև Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սակայն թե ինչ պայմաններում՝ ՕԵԿ-ը չի նշում:
Հայամետ դիրքորոշում և հայաստանակենտրոն քաղաքականություն
Քաղաքագետ Լևոն Շիրինյանի առաջնորդած «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը գտնում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի հայամետ դիրքորոշման և հայաստանակենտրոն քաղաքականության վրա, որի շրջանակներում էլ պետք է իրականացվի ՀՀ արտաքին քաղաքականությունը՝ հիմնված ազգային պետական շահերի, միջազգային իրավունքի, պետությունների և միջազգային կառույցների հետ փոխգործակցության դաշնակցային և բարիդրացիական հարաբերությունների վրա:
Կարդացե՛ք նաև՝ ԵՄ-ում վիզային ռեժիմի ազատականացում, ՌԴ հետ կնքած պայմանագրերի վերանայում. արտաքին քաղաքականությունը՝ նախընտրական ծրագրերում (մաս 1)
Մեկնաբանել