HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Փաշինյանի նախընտրական ջոկերը, 47 թիվը հիշեցնող Վանաձորը. քարոզարշավի ութերորդ օրը

«Հետք»-ն ամփոփում է նախընտրական քարոզարշավի ութերորդ օրը:

«Սասնա ծռեր»-ն ու «Ազգային առաջընթաց»-ը միացել են ՔՈ-ի նախաձեռնությանը

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Սասնա ծռեր» և «Ազգային առաջընթաց» կուսակցությունները միացել են «Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցության՝ նախօրեին տարածած հայտարարությանն այն մասին, որով առաջարկվում էր ընտրարշավին մասնակցող ուժերի միջև կնքել փոխադարձ համաձայնագիր՝ ընտրվելու դեպքում՝ նոր Սահմանադրության ընդունման գործընթաց նախաձեռնելու համար: Որպես հիմնական պատճառ բերված է այն, որ գործող Սահմանադրությունն ընդունվել է հանրաքվեի կեղծված արդյունքներով և ժողովրդի իրական կամարտահայտության դրսևորումը չէ:

«Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանը հայտարարել է, որ իրենց առաջարկին չմիացող քաղաքական ուժերը իրենց համաձայնությունն են տալիս «մեր կյանքը ոչ լեգիտիմ Սահմանադրությամբ կարգավորելու… ,և այդ քաղաքական ուժը գնում է ոչ լեգիտիմ կառավարման մաս դառնալու»:

«Սասնա ծռեր» կուսակցության համապետական ցուցակի առաջին և երկրորդ համարներ Վարուժան Ավետիսյանը և Ստեփան Գրիգորյանը, ինչպես նաև Ժիրայր Սեֆիլյանը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Գրիգորյանը հայտարարել է, որ Շիրակի և Կոտայքի մարզերում մի շարք քաղաքացիներ բողոքել են, որ գումար բաժանելու գործընթաց է սկսվել: Այս առնչությամբ Ստեփան Գրիգորյանը հրավիրել է ոստիկանության ուշադրությունը: Թեկնածուն ասում է՝ ««Սասնա ծռերը» ոչ ոքի թույլ չի տա նսեմացնել հայ ժողովրդին»: Գրիգորյանի հայտարարության վերաբերյալ հրապարակումները գլխավոր դատախազությունից ուղարկվել են ոստիկանապետին՝ ոստիկանության կողմից դրանցում ներկայացված հանգամանքները ստուգելու և օպերատիվ հետախուզական աշխատանքներ կատարելու նպատակով։

Կուսակցությունն այսօր քարոզարշավ է իրականացրել Երևանում, շրջել մի քանի վարչական շրջաններում: Նախորդ օրերին «Սասնա ծռեր»-ը մարզերում էր:

«Ազգային առաջընթաց» կուսակցության ներկայացուցիչներն էլ այսօր եղել են Արագածոտնի մարզում, զրուցել քաղաքացիների հետ, ներկայացրել պետության զարգացման վերաբերյալ իրենց ռազմավարությունը:

Արամ Հարությունյանին ազատությունից զրկելու միջնորդությունը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում եղել է Արարատի մարզի՝ Արարատ, Վեդի, Արտաշատ և Մասիս քաղաքներում:

Փաշինյանը խոսել է բնապահպանության նախկին նախարար, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի և հարուցված քրեական գործի մասին: Հիշեցնենք՝ գլխավոր դատախազն այսօր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Ազգային ժողով, ի դեմս ԱԺ նախագահի: Միջնորդությունը քննարկելու համար մոտակա 72 ժամվա ընթացքում պետք է ԱԺ նիստ հրավիրվի:

Փաշինյանը չբացառեց, որ քվորում չլինելու պատճառով նիստը կարող է չկայանալ, քանի որ քաղաքական ուժերը նախընտրական քարոզարշավ են իրականացնում: Կառավարության ղեկավարը չբացառեց նաև այն տարբերակը, որ հանրապետական պատգամավորները կարող են ներկայանալ նիստին և դեմ քվեարկել իրենց կուսակցին կալանավորելու միջնորդությանը: Այնուամենայնիվ, Փաշինյանը վստահեցրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող պատգամավորները կներկայանան նիստին: Ըստ գործադիրի ղեկավարի՝ «եթե այս Ազգային ժողովը չլուծի Արամ Հարությունյանի հարցը, ապա դա կանի գալիք խորհրդարանը»:

Նիկոլ Փաշինյանը կատարյալ անհեթեթություն որակեց Ադրբեջանի իշխաննությունների այն հայտարարությունը, որ իր վարչապետության օրոք հակառակորդը Նախիջևանի ուղղությամբ 11 հազար հեկտար տարածք է ազատագրել: Նա վստահեցրեց, որ ՀՀ զինված ուժերն այդ ուղղությամբ նախկինի նման շարունակում են ամբողջությամբ տիրապետել ռազմավարական նախաձեռնությանը:

Բացի այդ, վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ եթե ինչ-որ մեկը հեղափոխությանը մեղադրում է Արցախի կամ Հայաստանի դեմ դավադրության մեջ, ուրեմն ժողովրդին է մեղադրում դավադրության մեջ, քանի որ հենց ժողովուրդն է իրականացրել հեղափոխությունը:

«Սահմանամերձ շրջաններում արված խոշորացումը թշնամական քայլ է»

Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը այսօր եղել է Տավուշի մարզի մի շարք սահմանամերձ համայնքներում, ինչպես նաև Սևան քաղաքում: Բերդում Մարուքյանը հայտարարեց, որ սահմանամերձ համայնքներում «պետության առանձնակի, հատուկ ուշադրության կարիք կա կենտրոնացնելու»: Նա նշեց, որ քննարկել են կուսակցությունում սահմանամերձ համայնքներով զբաղվող խումբ ստեղծելու տարբերակը, որը շարունակաբար կհետևի սահմանամերձ համայնքների խնդիրների բարձրաձայնմանը, դոնոր կազմակերպություններ կգտնի և պետական աջակցության ծրագրերը կուղղորդի սահմանամերձ գոտիներ:

Վերին Կարմիրաղբյուրում էլ ԼՀԿ առաջնորդը անդրադարձել է համայնքների խոշորացման հարցին: Նա նշել է, որ սահմանամերձ շրջաններում արված խոշորացումը թշնամական քայլ է եղել, որը հարվածել է շրջանի բոլոր գյուղական համայնքներին: Ըստ Մարուքյանի՝ ԼՀԿ-ն հանդես է գալիս տարածքների համաչափ զարգացման օրակարգով և խոշորացման ռեֆորմը վերանայելու նախաձեռնությամբ:

Կարկանդակներ՝ ժողովրդին, բանավեճի հրավեր՝ իշխանությանը

«Մենք»-ը, դաշինքի առաջին դեմքերի գլխավորությամբ, այսօր շրջել է Երևանի փողոցներով և թխվածքաբլիթներ հյուրասիրել քաղաքացիներին: Դաշինքի համապետական ցուցակի չորրորդ համար Արտակ Զեյնալյանը նշել է, որ հյուրասիրությունը խորհրդանշական, այլաբանական բնույթ ունի՝ «իրենք իրենց կարկանդակից են ժողովրդին հյուրասիրում, ժողովուրդն էլ իր կարկանդակից»:

Դաշինքի համապետական ցուցակի երկրորդ համար, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն էլ հայտարարել է, որ իշխանությանը բանավեճի է հրավիրում ցանկացած թեմայով, որպեսզի խոսեն և հասկանան, թե ինչպես է պետք երկիրը այս վիճակից հանել:

«Փաշինյանի ջոկերը»

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) համապետական ցուցակի 5-րդ համար Արմեն Աշոտյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը անկում է ապրում, քանի որ «ՀՀԿ-ն բացում է մարդկանց աչքերը իրականության վրա»:

Արմեն Աշոյանը նույնպես անդրադարձել է Արամ Հարությունյանին առաջադրված մեղադրանքին: «Նիկոլ Փաշինյանին թվում էր, թե սա իր նախընտրական ջոկերն է, որ ինքը հանելու է գրպանից և, այսպես ասած, «չախի» Հանրապետականի նախընտրական արշավը, սակայն Փաշինյանն ու իր խորհրդատուները քաղաքական կարճատեսություն ունեն»,- ասել է Աշոտյանը: Ըստ նրա՝ այս դեպքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Փաշինյանի հակակոռուպցիոն պայքարը մեծ մասամբ շոու է:

ՀՀԿ փոխնախագահը ընդգծել է, որ Արամ Հարությունյանը որևէ կուսակցության ցուցակում չկա, և այսպես թե այնպես դեկտեմբերի 24-ից հետո պատգամավոր չի լինելու, ուստի դատախազության միջնորդության և ԱԺ նիստի կարիք չէր լինելու նրան ձերբակալելու համար:

«Վանաձորում ոնց որ 47 թիվը լինի»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, այսօր քարոզարշավ է իրականացրել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Լոռու մարզկենտրոն Վանաձորում:

Ծառուկյանը նշել է, որ Ապարանը գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ է հայտնի, և պետք է էլիտար սորտերի սերմացուներ և ցածր տոկոսադրույքներով անասնապահական վարկեր տրամադրվեն բնակիչներին: Նա ասաց, որ մի շարք ծրագրեր ունի իրականացնելու, և միևնույն ժամանակ ընդգծեց, որ եթե իրեն ձայն չտան, չի նշանակում, որ այդ ծրագրերը չի իրականացնելու:

Վանաձորում ԲՀԿ առաջնորդը հայտարարել է, որ քաղաքում կարծես «47 թիվը լինի, բոլոր գործարանները քանդված են և ավիրված»: Ծառուկյանն ասում է, որ Վանաձորը եղել է արդյունաբերական քաղաք, և մարդկանց 65-70 տոկոսն աշխատել է արդյունաբերական գործարաններում: Այժմ աշխատատեղեր ստեղծելու համար, ըստ ԲՀԿ նախագահի, պետությունը պետք է մեծ գումարներ ներդնի, բանակցի արտասահմանցի գործարարների հետ և շահագրգիռ պայմաններ ստեղծի:

Անդրադառնալով աջ ղեկային տեղաբաշխմամբ մեքենաների հարցին՝ Ծառուկյանն ասել է, որ այստեղ մարդիկ մեղավոր չեն, պետությունն է մեղավոր և հենց պետությունն էլ պետք է լուծի այս հարցը: «Ինչի՞ են բերել... երեք անգամ էժան ա, բերել են, որ տաքսի քշեն, տունը պահեն...եթե արգելեն, ինչ պիտի անի մարդը, հացի խնդիր ունեցող մարդուն պետք է գնահատել»,- ասել է Ծառուկյանը:

ՀՅԴ-ն վստահ է, որ կհաղթահարի անցողիկ շեմը

Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի անդամ, համապետական ցուցակի երկրորդ համար Արսեն Համբարձումյանն այսօր հյուրընկալվել էր «Հետքի սրահ»-ում: Համբարձումյանը վստահություն է հայտնել, որ Դաշնակցությունը հաղթահարելու է ընտրական անցողիկ շեմը և հայտնվելու է խորհրդարանում:

ՕԵԿ-ը դեմ է ուսուցիչների կրճատմանը

Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ ) նախընտրական քարոզարշավ է իրականացրել Գեղարքունիքի մարզում: Բաղդասարյանը հիմնականում խոսել է սոցիալ-տնտեսական թեմաներից: Նա քաղաքացիներին ասել է, որ քվեարկելով ՕԵԿ-ի օգտին՝ քվեարկում են Հայաստանում իրական փոփոխությունների օգտին:

Ըստ Արթուր Բաղդասարյանի՝ ՕԵԿ-ն առաջարկում է հասանելի կրթություն և առողջապահություն: ՕԵԿ նախագահն ասել է, որ պետությունը պետք է պետբյուջեի հաշվին ապահովի երկրում տարածված հիվանդությունների անվճար բուժումը, տարեցտարի բարձրացնի կրթության և մշակույթի ոլորտի աշխատողների վարձատրությունը: ՕԵԿ-ը ոչ միայն դեմ է ուսուցիչների կրճատմանը, այլև առաջարկում է 30 հազարով ավելացնել նրանց թիվը:

«Առանձնացնել հեղափոխության ուժերին և անցյալի դերակատարներին»

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասել է, որ ժողովուրդը պետք է կարողանա առանձնացնել հեղափոխության ուժերին և անցյալի դերակատարներին, ի դեմս ՀՀԿ-ի: Շիրինյանն ասում է, որ օրեցօր ավելի լարվող ընտրապայքարում, որտեղ մրցում են Հայաստանի անցյալը, ներկան և ապագան, ժողովուրդը պետք է ցույց տա, որ հավատարիմ է հեղափոխությանը:

Լուսանկարները՝ «Ֆոտոլուր»-ից, կուսակցությունների ՖԲ էջերից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter