HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայկական օդուժը կորցրեց 2 բարձրակարգ սպա եւ թանկարժեք զինտեխնիկա

Այսօր հայկական օդուժը կորցրել է երկու ռազմական օդաչուի՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանին եւ մայոր Մովսես Մանուկյանին, ինչպես նաեւ մեկ հատ «Սու-25ՈւԲԿ» գրոհային ինքնաթիռ:

Կեսօրից հետո ՊՆ-ն հայտարարեց, որ առավոտյան ժամը 10:20-ի սահմաններում կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող «Սու-25» օդանավի հետ, որը պատկանում էր ՀՀ զինուժին: Ինքնաթիռն, ըստ ՊՆ-ի, թռիչքային երթուղի էր դուրս եկել 10:06-ին Գյումրու «Շիրակ» օդանավակայանից:

Մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում Շիրակի մարզի Քարաբերդ բնակավայրի հարեւանությամբ հայտնաբերվել են կործանված ինքնաթիռի մնացորդները: Դեռեւս անհայտ է, թե ինչ հանգամանքներում է աղետի ենթարկվել ինքնաթիռը: Նշենք միայն, որ Քարաբերդը Գյումրու օդանավակայանից ուղիղ գծով մոտ 23 կմ հեռավորության վրա է:

Զոհվածներից փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը դեկտեմբերի 30-ին կդառնար 44 տարեկան, նա, ինչպես հայտնում է ՊՆ-ն, 1-ին կարգի օդաչու էր: Իսկ 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գեւորգի Մանուկյանը հունվարի 23-ին կդառնար 32 տարեկան:

«Սու-25»-ը խորհրդային (հետագայում՝ ռուսական) մշակման եւ արտադրության գրոհային ինքնաթիռ է, ինչը նշանակում է, որ այն նախատեսված է ցամաքային ուժերին օդից աջակցելու, ինչպես նաեւ ցամաքային ու ծովային թիրախները նշանառու կրակով խոցելու համար: «Մի-24» ուղղաթիռների հետ սրանք մեր օդուժի հիմնական հարվածային ուժն են: ՀՀ օդուժի «Սու-25»-երը բազավորվում են Գյումրու «Շիրակ» օդանավակայանում, որը համատեղ բազավորման օդանավակայան է, այսինքն՝ այստեղ կարող են բազավորվել թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օդանավեր:

Քանի որ կործանված «Սու-25»-ում եղել է 2 օդաչու, հասկանալի է, որ խոսքը մեր զինուժում առկա «Սու-25ՈւԲԿ» տիպի ինքնաթիռի մասին է: Ըստ համացանցային բաց աղբյուրների՝ Հայաստանն ունի 15 հատ «Սու-25», որոնցից 13-ը «Սու-25Կ» գրոհայիններ են (անձնակազմը՝ 1 օդաչու, К – коммерческий, սա բազային մոդելի արտահանվող (կոմերցիոն) տարբերակն է), իսկ 2-ը՝ ուսումնամարտական «Սու-25ՈւԲԿ» (УБ - учебно-боевой, УБК-ն УБ-ի արտահանվող տարբերակն է, անձնակազմը՝ 2 օդաչու):

Համաձայն Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալների՝ 2004 թ. Հայաստանը Սլովակիայից ձեռք էր բերել 10 հատ օգտագործված «Սու-25Կ», այդ թվում՝ 1 հատ «Սու-25ՈւԲԿ»: Գործարքի գինը կազմել էր 34 մլն սլովակական կրոն կամ 8 մլն դոլար: Այս օդանավերը Սլովակիան ժառանգություն էր ստացել Չեխոսլովակիայից, որն էլ իր հերթին դրանք դեռ 1980-ականներին ձեռք էր բերել ԽՍՀՄ-ից: 2004-ին Սլովակիան դարձել էր ՆԱՏՕ-ի անդամ, ինչից հետո աստիճանաբար սկսել էր ազատվել խորհրդային տեխնիկայից: Դեռ 2002-ի դեկտեմբերին սպառազինությունից հանված «Սու-25»-երով հետաքրքրվել էր Հայաստանը: 2004-ի հոկտեմբեր-նոյեմբերին 10 մարտական ինքնաթիռները տեղափոխվել էին Հայաստան: Ըստ համացանցային տվյալների՝ մյուս 5 հատ «Սու-25»-երը (այդ թվում՝ 1 հատ «Սու-25ՈւԲԿ») ձեռք են բերվել Վրաստանից սլովակների հետ գործարքից ավելի շուտ: Չնայած դրան՝ «SIPRI»-ն որեւէ տվյալ չի հաղորդում Վրաստանից Հայաստան օդանավերի մատակարարման մասին:    

ՀՀ քննչական կոմիտեն արդեն հայտնել է, որ հայտնաբերվել է ինքնաթիռի «սեւ արկղը»: Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 378-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որով նախաքննության կատարումը հանձնարարվել է ԶՔԳՎ հատկապես կարեւոր գործերի քննության վարչությանը։

ՔՕ նշված դրույթը սահմանում է. «Ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման այլ կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով»:

Ըստ քննչական կոմիտեի՝ ձեռնարկվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ:

Առաջին լուսանկարում՝ ՀՀ օդուժի «Սու-25ՈւԲԿ» ինքնաթիռներից մեկը (16.07.2008, Երեւան, «Էրեբունի» օդանավակայան). հեղ.՝ Սերգեյ Սավելեւ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter