HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գնիր մեր քայլը». Նաիրան եւ Սուրենը Ելփինից Երեւան են վազելու՝ հատուկ կարիքավոր երեխաներին օգնելու համար

«Գնիր մեր քայլը՝ փոփոխություն բերելով ինչ-որ մեկի կյանքում». սա ոչ թե կեղծ, շփոթեցնող գովազդ է, այլ իրական արշավ, որի հեղինակները վաճառում են 131 հազար քայլ՝ մեկ քայլը 200 դրամով կամ 0,45 դոլարով, որպեսզի իրագործեն երեք նպատակ: «Indiegogo» կայքում արդեն մեկնարկել է դրամահավաքը:

Սուրեն Կաժոյանն ու Նաիրա Մարգարյանը դեկտեմբերի 25-ի վաղ առավոտյան Վայոց ձորի Ելփին գյուղից սկսելու են վազել մինչեւ Երեւան՝ Հանրապետության հրապարակ: Վազորդներն ասում են, որ ճանապարհը 100 կմ կամ 131 հազար քայլ է: Նաիրան եւ Սուրենը այսպիսի նպատակներ ունեն. առաջին՝ 36.225 քայլն ուղղված է լինելու Դաունի համախտանիշ ունեցող 11-ամյա Արմանի համար տուն գնելուն, երկրորդ՝ 65.500 քայլից ստացած միջոցներն ուղղվելու են «Մանկական զարգացման հիմնադրամ» ՀԿ-ի մոտ 50 երեխաների կարիքներին, երրորդ՝ 29.275 քայլն ուղղվելու է «Գլոբալ զարգացման առաքելություն» ՀԿ-ի 45 երեխաների արտթերապիային եւ նրանց ծնողների զբաղվածությունն ապահովելուն:

Նաիրա Մարգարյանն ասում է՝ եթե վազում ես, ուրեմն՝ լավ բան ես անում քեզ համար, իսկ եթե կարող ես լավ բան անել քեզ համար, զուգահեռաբար կարող ես, մեկ այլ գործողություն կցելով, մեկ ուրիշի կյանքում էլ փոփոխություն բերել: «Վազում եմ, օգնում եմ»,- նշում է Նաիրան, ով ամերիկյան «Չարիթի Մայլս» կազմակերպության անդամ է («Charity Miles». բառացի նշանակում է բարեգործական մղոններ): Նաիրան իր վազքով օգնել է նաեւ Տանզանիայում քաղցկեղով հիվանդ երեխաների հիվանդանոցին:

Նաիրան «Գլոբալ զարգացման առաքելություն» ՀԿ-ի հիմնադիրն է, որը հիմնադրվել է 2005-ին: Այն, Նաիրայի փոխանցմամբ, աշխատանքներ է իրականացնում հատկապես խոցելի խավի կենսապայմանների բարելավման ուղղությամբ. կազմակերպվում են արտթերապիայի դասընթացներ, այցելություններ ընտանիքներ: Մարդկանց օգնելու համար դրամահավաքի տարբեր գործիքներ են կիրառում՝ վազք, համերգ, բայց կան նաեւ մարդիկ, ովքեր պարզապես օգնում են կենտրոնին, աջակցել է նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

Այս պահին կենտրոն հաճախում է 30 երեխա, եւս 15-20 երեխա հեռակա է օգտվում դրանից, երեխաների ծնողները եւս օգտվում են կենտրոնի ռեսուրսներից:

Նաիրան նաեւ «Հայսթեփ» նախաձեռնության հիմնադիրն է: Սրա շրջանակներում աշխատում է Արմինե Չոբանյանի հետ: «Android» եւ «iOS» համակարգերով աշխատող սմարթֆոնների համար հավելվածի նախագիծ են մշակել, որը կարող է կամուրջ դառնալ հանրօգուտ գործ կատարելու համար: Նաիրան բացատրում է, որ երբ մարդիկ վազեն, քայլեն կամ հեծանիվ վարեն, այդ կիլոմետրերը կարող են փոխարկվել գումարի, որն էլ կուղղվի այլ մարդկանց կյանքում փոփոխություններ անելուն:

Նաիրան ասում է, որ հավելվածը ստեղծելու համար հայաստանյան ՏՏ ոլորտի մասնագետի են դիմել, որն էլ աշխատանքը գնահատել է 30 հազար դոլար: Չնայած նախաձեռնության հեղինակները չունեն նման գումար, բայց կարծում են, որ կրկին վազքի միջոցով կարող են դրամահավաք կազմակերպել:

Այդուհանդերձ, առջեւում 100 կմ-անոց վազքն է: Նաիրան վստահեցնում է, որ վազելու է՝ անկախ եղանակից: Համոզված է, որ ցուրտ եղանակը չի խոչընդոտի իրենց. «Ջերմ սրտերով եւ զգացումներով ենք վազելու»:

Սուրեն Կաժոյանն էլ աշխատում է «Քեյ Փի Էմ Ջի Արմենիա» (KPMG) աուդիտորական կազմակերպությունում, նաեւ «Tri Club»-ի անդամ է: Ասում է, որ անցյալ տարի ինքը, Նաիրան ու 4 այլ վազորդներ 100 կմ վազել են, ինչի շնորհիվ ավելի քան 1000 դոլար գումար է հավաքվել բարի գործի համար: Ըստ Սուրենի՝ չնայած դժվար վազք էր, բայց ավելի մեծ օգնություն ցուցաբերելու համար Նաիրայի հետ որոշել են կրկնել այդ փորձությունը:

«Շատ դրական ակնկալիքներ կան: Կարծում եմ՝ վազքը խնդիր չի լինի: Այս անգամ անցած տարվա համեմատ շատ ցուրտ է լինելու, բայց կամքի ուժով կվազենք: Հուսով եմ՝ մարդիկ մեր ջանքը կգնահատեն եւ նվիրատվություններ կանեն, որպեսզի մեր բոլոր բարեգործական նպատակներն իրականան, եւ այս Նոր տարին անմոռանալի լինի հատուկ կարիքներով երեխաների համար»,- նշում է Սուրենը:

Նաիրայի ու Սուրենի լուսանկարները՝ «Ֆեյսբուքից»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter