HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թեկնածուներ, ովքեր հայտարարագրել են 5 և ավելի անշարժ գույք (ինֆոգրաֆիկա)

Օրեր առաջ հրապարակել էինք ԱԺ արտահերթ ընտրությունների մասնակից կուսակցություններին ու դաշինքներին պատկանող անշարժ գույքը՝ ըստ տեղանքի և մակերեսի։ Ամենաշատ և ամենամեծ մակերեսով անշարժ գույք ուներ «Հանրապետական» կուսակցությունը։ Սա դեռ չի նշանակում, սակայն, որ մյուս կուսակցություններն ու դաշինքները նախընտրական քարոզարշավին ծառայեցնելու անշարժ գույք չունեն։ Օրինակ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որևէ գույք չի հայտարարագրել, բայց առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարագրած անշարժ գույքի մակերեսը գրեթե 8 անգամ ավել է ՀՀԿ-ի հայտարարագրած գույքի մակերեսից։ Սա է պատճառը, որ «Հետք»-ի տվյալների լրագրության թիմը որոշեց վերլուծել ոչ միայն քաղաքական ուժերի, այլ նաև դրանց համապետական ցուցակներում ընդգրկված թեկնածուների հայտարարագրած անշարժ գույքը։

Կիրառելով քանակական մեթոդաբանությունը՝ ընտրել ենք միայն այն թեկնածուներին, ովքեր ունեն 5 և ավելի անշարժ գույք։ 11 կուսակցություններից և դաշինքներից միայն 2-ը չունեն այդպիսի թեկնածուներ՝ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» և «Ազգային առաջընթաց» կուսակցությունները։

Նորից աչքի է ընկնում ՀՀԿ-ն, որն ունի 5 և ավել միավոր անշարժ գույք հայտարարագրած 19 թեկնածու։ «Իմ քայլը» երկրորդն է՝ 15, իսկ ԲՀԿ֊ն երրորդը` 13 թեկնածուներով։ ՀՅԴ-ն, որը նախորդ վերլուծությունում անշարժ գույքի քանակով և մակերեսով երկրորդն էր ՀՀԿ֊ից հետո, այս անգամ զիջում է․ ունի 9 թեկնածու, ՕԵԿ֊ն ու «Սասնա ծռեր»-ը՝  7֊ական, ՔՈ ՍԴԿ֊ն և «Մենք»֊ը՝ 2-ական թեկնածուներ, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը՝ 1 թեկնածու:

Ստորև ներկայացված գրաֆիկում կարող եք ծանոթանալ յուրաքանչյուր թեկնածուի հայտարարագրած անշարժ գույքին՝ ըստ տեսակի և մակերեսի։ Սեղմելով կուսակցության կամ դաշինքի ամպիկի վրա, կտեսնեք այդ ուժի այն թեկնածուներին, ովքեր 5 կամ ավելի անշարժ գույք են հայտարարագրել։ Կուսակցությունների/դաշինքների ամպիկների չափը պայմանավորված է 5 կամ ավելի անշարժ գույք հայտարարագրած թեկնածուների թվով, իսկ թեկնածուների ամպիկների չափը՝ նրանց ունեցած գույքի մակերեսի չափով։

Համակարգչով նայելիս որևէ կուսակցության կամ անվան վրա սեղմելուց հետո, եթե ուզում եք վերադառնալ հիմնական պատկերին, սեղմեք esc կոճակը։

ՀՀԿ-ից ամենամեծ մակերեսով անշարժ գույքն ունի Հրայր Հակոբջանյանը, ով Արարատի մարզի Լանջազատ գյուղից է։ Հայտարարագրել է բնակելի տուն, գյուղատնտեսական նշանակության հող, վարելահող, խոտհարք, տնամերձ տարածք։ Վարձակալում է նաև արտադրական տարածք։ Հակոբջանյանի հայտարարագրած անշարժ գույքի մակերեսը 203 600քմ է։

«Իմ Քայլը» դաշինքից ամենամեծ մակերեսով անշարժ գույքը պատկանում է Արմեն Ավետիսյանին, ով 2012 թ-ին պատգամավոր էր ընտրվել ԲՀԿ համամասնական ցուցակով, սակայն դուրս է եկել կուսակցությունից։ Ավետիսյանն այժմ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է «Իմ քայլը» դաշինքից՝ Լոռու մարզում։ Թեկնածուն հայտարարագրել է 17 միավոր անշարժ գույք․ մի քանի վարելահող, առանձնատուն, գյուղական նշանակության պահեստ, հողամասեր և բնակարան։

Ի դեպ՝ Արմեն Ավետիսյանը «Տոհմային անասնաբույծների ասոցիացիա» ՀԿ֊ի նախագահն է։ Լինելով հասարակական կազմակերպության ղեկավար՝ իր դրամական միջոցներում ներկայացրել է 115 միլիոն դրամ, 150 հազար դոլար և 15 հազար եվրո։

«ԲՀԿ»֊ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որ արդեն աչքի է ընկել որպես ամենահարուստ թեկնածու, հայտարարագրել է 13 միավոր գույք, հիմնականում շենք, շինություն և հողամասեր։ Ծառուկյանի անշարժ գույքի մակերեսը 247 415 քմ է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter