
Ասորի թեկնածու. «Անբարոյական ընտրության առաջ են կանգնացնում մեր ժողովրդին»
Հայաստանի ասորական ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը ԱԺ արտահերթ ընտրություններում պատգամավորության թեկնածու է: Առաջադրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ցուցակի երկրորդ մասով, որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ:
Նշենք, որ ընտրական օրենսգրքի համաձայն՝ կուսակցությունների կամ դաշինքների համապետական ընտրական ցուցակը կարող է ունենալ երկրորդ մաս, որում կարող են ընդգրկվել ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: 2011թ. մարդահամարի տվյալներով` Հայաստանում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունները եզդիներն են, ռուսները, ասորիներն ու քրդերը: ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերից ցուցակներում երկրորդ մաս ունեն միայն 4-ը՝ «Իմ քայլը» դաշինքը, «Լուսավոր Հայաստան», «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները:
Արդեն անդրադարձել ենք եզդի և ռուս ազգային փոքրամասնությունը ներկայացնող պատգամավորության թեկնածուներին: Հայաստանում երրորդ ամենախոշոր ազգային փոքրամասնությունը ասորիներն են` 2769 մարդ:
Իրինա Գասպարյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ 1997 թվականից համագործակցել է քաղաքական ուժերի հետ` պաշտպանելով ասորական համայնքի շահերը: Հիմնականում համագործակցում են իշխանությունների հետ:
«Երբ 2015թ. Սահմանադրության փոփոխություններով ուզում էին ազգային փոքրամասնություններին այդ տեղերը տրամադրել, ես դեմ էի, քանի որ մեկ ձայնը ոչ մի հարց չի լուծում, դա պետք է լինի թիմային աշխատանք: Անցյալ տարի այդ դրույթն առաջին անգամ կիրառվեց. ազգային փոքրամասնության ներկայացուցիչները գնացին խորհրդարան: Մեխանիզմը շատ վատն է, նույնիսկ կասեի` անբարոյական: Օրինակ, 4 ազգային փոքրամասնություններից միայն եզդիական համայնքը հստակ գիտի, թե որ քաղաքական ուժով է մտնում խորհրդարան, քանի որ ամենամեծ ազգային փոքրամասնությունն է: Այն կուսակցությունը, որը հավաքում է ամենաշատ քվեն, եզդիական համայնքի ներկայացուցչին իր ցուցակից կարողանում է անցկացնել»,- ասում է Իրինա Գասպարյանը:
Նրա խոսքերով, մյուս երեք ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները` ռուսները, ասորիները և քրդերը ընտրական օրենսգրքով նախատեսված բանաձևով բաշխման տակ են ընկնում: Նրանք չգիտեն, թե որ քաղաքական ուժով են անցնում խորհրդարան: Հետևաբար, ըստ թեկնածուի` խախտվում է Սահմանադրության 7-րդ հոդվածը` Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ: Իրինա Գասպարյանն ասում է, որ իրենց համար հավասար պայմաններ չկան:
«Անցյալ ընտրությունների փորձը ցույց է տվել, որ ակտիվ եղել է ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը` եզդիների ցեղասպանությունն ընդունելու առումով, իսկ մյուս ազգային փոքրամասնությունները հարց լուծելու հնարավորություն չեն ունեցել: Ընդհանրապես ժողովուրդը զրկված է իր ներկայացուցչին ընտրելու հնարավորությունից: Արզնի գյուղի օրինակը բերեմ, որտեղ ունենք ասորական մեծ համայնք: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը շատ լավ համագործակցում է մեր համայնքի հետ, պարզ է, որ ժողովուրդն իրեն աջակցում է: Նա «Իմ քայլը» դաշինքից է, սակայն այդ դաշինքն իր ցուցակում ընդգրկել է ասորական համայնքից մի անձի, որին ժողովուրդը չի ուզում: Ստացվում է, որ եթե ձայնը տան մարզպետին, ապա քաղաքական ուժը շատ ձայներ կհավաքի և խորհրդարան կանցնի ասորի համայնքի այն ներկայացուցիչը, որին դեմ են: Անբարոյական ընտրության առաջ են կանգնացնում մեր ժողովրդին»,- ասում է Իրինա Գասպարյանը:
Թեկնածուն ասում է, որ ազգային փոքրամասնությունների դեպքում ընտրվել բառն այդքան էլ ճիշտ չէ, քանի որ քաղաքացին անմիջապես չի ընտրում իր նախընտրած անձին: Իրինա Գասպարյանի խոսքերով` նախորդ ընտրությունների ժամանակ ասորի ազգի ներկայացուցիչը եղել է Հանրապետական կուսակցության անդամ և այդ քաղաքական ուժի միջոցով էլ գնացել է խորհրդարան: Նույն անձն այսօր «Իմ քայլը» դաշինքով է առաջադրվել: Նա նախորդ խորհրդարանում ոչինչ չի արել և անցնելու դեպքում հիմա էլ ոչինչ չի անելու:
«Սա ցույց է տալիս, որ ազգային փոքրամասնությունների մոտ իրավիճակ չի փոխվել: Մի օրինակ բերեմ: Դիմիդրով գյուղի ասորի ընտանիքներից մեկում խնդիր կար: Տղային ձերբակալել էին: Ծնողը խնդրանքով դիմել է ասորի պատգամավորին, որ օգնի: Պատգամավորն ասել է, որ ինքը իրավունք չունի հարց բարձրացնելու, քանի որ կուսակցությունն իրեն թույլ չի տալիս: Եթե կուսակցությունը պետք է հսկի և թույլ չտա հարց բարձրացնել, այդ տեղերն ինչո՞ւ են հատկացնում ազգային փոքրամասնություններին: Քաղաքական ուժերը հիմնականում իրենց ցուցակներում ընդգրկում են ազգային փոքրամասնության այն թեկնածուներին, որոնք ենթարկվում են նրանց և ազգային շահը առաջ տանելու համար հարց չեն բարձրացնում»,- նշում է Իրինա Գասպարյանը:
Թեկնածուն ասում է, որ ընտրվելու դեպքում առաջնահերթ Ընտրական օրենսգիրքը փոփոխելու քայլեր է ձեռնարկելու, որ ժողովուրդն իրավունք ունենա ընտրել իր ներկայացուցչին: Բացի այդ, ասորիներն ունեն մի շարք հարցեր, որոնց համար լուծումներ է առաջարկելու: 1998թ-ից ասորերենը պարտադիր ուսումնական ծրագրի մեջ է մտնում այն դպրոցներում, որտեղ ասորիների համայնք կա: Դասավանդվում է նաև Երևանի դպրոցներից մեկում:
Իրինա Գասպարյանն ասում է, որ նախկինում ով 10-րդ դասարանն ավարտում էր, ասորերեն էր դասավանդում դպրոցներում: Այժմ ունեն չափորոշիչներ, վերապատրաստման ծրագրեր է իրականացնում Ֆեդերացիան` համագործակցելով կրթության և գիտության նախարարության հետ: Ծրագիրը ամբողջությամբ չեն ավարտել, քանի որ նախորդ իշխանությունները սկսել են չհամագործակցել ասորի համայնքի հետ և որոշ չափով խոչընդոտել են: Իսկ նոր իշխանությունները ծանոթ չեն իրենց ծրագրերին և աջակցություն չեն ստանում: Տիկին Գասպարյանն ասում է, որ նպատակ ունեն ասորերենի ուսուցումը բարձրացնել ակադեմիական մակարդակի: Ասորերեն դասավանդողները պետք է դիպլոմ ունենան, իսկ Հայաստանի ոչ մի բուհ նման կրթական ծրագիր չունի:
Իրինա Գասպարյանի ծրագրերից մեկն էլ վերաբերում է Հայաստանում ասորիների միջազգային կենտրոն ստեղծելուն: Ասում է, որ ասորիները պետականություն չունեն, սփռված են աշխարհի տարբեր անկյուններում:
«Ամեն տեղ ինչ-որ խմբակի մակարդակի է: Այդպես լեզուն, մշակույթը չի զարգանա և հետ կգնա: Իմ համոզմամբ Հայաստանն է պատրաստ դրան, որ այստեղ ստեղծենք միջազգային կենտրոն, ինչը կգրավի և այլ երկրներում ապրողները կգան Հայաստան` ասորորեն լեզվով կրթություն ստանալու համար: Սա նաև Հայաստանի շահերից է բխում, միջազգային հարթակներում ցույց կտան, որ աջակցում են ազգային փոքրամասնություններին»,- նշում է Իրինա Գասպարյանը:
Ինչ վերաբերում է ասորիների մշակույթը զարգացնելուն, թեկնածուն նշում է, որ պետությունը չի խոչընդոտում, չի արգելում, ինչ-որ չափի գումարով օգնում է, սակայն այդ ամենը բավարար չէ: Ի. Գասպարյանը հիշեց, որ 2007 և 2009 թվականներին է մեծ մասշտաբի մշակութային միջոցառումներ կազմակերպվել: Մի դեպքում գումարը տրամադրել էր նախագահի աշխատակազմը, մյուս դեպքում դրամաշնորհային ծրագրով էին կառավարությունից գումար ստացել: Հետագայում առաջարկել են շարունակել ծրագրերը, սակայն գումար չեն ունեցել:
Իրինա Գասպարյանը հավելեց, որ հույս ունի «Լուսավոր Հայաստանը» երկրորդ տեղը կզբաղեցնի, և ինքը հնարավորություն կունենա անցնել խորհրդարան: Սակայն, չանցնելու դեպքում էլ ինքը կարող է քաղաքական ուժի միջոցով հարցեր բարձրացնել Ազգային ժողովում: Ստեղծված են աշխատանքային նորմալ պայմաններ, և քննարկումներին ակտիվ մասնակցում է, կուսակցությունում որևէ մեկն իրեն չի ասում` իրավունք ունես հարց բարձրացնել կամ չբարձրացնել:
Մեկնաբանել