
Քարոզարշավն ավարտվեց. ինչպես այն անցկացրին ընտրապայքարին մասնակցող ուժերը
Այսօր նախընտրական քարոզարշավի վերջին օրն էր, մի շարք քաղաքական ուժեր, Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի օրը հարգելով զոհերի հիշատակը, քարոզարշավ չեն իրականացրել, որոշ քաղաքական ուժեր, այնուամենայնիվ, օգտվել են քարոզարշավի վերջին օրն օգտագործելու հնարավորությունից, որոշներն էլ քարոզարշավն ամփոփել են մամուլի ասուլիսներով: «Հետք»-ն էլ իր հերթին է ամփոփում 12-օրյա քարոզարշավի ընթացքը:
Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն
«Իմ քայլը» դաշինքը գլխավորող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արձակուրդը դեկտեմբերի 5-ին ավարտվել էր, դեկտեմբերի 6-ին նա մեկնեց Սանկտ Պետերբուրգ և մասնակցեց Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, ինչպե նաև ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը, իսկ արդեն այսօր կառավարության ղեկավարը մեկնել է Գյումրի, անցկացրել կառավարության արտահերթ նիստ, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին:
Քարոզարշավի օրերին Փաշինյանը հասցրեց լինել հանրապետության բոլոր մարզերում, այնուհետև շրջեց Երևանում: Իր ելույթների ընթացքում նա հիմնականում խոսում էր իր կառավարման ընթացքում գրանցված արդյունքներից, հետագա անելիքներից, ինչպես նաև մշտապես քննադատում էր նախկին իշխանություններին: Արցախի իշխանություններին ուղղված սթափության կոչը կարելի է համարել Փաշինյանի ամենաքննարկված ելույթը:
Առաջինը՝ Հայաստան
«Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններից կազմավորվեց «Մենք» դաշինքը, որը գլխավորեց Արամ Սարգսյանը: Վերջինս այսօր Գյումիրում հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին, իսկ դաշինքի համապետական ցուցակի երկրորդ համար Խաչատուր Քոքոբելյանը թիմակիցների հետ շարունակել է քարոզարշավը Երևանում:
«Մենք» դաշինքը ակտիվ քարոզչություն է իրականացրել մարզերում և մայրաքաղաք Երևանում: Նրանք հանդես են գալիս արևմտամետ քաղաքական դիրքորոշմամբ: Դաշինքը հայտարարել է, որ ԱԺ անցնելու դեպքում լինելու է իշխանության հիմնական ընդդիմախոսը, նրանք կարծում են, որ հեղափոխությունից հետո ստվերային տնտեսությունն ու մենաշնորհները չեն վերացել, և անհրաժեշտ է պայքարել դրանց դեմ: Ըստ «Մենք» դաշինքի՝ Հայաստանի տնեսությունը պետք է հենվի բնական պաշարների օգտագործման վրա, որոնք կարող են շոշափելի եկամուտներ բերել պետությանը:
Եթե մտահոգ ես, ընտրի՛ր հանրապետականին
Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) իր ամբողջ քարոզչությունը կառուցել էր Նիկոլ Փաշինյանի կառավարությանը և հատկապես Փաշինյանին քննադատելու վրա, իսկ իր քարոզչական պաստառներում օգտագորրծել է սև և սպիտակ գույները՝ նկատի ունենալով Երևանի ավագանու ընտրություններում արված հայտնի հայտարարությունները:
ՀՀԿ-ն «Նիկոլի ստերը» խորագրով տեսանյութերի շարք է պատրաստել, որտեղ մատնանշել է Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիր և վարչապետ եղած ժամանակներում արված հայտարարությունների տարբերությունը: ՀՀԿ-ում կարծում են, որ միայն իրենց կուսակցությունը կարող է լինել իրական ընդդիմություն:
Շատերի համար անակնկալ էր Դավիթ Շահնազարյանի հայտնվելը ՀՀԿ համապետական ցուցակում (3-րդ համար): Շահնազարյանը ՀՀԿ քարոզչության ամենաակտիվ դեմքերից էր, ով հեղափոխությունը անվանեց չարիք, իսկ Նիկոլ Փաշինյանին մեղադրեց «իշխանություն՝ Արցախի դիմաց» քաղաքական ծրագիրը իրականացնելու մեջ, և այս հայտարարության համար հրավիրվեց ԱԱԾ բացատրություն տալու, սակայն Շահնազարյանը այդպես էլ չգնաց ԱԱԾ:
ՀՀԿ համապետական ցուցակը գլխավորում է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:
Ապագան ՔՈնն է
Նորաստեղծ «Քաղաքացու որոշում» (ՔՈ) սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը այսօր քարոզարշավ է արել Գեղարքունիքի մարզում, իսկ երեկոյան Երևանում՝ Մաշտոցի պուրակում ամփոփել է քարոզարշավը: ՔՈ-ն հանդես է գալիս համընդհանուր բարեկեցության պետություն և համերաշխ հասարակություն կառուցելու նախաձեռնությամբ:
ՔՈ-ն ընտրարշավի ընթացքում նաև քաղաքական ուժերին փոխադարձ համաձայնագիր կնքելու և ընտրվելու դեպքում սահմանադրության փոփոխության նախաձեռնությանը աջակցելու առաջարկ ներկայացրեց, որին միացան միայն «Սասնա ծռեր» և «Ազգային առաջընթաց» կուսակցությունները:
ՔՈ-ի անդամները քարոզարշավ են իրականացրել Երևանի փողոցներում և հանրապետության տարբեր համայնքներում: Մանդարինը դարձել էր կուսակցության նախընտրական խորհրդանիշը:
ՔՈ-ի համապետական ցուցակի առաջին համարը Սուրեն Սահակյանն է:
Լուսավորի՛ր Հայաստանը
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (ԼՀԿ) այսօր քարոզարշավ չի իրականացրել, այլ եղել է աղետի գոտու համայնքներում՝ հարգանքի տուրք մատուցելով երկրաշարժի զոհերի հիշատակին:
ԼՀԿ-ն՝ ի դեմս համապետական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանի բազմիցս հայտարարել է, որ իրենք հավակնում են 7-րդ գումարման Ազգային ժողովում լինել երկրորդ քաղաքական միավորը և փոխզսպող ուժ լինել իշխանությանը:
Քարոզարշավը մարզերում գլխավորում էր Մարուքյանը, իսկ Երևանում կուսակցության փոխնախագահ, համապետական ցուցակի երկրորդ համար Մանե Թանդիլյանը:
ԼՀԿ-ն իր տեսլականը համարում է հավասար հնարավորություններով և արդիականացված Հայաստանի կառուցումը, որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ նպատակ:
Մեր խոսքը գործ է
Ինչպես և նախկինում, այս ընտրություններին ևս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) քարոզարշավի ամբողջ բեռը իր ուսերին էր վերցրել կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով այսօր Աբովյանի եկեղեցում մասնակցել է երկարաշարժի զոհերի հիշատակին մատուցված պատարագին:
Ծառուկյանը իր քարոզարշավի համար հիմնականում ընտրում էր հանրապետության խոշոր համայնքները և իր ելույթները կառուցում էր սոցիալ-տնտեսական թեմաների վրա՝ հատկապես երիտասարդներին աշխատանքով և բնակարանով ապահովելու, բանկային համակարգի փոփոխության, կենսաթոշակների բարձրացման և ներդրումային միջավայրի բարելավման:
Իր ելույթների ընթացքում Գագիկ Ծառուկյանը մի քանի անգամ շեշետել է, որ ինքը շարունակելու է իրականացնել իր ծրագրերը, նույնիսկ եթե ԲՀԿ-ն խորհրդարանում չհայտնվի:
Բարեկեցիկ հայրենիքի հիմքում ընկած է աղքատության վերացումը
Քաղաքագետ Լևոն Շիրինյանի գլխավորած «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նպատակը արդյունաբերությամբ և գիտությամբ վերականգնված Հայաստանն է՝ հիմնված ազգային արժեքների վրա: Կուսակցությունը մեծ տեղ է տալիս նաև ֆինանսական համակարգի փոփոխությանը և լայնածավալ ճանապարհաշինությանը, որոնցով էլ պայմանավորված կլինի արդյունաբերության զարգացումը:
ՔԺՎԿ-ն այդքան էլ ակտիվ քարոզչություն չիրականացրեց, սակայն հասցրեց բացի Երևանից լինել նաև հանրապետության մի քանի համայնքներում:
Ժամանակն է
«Սասնա ծռեր» կուսակցոթյունը այսօր առավոտյան համապետական ցուցակի առաջին համարների գլխավորությամբ Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել երկարաշարժի զոհերի հիշատակին, ապա Երևանում հանդես է եկել ամփոփիչ մամուլի ասուլիսով:
Կուսակցությունը ակտիվ քարոզչություն է իրականացրել ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության մարզերում: «Սասնա ծռեր» կուսակցությունը 7-րդ գումարման Ազգային ժողովը դիտարկում է որպես անցումային և կարծում է, որ այն երկու տարվա կյանք է ունենալու: Այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի կողմից շատ կոշտ քննդատության էր արժանացել: Այնուամենայնիվ, ըստ «Սասնա ծռեր»-ի, անցումային խորհրդարանը նախադրյալներ է ստեղծելու ազգային պետության ստեղծման և նրա թռիչքային զարգացման համար:
Կուսակցության ներկայացուցիչները բազմիցս իրենց ելույթներում նշել են, որ «Մարտի 1»-ի կոալիցիոն ուժերը՝ ի դեմս ՀՀԿ-ի, չպետք է լինեն խորհրդարանում, և «հայրենիքը կեղեքած» բոլոր մարդիկ պետք է կանգնեն անցումային արդարադատության առաջ:
«Սասնա ծռեր»-ը հանդես է գալիս Արցախը Հայաստանի Հանրապետությանը միացնելու գաղափարի օգտին: Կուսակցության ցուցակը գլխավորում է Վարուժան Ավետիսյանը:
Հավատարիմ հողին ու հային
Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) քարոզարշավի շրջանակներում մի արք հանրահավաքներ և համերգներ կազմակերպեց տարբեր համայնքներում և Երևանի վարչական շրջաններում: Դաշնակցությունը հանդես է գալիս ազգային արժեքների պահպանման, առանց զիջումների զարգացման և սոցիալական արդարության դիրքերից:
Նոր իրավիճակ, նոր լուծումներ
Հարգելով երկրաշարժի զոհերի հիշատակը՝ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը այսօր քարոզարշավ չարեց և հորդորեց մյուս քաղաքական ուժերին հետևել իր օրինակին:
«Ազգային առաջընթաց»-ը ընտրապայքարին մասնակցող միակ քաղաքական ուժն է, որի համապետական ցուցակը կին է գլխավորում՝ ի դեմս Լուսինե Հարոյանի:
Կուսակցոթյունը վստահ է, որ հաղթահարելու է անցողիկ 5 տոկոսանոց շեմը և հայտնվելու է խորհրդարանում:
Օրինականություն, արդարություն, ապահովություն
«Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ) Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ այսօր ամփոփիչ մամուլի ասուլիսով է հանդես եկել: Մինչ այդ՝ քարոզարշավի նախորդ օրերին Բաղդասարյանը ակտիվ քարոզչություն է իրականացրել ամբողջ հանրապետությունում:
Արթուր Բաղդասարյանը իր ելույթներում մշտապես ասել է, որ իր գլխավորած կուսակցությունը Հայաստանում 250 օրենքների հեղինակ է, ինչպես նաև հայտարարել է ավանդների վերադարձի, պրոֆեսիոնալ բանակ կառուցելու, և նույնիսկ «Նաիրիտ»-ի և Վանաձորի «Քիմպրոմ»-ի վերագործարկման ռազմավարական ծրագրերի մասին:
Հավելենք նաև, որ դեկտեմբերի 5-ին Հանրայինի եթերում բանավեճ տեղի ունեցավ ընտրապայքարին մասնակցող ուժերի առաջին համարների ձևաչափով:
Հրապարակման ենթավերնագրերում նշված են քաղաքական ուժերի նախընտրական կարգախոսները
Լուսանկարը՝ ԼՀԿ-ի ՖԲ էջից
Մեկնաբանել