HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային ժողով անցած ուժերի ներկայացուցիչները մեկնաբանում են մանդատների ավելացումը

Ընտրական գործող օրենսգրքով 7-րդ գումարման Ազգային ժողովն ունենալու է 132 պատգամավոր նախկին 105-ի փոխարեն: Այսինքն՝ նոր խորհրդարանը 27 պատգամավոր ավել կունենա, իսկ դա նշանակում է, որ պետբյուջեից հավելյալ միջոցներ են ուղղվելու այս անձանց համար:

ԱԺ պատգամավորի աշխատավարձը 661 հազար 400 դրամ է: Շատ կոպիտ հաշվարկներով՝ 27 պատգամավորի համար պետական բյուջեից ամսական վճարվելու է 17.857.800 դրամ, իսկ հինգ տարիների ընթացքում՝ 1.071.468.000 դրամ:

Այս ծախսին չենք գումարում պատգամավորների օգնականների աշխատավարձը, իսկ նրանք ստանում են 198.420 դրամ աշխատավարձ:

7-րդ գումարման ԱԺ-ում լինելու է 3 քաղաքական ուժ՝ «Իմ քայլը» դաշինքը՝ 88, «Բարգավաճ Հայաստանը»՝ 26 և «Լուսավոր Հայաստանը»՝ 18 մանդատով:

Այս ուժերի ներկայացուցիչներից Հայկ Գևորգյանին, Միքայել Մելքումյանին ու Անի Սամսոնյանին ուղղել ենք մեկ հարց՝ ինչպե՞ս են վերաբերվում 27 մանդատի ավելացմանը, և արդյո՞ք դա լրացուցիչ բեռ չեն համարում պետբյուջեի համար:

«Իմ քայլը» դաշինքի անդամ Հայկ Գևորգյանն ասում է, որ ընտրություններն անցկացվել են գործող օրենսգրքով, որի համաձայն էլ կատարվել է մանդատների հաշվարկը:

«Այս պահին որևէ այլ լուծում գտնել անհնարին է, եթե նույնիսկ փոխենք ԸՕ-ն ու հաշվարկն այլ կերպ անենք, դա կառաջացնի սահմանադրական խնդիր, որովհետև եթե անձն արդեն պատգամավոր է, մինչև հաջորդ ընտրություններ նրան պատգամավորական լիազորություններից զրկել իրավաբանորեն հնարավոր չէ: Արհեստական արծարծվող թեմա է, որն իրավական լուծում չունի այս պահին: Իհարկե, լրացուցիչ բեռ է բյուջեի վրա, սակայն հարցն այլ լուծում ուղղակի չունի այս պահին»,- նշում է Գևորգյանը՝ ավելացնելով, որ ԸՕ-ի փոփոխությունների նախաձեռնությունը ենթադրում էր 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգ, որի դեպքում պատգամավորների ֆիքսված թիվ էր լինելու, սակայն փոփոխությունների օրինագիծը ԱԺ-ն չընդունեց:

Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը ձախողվեց հոկտեմբերին: Անհրաժեշտ 63-ի փոխարեն կողմ քվեարկեց 62 պատգամավոր: Կողմ էին «Ծառուկյան» խմբակցության 31 պատգամավորները, «Ելք» դաշինքի 7 և ՀՅԴ 5 պատգամավորները: ՀՅԴ-ական երկու պատգամավոր՝ Անդրանիկ Կարապետյանն ու Ռոմիկ Մանուկյանը, բացակայում էին նիստից:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Անի Սամսոնյանը նույնպես մեջբերում է գործող ԸՕ-ի պահանջը, որի դրույթներով ձևավորվելու է նոր խորհրդարանը:

Հարցին, թե արդյոք կարելի է սպասել փոփոխությունների Սահմանադրության մեջ և Ընտրական օրենսգրքում, Սամսոնյանը նշեց, որ դրանք հնարավոր են, սակայն այս պահին դեռ կաշխատեն գործող Սահմանադրության և օրենքների տրամաբանության շրջանակներում:

«Գիտեք, որ մինչ ընտրությունները ԸՕ-ի փոփոխությունները եղել են մեր օրակարգում, և մենք կողմ ենք քվեարկել դրանց, բայց քանի որ չանցան, քննարկումները նորից շարունակվում են, որոնք կլինեն ավելի կառուցողական: Կարծում եմ՝ բավականին ժամանակ ունենք, որ այդ փոփոխությունները հավասարակշռված իրականացնենք և ունենանք ավելի լավ օրենսգիրք՝ առանց շտապողականություն ցուցաբերելու»,- ասում է Անի Սամսոնյանը: Ըստ նրա՝ այս պահին ԼՀԿ-ի առաջնային խնդիրներից մեկը Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելն է: «Առաջնահերթ անհրաժեշտ է բարելավել երկրի տնտեսական իրավիճակը և տնտեսական միջավայրը, որպեսզի կարողանանք ապահովել տնտեսական աճ և կայուն զարգացում»,- հավելում է Ա. Սամսոնյանը:

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն էլ, ով պատգամավոր է եղել 5-րդ և 6-րդ գումարման ԱԺ-ում, ինչպես նաև՝ ԱԺ փոխնախագահ, մանդատների ավելացման հարցն այլ տեսակետից է դիտարկում: Ըստ նրա՝ ամենակարևորը օրենսդիր մարմնի գործունեության արդյունավետության բարձրացումն է:

«Որպես ԱԺ փոխնախագահ՝ ասեմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ազգային ժողովն ինքնուրույն չի կարողացել ձևավորել իր օրակարգը, միշտ ձևավորել է կառավարությունը, և պատահական չէ, որ վերջին մեկ տարում գրեթե որևէ քառօրյա չի աշխատել չորս օր: Քվորում ապահովվել է, բայց օրենքների քանակ չի եղել: Երկրորդը՝ երբ ԱԺ կանոնակարգով սահմանվեցին ժամեր քննարկման համար, մարդկանց ելույթները սահմանափակվում էին այդ ժամերով պայմանավորված՝ 2 րոպե, 3 րոպե, այսինքն՝ այնքան որ քանակական է եղել: Նախ պետք է այդ ոչ արդյունավետ նորմը փոխել»,- նշում է Մելքումյանը: Հավելում է, որ քննարկվող օրինագծերի մեծ մասը՝ 90 տոկոսից ավելին, կառավարության նախագծերն էին, պատգամավորներն օրինագծեր չէին դնում շրջանառության մեջ, իսկ երբ դնում էին, դրանց մեծ մասը մերժվում էր կառավարության կողմից, ու երբ համատարած մերժվում էր, չէին շարունակում ներկայացնել:

Ինչ վերաբերում է ավելացվող մանդատների համար բյուջեից արվելիք լրացուցիչ ծախսերին, Միքայել Մելքումյանի կարծիքով՝ այն համադրելի պետք է լինի խորհրդարանի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, իսկ արդյունավետություն ասելով՝ պետք է հասկանալ ծախս և դրանից կախված արդյունք:

ԱԺ կանոնակարգում փոփոխությունների մասին էլ նշում է, որ դրանք պետք է ձեռնարկեն կա՛մ կառավարությունը, կա՛մ ԱԺ խմբակցությունները, կա՛մ առանձին պատգամավորներ: «Բոլոր դեպքերում առաջիկայում այդ փոփոխությունները պետք է նախաձեռնել, որպեսզի կանոնակարգը ճիշտ կարողանա սպասարկել օրենսդրական աշխատանքի կազմակերպման գործընթացը, և երկրորդ՝ խմբակցություններն ու պատգամավորները կարողանան ավելի շատ օրինագծեր շրջանառության մեջ դնել»,- հավելում է Միքայել Մելքումյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter